Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ժամանակն է վերանայելու «թղթե շեշեփի» մտածելակերպը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ժամանակն է վերանայելու «թղթե շեշեփի» մտածելակերպը
11.04.2016 | 12:04

Արդեն քանի օր է, կարծես, հարաբերական հրադադար է: Քառօրյա պատերազմի կապակցությամբ բանակցություններ և աշխատանքներ են տարվում միջպետական, դիվանագիտական խողովակներով, ինչու չէ, նաև մարդկային շփումներով ու անձնական կապերով, հարաբերություններով:

Մեծ ցավ ապրեցինք, մարդկային կյանքի, ֆինանսական կորուստներ ունեցանք՝ ցավ, կսկիծ, ապրումներ, հոգեկան լարված իրավիճակներ, հույս, հավատ, նաև հուսախաբություններ:
Բայց այդ չորս և հետագա օրերին մեզ համար շատ բացահայտումներ ևս եղան՝ հպարտության, ինքնաճանաչման, արժեքների վերագնահատման և վերարժևորման զգացումներ:
Գնահատելով, զարգացնելով, դողալով, փայփայելով այդ լավ ձեռքբերումները, մենք պետք է նաև դասեր քաղենք, ավելի կազմակերպվենք ու կազմակերպենք, որ նման դեպքերում առավել հստակ, ժամանակին, նպատակային, փորձված ու քիչ կորուստներով դիմակայենք:
Ամենակարևորը` ունենք՝ զինվորի, հայ ազգի, ՀՀ քաղաքացիների խիզախության, միասնականության, հայրենասիրության ոգին: Մնացյալը պետք է լրացնեն, զարգացնեն ու անշեջ պահեն այդ կրակն ու նոր ձևավորված, արմատավորված արժեքները:
Հանգիստ, բայց շտապ վերանայման խնդիր կա` պետական մակարդակի, սփյուռքի, դիվանագիտական, ռազմարդյունաբերական, գիտատեխնիկական, ուսումնավարժական, ենթակառուցվածքային, պահեստազորային: Մի խոսքով, լուրջ պլանավորել, ծրագրել, կազմակերպել ու իրագործել է պետք` պաշտպանական խնդիրները այլևս դարձնելով ամենակարևորն ու առաջնայինը:
Համաձայն եմ, որ մենք լավ բանակ ունենք, բայց խնդիրներն էլ ահավոր շատ են, անելիքներն էլ: Լավի մասին անընդհատ նշելն էլ մեկ-մեկ տանում է ինքնահանգստացման ու ինքնաբավության: Քանի դեռ մենք այս առճակատման հետ կապված խնդիրներ ունենք, մեր այդ համակարգը պետք է աշխատի կենդանի օրգանիզմի նման՝ ամեն վայրկյան, ամեն ժամ, հստակ ու կազմակերպված և ամենակարևորը՝ առանց կոռուպցիայի, առանց գռփելու ու թալանի:
Հա′, մի բան էլ: Հարգարժան ռուսամետներ ու արևմտամետներ, մի′ կռվեք, մի′ «կոտորեք» իրար, ուղղակի դարձեք հայամետ, ազգակենտրոն, միասնական: Իսկ Ռուսաստանն ու Արևմուտքն իրար արժեն, նույնն են, ուղղակի տարբեր ամանների մեջ, և բնականաբար նրանց համար առաջնայինն իրենց պետությունների, իրենց աշխարհաքաղաքական շահերն ու խնդիրներն են: Ժամանակն է, որպեսզի Իսրայել Օրու և Խրիմյան Հայրիկի ժամանակաշրջանների «թղթե շերեփի» մտածելակերպը վերանայենք, դառնանք իրատես, պահանջատեր, վստահ և հույսներս դնենք միայն ու միայն մեզ վրա՝ օգտագործելով ռուսներին ու Արևմուտքին, ոչ թե անմնացորդ տրվենք նրանց՝ թուլանալով ու հաճույք ստանալու ակնկալիքով:

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ