Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բացառիկ ծառայությունների մարդը

Բացառիկ ծառայությունների մարդը
20.01.2024 | 20:02
Նրա անվան հետ են կապվում Խորհրդային Միության արդյունաբերական շատ հսկաների կառուցումն ու ենթակառուցվածքների ստեղծումը: Նա երբեք էլ ազգանվամբ կամ միայն անվամբ չի հիշատակվել: Եթե` Սաֆրազյան, ապա անպայման շինարար Սաֆրազյան, եթե Լևոն, ապա անպայման Լևոն Բոգդանովիչ, եթե մտերմիկ եղանակով ասված`Բոգդանիչ, ապա անպայման «մեր» հավելումով` մեր Բոգդանիչ:
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի երբեմնի տեղակալ, ԽՍՀՄ պետպլանի երբեմնի նախագահ Ն. Կ. Բայբակովը երկրի նավթի ու գազի արդյունաբերության ակնառու կազմակերպիչների ու ղեկավարների պլեադայում առաջինների շարքում է մշտապես հիշատակել նրա անունը:
ԽՍՀՄ շինբանկի վարչության նախագահ, ինքն էլ մեծանուն շինարար Ս. Զ. Գինզբուրգը գտնում էր, որ երկրում օդանավակայանների հսկա ցանցի ստեղծման գործում անուրանալի է Սաֆրազյանի ներդրումը:
Գորկու բնակիչները համոզված են, որ խորհրդային ավտոմոբիլաշինության ծնունդը մեծամասամբ նրա ակտիվ մասնակցության, ներդրած հսկայական էներգիայի արդյունքն է, չելյաբինսկցիները նույն կերպ են մտածում տրակտորաշինության հետ կապված, յարոսլավցիների համոզմամբ հսկա բեռնատարները ծնունդ չէին առնի, եթե չլիներ Բոգդանիչի աներևեկայելի էնտուզիազմն ու աշխատանքային անսանձ կիրքը:
Խողովակային տրանսպորտի շինարարները միաբերան հաստատում են, որ երկրի գազամուղի շինարարության հիմնադիր հայրը նա է:
Ո՞վ է, վերջապես ո՞վ է այս երևելի պետական գործիչը, որ այսքան առանցքային ոլորտներում պատկառելի հետք թողնելուց զատ նաև խորհրդային տերության ներքին գործերի ժողկոմի տեղակալն է եղել:
Պետական ականավոր գործիչ, գեներալ-լեյտենանտ Լևոն Բոգդանի Սաֆրազյանը ծնվել է 1893 թվին, Բաքվում: Պատանեկան տարիներին կորցրել է հորը, հասակ է առել Սիբիրում բնակություն հաստատած եղբոր ընտանիքում: Ապրել ու սովորել է (ունի գիմնազիական կրթություն) նյութական ծանր պայմաններում:
1915 թվականից զորակոչվել է ռուսական բանակ, ծառայել Պարսկաստանի տարածքում: Ուսումը շարունակել է ենթասպաների դպրոցում, ավարտելուց հետո գործուղվել է Երևանյան դիվիզիայի թիվ 25 գունդ: 1916-ին Պարսկաստանի տարածքում աշխատում էր երկաթուղու շինարարության տեղամասի պետ: Ռուսական բանակի նահանջից հետո հայտնվում է Ալեքսանդրապոլում, նշանակվում Աղին-Անի սահմանագծի պետ:
1918թ. եղել է Կովկասյան ճակատի մատակարարման գծով լիազոր անձը, տարեվերջին սովորելու է գործուղվել Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիա: 1921-ին ավարտում է բանվորագյուղացիական կարմիր բանակի ռազմական ակադեմիան: Մասնակցել է Հեռավոր Արևելքում ընթացող քաղաքացիական պատերազմին, Վլադիվոստոկի ազատագրմանը, արդյունավետ մարտական գործողությունների համար ներկայացվել Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրման: Այնուհետ, սկսած 1924 թվականից, անցել է տնտեսական գործունեության: 1929 – 1934 թվականներին եղել է Չելյաբինսկի տրակտորի գործարանի (ՉՏԳ) շինարարության պետը, ապա` տնօրենը:
Գործարանն իր հզորությամբ ու տեխնիկական հագեցվածությամբ ոչ միայն հիացնում էր խորհրդային մարդկանց, այլև ապշեցնում արտասահմանյան ֆիրմաների ներկայացուցիչներին: Ահա թե ինչ է գրել ամերիկացի մասնագետներից մեկը, ով ներկայացնում էր «Նորտոն» ֆիրման. «Շնորհիվ իր առաջնակարգ սարքավորման ու հրաշալի հարմարավետության, ՉՏԳ-ն կարող է հաջողությամ դիմակայել նույն արտադրանքը թողարկող եվրոպական կամ ամերիկյան ցանկացած գործարանի հետ մրցակցությանը: Գտնում եմ անգամ, որ այն աշխարհում լավագույնն է...»
1934 -1935 թվականներին Լ. Սաֆրազյանը գլխավորում է Յարոսլավլի ավտոգործարանի, ավտոդողերի ու ասբեստի գործարանների, 1935 – 1937թթ. Գորկու ավտոգործարանի շինարարությունները: Նրա աշխատանքային հաջորդ տեղամասը ԽՍՀՄ մեքենաշինության ժողկոմիսարիատի կապիտալ շինարարության գլխավոր վարչությունն էր (պետ, 1937 – 1938-ի սեպտեմբեր), որին հաջորդել է նշանակումը ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից զինգլխշինի պետի պաշտոնում: Այս տարիներին նրա ղեկավարությամբ շահագործման են հանձնվել երկրի պաշտպանական ոլորտի բազմաթիվ կառույցներ, ռազմական ակադեմիաների շինություններ:
1941-ի մարտից մինչև 1946-ի փետրվարը Լ. Սաֆրազյանը եղել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալը, միաժամանակ ԽՍՀՄ ՆԳԺԿ օդանավակայանների շինարարության գլխավոր վարչության պետը: Այս երկու հանգուցային գործառույթների կողքին նրա ուսերին է ծանրացած եղել Գլխհիդրոշինի և Մայրուղային ճանապարհների գլխավոր վարչության աշխատանքների կուրացիան (խնամակալումը):
Չթերագնահատելով մյուս կառույցների նշանակությունը`պատերազմի տարիներին հատկապես առանձնակի կարևորության շինօբյեկտներ էին օդանավակայանները, որոնք ըստ էության ստեղծվում էին չեղած տեղից` զրոյական հիմքից, ինչպես նաև ապաստարանները, որոնք հատուկ գծագրման ու կառուցման տեխնոլոգիայի շնորհիվ ի զորու էին բունկերի համար ապահովել ինքնավար (ավտոնոմ) աշխատանքային ռեժիմ` անխոցելի լինելով ռմբակոծությունների ու քիմիական հարձակումների համար: Մասնավորապես այդպիսի կառույց էր Սամարայում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի` Ի. Ստալինի համար կառուցվածը, (1942-ի փետրվար – նոյեմբեր):
1943 թվից Լ. Սաֆրազյանը գլխավորել է երկրի գազի ու նավթի արդյունաբերության շինօբյեկտները: Այդ նրա ղեկավարությամբ ռեկորդային կարճ ժամանակահատվածում անցկացվեց Աստրախան - Սարատով խողովակաշարը, ապա և Սարատով - Մոսկվա գազամուղը, որով դրվեց ԽՍՀՄ գազի արդյունաբերության հիմքը: Այդ նրա առաջարկով է ստեղծվել ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից գլխնավթգազշինի վարչությունը:
Նրա գլխավորությամբ ԽՍՀՄ-ում ծնունդ են առել ոչ միայն արդյունաբերական գիգատներ, հիմնվել ենթակառուցվածքներ, առանձին աշխատանքային ոլորտներ, այլև յուրացվել են նոր մասնագիտություններ, դրանց համար պատրաստվել կադրեր, հիմնադրվել գիտահետազոտական ինստիտուտներ:
1946 թվականի փետրվարին Լ. Սաֆրազյանը, ով 1945-ից կրում էր ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ, նշանակվել է ԽՍՀՄ վառելանյութի ձեռնարկությունների շինարարության ժողկոմիսարի առաջին տեղակալ, իսկ երկու տարի անց ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարի տեղակալն էր:
Պարգևատրվել է Լենինի երեք, Կուտուզովի 1-ին աստիճանի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով: Լ. Սաֆրազյանը զոհ է գնացել 1954 թվականին Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանում եղած պայթյունին: Աղջկա` Նինա Լևոնովնայի կարծիքով, ով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հայրը պարզապես սպանվել է ծառայական պարտականությունները կատարելիս:
Կնոջ` Եվգենյա Իվանովնայի համոզմամբ ամուսինը զոհ է գնացել աբակումովականների դավերին, ովքեր այդպես էլ չհանդուրժեցին, թե նա ինչ վճռականությամբ էր աքսորավայրերից դուրս բերում վաստակավոր շինարարներին, նավթագործներին, արդյունաբերության կազմակերպիչներին: Պատմությունը միաժամանակ վկայում է, որ նա բավականին լարված հարաբերություններ է ունեցել Լ. Պ. Բերիայի հետ, ինչը բնավ էլ չի բացառում վերջինիս ունեցած վճռական միջամտությունը հայազգի պետական գործչի ճակատագրում:
Հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանոցում:
Լ. Սաֆրազյանի հիշատակն այսօր էլ է վառ երախտապարտ սերունդների հիշողությունում: Նովոկույբիշևսկում նրա անունով փողոց կա, հայ համայնքի ու նահանգապետի միասնական ջանքերով քաղաքում տեղադրված է այդ երևելի պետական գործչի կիսանդրին: Ինչ վերաբերում է աշխատանքային ժառանգությանը, նրա գլխավորած արդյունաբերական ոլորտներն են հիմնադրված ենթակառուցվածքների հետ հիմա էլ երկրին տալիս ամենաեկամտաբեր ապրանքը` նավթն ու գազը:
Դիտվել է՝ 5895

Մեկնաբանություններ