ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մենք պետք է թքած ունենանք ցանկացած կառույցի որոշումների վրա, որոնք վերաբերում են Արցախին»

«Մենք պետք է թքած ունենանք ցանկացած կառույցի որոշումների վրա, որոնք վերաբերում են Արցախին»
01.07.2008 | 00:00

«ԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
-Պարոն Մելիք-Շահնազարյան, անցնող շաբաթվա աշխարհի գլոբալ ուշադրությանն արժանացած Հայաստանում, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ամառ ու աշուն են սպասվում:
-Հանդարտ ամառ: Եվ ընդհանրապես, եթե որևէ երկրում պատերազմ չէ, ամառներն օրինաչափորեն քաղաքական չեն լինում, մանավանդ հարավային-տաք երկրներում, ինչպիսին է Հայաստանը: Իմ տպավորությամբ` որևէ արտառոց փոփոխություն, հեղափոխական դեպքեր մեզանում տեղի չեն ունենա:
-Աշնա՞նն էլ:
-Աշնանն էլ:
-Դե, ձմռանն էլ ցուրտ է, պիտի սպասենք եղանակները տաքանան:
-Չէ՜, ձմռան ցուրտը շատ մարդկանց համար իսկական ժամանակն է քաղաքական գործունեություն ծավալելու համար: Եթե չլինի ամերիկա-իրանյան կամ իսրայելա-իրանյան պատերազմ (չեմ ասում, թե նման բան սպասվում է, բայց նախադրյալներ կան), ապա կունենանք կայուն իրավիճակ:
-Ամերիկա-իրանյան «նախադրյալները» կան անչափ վաղուց, ամեն գարնան շեմին ասվում է` հրես, ԱՄՆ-ը կետային հարվածներ կհասցնի Իրանին, հրեն, ԱՄՆ-ի նավատորմիղը մտավ Պարսից ծոց...
-Նավատորմը դեռ այնտեղ է, սակայն ողջ խնդիրն այն է, որ Բուշ-կրտսերի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և նա չի կարող խնդիրն այդպես առկախ թողած հեռանալ. կամ պետք է հաշտվի Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացման հեռանկարի հետ և կամ փորձի կանխել այն` ուժի կիրառմամբ:
-Տեսակետ կա, որ գլոբալ խաղը վերջին շրջանում փոխվել է, և փորձ է արվում այդ թնջուկը լուծել առավել կոնսենսուսային, պայմանավորվածությունների տրամաբանության շրջանակներում. հիշենք, որ ամերիկյան քաղաքականությունը բավականին նրբագեղ է, որպեսզի կարողանան Իրանին այլոց միջոցով անկյուն քշել:
-Թույլ տվեք չհամաձայնել. ԱՄՆ-ը վերջին տարիներին բացարձակապես հեռու է եղել կոնսենսուսի կիրառումից. հիշենք վերջինս ինչ պայմաններում հարձակվեց և օկուպացրեց Իրաքը:
-Այնուհանդերձ, կայացավ ռուս-ամերիկյան ստվերային պայմանավորվածություն. հիշում եք` Եվգենի Պրիմակովը գնաց Իրաք` համոզելու Սադամին ինչ-ինչ հարցերի մեջ և ընդհանրապես, նույնը` Բալկաններում, հետխորհրդային տարածքներում ռուս-ամերիկյան «տակից» պայմանավորվածությունների տանդեմ միշտ էլ գործել է. դա կարող է Իրանի դեպքում ևս տեղի ունենալ, Դուք բացառո՞ւմ եք:
-Չէ. այդ ամենն այդքան էլ այդպես չէ: Հիշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը դեմ էին Իրաքի դեմ ռազմական ուժ կիրառելուն. Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը: Մի՞թե կարծում եք երեքն էլ համաձայն էին արժեզրկել Անվտանգության խորհրդի մշտական անդամի իրենց դերկատարությունը: Հաստատապես ոչ:
-Մի խոսքով, հավանական եք համարում Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը:
-Մասամբ` այո:
-Այդ կոնտեքստում դիտենք ղարաբաղյան խնդիրը. այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, ներ և արտաքաղաքական առումներով, շաղկապված է այդ խնդրին. ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանին և Հայաստանին առնչվող բանաձևերը նույնպես:
-Թույլ տվեք միանգամից և շատ անկեղծ ասել՝ մենք պետք է թքած ունենանք ցանկացած կառույցի որոշումների վրա, որոնք վերաբերում են Արցախին:
-Որովհետև ԵԽԽՎ-ն «պոլիտբյուրո» չէ՞:
-Ոչ միայն այդ պատճառով, այլև որ եվրոպական կառույցները միակ բանը, որ այսօր անում են, պահանջել-ճնշում գործադրելն է: Արցախն առանց այն էլ չի օգտվում եվրոպական տնտեսական որևէ օգնությունից, և ընդհանրապես որևէ այլ պետության օգնությունից: Արցախն այսօր հենվում է բացառապես իր ներուժի վրա, այնպես որ «կոնտեքստերն» այս պահին մեզ առանձնապես չեն հետաքրքրում:
-Դուք էլ եք, փաստորեն, մտածում Տեր-Պետրոսյանի նման՝ եվրոպական բյուրոկրատներին ցուցանելով, թե որտեղ են ձմեռում հայոց խեցգետինները:
-Ես չգիտեմ, թե Տեր-Պետրոսյանն ի՞նչ է անում, բայց ես ասում եմ՝ այո, Եվրոպան որևէ լծակ Արցախի վրա չունի, ավելի շատ ճնշելու լծակներ ունի Ադրբեջանի վրա. կարող ենք օգտվել: Չնայած դրանցից օգտվելը Եվրոպային ձեռնտու չէ. Եվրոպան տարածաշրջանում խաղաղություն-կայունություն է ուզում:
-Իսկ ինչքանո՞վ եք հնարավոր համարում Ադրբեջանի մուտքը ՆԱՏՕ և ի՞նչ ժամկետներում:
-Ադրբեջանն իսկապես մեծ ձգտում ունի դեպ Հյուսիսատլանտյան դաշինք: Ընդ որում, նա դա անում է շատ ավելի խելացի, քան Վրաստանը: Կարծում եմ մոտ ապագայում, մեկ-երկու տարի անց, Ադրբեջանը կհայտարարվի ՆԱՏՕ-ի թեկնածու-անդամ:
-«Ա Պոլշա՞». իսկ Ռուսաստանը կթողնի՞:
-Գիտե՞ք, Ռուսաստանը, գոնե այսօր, այն երկիրը չէ, որ կարողանա կանխել այդ գործընթացը, նա չունի այդ հնարավորությունները և ստիպված կլինի հաշվի նստել Ադրբեջանի ցանկության հետ:
-Իսկ Իրա՞նը. նա է՞լ հաշվի կնստի Ադրբեջանի ցանկության հետ:
-Իրա՞նը, եկեք հետևենք Իրանի շուրջ առաջիկա զարգացումներին, որովհետև ես չեմ կարծում, թե Իրանն այսօր ապահով պետություն է և կարող է ինչ-ինչ քայլեր կատարել. Իրանը շատ զգույշ երկիր է և կարողանում է սպասել, ժամանակ ձգել. ամեն պետություն չէ, որ ընդունակ է դրան, իրանական քաղաքակրթությունն այդ առումով մեծ ձեռքբերումներ ունի: Չնայած, իհարկե, Իրանն ամեն ինչ անելու է, որպեսզի խանգարի Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը:
-Անգամ ամենածայրահեղ քայլերի՞ գնով. հիշո՞ւմ եք` ինչ-որ առիթով Ահմադինեժադն ասաց, որ կհրթիռակոծի այն երկրները, որոնք տարածք կտրամադրեն ԱՄՆ-ին` իր վրա հարձակվելու համար:
-Ես նման բան չեմ պնդում, սակայն Պենտագոնում նման ծրագրեր-հաշվարկներ, այո, կան. այն է՝ եթե ուժ կիրառվի հնարավոր ինչ զարգացումներ կլինեն. կա ծրագիր, որը հնարավոր է համարում, որ Իրանը կհարվածի Ադրբեջանին:
-Բա մենք ի՞նչ ենք անում էդ ժամանակ:
-Եթե մենք կարողանանք շարունակել այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչ օրս, ապա կկարողանանք պահպանել ստատուս-քվոն` հօգուտ մեզ:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան:
-Ճանաչողական այց էր:
-Մի՞թե. ես էլ ասում եմ` ինչո՞ւ էր պարոն Մեդվեդևը ծանոթացնում պարոն Լևիտինին Սերժ Սարգսյանի հետ: Իսկ եթե լուրջ՝ ի՞նչ կար այցի «տակ»:
-Գիտե՞ք, ասել, որ երկու նոր նախագահներն էլ միանշանակ լինելու են ժառանգորդն այն քաղաքականության, որը վարվում էր նրանց նախորդների կողմից, ստույգ չի լինի. պետք է զգուշանալ: Եկեք հիշենք` Ելցինը Պուտինի ձեռքից բռնած բերեց-նստեցրեց նախագահի աթոռին, իսկ Պուտինը սկսեց վարել բոլորովին այլ քաղաքականություն, որը չէր համապատասխանում Ելցինի քաղաքականությանը: Այսօր Պուտինը բռնեց Մեդվեդևի ձեռքից, բերեց-նստեցրեց աթոռին. կարո՞ղ ենք համոզված լինել, որ Մեդվեդևը շարունակելու է նույն քաղաքականությունը:
-Պուտինն այդքանը չէ՞ր հաշվել:
-Ասվում է. խորհուրդ մարդկանց` կամք Աստծո: Շարունակեմ. կարող է այլ քաղաքականություն վարել նաև Սերժ Սարգսյանը:
-Ուզում եք ասել` մենք էլ կմտնե՞նք ՆԱՏՕ. մանավանդ երբ ողջ տարածաշրջանը գրեթե այդ անվտանգության համակարգ է գնում:
-Ես չեմ կարծում, որ Հայաստանն անդամակցի որևէ կառույցի, որի ընդհանուր մտածելակերպը, մենթալիտետը հակասում է հայ ժողովրդի մենթալիտետին, ապրելակերպին:
-Օրինակ` Սերժ Սարգսյանը 2003-ին այլ մենթալիտետ ուներ, հիմա` բոլորվին այլ: Ի դեպ, ի՞նչ եք կարծում. կփոփոխվի՞ Ռ. Քոչարյանի մենթալիտետը: Չէ. հասկանալի ձևակերպեմ հարցս. «մոտ օրերս» նա կվերադառնա՞:
-Գիտե՞ք, չեմ կարծում, որ Քոչարյանը վերադառնա, իսկ եթե վերադառնա, ոչ երբեք երկրի ղեկին:
-Ինչո՞ւ, որովհետև համալսարանական հանդիպումներից մեկի ժամանակ ասաց, որ երբ զգում ես մեքենայի ղեկին փորձված վարորդ չի նստած, «մեքենան էլ յուղ է վառում», քեզ ապահով չե՞ս զգում։ Դրա՞ համար:
-Եթե անհրաժեշտություն զգացվի, և իրեն հրավիրեն աշխատանքի, գուցե ինքը համաձայնի:
-«Կողքի՞ն»:
-Միմիայն «կողքին», այո, որովհետև ղեկին վերադառնալը սխալ կլիներ. մեղմ ասենք:
-Իսկ ո՞ւմ «կողքին»:
-Խոսքը գնում է հրավերի և ոչ ամբիցիաների մասին: Եթե հրավեր չլինի, նա այն մարդը չէ, ես իրեն ճանաչում եմ, ինքը փորձեր չի անի վերադառնալու:
-Մի՞թե: Նախանձում եմ Ձեր լավատեսությանը: Իսկ ի՞նչ եք մտածում Տեր-Պետրոսյանի վերադարձի, «ղեկի և կողքի» մասին:
-Կարծում եմ, որ նա պայքարի մեջ է մտել լոկ ղեկի համար: Ինքն իր համար ստեղծել է այնպիսի մի իմիջ, բայց ընդամենն իր յուրայինների համար, երբ այլ դերակատարությամբ նրան չեն տեսնում:
-Չէ. ինքը նաև լավ «պապա» կլինի:
-Ինքն այդպիսին եղել է` 90-98-ին:
-Էլի կարող է:
-Ձեր կարծիքն է:
-Եվ վերջին` ամփոփիչ հարց. հնարավոր համարո՞ւմ եք Ղարաբաղյան խնդրով որևէ համաձայնագրի ստորագրում:
-Ես հնարավոր չեմ համարում որևէ պայմանագրի ստորագրում, որին համաձայն չեն լինի ղարաբաղցիները:
-Իսկ եթե ստորագրվում է մի փաստաթուղթ, որով Հայաստանը հետ է քաշվում, ու Ղարաբաղը մտնում է խաղի մե՞ջ:
-Լրիվ հնարավոր է, և շատ ճիշտ կլինի:

Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4816

Մեկնաբանություններ