ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետք չէ կառչել քաղաքական ավերակների բեկորներից

Պետք չէ կառչել քաղաքական ավերակների բեկորներից
19.11.2023 | 08:11

Վերջին ազգային ինստիտուտը, որ դավաճանեց այս բազմաչարչար ժողովրդին, այսպես կոչված, «պաշտոնական ընդդիմությունն» է։

Երկու ամիս փոքր-ինչ շարժ չկա հրապարակային ասպարեզում՝ չնայած Արցախի հետ կապված շատ մեծ ցնցմանը։ Մեռյալ վիճակ է, և ելքն էլ անհուսալի անորոշ է։

Ես անձնապես ծանոթ չեմ այն հանրությանը, որն իրեն հայտարարում է «պաշտոնական ընդդիմություն»։ Մինչև 2020 թվականը չեմ եղել Հայաստանում։ Մարդկայնորեն որևէ մեկին դեմ չեմ։ Թող մեկը չփորձի իմ այս գրառման մեջ տեսնել անձնական հակակրանք։

Սակայն հիասթափությունն այն խոսքը չի, որ կփոխանցի իմ վերաբերմունքն այդ հանրության նկատմամբ։

Սա կատարյալ ֆիասկո է, որն ապրում է «պաշտոնական ընդդիմությունը», հասնելով անդունդին, որից այն կողմ անէությունն է։

Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Մի՞թե «պաշտոնական ընդդիմությունը» այսքան տարիների ընթացքում չհասկացավ, որ համակարգային ու արմատական փոփոխությունների շրջան է թևակոխել։ Ավաղ՝ ոչ։

Նա հենց առաջին պահին հաճույքով կուլ տվեց պիղծ իշխանությունների նետած «սևերի» ու «սպիտակների» խայծը և բանակավորվեց «սևերի»՝ նախկինների ճամբարում։ Այսինքն, այլ գույներ Հայաստանի պալիտրայում չկայի՞ն։

Պատերազմից հետո առաջին լուրջ սխալն այն էր, որ նա համաձայնեց մասնակցել արտահերթ ընտրություններին։ Դա մեծ հետքայլ էր անհաշտ ըմբոստացումից։

Հանկարծ անհաշտ ըմբոստացումը փոխարինվեց հաշտվողականությամբ, հանուն ինչի՞։ Մի տխուր ու ցավոտ ենթադրություն կա միայն․ հանուն փափուկ աթոռների ԱԺ֊ում։ Իսկ քաղաքական պայքարում, եթե ընդունում ես հակառակորդի խաղի օրենքները, դու պարտված ես։ Երևի չեն սովորեցրել այս պրիմիտիվ ճշմարտությունը։

Լավ, առաջին լուրջ սխալը ճակատագրական չի կարելի համարել։ Ենթադրենք, որ անփորձությունից էր։ Սակայն այն, ինչ պատահեց հետագա փուլերում, վկայեց, որ «ընդդիմադիր» տղաներն ու աղջիկները ոչինչ չեն սովորել տեկտոնիկ ցնցումներին ադապտացվելու համար։

Սխալ՝ սխալի հետևից:

Մի՞թե կարելի էր այսքան անհեռատես ու կույր լինել։

Ես հասկանում եմ, որ երկու հակադիր ու շատ անգամ իրարամերժ հոսանքներ են ներկայացնում «պաշտոնական ըննդիմությունը», բայց դա դրսի հանդիսատեսի համար միևնույն է։ Նա դրսից տեսնում է նույն բանը՝ երևույթը։

Այսպես կոչված, «պաշտոնական ընդդիմության» մեծագույն մեղքն այն էր, որ չնկատեց տեղի ունեցող գործընթացների խորքն ու մասշտաբները։ Նրա ներկայացուցիչները չհասկացան, որ փլուզվում է պետական կառավարման, սոցիալական հարաբերությունների մի ամբողջ համակարգ։

Կառչել պետք չէ այդ ավերակների բեկորներից, այլ հնարամտորեն ելքեր փնտրել՝ դուրս գալու քաղաքական երկրաշարժից։

Իսկ դա հնարավոր էր կանաչ լույս վառելով նոր մոբիլիզացվող ուժերի հետ համագործակցության համար։

Եվ այստեղ «պաշտոնական ընդդիմությունը» գործեց իր ամենամեծ սխալը՝ ուղղակի արհամարհեց այդ նոր ուժերին և նրանց հետ համագործակցելու հնարավորությունը։ Մի առանձին սադիստական հաճույքով նա օգտվում էր իր լրատվական միջոցներից և թույլ չէր տալիս, որ այդ լրատվամիջոցները լուսաբանեն նոր մոբիլիզացվող ուժերին։ Շատ անգամ նրանց դեմ «պաշտոնական ընդդիմությունը» քսի էր տալիս այդ լրատվականներին։

Ես լավ փաստագրել եմ այդ դեպքերը 2021 թվականի սեպտեմբերից, երբ ընդդիմադիր լրատվամիջոցները հարձակվել էին Աշխարհաժողովի վրա։

ՀՀԿ ու Դաշնակցության կարծրատիպ մտածողությունն ուղղակի ապշեցնում է։ Չեմ խոսի ՀՀԿ-ի մասին, որովհետև քիչ առիթ եմ ունեցել նրանց հետ շփվելու։ Իսկ այ Դաշնակցությանը մի քանի խոսք ունեմ, որ չեմ կարող չարտահայտել։

Ես ձեր լրատվամիջոցներում՝ «Երկրում», «Ազատամարտում», «Դրոշակում» հարյուրավոր հոդվածներ ունեմ՝ չլինելով դաշնակցական։ Սակայն իմ շփումը բոլոր մակարդակի դաշնակցականների հետ ձախողվել է անադեկվատ արձագանքի պատճառով։

Տղաներ ու աղջիկներ դուք հո սեկտանտ չե՞ք։ Ինչի՞ց եք վախկոտորեն մեկուսացվում։

Ինչի՞ հարյուրամյա հեղափոխական Դաշնակցությունն անընդհատ խոսում է Սահմանադրությունը չխախտելու անհրաժեշտությունից:

«Պաշտոնական ընդդիմությանն» ուղղված մեղադրանքներն ու բողոքները շատ են, անիմաստ է բոլորը ներկայացնել։

Միայն նշեմ ամենամեծ մեղադրանքը․ դա գունավոր հեղափոխականների դեմ պայքարելու փորձն է նրանց իսկ մեթոդներով․ հավաքվենք, զանգվածային ցույցեր, երթեր ու ակցիաներ անենք սովետական բանակի տերմինաբանությանբ с утра до обеда։ Ինչքան չի ստացվում այդ պայքարը, այնքան բողոքում են մասնակիցների թվից։ Բոլորը սպասում են այդ փրկարար թվին:

Ծիծաղելի չի անգամ։

«Պաշտոնական ընդդիմությունն» այդպես էլ չհասկացավ, որ թևակոխել ենք բոլորովին այլ դարաշրջան։ Սա ցանցային ու ընդհատակյա պայքարի փուլն է։ Այստեղ որոշիչը թիրախային ու ասինխրոնիկ հարվածներն են։ Վաղուց պետք է այդ «ընդդիմությունը» նայեր խաղաղ բնագավառներից մոբիլիզացված այն մարդկանց, որոնք դուրս են եկել անզիջում պայքարի հանուն ճգնաժամից ելքի ու արժանապատիվ ապագայի, որպեսզի չկանգներ այս կոտրած տաշտակի առջև։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ