ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Արա Գեղեցիկի օրինակով

Արա Գեղեցիկի օրինակով
26.11.2023 | 19:46

Իմ փոքրիկ երկրում միայն երազն է մեծ,

մեկ էլ երազից ծնվող հրաշքի սպասումը.

և այնքան էր փխրուն նորածինը ու դեռ լույսի մեջ՝

ճիշտ մեր սիրո նմանակը,

որ մի թավշե քնքշանքով

Անկախություն անունը տվեցինք նրան:



Մեզ հետ սահման վիճարկող երկրները մեծ են թերևս,

սակայն նրանց երազն է չնչին ու կարճիկ այնքան,

որ հազիվ մի զոհասեղան է տեղավորում իր մեջ,

այն էլ քո համար է, մեր հրաշք տղա:

Քեզ դահճի ձեռքն են մատնում ամեն Աստծու օր,

մտրակում են ու ծանակելով ուղեկցում զոհարան,

հետո խաչ հանում՝ փշե պսակ դնելով ճակատիդ,

որպես մեր փրկիչ ու արքա,

իսկ ամենավերջում վիճակ են գցում ծիրանիիդ համար՝

բաժանելով իրար մեջ:



Իրիկնամուտին վերցնում ենք մարմինդ,

փաթաթում լույսի շղարշով, դնում բարձր լեռան վրա,

ու մեր հեթանոս աստծու օրինակով՝

վերքերդ վստահում արալեզներին:



Եվ ամեն անգամ հարություն ես առնում,

մեր երազից ծնված հրաշք տղա,

ու նորից շրջում մեր մեջ որպես սեր`

քո մեռնող ու հառնող հայացքով չարչրկված:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ