ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այնքան թանկ ու կորսված կյանքը

Այնքան թանկ ու կորսված կյանքը
20.01.2015 | 13:55

Գյումրու սպանդից մազապուրծ եղած վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը դարձել էր համազգային միասնության ու հոգածության խորհրդանիշ: Բոլորս աղոթում էինք այդ անմեղության առողջության համար՝ հույսով, որ փոքրիկը` իր ճառագող լույսով, կցրի խավարը, նոր շունչ կհաղորդի գլխատված գերդաստանին, նրա վերելքը կդառնա մեր հույսերի ու սպասումների խորհրդանիշը: Ավաղ, իրական կյանքում հրաշքներ չեն լինում: Փոքրիկ Սերյոժան հեռացավ կեղծիքի աշխարհից՝ միանալով հրեշտակներին: Մեր ընդհանուր տնից պակասեց փոքրիկ մի մոմ, որը մեզ լուսավորում էր: Խավարի մեջ մեզ փրկելու է աղոթքը, աղոթքն առ Աստված: Մենք պարտավոր ենք ունենալ Հայաստան՝ մի մեծ փարոս, որը մեր նահատակների հետագիծը կդարձնի հավերժություն: Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ մեր ժողովուրդն ապրեց անասելի ցավ, ու ինչքան էլ հեռու մնանք վիշտը քաղաքականացնելուց՝ սա այն դեպքն է, որ միջպետական հարաբերություններում նույնիսկ սրբագրումներ են լինում: Սակայն ամենակարևորը հասարակությունն է, իր կարծիքներում ու դիրքորոշումներում փոխված, կարծրատիպեր կոտրած հասարակությունը: Գյումրու սպանդից հետո ու հատկապես այս առավոտ, արթնացել է միանգամայն ուրիշ հասարակություն՝ սգացող, բայց աշխարհին ավելի իրատես նայող, վիշտը չհաղթահարած, բայց պայքարի նետվող, իր քաղաքակրթական կողմնորոշմանը հավատարիմ, բայց պատմության պարտադրանքով առաջացած կարծրատիպերը ջարդած: Մենք արդեն ունենք ավելի հասուն հասարակություն, որը գուցե չունի Խաչատուր Աբովյանի անկեղծ միամտությունը, սակայն կանգնած է կողմնորոշումների, վերաիմաստավորումների շատ բարդ խաչմերուկում, որտեղ ոչինչ չանելը հավասար է ԵՍ-ի կորստյան, սխալ քայլ անելը՝ արկածախնդրության: Ցավոք, չունենք քաղաքակական համարժեք համակարգ, որը կարողանար ընդունել հասարակությունից եկող ազդակներն ու որակապես նոր քաղաքականության ճարտարապետը լինել: Ավետիսյանի ընտանիքը դարձավ մեր աննպատակ ընթացքի, տեսլականից զուրկ մեր իրականության զոհը: Փոքրիկ Սերյոժայի մահը բոլորիս համար պետք է հանդիսանա այն սահմանը, որից անդին սխալվելու իրավունք այլևս չունենք:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ