ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Բավական է մտածել, թե հայ ժողովրդի քանի սերունդ է անհետացել, բնաջնջվել աշխարհի երեսից, և այնուամենայնիվ, մենք կանք, ապրում ենք»

«Բավական է մտածել, թե հայ ժողովրդի քանի սերունդ է անհետացել, բնաջնջվել աշխարհի երեսից, և այնուամենայնիվ, մենք կանք, ապրում ենք»
18.05.2012 | 10:52

Երևանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարության շրջանակներում, 5-րդ անգամ հյուրընկալել էր իտալահայ անվանի գրող ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆԻՆ: Այդ օրերին նա իր ընթերցողների, հայ մտավորականների և պետական պաշտոնյաների հետ ունեցավ բազմաթիվ հանդիպումներ: Նրան մշտապես ուղեկցում էր «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի թարգմանիչ, բանասիրության դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը, որի բարձր պրոֆեսիոնալիզմը և բարեխիղճ, սրտացավ աշխատանքը ապրիլի 24-ին «Զանգակ» հրատարակչատանը կայացած հանդիպման ժամանակ կարևորեց հենց ինքը` Անտոնիա Արսլանը: Հուրախություն բոլորիս, փաստենք, որ առաջիկայում Սոնա Հարությունյանը հայերեն կթարգմանի նաև Արսլանի նոր վեպը` «Մշո գիրքը», որն արդեն մեծ տարածում է գտել Իտալիայում` երկու ամսում հրատարակվելով չորս անգամ: Անտոնիա Արսլանի վեպերում հաճախ հերոսները կրում են նրա ճանաչած այսօրյա հայուհիների անունները, և գրողը նշեց, թե չի բացառվում, որ հետագայում իր վեպերում անմահանան իր գրքերի հայերեն հրատարակությունների և հայ ընթերցողի շրջանում դրանց տարածման գործում բացառիկ դերակատարություն ունեցած երկու Սոնաները` վեպերի թարգմանիչ Սոնա Հարությունյանը և խմբագիր, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը: Երևանում հյուրընկալվելու օրերին տիկին Արսլանն ուրախության և դրական հույզերի մի մեծ պաշար էր ամբարել իր հոգում, սակայն առանձնահատուկ հպարտությամբ և մանկան խանդավառությամբ ի ցույց դրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ձեռամբ իրեն հանձնված ՀՀ նախագահի մրցանակը` «Մովսես Խորենացի» շքանշանը:

Ի դեպ, քանի որ այս տարի լրանում է հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակը, և գրողի տուն-թանգարանը հրատարակել է նրա «Հայը» էսսեն, ես բաց չթողեցի առիթը` նվիրելու այն Անտոնիա Արսլանին` հույսով, որ երբևէ նրա դուստրը` Չեչիլյա Վերոնեզեն, որ իտալերեն է թարգմանում հայ գրողների, մտավորականների գործերը, կթարգմանի նաև հայի համաժամանակյա «անձնագիրը» հանդիսացող այս ստեղծագործությունը:

Գրեթե անհավանական թվացող իրադրության մեջ, Սոնա Հարությունյանի ջանքերով, «Զանգակ» հրատարակչատան գրատանը կայացավ մեր հարցազրույցը Անտոնիա Արսլանի հետ:

«ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԱՆԴՐԱԴԱՐՁ Է ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆԸ»

-Տիկի՛ն Անտոնիա, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին հունիսի 2-ին նշվող Իտալիայի ազգային տոնի տարեդարձներից մեկի ժամանակ խոսեց հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին` նշելով, որ Իտալիայում պաշտելի շատ սրբեր ունեն հայկական ծագում: «Դրանք իտալական քաղաքների հովանավոր սրբեր են,- ասաց նա,- և սա թույլ է տալիս ասել, որ Իտալիան պաշտպանում են հայ սրբերը»: Ձեզ Անտոնիա են կոչել` ի պատիվ Ձեր ծննդավայրի և մշտական բնակավայրի սրբի` Սուրբ Անտոնիոյի: Այս սուրբը և՞ս ունի հայկական ծագում:

-Ո՛չ, այդ սուրբը հայկական ծագում չունի: Դա Լիսբոնի սուրբն է, և նրան է նվիրված Պադուայի ամենամեծ եկեղեցին` Մայր տաճարը:

-«Զմյուռնիայի ճանապարհը» դեռ չեմ կարդացել, բայց կցանկանայի իմանալ, թե ի՛նչ հիմնական «մեսիջ» է այն պարունակում` ուղղված ընթերցողին, եթե հաշվի առնենք Ձեր գրականությանը տրված գնահատականը, համաձայն որի` այն հասցեագրված է բարձր ինտելեկտ ունեցող ընթերցողներին, ովքեր գիրքը կարդում են առաջաբանով, վերջաբանով և ծանոթագրություններով:

-Իտալիայում 2009-ին է լույս տեսել «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը: Սա իմ եռագրության երկրորդ գիրքն է: Վեպի հիմնական ուղերձն այն է, որ վերջնականապես բնաջնջվել են Անատոլիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները: «Արտույտների ագարակը» բացառապես հայերի բնաջնջման պատմությանն էր վերաբերում, իսկ «Զմյուռնիայի ճանապարհը» անդրադարձ է Անատոլիայի ազգային փոքրամասնությունների բնաջնջմանը: Եվ այդ բնաջնջումը իսպառ էր. դրանից որևէ մեկը չփրկվեց, որևէ մեկը չվերադարձավ հետագայում իր բնօրրանը: Ես այն «մեսիջն» եմ հղում այս վեպով, որ հայերի ողբերգությունն ընդհանուր ողբերգության մի մասն էր: Իսկ իմ վերջին վեպում, որում պատմվում է, թե ինչպես փրկվեց «Մշո ճառընտիրը», ես անդրադարձել եմ մշակութային ցեղասպանությանը:

«ՎԵՐՍՏՈՒԳԵԼ ԵՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԵՏԵՎԵԼ ԵՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ՉԽԱԹԱՐՎԵՆ»

-«Արտույտների ագարակը» գիրքը կարդացել եմ Տավիանի եղբայրների ֆիլմը դիտելուց և սյուժեին ծանոթ լինելուց հետո: Փաստորեն, ինձ հայտնի էր, թե ինչի մասին է այն: Բայց, այդուհանդերձ, Ձեր պատումն այնքան լուսավոր, խաղաղ ու իդիլիական սկիզբ ուներ, որ պարզապես անտրամաբանական էր թվում դրան հաջորդող դժոխքի նկարագրությունը: Ինչպե՞ս եք կարողանում այդքան անսպասելի, բայց և համոզիչ անցում կատարել մի ծայրահեղությունից մյուսին:

-Աստիճանաբար իմ մեջ հասունացել են ասելիքը, թեման: Քայլ առ քայլ ես մոտենում էի ողբերգության պատումին, և ամպերն ավելի մութ, երկինքն ավելի մռայլ էին դառնում: Սրանով է բացատրվում Ձեր նշած անցումը:

-Ընդունված կարծիքի համաձայն` նախապատվելի է, որ Հայոց ցեղասպանության թեման ներկայացնեն օտարները, որովհետև հայը բաց վերքի նման է զգում այդ ցավը, և դա խանգարում է զուտ արվեստին առնչվող խնդիրների վրա կենտրոնանալուն: Տավիանիներն այս առումով գոհացրե՞լ են Ձեզ` իբրև արվեստագետի և իբրև ցեղասպանությունը վերապրողի շառավղի:

-Կեցցե՛ք Դուք այս հարցի համար: Տավիանի եղբայրները հարցին մոտեցել են պատմական ճշմարտության տեսանկյունից: Նրանք պատմական թեմաներով ֆիլմեր նկարող ռեժիսորներ են: Մինչ «Արտույտների ագարակը» Տավիանիները ֆիլմ էին նկարահանել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ:

-Միշտ էլ գրական հենքի հեղինակի և ռեժիսորի միջև լինում են անհամաձայնություններ, նույնիսկ` սկանդալային պատմություններ: Ինչպե՞ս աշխատեցիք, ստեղծագործեցիք աշխարհահռչակ այդ ռեժիսորների հետ:

-Երբևիցե անհամաձայնություններ, կոնտրաստներ չենք ունեցել միմյանց հետ: Ես այն կարծիքին եմ, որ ֆիլմի լեզուն տարբեր է գրքի լեզվից: Որպես արվեստի միջոց` գրականությունն ու կինոն տարբեր երևույթներ են: Այս ճշմարտության գիտակցումով եմ ես մոտեցել գործին և միանգամայն ազատություն եմ տվել Տավիանի եղբայրներին իրենց կինոստեղծագործական աշխատանքներում: Նրանք հնարավորություն են ստացել իրենց ցանկացած ձևով մեկնաբանելու իմ գիրքը, գրքիս պերսոնաժներին, սեփական ինտերպրետացիան ստեղծելու իմ գրքի հիմքով և պատկերը խտացնելու` կինոյի լեզվով: Բայց… Կար մի «բայց». միակ հանգամանքը, որին ես միջամտել եմ, եղել է այն, որ վերստուգել եմ պատմական իրողությունները, հետևել եմ, որ դրանք չխաթարվեն, չշեղվեն ճշմարտությունից:

«ԻՄ ՄԵՋ «Ո՜Վ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ»-Ը ՏՊԱՎՈՐՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԻՄԱՑԱԾՍ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԸ»

-Հայերը սիրում են ամեն ինչում մաքսիմալիստ լինել, և այդ մաքսիմալիզմի դիրքերից մոտենալով «Արտույտների ագարակը» ֆիլմին` շատերը տարակուսում էին, որ լեյտմոտիվ է ընտրված ցեղասպանության թեմային որևէ կերպ չառնչվող «Ո՜վ սիրուն, սիրուն» երգը: Ինչպե՞ս է կատարվել այդ երգի ընտրությունը, որը, իմ կարծիքով, բնավ չի խանգարել ֆիլմի հաջողությանը:

-«Ո՜վ սիրուն, սիրուն» երգը ես լսել եմ ցեղասպանությունը վերապրած երեխաներից մեկից` պապիս ազգականից, որոնց պատմությունն եմ նկարագրել «Արտույտների ագարակում»: Մեծանալուց հետո այդ երեխան հիշել ու երգել է «Ո՜վ սիրուն, սիրունը»: Եվ իմ մեջ այն տպավորվել է որպես իմացածս միակ հայկական երգը, որն էլ դարձել է ֆիլմի լեյտմոտիվ:

-Լինելով անվանի օտոլարինգոլոգի թոռ, ստանալով հնագետի դիպլոմ Պադուայի համալսարանում` Դուք հետագայում ընտրել եք գրականագիտության, գրականության ճանապարհը: Ինչպե՞ս կայացավ ընտրությունը:

-Այո՛, ճիշտ է, որ ես հնագիտական ֆակուլտետն եմ ավարտել, բայց ունեցել եմ գրաքննադատի մասնագիտական կարիերա:

-Գրականագիտությունը և գրականությունը համարվում են հակադիր բևեռներ: Դուք գրականության տեսաբան եք, բանասիրության ֆակուլտետի վաստակավոր պրոֆեսոր, իտալական գրականության խոշոր գիտակ: Ինչպե՞ս եք համատեղում տեսական իմացությունների այս պատկառելի պաշարը գեղարվեստական գրողի երևակայության հետ:

-Ես գրաքննադատ էի մինչ այն պահը, քանի դեռ իմ մեջ չէր արթնացել գրողը: Երբ սկսեցի գրել գեղարվեստական գործեր, վերջակետ դրեցի գրաքննադատի իմ կարիերային: Գրաքննադատությունն ավարտվեց, և «Արտույտների ագարակով» սկիզբ առավ գրողի կենսագրությունը:

«ԲՈՒՌՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՄ ՈՒՆԵՆՈՒՄ, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ»

-Վստահ եմ, որ այս հարցը Ձեզ տվել են բազմիցս, բայց ես չեմ կարող զսպել գայթակղությունս և չհարցնել` ի՞նչ եք զգում հայ հողի վրա, հատկապես Ապրիլի 24-ին։

-Շատ մեծ հուզումի մեջ եմ: Բնականաբար, բուռն զգացումներ եմ ունենում, որ տեսնում եմ Ծիծեռնակաբերդ գնացող մարդկանց: Ամեն տարի ես այս օրն ապրել եմ դրսում, հեռվից եմ տեսել, իմացել այս օրվա իրադարձությունների, խորհրդի մասին: Բայց բոլորովին այլ բան է, երբ այդ ամենն աչքիդ առջև է կատարվում: Մի ուրիշ զգացում է ինձ համակում այն բանի հետ կապված, որ այս օրերին է հատկապես «Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայել իմ «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերը: Ըստ որում, «Զմյուռնիայի ճանապարհը» առաջին անգամ է ներկայանում թարգմանաբար` իմ լավ բարեկամ Սոնա Հարությունյանի թարգմանությամբ: Մինչ այսօր ես «Արտույտների ագարակը» վեպի ճապոներեն հրատարակության ձևավորումն էի համարում լավագույնը, սակայն «Զանգակը» գերազանցեց դրան: Ապրիլի 24-ը առանձնահատուկ խորհուրդ ունի թե՛ նրանց համար, ովքեր գեթ մեկ կաթիլ հայկական արյուն ունեն իրենց երակներում, թե՛ հայերի ոչ հայ բարեկամների համար, ինչպիսիք շատ են Իտալիայում: Այդ օրը Իտալիայի շատ քաղաքներում հարգում են հայոց զոհերի հիշատակը, բազմաթիվ իտալական դպրոցներում Ապրիլի 24-ը հայտարարված է Հիշատակի օր: Տարեցտարի իտալական գրականությունը հարստանում է հայկական թեմայով գրված և թարգմանված գրքերով: Իմ մայրենի լեզուն իտալերենն է: ՈՒրեմն ես միայն իտալերեն կարող եմ գրել: Իտալերենի միջոցով եմ ես իրազեկվել պատմությանը: Իմ հայ ինքնությունը, որ հանկարծ գլուխ բարձրացրեց ներսումս, այժմ ամբողջովին համակել է վեպերս և մյուս ստեղծագործություններս: Եվ ես շատ երախտապարտ եմ Սոնա Հարությունյանին, որի հայերեն թարգմանությունը «Արտույտների ագարակը» վեպի մոտ քսան լեզվով կատարված թարգմանություններից լավագույնն է: Սա հավաստում են այն ընթերցողները, ովքեր հնարավորություն են ունեցել ընթերցելու վեպը մի քանի լեզվով: Նրա աշխատանքի մեջ բծախնդրությունը, ուշադրությունը, բառերի ճիշտ ընտրությունը պարզապես անգերազանցելի են: Ապրիլի 24-ի օրը իմ երկու գրքերի հրատարակությունը տեսնելն աննկարագրելի երջանկություն է ինձ պարգևում:

-Խոսենք այսօրվա Հայաստանի, Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանի մասին: Այսպիսի իրողությունները կարո՞ղ են ինչ-որ տեղ մխիթարություն դառնալ մեր նահատակված նախնիների հոգիների ու ցեղասպանությունը վերապրածների ժառանգների համար:

-Իհարկե: Բավական է մտածել, թե հայ ժողովրդի քանի՜ սերունդ է անհետացել, բնաջնջվել աշխարհի երեսից: Եվ այնուամենայնիվ, մենք կանք, ապրում ենք: Սա անժխտելի այն փաստի դրսևորումն է, որ հայ ժողովուրդը չի մահանում: Այս ժողովրդին հնարավոր չէ սպանել:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ