38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ոստիկանապետի թանին էլ թթու ասող կա

Ոստիկանապետի թանին էլ թթու ասող կա
28.08.2009 | 00:00

ՁԳԵԼ ԱՄՐԱԳՈՏԻՆ
«Օրենքով գողերի» դեմ պայքարող, բայց իրականում նրանց նույն այդ օրենքով խնայող, հանցագործությունների թվի աճին «սառնասրտորեն» նայող ու բացահայտված դեպքերով եվրոպաներին «հավեսի» գցող ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջիկայում տխուր օրեր են սպասում։ Թեև շունչներս պահած ակնկալում ենք, թե ոստիկանապետի խոստացած «աղմկահարույց սպանությունների» բացահայտումը երբ է լինելու, բայց վայ թե չհասցնի տեր կանգնել խոստմանը:
Տևական ժամանակ համառ լուրեր են պտտվում, թե ոստիկանապետին ազատելու են զբաղեցրած պաշտոնից: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցում լուրջ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Իրավապահ համակարգի պարագլուխների միջև վաղուց է կոնֆլիկտ ձևավորվել, ինչի արդյունքում ոստիկանության և դատախազության աշխատակիցների ջրերը նույն առվով չեն հոսում: Պարբերական բնույթ է սկսում կրել այն աշխատաոճը, երբ տարբեր գործերի առնչությամբ դատախազության ու ոստիկանության իջեցրած «դաբրոներն» իրար հակասում են: Փաստորեն, ինչպես միշտ, գործում է շահերի բախման մեխանիզմը: Այս աշխատաոճն առավել ցայտուն է դրսևորվում հատկապես ոստիկանության ու դատախազության ենթակայությամբ աշխատող քննիչների պարագայում, երբ քրեական գործը ոստիկանությունը կարճում է, մինչդեռ դատախազությունը «մոխրից» վեր է հանում, կամ` հակառակը: Մեր աղբյուրը պնդում է նաև, թե Աղվան Հովսեփյանն այս «պոստում» իր «մարդուն» է ուզում տեսնել, սակայն առայժմ գործերը «քնած են», քանի որ այս ամենին խառնված է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նորություն չէ, որ Ալիկ Սարգսյանը հենց վերջինիս «դաբրոյով» զբաղեցրեց ոստիկանապետի պաշտոնը, ու հիմա Աբրահամյանը շահագրգռված է, որպեսզի իր «մարդու» թանին թթու ասող կամ նրա խաթրին դիպչող չլինի։ Թե ինչպես կզարգանան դեպքերը, պետության կառավարման համակարգից կպակասի՞ մի «Սարգսյան», թե՞ ոչ, կորոշվի իշխանական երկու թևերի բարձր մակարդակի «ռազբիրատից» հետո։
Իսկ մինչ այդ փորձեցինք ՀՀ ոստիկանությունից ճշտել` որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության «տեսլականը»: Մեր հարցադրումը նախ, մի տեսակ, ջղագրգռության առիթ տվեց ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանին, որը կարճ ու հատու մի քանի բառ արտաբերեց միայն: «Իրականությանը չի համապատասխանում»,- կարծես յուրաքանչյուր բառի համար փող տալով, հազիվ ասաց Մալխասյանը: Սրան հետևեց մեր արձագանքը. եթե այդպես է, ի՞նչ հիմքով է նման տեղեկություն տարածվում: Պատասխանը շատ ավելի ջղագրգիռ էր. «Տարածողներից պարզեք հիմքերը»: Իսկը ոստիկանական պատասխան, ուղիղ թիրախին: Հասկանում ենք, հեշտ չէ կրկին ղեկավար փոխելը, բայց այդքան «զգայուն» էլ պետք չէ լինել փոփոխությունների նկատմամբ:
Իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առայժմ մնում է միայն ձգել «ամրագոտին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ