ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Le Figaro. Ինչո՞ւ նորից բռնկվեց Լեռնային Ղարաբաղը

Le Figaro. Ինչո՞ւ նորից բռնկվեց Լեռնային Ղարաբաղը
07.10.2020 | 09:48

Պուտինի Ռուսաստանն ու Էրդողանի Թուրքիան գնահատում են իրար Կովկասում, Սիրիայից ու Լիբիայից հետո երրորդ հնարավոր ճակատում՝ գրում է Le Figaro-ի լրագրող Ալեն Բառլյուեն: Կոնֆլիկտի արմատները 20-րդ դարասկզբում են: Ամրապնդելու համար բոլշևիկների իշխանությունը Կովկասում՝ Ստալինը հայաբնակ Լեռնային Ղարաբաղը միացրեց Ադրբեջանական Սոցիալիստական Հանրապետությանը: Նույնը արեց պատմական Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության: «70 տարի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվել է բռնության հօգուտ ադրբեջանցիների»՝ բացատրում է Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Սովետական իշխանությունը խուլ էր մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու բազում պահանջներին: Հայերին հետաքրքրում է ստատուս քվոն, ոչ թե բռնության բռնկումները: «Փոխարենը՝ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևի կլանային վարչակարգը Լեռնային Ղարանաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսած հարձակմամբ ուզում են ամրապնդել ներքին համախմբվածությունը և ողջույններ փոխանցել միջազգային հանրությանը»՝ գտնում է արևմտյան մի դիվանագետ:


Երբ Covid-ը և նավթի գնանկումը ճնշում են տեղական տնտեսությունը, հենց այդօրինակ հայրենասիրական համախմբումով Բաքվի իշխանությունները ուզում էին պատասխան տալ իրենց բնակչությանը, որ ամեն անգամ, երբ երկիրը դժվար վիճակում է, հաշվետվություն են պահանջում իրենց ղեկավարներից՝ բացատրում է մեկ այլ փորձագետ:
Ռուս և արևմտյան փորձագետները մատնացույց են անում թուրքական գործոնը: Հանրահայտ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձգտումը՝ ինքնահաստատվել իբրև մուսուլմանների ու թյուրքալեզու ժողովուրդների առաջնորդ: Հայկական կողմը դատապարտում է Թուրքիայի նախագահի էքսպանսիոնիստական քաղաքականությունը, որ ծավալվում է Հարավային Կովկասում: Անվերապահ աջակցությունն ու խրախուսումը, որ սեպտեմբերի 27-ից դրսևորում է Անկարան Բաքվի նկատմամբ, կատարվում են նշանակալից ռազմական աջակցության շչջանակներում, թեպետ Բաքվի մարտական տեխնիկայի 68% -ը ռուսական ծագում ունի: Meta Defense մասնագիտացված կայքը նշում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի վերջին օրերին հրապարակած բազմաթիվ տեսագրությունները հայկական տանկային ու զենիթային համակարգերի վրա ցույց են տալիս Թուրքիայի զանգվածային աջակցությունը:


Պատերազմի կրակների վերադարձը Լեռնային Ղարաբաղ կապված է և Սիրիայի իրավիճակի հետ, որտեղ թուրքերը տեսան՝ ինչպես են իրենց հավակնությունները ջուրն ընկնում ռուսական միջամտությամբ, և Լիբիայի, որտեղ Թուրքիայի հաջողությունները հասան իրենց սահմանագծին: «Եվ Սիրիայում, և Լիբիայում Թուրքիայի քաղաքականությունը մտել է փակուղի»,-ընդգծում է քաղաքագետ Իլյա Գրաշչենկովը՝ բացատրելով Անկարայի՝ Կովկասում դիմակայության երրորդ գոտի բացելու ցանկությունը: «Արդյունքում Թուրքիան վճռեց ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Սակայն ոչ թե նրա հետ առճակատման գնալու նպատակով (դա բնավ ձեռնտու չէ Անկարային, որ լուրջ օգուտներ է ստանում երկու երկրների գործակցությունից), այլ Սիրիայի ու Լիբիայի շուրջ առևտրում իր խաղադրույքը բարձրացնելու»՝ հավելում է փորձագետը:


Ավելին՝ Իրանը՝ ղարաբաղյան եռանկյունու երրորդ բևեռը, ձգտում է ներգրավվել Հարավային Կովկասում՝ խաղադրույք անելով տարածաշրջանում իր լավագույն զրուցակցի՝ Հայաստանի վրա: Որքան էլ առեղծվածային է, բայց պատմական ու մարդկային պատճառներով՝ իր տարածքում ադրբեջանական ծագումով ուժեղ համայնքի առկայությամբ, Իրանը գերազանցապես շիա Ադրբեջանի հետ ավելի նվազ ջերմ հարաբերություններ ունի, քան Երևանի:


Դիտորդները ենթադրում են, որ Ռուսաստանի իշխանությունները կարող էին «փակել աչքերը» ադրբեջանցիների հարձակման վրա՝ արտահայտելով իրենց անվստահությունը Հայաստանի վարչապետի՝ նախկին եվրոպամետ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ այնքան էլ Մոսկվայի ճաշակով չէ: Այս հիպոթեզը հնարավոր չէ ստուգել: Ինչ էլ լինի, «Ռուսաստանը մի քիչ շիզոֆրենիկ վերաբերմունք ունի Լեռնային Ղարաբաղին,-գտոնւմ է այդ հարցին լավատեղյակ արևմտյան մի դիվանագետ:- Նա դիվանագիտական շատ ջանքեր է գործադրում և միևնույն ժամանակ աջակցում է կոնֆլիկտին, որ թույլ է տալիս պահպանել իր ազդեցությունը»: «Ադրբեջանցիների հարձակման առաջին օրերը նշանավորվում էին Լեռնային Ղարաբաղի ինտենսիվ ռմբակոծություններով, հիմնականում ավիացիայով: Բայց այն օրը, երբ Ադրբեջանը գործի կդնի իր ցամաքային զորքերը Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար, իսկ դա դեռ այդպես չէ, Ռուսաստանն ու միջազգային հանրությունը թույլ չեն տա, որ դա կատարվի»՝ ուզում է հավատալ Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: «Հայաստանի գլխավոր առավելությունը անդամությունն է ՀԱՊԿ-ին: Բայց պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը կգործի միայն Հայաստանի տարածք ներխուժման դեպքում: Եթե նա ինքը զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ՀԱՊԿ-ի կանոնները կդադարեն գործել, որովհետև Հայաստանը հանդես կգա իբրև ագրեսոր երկիր»՝ գտնում է ռազնական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը: «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ ընդդեմ Ադրբեջանի, նա Հայաստանի դաշնակիցն է ընդդեմ Թուրքիայի, որ Մոսկվայի աչքին ներկայացնում է ՆԱՏՕ-ն»՝ գտնում է մի փորձագետ: Փաստացի, «եթե ռուսական ուժերը թուրքական ուժերին հաղթեն, Անկարան անպայման կդիմի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին՝ իր տարածքի պաշտպանությունը ուժեղացնելու համար»՝ վերլուծում է Meta Defense կայքը: «Հրդեհի վտանգը մեծ է, բայց տարածաշրջանային պետությունների շահերից չի բխում տոտալ պատերազմը»՝ գնահատում է Հովհաննես Գևորգյանը: Մոսկվան ունի հաղթաթուղթ՝ գտնում է արևմտյան մի լավատեղյակ դիվանագետ՝ Մոսկվան այս ամենին վերջ կդնի, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա:
Ալեն Բառլյուե, Le Figaro


Հ.Գ. Հետաքրքիր է՝ իսկ կա՞ դեռ ԱՄՆ-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, թե՞ Թրամփը կորոնավիրուսով է վարակվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱԳ նախարարների հայտարարությունը, Լոս Անջելեսի երեք օր շրջափակված մայրուղին CNN –ից մի քանի րոպե պոկելու՝ Արցախի համար, ուրի՞շ: Ինչի՞ է սպասում ԱՄՆ-ը, որ Պուտինը զանգի Էրդողանին, Պուտինը չի զանգելու ու ճիշտ է անելու, Պուտինը սպասելու է՝ մինչև Էրդողանը իրեն զանգի: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան ռազմադաշտ են նետելու՝ ինչ ունեն, մնաց՝ դիմանանք ու դիմադրենք ահաբեկչական պետությունների հարձակմանը: Փաստացի՝ այսօր Արցախում ոչ միայն հայրենական պատերազմ է, այլև՝ հակաահաբեկչական: Սիրիայի պատերազմի ամբողջ ընթացքում հակաահաբեկչական պայքար մղելու իմիտացիա ստեղծող Թուրքիան հիմա արդեն խաղում է բաց՝ աշխարհին ներկայացնելով իր շահած-պահած ահաբեկիչներին, որ այս անգամ նետել է Արցախ: Եվ ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այլև ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԽԽՎ-ն պիտի իրենց օրակարգի թիվ 1 հարցը դարձնեն ահաբեկչական կոալիցիայի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական երկու պետությունների դեմ: Սա արդեն պայքարի նոր հարթություն է, որտեղ ևս հաղթելու ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ