ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արվեստի մայրուղին` Գյումրիով

Արվեստի մայրուղին`  Գյումրիով
04.05.2012 | 00:00

Ապրիլի 10-19-ին Գյումրիում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը։ Տարեցտարի մրցույթի համբավի հետ մեկտեղ ընդլայնվում է մասնակիցների «աշխարհագրությունը», աճում քանակը։ Այս անգամ հայտ էին ներկայացրել շուրջ 1300 երաժիշտ 25 երկրից։ Ճոխացել է նաև ժանրային բազմազանությունը, ավելացել ևս մի անվանակարգ` «Կոմպոզիցիա»։ Բարձրացել էր նաև մասնագիտական մակարդակը։

Մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու և՛ ժյուրիի անդամների, և՛ մասնակիցների, և՛ նրանց ուսուցիչների հետ։ Ահա թե ինչ ասաց «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգի ժյուրիի անդամ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանը. «Այս տարի ավելի խստացել են գնահատման չափանիշները։ Դրա վկայությունն է այն, որ երգիչներից և ոչ մեկին չշնորհվեց «Գրան պրի» մրցանակ։ Ավելացնեմ, որ ժյուրիի կազմում միայն երկուսս էինք Հայաստանից, մնացածը Ռուսաստանից էին, Իսպանիայից, ՈՒկրաինայից, Լյուքսեմբուրգից, Իրանից և այլն»։

Ի դեպ, Գեղամյանի ուսանողուհի Ամալյա Թորոսյանը և Վալենտին Դիդյուկը (Կիև) կիսել են 1-ին տեղը, իսկ պրոֆ. Ռաֆայել Հակոբյանցի սան Ջուլիետա Ալեքսանյանն արժանացավ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակին։

Իսկ ընդհանուր առմամբ, տարբեր խմբերում, տարբեր անվանակարգերում զանազան մրցանակների և պարգևների է արժանացել 450 մասնակից։ Անշուշտ, հնարավոր չէ բոլոր անունները մեկ առ մեկ թվարկել, սակայն նշենք մի քանիսը, պատկերացնելու համար մրցույթի խճապատկերի գոնե ուրվագիծը։

Ի տարբերություն «Ակադեմիականի», «Էստրադային-ջազային երգեցողություն» անվանակարգում «Գրան պրի» կար, և այն շնորհվեց ղազախստանցի Բերդիբեկ Կուգարաևին, իսկ գյումրեցի Ռուզաննա Թադևոսյանը ստացավ 1-ին մրցանակ։ Վերջինիս մասին հատուկ հիացմունքով էր խոսում ժյուրիի անդամ, երգչուհի Էմմա Պետրոսյանը` նշելով նրա գեղեցիկ ձայնը և ֆրազավորման հստակությունը։

43 քանոնահարներից կարելի է առանձնացնել 1-ին կարգի դափնեկիրներ Սեդա Մսրյանին (Գյումրի, «Գոհար» դպրոց, դասատու` Լաուրա Մելիքյան) և Աննա Բաբայանին (Կոմիտասի անվ. կոնսերվատորիա, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարան)։ Վերջինս խոստովանեց, թե դժվարանում էր նայել պարտված մանուկների աչքերին, և առաջարկում էր, որ մինչև 12 տարեկան երեխաների համար անցկացվի ոչ թե մրցույթ, այլ պարզապես փառատոն իր տարբեր խրախուսանքներով։ Նա հարմար գտավ նաև արտագնա հանձնախմբեր կազմելը` տարբեր մարզերից լավագույններին ընտրելու համար, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ժյուրիի աշխատանքը։

Դառնալով մրցույթի արդյունքներին, նշենք, որ համապատասխան տարիքային խմբերում 1-ին տեղեր գրավեցին երևանցի կիթառահարներ Դավիթ Մանուկյանը, Տիգրան Առաքելյանը, Մարիամ Անտոնյանը, մյուս երկուսն էին հունաստանցիներ Գեորգե Տոսիկյանը և Եվանգելոս Նիկոլաիդիսը (Յակովոս Կոլանյանի դասարան)։

Մրցույթում բարձր մակարդակ դրսևորեց նաև Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը, որի տնօրենը, երիտասարդ ջութակահար Անուշ Խաչատրյանը և դաշնակահարուհի Շողիկ Ղազարյանը նվաճեցին «Կամերային անսամբլ» անվանակարգի 1-ին մրցանակը։ Լավագույն դաստիարակությունը անձնական օրինակն է։ Տնօրենի օրինակով, նույն դպրոցի սաներ Միլենա Գալստյանը և Մարիամ Խանամիրյանը գրավեցին 1-ին և 2-րդ տեղերը (Ռուզան Հովսեփյանի դաշնամուրային դասարան)։ Այս մրցույթից մի քանի օր անց նույն Միլենան Փարիզի «Ֆլեյմ» մրցույթում արժանացավ 3-րդ մրցանակի։ Դպրոցի մյուս աշակերտ Մոնթե Հակոբյանին «Ազգային երգեցողություն» անվանակարգում շնորհվեց 1-ին մրցանակ (դաս.` Էդվարդ Բեգլարյան)։

Դաշնակահարներից նշենք նաև Ռ. Մելիքյանի անվան քոլեջի սան, իրանցի Ռոքնի Արաշ Մուխսենին, որին շնորհվեց «Գրան պրի» (պրոֆ. Գեորգի Ավանեսովի դասարան)։

«Կոմպոզիցիայի» առաջին իսկ մրցույթին բարի ավանդույթի հիմք դրեցին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սաները` Շուշան Սարգսյանը (պրոֆ.` Վարդան Աճեմյան) և Բելա Հովհաննիսյանը (պրոֆ.` Արամ Սաթյան)։ Երկուսն էլ արժանացան «Գրան պրի» մրցանակի։

Ջութակահարներից «Գրան պրի» տվեցին Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Մարիամ Վարդանյանին և Էստոնիայի Երգի թատրոնի ակադեմիայի ուսանողուհի Մարիկե Կրուպին (դաս.` Պեեպ Լասսմանն)։ Բացի այդ, մեր ջութակահարուհին ստացավ «Վիրտուոզ ջութակահար», իսկ էստոնուհին` «Բեմական հմայք» հատուկ մրցանակներ։

Մրցույթի ամենավառ տպավորություններից էր նաև Չայկովսկու անվան դպրոցի սան, ջութակահար Ֆելիքս Հարությունյանի ելույթը (պրոֆ.` Ալեքսանդր Կոսեմյան)։ Անցյալ տարի Գյումրիում ջութակահարը գրավել էր 3-րդ տեղը, այս անգամ նա հաղթող ճանաչվեց, բացի այդ, արժանացավ նաև մեծանուն ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի անվան հատուկ մրցանակի։ Ժյուրին գլխավորող Ժան Տեր-Մերկերյանը (Ֆրանսիա) նշեց Ֆելիքսի «մաքրամաքուր ինտոնացիան»` հնչերանգը, իսկ ժյուրիի անդամ, ջութակահար Պարգև Չոլախյանը բարձր գնահատեց դափնեկրի տեխնիկան, նույնիսկ ասաց. «Պագանինիի 18-րդ կապրիսի կատարումը Ֆելիքսի կողմից իդեալական էր»։ Մեր զրույցում Ֆելիքսն ասաց հետևյալը. «Ես մտադրված չէի այս մրցույթին մասնակցելու, բայց երբ մայրս իմացավ, որ ժյուրիում լինելու է Ժան Տեր-Մերկերյանը, պնդեց, քանի որ, ինչպես ինքն էր ասում, որտեղ` Ժանը, այնտեղ` արդարություն, ինչն այնքան էլ հաճախ չի պատահում մրցույթներում։ Չեմ թաքցնում, ինձ համար Ժանի անվան մրցանակն ավելին է, քան առաջին տեղը գրավելը»։ Տոհմիկ ջութակահարի հաղթանակը պատահական չէր, քանզի նա արդեն ունի որոշակի բեմական փորձ. Ֆելիքսը «Շարական» անսամբլի մենակատար է, հասցրել է կատարել մի շարք մենահամերգներ, անսամբլի հետ հյուրախաղերով հանդես գալ Սլովենիայում, Ավստրիայում և այլուր, իր մոր` ջութակահարուհի Գոհար Դանիելյանի հետ իրականացրել է բազում պրեմիերաներ, կատարել ձայնագրություններ։

Մրցույթի օրերին ժյուրիի որոշ անդամներ անցկացնում էին բարձրագույն վարպետության դասեր` իտալացի կիթառահար Մարկո Մինան, Օվիեդոյի (Իսպանիա) կոնսերվատորիայի պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանը, որը ծնունդով գյումրեցի է, նվագել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում։ Այս օրերին տեղի ունեցավ նաև միջազգային գիտական կոնֆերանս։ Չենք կարող չհիշել նաև այն, որ մրցույթը հովանավորում էին ավելի քան քսան հովանավորներ, այդ թվում` ԱԺ պատգամավորներ, բանկեր, այլ հաստատություններ, սակայն թվում է, թե Գյումրիի թիվ 21 դպրոցը, որտեղ մրցում էին լարայինները, դուրս էր մնացել տեսադաշտից։ Դահլիճում ցուրտ էր, ոմանք թերմոսներ էին բերել, մատները տաքացնում էին բաժակով, բացի այդ, նվագի ընթացքում պարբերաբար ներխուժում էր դպրոցի զանգը։ Այնպես որ, որոշ երաժիշտներ Հայաստանից կտանեն ջերմ ընդունելության և ցուրտ դահլիճի հուշերը։

Թեպետ վերը նշվածը չի կարող ամբողջական պատկերացում տալ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի մասին, սակայն բավական է, որ ըստ արժանվույն գնահատվի նրա բացառիկ դերը քաղաքի մշակութային կյանքում, Գյումրիի վաղեմի փառքի վերածննդի գործում։ Այցելելով Գյումրի` հյուրերն էլ հաղորդակից են դառնում հայոց մշակույթին, որի հովերը տարածում են աշխարհով մեկ, նպաստում Հայաստանի հեղինակության բարձրացմանը։

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ