38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ազգային սոցիալի՞զմ, թե՞…

Ազգային սոցիալի՞զմ, թե՞…
20.02.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Կարդացի «Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ Ներսես Ներսիսյանի «Հայ ազգային սոցիալիզմ» («Իրավունքը de facto» 19.12.2008 թ.) հոդվածը: Թեման հետաքրքիր է և արդիական: Մեր հետաքրքրությունից դուրս է սոցիալիզմի կամ կապիտալիզմի հարցը, դրանց դրական կամ բացասական կողմերը քննարկելը, մանավանդ որ քաղաքակրթությունը հասցրել է ճաշակել այդ հասարակարգերի «քաղցրությունը»: Նշենք միայն մի բան, որ, թերևս, շատերին կթվա ոչ այնքան կարևոր:
Առաջինի պարագայում հասարակության բևեռացման թուլացմանը զուգընթաց սահմանափակվում է անհատի ազատությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով, երկրորդի դեպքում հասարակությունը խիստ բևեռացվում է, ու, չնայած նյութական բարիքների առատությանը, մարդու անսահմանափակ ազատությունը տանում է դեպի անարխիա: Հայաստանի Հանրապետությունն այդ հասարակարգերի «քաղցրությունը» ճաշակողներից է և, սովետական կայսրության փլուզումից հետո թևակոխելով կապիտալիզմի կամ, այսպես կոչված, շուկայական հարաբերությունների համակարգ, ընդամենը տասնյոթ տարի անց հասցրել է ձեռք բերել հասարակության բևեռացման այնպիսի աստիճան, երբ շուրջ հինգ տոկոս կազմող գերհարուստների կողքին ձևավորվել է հասարակության մնացած մասը կազմող աղքատների ու ծայրահեղ աղքատների բանակը: Ավելի քան մեկ միլիոն մարդ, ում երազանքը հայոց անկախ պետականության վերականգնումն էր, գոյությունը պահպանելու համար արտագաղթեց և, շնորհիվ աշխատասիրության, դարձավ այլ պետություններում նյութական ու հոգևոր մեծ արժեքներ ստեղծող լիարժեք և սիրված քաղաքացի։ Նրանց զավակները, ծառայելով օտար բանակներում, պատերազմական իրավիճակներում, ցավոք, հաճախ հայտնվում են խրամատների հակադիր կողմերում: Մինչդեռ մենք ունենք չլուծված բազմաթիվ խնդիրներ, ապրում ենք մի տարածաշրջանում, որը երկակի ստանդարտներով առաջնորդվող գերհզոր պետությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերի բախման կիզակետն է և… հնարավոր պատերազմների օջախ: Իսկ մենք ուղղակի ստիպված ենք ուժեղ լինել թե՛ մարդկային ռեսուրսներով, թե՛ նյութական և հոգևոր արժեքներով, եթե, իհարկե, չենք պատրաստվում զիջել օտարին մեր բնօրրանի մեկ տասներորդը կազմող մեզ բաժին հասած այս հողակտորը ևս` կրկնելով մեր նախնիների սխալները:
Պատմության ողջ ընթացքում ազգերին ու ժողովուրդներին առաջնորդել է առաջավոր մտավորականությունը: Ի՞նչ ունենք մենք այսօր: Օտարին մեր մշակույթը ներկայացնելիս խոսում ենք անցյալի հզոր մշակույթից, մեր մեծերից. ո՞րն է այսօրվա մեր ազգային դիմագիծը պատկերող մշակույթը, որ պիտի ներկայացնեինք: Արդյոք կա՞ այդպիսին: Ազգային մշակույթը մեր ազգային ոգու պահապան հրեշտակն է. այդ ոգու կրողներն են միայն հաղթանակներ կռում: Ցավոք, մեր առաջադեմ մտավորականությունն այսօր ստիպված է լինում մի կտոր հացի խնդիր լուծել` մշակութային դաշտը թողնելով անդեմ, ապազգային միջակություններին, որոնք էլ, ինչպես հատուկ է պալատական երգիչներին, «փչում են» ազգային ավանդույթներից կտրված, իշխանությունների հետ սերտաճած ֆինանսատնտեսական օլիգարխների «դուդուկը»` մոռանալով, որ այդ «դուդուկը» մեր հրաշք «ծիրանափողն» է, որով հիացած է աշխարհը, և այն քծնողների ձեռքին սովորական մի գործիք է դառնում, որից դուրս եկող «ծլվլոցը» ուղղակի գարշանք է առաջացնում: Այդ «ծլվլոցով» այսօր ողողված են բոլոր հեռուստաալիքները, թերթերն ու ամսագրերը, և դա հրամցվում է բոլորին, հատկապես մատաղ սերնդին, որը մեր հույսն է, ապագան: Զարմանալի չէ, որ այսօր շատերի մեջ օտարամոլությունը խոր նստվածք է տվել, և նրանք թքած ունեն երկրի, ամեն ազգայինի վրա, ունեն մեկ նպատակ` հարստանալ, որ իրենց «վատ չզգան» նրանց կողքին, ովքեր իրենց վեր են դասում ամեն տեսակի օրենքներից, բոլորից, ում հասու չեն երկրային վայելքները: Եվ այս դաստիարակությամբ ուզում ենք երկի՞ր պահել, թե՞ տանտիրոջ իրավունքով «էրգիր» գնալ: Եթե այս ամենին գումարենք տասնյակ օտար կառույցների ջանքերը, որոնք նպատակաուղղված են հայ ազգային ոգին խորտակելուն, ազգը պառակտելուն, որի համար մեր մեջ միշտ էլ նրանց նվագակցողներ եղել են ու կլինեն, մեղմ ասած, նման դիմագծով հեռու չենք գնա: Գուցե կհասնենք Եվրոպա, ուր ոմանք ձգտում են, մոռանալով, որ Եվրոպան վարակիչ անբուժելի հիվանդությամբ տառապող մի կին է, որին ձգտողները վաղ թե ուշ կվարակվեն:
Պատմության ընթացքում մշտապես շրջապատված ենք եղել թշնամիներով, այսօր էլ բարեկամները քիչ են: Բայց դրսում թշնամի չփնտրենք. այն մեր մեջ է, և անցյալի մեր կորուստների հիմնական մեղավորը մենք ենք: Սակայն վերապրել անցյալը և ապրել անցյալով` մեր ամենամեծ սխալը կլինի: Գիշերվա խավարին միշտ էլ հաջորդում է արշալույսը, իսկ թե ինչ կտա մեզ նոր սկսվող օրը, կախված է մեզանից:
Ոմանք մեր ապագան տեսնում են երկրի ժողովրդավարացման հարթության վրա` փորձելով փոխառել ամերիկյան կամ եվրոպական «ժողովրդավարության» ձևերը, մոռանալով, որ նրանց արժեքները խորթ են մեր բարքերին: Ամերիկյան կամ եվրոպական «ժողովրդավարությունը» մի խումբ մարդկանց կողմից աշխարհը տիրելու միջոց է, մի սարդոստայն, որտեղ հայտնված երկիրը կամ ժողովուրդը նման է սարդի ոստայնում հայտնված պատահական մի միջատի, որի արյունը ծծելու է շտապում սարդը: Ժողովրդավարություն մեզ, մեր հիվանդ հասարակությանը պետք է, բայց ոչ այնպիսին, ինչպիսին փորձում են հրամցնել: Մենք ունենք մեր դեղատոմսերը. պարզապես պետք է թերթել մեր հինգհազարամյա պատմության էջերը, ականջալուր լինել անցյալի մեծերին, սերտել «Սասնա ծռերի» աստվածաշունչը, մի խոսքով, հարկ է վերադարձ կատարել դեպի արմատները: Այն ազգերի մոտ, որոնք կառուցում են ներկան` հենվելով իրենց անցյալի վրա և դասեր քաղելով դրանից, ամեն ինչ կարգին է, հասարակությունը` առողջ, բայց ազգային ավանդույթներից փոքր շեղումն անգամ մեծամեծ անախորժություններ է ծնում: Դարերի, հազարամյակների ընթացքում հասարակության ներսում ձևավորված բարոյական նորմերը ժամանակի ընթացքում գրված կամ նույնիսկ չգրված օրենքի ուժ են ստանում, որոնցով կարգավորվում են հարաբերությունները հասարակության ներսում: Մեր երկրում նույնպես գործում են օրենքներ, գրվում են նորերը. դրանք հիմնականում օտարներից փոխառնված օրենքներ են, երբեմն մեր իսկ նախաձեռնությամբ, երբեմն էլ դրսից պարտադրված: Սակայն դրանք մեզ հետ ընդհանուր ոչինչ չունեցող ազգերի ու ժողովուրդների օրենքի ուժ ստացած բարոյական նորմեր են, որոնք մեզ մոտ կյանքի ուղեգիր չեն ստանում, տպավորություն ստեղծելով, թե հայի տեսակը օրենք չհարգող մարդն է: Բայց այս նույն հայն օտար երկրում, ինտեգրացվելով տեղի հասարակական կյանքին ու յուրացնելով տեղի բարոյական նորմերը, դառնում է տեղաբնակներից ավելի օրինապահ:
Մենք այսօր բազմաթիվ խնդիրներ ունենք` սոցիալական, կրթական, առողջապահական։ Աննախադեպ չափերի հասնող կոռուպցիոն երևույթները ներխուժել են հասարակական կյանքի բոլոր բնագավառները։ ՈՒնենք պառակտված հասարակություն, իրար հաջորդող իշխանությունների և ժողովրդի միջև գոյացել է անհատակ մի անդունդ։ ՈՒնենք ազգապահպանման խնդիր, և այս ամենն այն դեպքում, երբ հնարավոր պատերազմների վտանգը դեռևս տեսանելի է: Իրավիճակը շտկելու դեղատոմսերը ցանկացած արդյունքը չեն տալիս: Եթե մարդու գլուխն է ցավում, ուրեմն` ինչ-որ բան օրգանիզմում կարգին չէ, հարկավոր է բուժվել, այլապես գլխացավի հաբերը ցավը միայն ժամանակավորապես կհանգստացնեն, իսկ բուն հիվանդությունն է՛լ ավելի կխորանա: Մեր հասարակությունը հիվանդ է, և այդ հիվանդությունը խորքային արմատներ ունի: Դրա հիմնական պատճառն իշխող հասարակական հարաբերություններն են, մեր որդեգրած հասարակարգը:
Ո՞րն է ելքը:
Առաջարկվող «ազգային սոցիալիզմի» տարբերակը, որի հիմքում «չինական սոցիալիզմի» «հրաշքն» է, գայթակղիչ է, սակայն զարգացման այս ուղին այլ երկրների պայմաններում կարող է փակուղի տանել: Չինական սոցիալիզմի «հրաշքը» միայն պետական և մասնավոր սեփականության զուգակցումը կամ սեփականության այդ ձևերի վրա հիմնված հասարակական հարաբերությունների կառուցումը չէ` դրանցից բխող որոշ ածանցումներով, որոնք տեղավորվում են սոցիալիզմի կամ կապիտալիզմի կաղապարների մեջ: Այդ «հրաշքը» վերոնշյալի և չինացիների` հազարամյակների ընթացքում ձևավորված ազգային հոգեբանության, բարոյական նորմերի, ավանդույթների միաձուլումն է մի ընդհանուր կաղապարի մեջ, որը չի կարելի անվանել ո՛չ սոցիալիստական և ո՛չ էլ կապիտալիստական. դա չինական զարգացման ուղին է, որը կարող է տեղավորվել միայն հազարամյակների ընթացքում ձևավորված չինական կաղապարի մեջ: Իհարկե, կոմունիստական գաղափարախոսությունը Չինաստանում շատերի տեսակետից կարող է մարդու իրավունքների և ազատության խոչընդոտ հանդիսանալ, բայց եթե դիտարկենք չինացու ազգային հոգեբանությունը, առաջնորդի հանդեպ անձնազոհության գնալու նրա պատրաստակամության զգացումը, համոզված եմ, նման տեսակետներ չեն հնչի: Նույնիսկ, ինչ-որ տեղ, ազատությունն էլ պետք է սահմանափակ լինի, անսահմանափակ ազատությունը տանում է դեպի անարխիա: Բայց սա մեր խնդրից դուրս է, սահմանափակվենք միայն այդքանով:
Մի պահ փորձենք չինական զարգացման ուղու կաղապարի մեջ պատկերացնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան… Առաջին երկուսն արագորեն կներքաշվեն քաղաքացիական պատերազմի մեջ, վերջին երկուսը կվերաճեն ֆաշիստական բռնապետության: Պատճառն այդ երկրների ժողովուրդների` պատմականորեն ձևավորված բնավորությունն է, հոգեբանությունը։
Խոր անցյալում հայերն ունեցել են երկրի կառավարման այնպիսի ձևեր, որոնք ավելի ուշ «հին հունական դեմոկրատիա» անվամբ հայտնվեցին եվրոպական «ժողովրդավարության» հիմքում, նաև` «սոցիալիզմի» հիմնադիրների երկերում: Հին հայկական կառավարման ձևերի կամ «հին հունական դեմոկրատիայի» և «սոցիալիզմի» միջև ընդհանուր գծեր շատ կան, բայց դրանք հաճախ միայն արտաքին նմանություններ են: «Սոցիալիզմի» հիմնադիրներն ապրել են եվրոպական միջավայրում, ուր պատմական զարգացման ընթացքը, այնտեղ ձևավորված բարոյական նորմերը, եվրոպացիների հոգեբանությունն իրենց կնիքն են դրել այդ գաղափարախոսության հիմնադիրների մտածողության վրա, և պատահական չէ, որ «սովետական սոցիալիզմը» ճաշակողները, այդ թվում` հայերը, ում պատմական զարգացման ուղին տարբերվում էր եվրոպականից, շատ շուտ հրաժարվեցին զարգացման այդ ուղուց, իսկ Չինաստանում զարգացման սոցիալիստական ձևն ուղղակի չինականացվեց: Հարց է ծագում` կարելի՞ է «սոցիալիզմը» հայկականացնել, ազգային դիմագիծ տալ նրան, մանավանդ որ այս ուսմունքի որոշ կողմեր մեզ հոգեհարազատ են եղել դեռևս խոր անցյալից, և դարձնել այն զարգացման «հայկական ուղի»: Միանգամից ասեմ` այո՛, եթե, իհարկե, այդ ուղուն անցնելու գործընթացը սկսվի խելամիտ ձևով` հաշվի առնելով մեր ժողովրդի առանձնահատկությունները, անցած ուղու դասերը, և եթե դրսևորվի քաղաքական կամք:
Հայ ժողովրդի անցած պատմական ուղին սերտորեն առնչվում է աշխարհագրական այն միջավայրի հետ, որը հայտնի է Հայկական լեռնաշխարհ անունով: Աշխարհագրական այս միջավայրն իր կնիքն է դրել հայ ազգային մտածելակերպի, հոգեբանության, բնավորության գծերի վրա, այս միջավայրում են ձևավորվել բարոյական այն նորմերը, որոնք շուրջ հինգ հազար տարի ուղեկցում են մեզ: Ճիշտ է, քրիստոնեության ընդունումից հետո շատ արժեքներ ոչնչացվեցին, իսպառ մոռացության տրվեցին, բայց «հայ» տեսակը շարունակեց պահպանել իրեն հատուկ շատ հատկանիշներ: «Հայը» հպարտ է ու առաքինի, ինչպես իր լեռները, քաջ է և պատվասեր, ազնիվ է ու պարզ` լեռներից հոսող արագընթաց գետերի նման, ազատատենչ, ինչպես լեռնային կածաններով սուրացող քամին, որ իր ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի հանդուրժի, այնպես, ինչպես «հայը» չի հանդուրժում ոչ լուծ, ոչ բռնություն: «Հայը» նախնիների ավանդույթների պահապանն է, այսօր էլ, քսանմեկերորդ դարում, շատերն առաջնորդվում են նահապետական բարոյական նորմերով, չեն հանդուրժում սուտն ու կեղծիքը, քանի որ իրենք ազնիվ են: Բայց և շատ դյուրահավատ են և հաճախ կարող են խաբվել, քանզի դիմացինին տեսնում են այնպես, ինչպես իրենք են, իսկ խաբված, տրորված ինքնասիրությամբ «հայը» վիրավոր առյուծ է։ Խոսքը նրանց մասին չէ, ովքեր հայկական անուն են կրում, բայց նրանց ոգեղեն սնունդը «ծիրանաբույր» չէ, դրանից «բանանի հոտ է գալիս»: «Հայը» խոր սիրով սիրում է իր հողն ու ջուրը, օջախն ու երկիրը: «Հայը» ստեղծագործ է, շինարար, առաջնորդ է և զինվոր: ՈՒրեմն` մեզ անհրաժեշտ է այնպիսի մի հասարակարգ, կառավարման, զարգացման այնպիսի ձև, որը լիովին կհամապատասխանի «հայի» տեսակին, նրա էությանը: Ես ոչ մի նոր բան չեմ առաջարկում, առաջարկում եմ այն, ինչ ունեցել ենք խոր անցյալում, համապատասխանեցնելով ժամանակակից իրողություններին, հայկականացնել «սոցիալիզմի» կաղապարը, ներարկել դրան «հայ» տեսակի իրողությունները և դարձնել զարգացման «Հայկական ուղի»:
Զոհրաբ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
Արևելագետ, պատմաբան-հնագետ

Դիտվել է՝ 3778

Մեկնաբանություններ