ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեզ չեն ներելու, ձեզ հետ՝ նաև ինձ

Մեզ չեն ներելու, ձեզ հետ՝ նաև ինձ
11.06.2023 | 23:29

Մենք մեր կոտրած ձեռքով մեր հայրենիքի վերջին պատառը՝ Արցախից մ նացած պատառիկով, հանձնում ենք թշնամուն և այդ աստվածանարգ ու դժոխքի կրակներում հավերժ այրվելու դատապարտված արարքը նողկալիորեն արդարացնում ենք՝ ասելով՝ որովհետև նախկինները ողջ են, ապրում են, դեռ շնչում են: Որովհետև Ռոբերտ Քոչարյանը՝ որպես շարքային քաղաքացի, քայլում է ցուցարարների հետ, որովհետև Սերժ Սարգսյանի եղբորորդին մասնակցում է երթին: Որովհետև Մստոյի բեղը ծուռ է, դրա համար էլ երկրպագում ենք մեր հայրենիքը թուրքին հանձնողին:

Ա՛յ թշվառականներ, Մստոյի բեղը ի՞նչ կապ ունի ձեր հայրենադավության հետ: Դուք ցանկացած արդարացում կգտնեք, միայն թե այս մի թիզ հողը հանձնեք թշնամուն, և չեք հանգստանա այնքան ժամանակ, մինչև վերջնականապես չհանձնեք:

Եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, որ Արցախի յոթ շրջաններն է ազատագրել և միացրել բուն ԼՂՀ-ին, որ 92-ին գրեթե կորսվող Արցախի փրկության կոմիտեն է ղեկավարել ու հաջողել, ապա ո՞վ պետք է քայլեր այդ երթով, Արցախի և Հայաստանի փրկության պահանջի երթով: Ձեռքներդ դրե՛ք խղճներիդ և կյանքում գոնե մեկ անգամ ազնի՛վ եղեք ու խոստովանե՛ք՝ արդյո՞ք արդարացի եք:

Բայց ես վստահ եմ, որ դուք խիղճ չունեք, Աստված էլ չունեք, քանի որ հայրենիքի դավաճանը միայն սատանայից է:

Ես ձեզ չեմ դատում, ձեզ երկնային դատաստանն է սպասում:

Ես ինձ եմ դատում, թե ո՞նց եմ ապրում ձեր մեջ: Ես ձեզ չեմ ողբում, ես ինձ ու իմ նմաններին եմ ողբում, որ մեր ազգանունները նույն վերջավորությունն ունեն, որ մեր անձնագրերում նույն ազգությունն է գրված: Ես շնչահեղձ եմ լինում, որ մենք նույն օդն ենք շնչում: Ես ցնորվում եմ, երբ փորձում եմ գիտակցել, որ հայը կարող է այդպիսին լինել. հրեշային մոլուցքով ու դիվային մոլեռանդությամբ Հայաստանը թուրքին մատաղ անի և այդ արյունը լղոզի դեմքին՝ կանգնելով սև լուսնի դիմաց՝ որպես սատանայական ծես: Դուք քիչ չեք, դուք շատ եք, փաղանգ եք, այն հարբած փղերի փաղանգը, որ Ավարայրում ճզմում էր Վարդանին ու Վարդանանց: Իմ պատիժը դուք եք, ձեր ներկայությունն այս հողի վրա, իմ հայրենիքում: Բայց չգիտեմ, թե ո՞ր մեղքիս համար եմ այսպես ոխերիմորեն պատժվում: Վստահ եմ, որ Աստված ինձ չի ներել․ եթե ներեր, ձեզ չէի հանդիպի: Մեզ չեն ներելու, ձեզ հետ՝ նաև ինձ։ Որքան էլ փորձեմ արդարանալ, թե ես նրանցից մեկը չեմ եղել, վերջնական պատասխանը միասին ենք տալու: Չեն ներելու ո՛չ երկրի վրա, ո՛չ երկնքում: Չեն ներելու մեզնից ծնվածները և ծնվողներն այստեղ՝ երկրի վրա: Չե՛ն ներելու մեզ ծնածներն այնտեղ՝ երկնքում: Մեզ չի ներելու մեր տոհմածառը: Հայրենիքներն անհետևանք չեն կորսվում:

Անիծվելու ենք:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ