ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Չենք կարող ընդլայնել մեր ծրագրերի ո՛չ ցանկը, ո՛չ թիվը, որովհետև ցուցադրելու տեղեր չունենք»

«Չենք կարող ընդլայնել մեր ծրագրերի ո՛չ ցանկը, ո՛չ թիվը, որովհետև ցուցադրելու տեղեր չունենք»
05.06.2012 | 00:08

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը:
«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվեն Էլդար Շենգելայայի, Վիկտոր Էրիսեի, Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերը:
«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Անդրեյ Տարկովսկու հոբելյանները:
Արդեն հայտնի են նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի ֆիլմերը, որի շրջանակում ցուցադրվում են տարվա լավագույն ֆիլմերը. Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները», Ագնեշկա Հոլանդի «Խավարումը», Քրիստիան Պետզոլդի «Բարբարան», Կոսիմա Սպենդերի «Առանց Գորկու»-ն, Վադիմ Աբդրաշիտովի «Պարողի ժամանակը», Ռուբեն Քոչարի «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» և Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի վերջին` «Միջև» ֆիլմը:
Արդեն հայտնի է, որ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր` ներկայացնելով իրենց ֆիլմերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում Կաննի կինոփառատոնի լավագույն ֆիլմերը Հայաստան բերելու նպատակով:
Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը ստացել է աննախադեպ` 1300 հայտ (անցյալ տարի` մոտ 700) աշխարհի շուրջ 70 երկրից: Սուսաննա Հարությունյանի տեղեկացմամբ՝ փառատոնին ներկայացվելու է 140-150 ֆիլմ: «Չենք կարող ընդլայնել մեր ծրագրերի ո՛չ ցանկը, ո՛չ թիվը, որովհետև ցուցադրելու տեղ չունենք,- ասաց նա:- Եթե լավ ֆիլմ ենք բերում, պետք է ապահովենք ցուցադրման լավ պայմաններ: Համեմատաբար լավ պայմաններ կան միայն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: Որոշ ֆիլմեր, ծրագրեր մենք ցուցադրում ենք տիկնիկային թատրոնում, տարբեր սրահներում, կցուցադրվեն նաև Կինոյի տանն ու Հենրիկ Մալյանի անվան թատրոնում»:
Ի դեպ, «Նարեկացի» արվեստի միությունում այս տարի ցուցադրություն չի լինելու: «Անցյալ տարի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել Սերժ Ավետիքյանը, Ռոման Բալայանը, բայց բոլորի ուշադրության կենտրոնում Ֆանի Արդանն էր: Ո՞վ է լինելու այս տարվա բրենդը»:
«Չգիտեմ՝ ինչ է բրենդը,- իրեն ուղղված հարցին այսպես պատասխանեց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ։- Բրենդը լինում է առևտրում, արվեստում լինում է անուն: Մեզ համար բոլոր նշված անունները «բրենդ» են: Չեմ սիրում, երբ այդ բնորոշումը կիրառում են մարդկանց նկատմամբ, մարդն ապրանք չէ»:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Փառատոնի ժյուրիի նախագահն իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010-ին Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ