ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մենք էլ ենք ծառեր, որ ամբողջ կյանքում չենք կշտանում ջրից

Մենք էլ ենք ծառեր, որ ամբողջ կյանքում չենք կշտանում ջրից
06.04.2024 | 07:19

Ա՛յ մարդ, ջուրը համով բան ա, է՛լի։ Սովորական ջուրը։

Էդ, որ ասում եմ՝ սովորական, չի նշանակում, որ ջուրը սովորական բան ա, պարզապես նշանակում ա չգազավորված, չհյութավորված, չթեյավորված, մաքուր, անխառն, ջինջ խմելու ջուր՝ սովորական հրաշք, որը, թվում ա, թե համ չունի, բայց էդ չեղած համից չես կշտանում, հա ուզում ես խմես ու խմես։ Ջուր, որին քաղցր են ասում՝ ոչ թե նրա համար, որ շաքար կամ մեղր ա խառնած, այլ որովհետև նենց մի ներքին քաղցրություն ունի, որը զգում ես մարմնիդ բոլոր բջիջներով։
Ջուրը կյանք ա։ Սառնորակ, զուլալ, թափանցիկ ջուրը լցնում ես բաժակի մեջ, դանդաղ մոտեցնում շուրթերիդ ու բաժակը զգույշ թեքում դեպի շուրթերդ։ Ջուըը լցվում ա բերանդ՝ վճիտ, քաղցրահամ, կենարար, իր պաղ թարմությամբ ողողում ա լեզուդ ու քիմքդ, որոնք ջրից բացվում են դաշտային ծաղիկների նման։ Հետո քչքչան վտակի նման հոսում ա դեպի կոկորդդ։ Կուլ ես տալիս, ու ջուրը կոկորդդ ջրելով՝ անմահական դարմանի նման իջնում ա ներքև ու տարածվում մարմնովդ մեկ, թարմացնում, կենդանացնում, ծաղկացնում։ Մարմնիդ ամեն մի բջիջն արթնանում ա ու լցվում զուլալ թափանցիկությամբ։
Ու դու հասկանում ես ծառերին, որ ամառվա տապին չոր հողի մեջ խրված՝ տանջվում են բարկ արևի տակ։ Հասկանում ես, թե ինչ են զգում, երբ ջրում ես նրանց ոտքերի տակի չոր հողը, ու կենարար ջուրը ներծծվում ա հողի մեջ, հասնում ա ծառի արմատներին ու արմատներից լցվում ծառի մեջ, բարձրանում մինչև ճյուղերը, մինչև տերևները, ու ծառը տնքում ա հաճույքից, քիչ ա մնում՝ խոսա, քիչ ա մնում՝ երգի, ճյուղերը կենդանանում են, տերևները՝ երանությունից փայլում․․․
Մենք շատ հեռու չենք գնացել ծառերից, մենք էլ ենք ծառեր, որ ամբողջ կյանքում չենք կշտանում ջրից՝ սովորական ջրից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6775

Մեկնաբանություններ