Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է
02.03.2010 | 00:00

Ինչո՞ւ են երիտասարդանում ծխախոտամոլությունը, թմրամոլությունն ու խաղամոլությունը, ինչո՞ւ է ավելի ու ավելի շատանում անչափահաս հանցագործների թիվը։ Այս «ինչու»-ները բազմաթիվ են, իսկ նրանց պատասխանը՝ բավականին բարդ։ Գուցե մեղավորը «Կյանքից վերցրու ամեն ինչ» կարգախոսն է, որն այսօր այնքան արդիական է հնչում ու համարվում է ժամանակակից մշակույթի մոդել։
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ կյանքի ինչ-որ պահի մարդու մեջ հաճույք ստանալու և հոգեբանական կոմֆորտի ցանկություն է առաջանում` ինչ-ինչ նյութերի ներգործությունից։ Եվ դա նրան հաջողվում է։ Եվս մի քանի նման փորձ, և այն հետագայում սկսում է շարունակական բնույթ կրել։ Առաջանում է հոգեբանական մի վիճակ, որը ժողովուրդն անվանում է սովորություն։ Իրականում դա ամենաիսկական կախվածություն է։ Որոշ ժամանակ անց օրգանիզմը սովորում է որոշակի նյութի մշտական օգտագործմանը, և կախվածությունը տեղափոխվում է ավելի խոր՝ ֆիզիկական մակարդակ, որն արդեն վերածվում է հիվանդության։
Հարբեցողությունը թմրանյութային կախվածություն է։ Այն առաջացնում է անձի դեգրադացիա։ Ժամանակակից բժշկագիտությունն ալկոհոլիզմը համարում է հիվանդություն և կախվածություն, որը հանգեցնում է ալկոհոլի սիստեմատիկ օգտագործման՝ չնայած նրա բացասական հետևանքներին։
Հարբեցողությունից սոցիալական վնասը հսկայական է՝ քայքայվում են ընտանիքները, աճում է հանցավորությունը, կրճատվում է կյանքի տևողությունը, իջնում է հասարակության մակարդակը։ Այն էական բացասական ազդեցություն է թողնում նաև ազգի գենոֆոնդի վրա։ Հարբեցողների երեխաներն ունենում են մտավոր ցածր ներուժ, տառապում են զանազան հիվանդություններով։ Ալկոհոլի ազդեցության չափը կախված է օրգանիզմում արտադրվող ֆերմենտների ակտիվությունից, որը գենետիկական բնույթ ունի: Օրինակ, հնդկացիների մոտ նույնիսկ չափավոր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը կյանքի համար վտանգավոր նշանակություն կարող է ունենալ՝ առաջացնելով ալկոհոլային թունավորում: Բարեբախտաբար, հարբեցողությունը հայերին բնորոշ հիվանդություն չէ, սակայն «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգիական կլինիկայում 2009-ին հաշվառման է վերցվել հարբեցողությամբ տառապող 127 հիվանդ։ Բնականաբար, սա մեզանում հարբեցողների իրական թիվը չէ. մասնագետները նշում են, որ ռեալ թիվն ստանալու համար գրանցված թիվը պետք է բազմապատկել 8-10-ով։
Հարբեցողության առաջացման պատճառները երեքն են՝ կենսաբանական, սոցիալական և հոգեբանական։ Ամերիկացի գիտնականները կարծում են, որ հարբեցողության նկատմամբ նախատրամադրվածությունը 70 տոկոսով է պայմանավորված ժառանգական գործոնով։ Կենսաբանական գործոններից են նաև նյարդային համակարգի առանձնահատկությունները՝ նախկինում տարած նյարդային հիվանդությունները, գանգուղեղային վնասվածքները, հոգեկան խանգարումները: Դժվար մանկությունն ու պատանեկությունը, սոցիալական վիճակը նույնպես նպաստող գործոններ են:
Հարբեցողությունն ունի զարգացման երեք փուլ՝ հոգեկան, հոգեֆիզիկական կախվածություն և երրորդ, երբ հոգեկան ու ֆիզիկական կախվածությանը գումարվում են տարբեր օրգան-համակարգերի բարդությունները: Հիմնականում բժշկի օգնությանն են դիմում հիվանդության երկրորդ փուլում, երբ գիտակցում են, որ հիվանդ են: Խմիչքն առաջին հերթին նյարդային համակարգի վրա է ազդում, այդ պատճառով ալկոհոլը կոչվում է հոգեմետ. օգտագործելը ցանկալի է դառնում, իսկ չարաշահելու դեպքում ախտահարվում են բոլոր օրգանները (սրտանոթային և նյարդային համակարգեր, ուղեղ, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ և այլն): Հարբեցողությունից առաջացող հոգեկան խանգարումները դրսևորվում են տարբեր կերպ՝ սուր և քրոնիկ, սպիտակ տենդ, գիտակցության խանգարում, վտանգավոր հոգեվիճակներ, հալյուցինացիաներ, փսիխոզներ, ի վերջո` քրոնիկական հոգեկան խանգարումներ: Հարբեցողությունը քրոնիկական հիվանդություն է և կարող է կրկնվել: Հիվանդը պետք է գիտակցի, որ խմելը կտրականապես արգելվում է: Բժշկության հնարավորություններն այսօր սահմանափակ են այդ հիվանդության բուժման առումով: Ողջ կյանքի համար բուժման երաշխիք հնարավոր չէ տալ, լավագույն արդյունքն այն է, երբ բժիշկն ու հիվանդն աշխատում են միասին, և մարդն ուզում է բուժվել: Բուժվողներ կան, որ չեն խմում տարիներ շարունակ, հիվանդներ էլ կան, որ խմում են բուժման կուրսն ավարտվելու հենց հաջորդ օրը։ Այս հարցում էականը հիվանդի գործոնն է:
Ալկոհոլի նույնիսկ քիչ չափաբաժնից պետք է խուսափեն հղիներն ու հղիանալ պատրաստվող կանայք, վարորդները, մեծ ուշադրություն պահանջող աշխատանք կատարող անձինք, մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեղեր են ընդունում, քանի որ դեղի ու ալկոհոլի փոխազդեցությունը ծանր հետևանքներ կարող է ունենալ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ