ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պատերազմը ստվերում

Պատերազմը ստվերում
09.07.2020 | 08:26

Տուժել է միջուկային օբյեկտ, էլեկտրակայան և հիդրոկառույց՝ Իրանում խորհրդավոր պայթյուններ ու հրդեհներ են եղել: Միաժամանակ սրվում է միջազգային միջուկային համաձայնագրի վերաբերյալ վեճը՝ գրում է Ռանիախ Սալումը Der Spiegel-ում: Վերջին երկու շաբաթները Իրանը ցնցում են տարօրինակ պայթյուններն ու հրդեհները: Երկու միջադեպեր հատկապես տագնապահարույց են: Հունիսի 26-ին հզոր պայթյուն է եղել Թեհրանի մերձակայքում: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ տուժել է հրթիռների արտադրության Խոջիր օբյեկտը, նույնիսկ եթե Իրանի ղեկավարությունը ասում է, որ գազի պայթյուն է եղել մեկ այլ ռազմաբազայում: Հուլիսի 2-ին ուժեղ հրդեհ բռնկվեց Նատանզայի ատոմային օբյեկտում: Իրանը հաղորդեց, որ հրդեհը «նշանակալից վնաս է տվել»: The New York Times-ը մեջբերել է մերձավորարևելյան հատուկ ծառայության աշխատակցի, որ ասել է՝ Նատանզայում Իսրայելը ռումբ է պայթեցրել: Ո՞վ կամ ի՞նչ կա այս իրադարձությունների հետևում, պարզ չէ: Բայց վտանգավոր է, որ պանդեմիայի ստվերում Իրանի հետ կոնֆլիկտը նորից սրվում է: Հիմա Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ վեճը մտնում է վճռորոշ փուլ՝ առաջիկա ամիսները կարող են որոշիչ լինել՝ կհաջողվի՞ պահպանել միջազգային համաձայնագիրը Իրանի հետ մինչև նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները, թե՞ մինչև ընտրություններ պայմանագիրը վերջնականապես կփլուզվի: Միանգամից երկու ժամկետ է լրանում, որ կարող են ազդարարել համաձայնագրի վերջը: Առաջին դեդլայնն արդեն օգոստոսին է: Հուլիսի 3-ին Իրանը պաշտոնապես գործարկեց համաձայնագրի շրջանակներում գործող վեճերի կարգավորման մեխանիզմը: Թեհրանը մեղադրում է Արևմուտքին պարտավորությունները չկատարելու մեջ: Մեխանիզմը նախատեսում է, որ վիճելի հարցերը պետք է լուծվեն 30 օրում: Հակառակ դեպքում հայտատուն, տվյալ դեպքում՝ Իրանը, իրավունք ունի մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնել իր պարտավորությունների կատարումը: Գործնականում Իրանն արդեն դադարեցրել է, երբ 2018-ի մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և կոշտ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, Իրանի ղեկավարությունը 2019-ի մայիսին սկսեց մեկը մյուսի հետևից խախտել միջուկային սահմանափակումները և լարել իրավիճակը տարածաշրջանում: Երկրորդ դեդլայնը հոկտեմբերին է: Միջուկային համաձայնագիրը նախատեսում է, որ այդ ժամանակ կլրանա միջազգային պատժամիջոցների ժամկետը, որ արգելում են Իրանին զենք գնել: ԱՄՆ-ը ցանկանում է դրանից խուսափել ցանկացած գնով: Միաժամանակ ԱՄՆ-ը փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ մղել նոր, ժամանակի մեջ չսահմանափակված զենքի էմբարգո Իրանի դեմ: Բայց քիչ հավանական է, որ հաջողության կհասնի: ՄԱԿ-ի ԱԽ անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը հաճույքով Իրանին կվաճառեն իրենց զենքը: Եվրոպացիները ևս առավել քննադատաբար են վերաբերվում ԱՄՆ-ի պահվածքին: Նրանք նույնպես չեն ցանկանում նոր և անժամկետ զենքի էմբարգո Իրանի նկատմամբ, որ, հավանաբար, նշանակելու է միջուկային համաձայնագրի վերջնական կոլապս և Իրանի դուրս գալը միջուկային զենքի չտարածման համաձայնագրից: Գուցե հնչում է իբրև վերացական, դիվանագիտական դատողություն, բայց այդ հարցը վճռորոշ է: Միջուկային համաձայնագիրը Իրանի հետ իդեալական չէ, բայց զսպում էր Իրանի միջուկային ծրագրի զարգացումը և սահմանում էր միջազգային վերահսկողություն: Եթե համաձայնագիրը վերջնականապես խզվի, աշխարհը նորից կհայտնվի Պարսից ծոցում պատերազմի շեմին: Գուցե անցած շաբաթների խորհրդավոր պայթյուններն արդեն ազդանշաններ էին: Գուցե նորից սկսվել է պատերազմը ստվերում: Մինչև համաձայնագրի կնքումը Իրանի միջուկային օբյեկտներում դարձյալ խորհրդավոր միջադեպեր էին լինում, որոնց մի մասը կիբեռհարձակում էր: Սպանվեցին իրանցի մի քանի միջուկաբաններ: Այսօր ելակետային իրավիճակն ավելի վտանգավոր է այն ժամանակից՝ Իրանը կարող է ավելի զգալի պատասխան հարված հասցնել՝ նախևառաջ շնորհիվ իր ընդարձակ հրթիռային ծրագրի և Մերձավոր Արևելքում դաշնակից զինված խմբավորումների:
Ռանիախ Սալում, Der Spiegel


Հ.Գ. Զուգահեռ Իրանում փաստացի կորոնավիրուսի երկրորդ ալիքն է՝ նորից աճել են վարակման ու մահացության թվերը: Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2691 նոր դեպք, մահացել է 153 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին: «Անցած մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2691 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 248 379 մարդ, ապաքինվել՝ 209 463 -ը», - ասել է նա IRINN-ի եթերում: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 084-ի: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին երկարաձգել Իրանին՝ սպառազինության մատակարարման միջազգային էմբարգոյի գործողության ժամկետը։ Նրա խոսքով, հակառակ դեպքում նոր ձեռք բերվող զենքն ու զինամթերքը Թեհրանը կօգտագործի մերձավորարևելյան տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է երկարաձգի էմբարգոն տարածաշրջանում նոր հակամարտությունները կանխելու համար։ Որևէ լուրջ մարդու մտքով չի կարող անցնել, որ Իրանը ձեռք բերած զենքը օգտագործելու է խաղաղ նպատակներով», - հայտարարել է Պոմպեոն Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ