Եթե հայրենիքն է մեր նպատակը, պետք է համախմբվենք այդ գաղափարի ներքո

Եթե հայրենիքն է մեր նպատակը, պետք է համախմբվենք այդ գաղափարի ներքո
02.05.2023 | 22:28

Գիտե՞ք, թե ինչն է մեր ազգային պայքարի հաջողությանը ամենաշատը խանգարում.միասնական նպատակի բացակայությունը:

Մարդիկ դուրս են գալիս պայքարի՝ չիմանալով, թե ինչի դեմ և հանուն ինչի են պայքարում։ Եթե մենք կորցնենք Արցախը, ապա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության անկումը անիմաստ կլինի։ Քանի որ առանց Արցախի հայկական պետականության օրերը հաշված են, հետևաբար, ի՞նչ տարբերություն՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե մեկ այլ անձ կդնի մեր պետականության դագաղի կափարիչը։

Այսինքն, մեր առաջնային պայքարի նպատակը նախ Արցախն է, Սյունիքն է, Գեղարքունիքը, ընդհանրապես՝ հայրենականը։

Կասեք՝ Նիկոլը չի թողնում ազգային պայքարը հաջողության հասնի, կասեք, որ Նիկոլը հանձնում ու հանձնում է:

Համամիտ եմ, իսկ մենք քանի՞ անգամ ենք առաջնային պայքարը տարել հանուն պետականության, համախմբվել ազգային գաղափարի շուրջ՝ դառնալով պետությունը պահող հակակշիռ Նիկոլի հանձնող իշխանությանը։

Գաղափարի բացակայությունը նույն Նիկոլին հնարավորություն է տալիս ներսում ու դրսում ասելու, թե սա ազգային պայքար չի, այլ որոշ կուսակցությունների կողմից իշխանության հասնելու նպատակ, հետևաբար, դա չի կարող լուրջ ազդեցություն ունենալ արտաքին հարաբերությունների վրա։

Ամեն անգամ, երբ դրվել է գաղափարի պայքարը, ներքին ու արտաքին գործիչները չեն կարողացել թաքցնել, որ այս կամ այն շարժման պատճառով դանդաղում է պայմանավորվածությունների իրագործումը, բայց հենց գաղափարին փոխարինելու է գալիս անձը, միանգամից ամբողջ պայքարը դառնում է իշխանության մրցավազք։

Ի վերջո, մեր առաջնային նպատակը ո՞րն է՝ Նիկոլի ամեն գնով շուտ հեռանա՞լը, թե՞ հայրենիքը պահելը։ Եթե հայրենիքն է մեր նպատակը, ապա պետք է համախմբվենք այդ գաղափարի ներքո և տանենք առանց բռնության պայքար, ազգի բոլոր հատվածներին համախմբող պայքար։

Այո, կան իշխանության աջակիցներ, որոնք հայրենասեր են, իրենց արյունն են տվել հայրենիքի համար, միաժամանակ համամիտ չեն իշխանության արտաքին գործողությունների հետ, բայց ամեն անգամ խուսափում են ոտքի ելնել հանուն Արցախի, քանի որ դրա մեջ անմիջապես երևում է ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլի փոխարեն մեկ ուրիշին բերելու նպատակը։

Իսկ ո՞վ է ասել, որ Նիկոլի տնտեսական ծրագրերը ողջունող հայը պակաս հայրենասեր է Արցախի հարցում։ Այո, պետք է գնանք ազգային միասնության և գաղափարական ճանապարհով, որպեսզի Արցախի հարցում հաջողություն ունենանք։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք հանդուրժել այլ կարծիք ունեցող մեր եղբայրներին ու քույրերին, որ մեր պայքարը թուրքի դեմ լինի միասնական ու համազգային։

Միայն այդ դեպքում Նիկոլը կամ որևէ մեկը չի կարողանա մեր թիկունքում գործարքի գնալ թշնամու հետ՝ լավ իմանալով, որ ազգը հակակշիռ է։

Ժամանակն է:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ