ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ճշմարտության պահը Մերձավոր Արևելքում Պուտինի համար

Ճշմարտության պահը Մերձավոր Արևելքում Պուտինի համար
07.07.2020 | 11:54

Պուտինն ամբողջ ուժով փորձում է իր աննախադեպ ռազմական մասնակցությունը Սիրիայում ու Լիբիայում վերածել երկարաժամկետ քաղաքական շահի կամ նույնիսկ կայունացման դինամիկայի՝ գրում է արաբագետ ու պատմաբան Ժան-Պիեռ Ֆիլյուն Le Monde-ում:

Ռուսաստանը դարձել է առաջին ու գլխավոր բենեֆիցիարը Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի հեռանալու, որ ծրագրված իրականացվում էր Օբամայի օրոք, հախուռն շարունակվեց Թրամփի օրոք: Մերձավոր Արևելքում Պուտինը նվազագույն ծախսերով կարողացավ իրեն ներկայացնել իբրև կայսերական կարգի այլընտրանք, որ տասնամյակներով իրականացնում էր Վաշինգտոնը: Սակայն արագ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը այնքան էլ ի վիճակի չէ վերակառուցել տարածաշրջանը նոր «հետամերիկյան» հիմքերով՝ վարելով ստուգված ու նույնիսկ հնացած դասական քաղաքականություն: Նրա ինքնանպատակը Սիրիայում ռազմական ուժի կիրառումն է ցանկացած տեսակի ընդդիմության դեմ, այդ պատճառով Ասադի վարչակարգի հաջողությունները՝ ձեռքբերված ռուսական ավիացիայի աջակցության շնորհիվ, Կրեմլի օգտին գրանցված արդյունքներ են: Առանց Մոսկվայի Ասադը կպարտվի, առանց Ասադի՝ Մոսկվան կպարտվի: Կապելով իր մերձավորարևելյան քաղաքականությունը Ասադի ճակատագրի հետ՝ Պուտինը հայտնվել է սիրիական խաբուսիկ ստատուս քվոյի որոգայթում: Նա հաղթեց պատերազմում, բայց ի վիճակի չէ խաղաղություն հաստատել Սիրիայում կամ նույնիսկ ազդարարել իր սեփական պայմաններով, որովհետև նվազագույն զիջումների գնալու Ասադի մերժումը ճակատագրական շարունակությունն է դառնում կոնֆլիկտի ու դժգոհության մեծացման, այդ թվում՝ ալավիտների փոքրամասնության, որից սերում է նա: Պուտիը չի ցանկանում կամ չի կարողանում իր ներգրավվածությունը Սիրիայում վերածել քաղաքական նոր իրականության: Նույնիսկ այդ ներգրավվածության զուտ ռազմական չափումը նրան ստիպում է ավելին, քան պետք է հաշվի նստել իր իրանցի գործընկերոջ հետ, բայց նախևառաջ՝ գործարք կնքել Էրդողանի հետ: 2016-ի հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջումը Անկարայում նշանավորեց շրջադարձային պահ Ռուսաստանի ու Թուրքիակի նախագահների փոխհարաբերություններում: Էրդողանն ավելի շատ գնահատեց Պուտինի աջակցությունը այդ փորձության մեջ, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամների համերաշխությունը չափազանց զուսպ էր: Մի քանի ամիս անց Էրդողանը վճռեց Պուտինին, հետևաբար՝ Ասադին տրամադրել Հալեպի հեղափոխական հենարանը: Դա եռակողմ գործընթացի հիմք դարձավ, որի շրջանակներում Մոսկվան, Անկարան ու Թեհրանը միաժամանակ սիրիական դոսիեից հանեցին ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին: Բայց այդ գործընթացը չվերացրեց Պուտինի ու Էրդողանի հակասությունները, ինչպես Իդլիբի նահանգում, որտեղ 2019-ի մարտից գործում է հրադադարը: Լիբիական ճգնաժամի «սիրիականացումը» հանգեցրեց Ռուսաստանի ու Թուրքիայի դիմակայության և ՄԱԿ-ին ու Արևմուտքին երկրորդ պլան մղելուն:

Պուտինը դեռ հնարավորություն ունի օգտվել Մերձավոր Արևելքում Թրամփի հեղինակազրկումից՝ առաջ մղելու արժանապատիվ քաղաքականություն՝ ազատ բացառապես հակահեղափոխական ուժերի կույր աջակցությունից: Հորդանանի օկուպացված արևմտյան ափի մի մասի անեքսիայի Իսրայելի սպառնալիքը Կրեմլին հիանալի հնարավորություն է տալիս ներկայանալ իբրև իրավական պաշտպանության հույս՝ դեմ հանդիման ամերիկացիների անպատասխանատվության: Բայց այդ հարցի լուծման համար ՌԴ նախագահը բացահայտ ոչ ցանկություն ունի, ոչ՝ ծրագիր: Նա նախընտրում է միայն ռազմական օրակարգը, որ մեխանիկորեն հանգեցնում է Թուրքիայի ազդեցության մեծացման՝ երեկ Սիրիայում, այսօր՝ Լիբիայում: Ռուսական էսկալացիան ու թուրքական խաղադրույքի մեծացումը միևնույն ապակառուցողականության երկու կողմերն են, ապարդյուն են հույսերը, որ մի երկիրը կարող է խրախուսման ճանապարհով մյուսին չեզոքացնել: Ռուսաստանը, ի դեմս որի շատերն ակնկալում էին ստանալ խաղաղարար Մերձավոր Արևելքում, զբաղվել է մի պատերազմը մյուսին հավելելով: Պուտինի համար Մերձավոր Արևելքում ճշմարտությանը պահը հասունացել է՝ եթե նա չի ցանկանում, որ իր քաղաքական հայեցակարգի բացակայությունը թուլացնի իր երկրի «Մեծ վերադարձը»:
Ժան-Պիեռ Ֆիլյու, Le Monde


Հ.Գ. Կորոնավիրուսն ու սահմանադրական փոփոխություններով իշխանաչփոխության հարցը լուծելը ՌԴ նախագահին հեռացրել էր Մերձավոր Արևելքից՝ հնարավորություն տալով Էրդողանին ծավալվել լայնքով ու երկայնքով: Էրդողանը գծում է Սիրիա-Լիբիա-Լիբանան էներգետիկ եռանկյունին ու միաժամանակ փորձում է խորանալ Կիպրոս-Հունաստան ծովային սահմաններում՝ նույն նպատակով: Կորոնավիրուսը շահագործելով՝ Թուրքիայի նախագահը կարծում է, որ խաղից դուրս է բերել Իրանին ու Ռուսաստանին, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ինքնաչեզոքացել են, բայց դա պատրանք է, որ թուրքական դիվանագիտությունը ստեղծել է ինքն իր համար ու ջանում է պարտադրել աշխարհին: Տարածաշրջանում մինչև տարեվերջ լինելու են գլոբալ զարգացումներ՝ ցանկանում է Էրդողանը, թե ոչ, կվերընտրվի Թրամփը, թե ոչ, կպահի Նետանյահուն իշխանությունը, թե ոչ: Անկարան շարժվում է սովոր սցենարով՝ ապակայունացում, ապա իր տնտեսական ու քաղաքական ներկայության պարտադրում, իսկ թույլ պետությունների դեպքում՝ ռազմական ներխուժում: Բայց անգամ տնտեսական ճգնաժամ ապրող, իսկ քաղաքականը հազիվ հաղթահարած Լիբանանում դեռ չի կարողացել հաջողության հասնել: Ֆրանս-ռուսական համագործակցությունը, եթե ձևավորվի նաև Մերձավոր Արևելքում, միանշանակ փակելու է Անկարայի ճանապարհը: Բայց Փարիզի ու Մոսկվայի երկխոսությունը չափազանց ձգձգված է ու կախված նաև ԵՄ-ի հետ հարաբերություններից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ