Ես մեղադրում եմ
02.06.2020 | 00:09
Մեզ համառորեն ներշնչում են, որ մենք 1-5 տարի պիտի ապրենք կորոնավիրուսին զուգահեռ՝ տեսականորեն, գործնականում՝ մեզ նետել են ճակատագրի քմահաճույքին և պետականորեն փորձարկում են «Ով դիմացավ՝ դիմացավ» սկզբունքը: Իմա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր մեթոդների վրա խաչ են քաշել ու ապավինել են վիրուսի ինքնասպառման և ընդհանրական իմունիտետի ձևավորմանը: Դա կարող էր իրեն թույլ տալ Չինաստանը, բայց թույլ չտվեց: Կարող էին թույլ տալ միլիարդներով ու տասնյակ միլիոններով հաշվվող ազգերը, մենք՝ ոչ: ՈՒստի՝ ես մեղադրում եմ ՀՀ հպարտ ու գերլեգիտիմ իշխանությանը, վստահ եմ, որ ինձ միանում են կորոնավիրուսից մահացածներն ու նրանց հարազատները: Մեզ մեծամասնություն մի դարձրեք: Ես մեղադրում եմ.
1. ՀՀ Ազգային ժողովին, որ կառավարության ու պարետի որոշումներից, խնդրահարույց օրինագծեր ու համաձայնագրեր վավերացնելուց, հարցուպատասխանի ժամին վարչապետին ու նախարարին 1-2 անողնաշար հարց տալուց բացի, ՈՉԻՆՉ չի նախաձեռնել: Մեղադրում եմ բոլոր 3 խմբակցություններին ու հատկապես «Իմ քայլին», որ ի դեմս առողջապահության նախարարի բացահայտ ձախողումների, հետկանչի գործընթաց չի նախաձեռնել: ՀՀ Աժ-ն պանդեմիայի օրերին դրսևորում է ապազգային պահվածք և վերաբերմունք համաժողովրդական վտանգին: Ի դեմս ամեն օր ու ամեն ժամ բազմապատկվող վարակակիրների՝ դուք կույր ու խուլ եք ու անտարբեր՝ ինչ է կատարվում ձեզ ընտրած մարդկանց հետ՝ դատելով ձեր օրակարգից ու ձեր քննարկումների որակ-մակարդակից: Ձեր պահվածքից: Առավելագույնը, որին ընդունակ եք, դիմակ դնելն է:
2. ՀՀ փոխվարչապետ ու պարետ Տիգրան Ավինյանին՝ ճգնաժամային կառավարման ունակություններից զուրկ լինելու, իր ընդունած կիսատ-պռատ որոշումների կատարման հետևողական անհետևողականության մեջ: Մեղադրում եմ, որ կարանտինի պայմանները չպահպանվեցին, համարժեք չգործեց ոստիկանությունը: Մեղադրում եմ, որ արտակարգ իրավիճակ հայտարարելուն զուգահեռ չստեղծվեց մաթեմատիկական մոդելավորողներից ու բժիշկներից կազմված խումբ՝ հաշվարկելու առավելագույն հիվանդացության թիվը, նախապատրաստելու առողջապահական համակարգը, կարանտին մտցնելու առաջին օրից մինչև այսօր ոչ մի բժշկի տեսակետ չլսվեց ու չբարձրաձայնվեց, անտեսվեց կորոնավիրուսի դեմ հոգեբանական ու քարոզչական պայքարի անհրաժեշտությունը: Մարդկանց չէր բացատրվում ու չի ներկայացվում կորոնավիրուսի վտանգավորությունը: Ձեռքեր լվանալու ու հիգիենայի կանոններին հետևելու կոչերից բացի՝ պետությունը ոչինչ չասաց իր հպարտ քաղաքացուն: Տիգրան Ավինյանի եռանդը հերիքեց այս ու այն տնտեսավարողի գործունեությունը 24 ժամով արգելելուն: Մեղադրում եմ կառավարման համակարգի տարբեր օղակների անհամաչափ գործողությունների մեջ: Երբ չբացատրված որոշում է ընդունվում՝ ասիմպտոմ վարակակիրներին տուն ուղարկել՝ պոլիկլինիկաների վերահսկողության տակ, տրամաբանությունը պահանջում է, որ պոլիկլինիկաները մեկ շաբաթ առաջ, ոչ թե հետո, պետք է պատրաստ լինեն նոր աշխատանքին: Ինչու՞ է արվում ԵՐԿՐՈՐԴ, հետո ԱՌԱՋԻՆ քայլը: Վիրուսակիրներին տուն ուղարկելու հետևանքը եղավ հիվանդացության նոր բռնկումը, ո՞վ պետք է պատասխան տա:
3. Մեղադրում եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ քաղաքական ու մասնագիտական անգործիմացության մեջ: Ֆեյսբուքում գիշերային սարսափ գրառումների ու մահվան դաշտերով վախեցնելու փոխարեն՝ Արսեն Թորոսյանն ի պաշտոնե պարտավոր է կանխել այն, ինչ գերագույն հաճույքով ազդարարում է իբրև «նվաճում»: Մեզ ՆԱԽԱՐԱՐ է պետք, ոչ թե վարակվածների, թեստավորվածների կամ մահացածների ՀԱՇՎԱՊԱՀ: Արսեն Թորոսյանի՝ «կորոնավիրուսային» հետագիծը արտացոլում է Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը համաշխարհային պանդեմիային: Դա ոչ միայն անզորության ու անօգնականության, այլև անվայել թեթևամտության պատկեր է: Սկսած պանդեմիայի սկզբին կորոնավիրուսի պիկում գտնվող Հարավային Կորեա մեկնելուց ու վերադարձի ասուլիսում լրագրողներին հեգնելուց, մինչև «Դիմակ մի դրեք՝ վիրուսն այնքան փոքր է, որ ներթափանցում է ամեն տեղ», հետո էլ «Դիմակը կրելը պարտադիր է» հակասական հայտարարություններ:
Համարյա կես տարի Արսեն Թորոսյանն իր խոսքով ուսումնասիրել է պանդեմիայի դեմ պայքարի համաշխարհային փորձը, բայց չի արել որևէ խելամիտ եզրակացություն: Նրան հմայել են միայն բացասական փորձն ու սխալները: Ինչու՞ 9000 վարակակրի սահմանն անցնելուց հետո միայն նախարարը պարզեց, որ պետք է բժիշկների հետ խորհրդակցի, ռեանիմացիոն բաժանմունքների ղեկավարներին միավորի ու կոնսուլիումներ հրավիրի՝ ծանր դեպքերի համար: Արսեն Թորոսյանը չի հասկանում, որ Հայաստանը Չինաստան չէ, Հնդկաստան չէ, Գերմանիա չէ, ԱՄՆ չէ, Ֆրանսիա չէ, Իտալիա չէ, Շվեդիա չէ, Իրան չէ՝ մենք միլիարդներ ու միլիոններ չենք երկրի վրա, ցանկացած պանդեմիա ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է: Ինչու՞ դուխով նախարարը մի անգամ՝ ոտքից գլուխ հանդերձավորված, չի գնում այն հիվանդանոցները, որտեղ բուժվում են կորոնավարակակիրները, ինչու՞ չի փորձում պարզել՝ ինչպե՞ս են բուժվում, ինչպե՞ս են ապրում ու մեռնում: ԱՀԿ-ի ցուցումներին ապավինելը սխալ էր: Դա հասկանալու համար Սողոմոն իմաստուն լինել պետք չէր, բավական էր մի շաբաթ հետևել ԱՀԿ-ի հակասական հայտարարություններին, համադրել իրավիճակի հետ՝ պարզելու համարժեքությունը: Գեբրեյսուսը չէ պատասխանատու Հայաստանում կորոնավիրուսի տարածման ու մահերի համար: Ամբողջական կարանտին չսահմանելու ու մեկուսացումը չպահելու համար: Արսեն Թորոսյանը շարունակում է պահմտոցին թվերի հետ, մարդիկ նրա համար Ռուբիկի խորանարդիկներ են՝ ոնց ուզի, կհավաքի, չի ուզի՝ դեն կնետի ու ուրիշ խաղով կզբաղվի՝ հիվանդանոցներ փակելը նրա սիրած խաղն է: Մայիսի 27-ին նա ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերը հունիսի վերջին 500 000-ի չեն հասնի՝ հիշեցնելով, որ ինքն էր կանխատեսել կես միլիոնը: Եվ դա պատգամավորներին խոր հիացմունքի գիրկը նետեց: Նա վերջապես բացահայտեց նաև ֆինանսական հաշվապահությունը՝ 500 000 դեպքերի պարագայում վարակի դեմ պայքարելու համար Հայաստանը 300 մլն դոլարի կարիք կունենար, բայց դեպքերը քիչ են, ծախսերը՝ համեստ: «Եթե շատ կոպիտ գնահատենք այդ ծախսերը, տատանվում են ամսական 1,5-2 մլրդ դրամի շրջանակներում և, կախված հիվանդների թվից, կարող են տատանվել այդ շրջանակներում»,- ասաց Թորոսյանը: 1,5-2 միլիարդ դրամը, հաշվի առնելով Հայաստանի ստացած օգնությունները, որոնց ծախսման մասին ոչ ոք ոչինչ չի ասում, ՊԱՏԿԱՌԵԼԻ գումար է, ինչու՞ է, ուրեմն, բուժվածների թիվն ամեն օր ԲԱԶՄԱՊԱՏԻԿ քիչ հիվանդացածների թվից: Փոխանակ պատգամավորների ականջներից լապշա կախելու, որ հոռետեսական սցենարից խուսափելու ճանապարհը դիմակները ճիշտ կրել, ձեռքերը հաճախ լվանալ, ախտահանել և սոցիալական հեռավորությունը պահպանելն է, նախարարը պարտավոր է ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ հրապարակել, հանրապետությունը բաժանել հատվածների ու սկսել թեստավորում՝ հիվանդներին առողջներից զատելու համար: Այո, նա չի հավատում թեստավորմանը, անհիմն արգելել է մասնավոր լաբորատորիաներում թեստավորումը, բայց պարտավոր է համագործակցել բոլոր լաբորատորիաների հետ ու համատեղ աշխատել: Կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարած ԲՈԼՈՐ երկրներն անցել են այդ ճանապարհով: Եվ Արսեն Թորոսյանի թեստամերժությունը չէ այն խոչընդոտը, որ պիտի կանգնի պանդեմիան Հայաստանում օր առաջ հաղթահարելու ճանապարհին: Դա աբսուրդ է: Մեկ մարդը չի կարող որոշել ազգի ճակատագիր իր կամայական որոշումներով, մենք նրա աղավաղված պատկերացումների պատանդը չենք:
4. Ես մեղադրում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեղադրում եմ, որ կարանտին Հայաստանում չսահմանվեց փետրվարին, որ փակվեց միայն Իրանի սահմանը, բաց մնաց Եվրոպան, որ Երևան ժամանողներին 14 օրով չէին մեկուսացնում, ջերմաչափում, տուն էին ուղարկում: Եվս քանի՞ հակառեկորդ պիտի Հայաստանում սահմանվի, որ վարչապետը հասկանա՝ հպարտ հայ չի նշանակում կորոնավիրուսից իմունիտետ: Ոչ ինքն է Հիսուսը, ոչ իր նախարարներն են առաքյալներ: Տիգրան Ավինյանը օր առաջ պետք է ազատվի պարետի պաշտոնից, ժամ առաջ Արսեն Թորոսյանը պիտի ազատվի առողջապահության նախարարի պաշտոնից: Փոխարենը վարչապետը տարբեր առաքյալների հետ դիմակներով ամեն օր ֆլեշմոբ է անում, հիմնաթեման՝ դուք եք մեղավոր, եթե հիվանդ եք: Կարգապահ չեք: Դուք ի՞նչ եք արել, որ հիվանդ չլինեն: Հասկացանք, որ դուք ընտրել եք կորոնավիրուսի դեմ պայքարի միջինացված՝ հիբրիդային տարբերակ՝ կարանտին առանց կարանտինի, հավաքական իմունիտետ, բայց ձեզնից ո՞վ է այն հաշվապահը, որ ճշգրիտ թիվ է ներկայացրել, թե քանի՞ հպարտ հայի մահվան գնով: Հասկացանք, որ դրամի փոխարժեք ու գներ եք պահել, բայց ներկա ու ապագա հանգուցյալներին դա չի հետաքրքրում: Դուք այդ ռիսկի իրավունքը 2018-ի ընտրություններում ձեռք բերած գերլեգիտիմությամբ չեք ստացել: Ձեր գերլեգիտիմությունը հիմք չէ հայտարարելու, թե վարակի երկրորդ ալիքն է, դժվար իրավիճակ է, և պատճառն այն է, որ մարդիկ չեն հետևում կանոններին ու դիմակներ չեն կրում։ Մարդկանց գիտակցության վրա հույս դնելը պետության առաջին դեմքերի պարագայում գերթեթևամտություն ու անպատասխանատվություն է, եթե համադրում ենք հենց այդ առաջին դեմքերի գերթեթևամիտ ու անպատասխանատու հայտարարությունների ու վարքագծի հետ: Հիմա մեղավորների փնտրելու պահը չէ՝ մարդկանց պետք է փրկել՝ մեղադրելու փոխարեն: Մարդիկ մեկ ամիս նստեցին տանը՝ հույս ունենալով, որ կառավարությունը առողջապահական համակարգի հզորությունն է մեծացնում՝ նոր հիվանդանոցներ է բացում, վերակենդանացման բաժանմունքներում մահճակալներ ու սարքեր է ավելացնում, բուժանձնակազմ է վերապատրաստում, դիմակներ, թեստեր, բուժման միջոցներ է ձեռք բերում ու ապահովում է իրենց առողջ մնալու, բուժման սահմանադրական իրավունքը: Փոխարենը ստացանք վերջապես դիմակ դրած ու էկրաններից բղավող վարչապետ, որ կտուգանվեն, եթե դիմակ չեն կրում:
Ակնհայտ չէ՞, որ վարչապետն ու կառավարությունը չեն տիրապետում իրավիճակին ու ի վիճակի չեն համարժեք քայլերի: Քաղաքացիների գիտակցությունը լավ էլ աշխատում է, իշխանությունն է անգիտակից վիճակի բերել ինքն իրեն: Թերևս դա համարելով պաշտպանության միակ հնարավոր տարբերակ: Բնավ մխիթարություն չէ, որ այդպես է եղել այլ պետություններում ևս, ես Հայաստանի քաղաքացի եմ: Լույս իջնի բոլոր հեռացածների շիրիմներին, ներեք մեզ, որ մեղավոր ենք ձեր առաջ՝ ծանոթ, թե անծանոթ: Ես չգիտեմ՝ երբ կանգ կառնի կորոնամահվան վիճակագրությունը, որ Հայաստանում ամենաարագ աշխատող թվաբանությունն է: Ձեր հույսը ձեր ողջամտությունն է ու ձեր դիմադրունակությունը: Պահպանեք ձեզ ու ձեր սիրելիներին: Սա պատերազմ է, որտեղ բոլորս անզեն ենք, բայց մահվան դատապարտված չենք: Մենք ապրում ենք ինքնասպանների ժամանակներում, որ ուզում են ապրել: Կորոնավիրուսը հավերժ չէ, ավարտվելու է, ինչպես բոլոր համաճարակները: ՈՒ հաղթելու է ապրելու կամքը: ԿՅԱՆՔԸ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ վարչապետը տեղեկացրեց, որ ամբողջ ընտանիքով վարակվել են: Ճակատագրի բումերանգը ծննդյան օրը վերադարձրեց իր վերաբերմունքի պատասխանը: Արագ ապաքինում նրան ու բոլոր հիվանդներին: Բացի հնարավոր կոնտակտավորների անհայտ թվից, այդ փաստը ի հայտ բերեց ևս մեկ փաստ՝ ՀՀ վարչապետը, կառավարությունը, հաստատ՝ նաև ԱԺ ղեկավարությունը, չեն թեստավորվել: Հրահանգ չկա՝ ինչպես ասաց վարչապետի մամլո քարտուղարը: ՈՒ ի՞նչ անուն ունի այդ ինքնավստահությունը, եթե ոչ հանցավոր անփութություն՝ ոչ միայն սեփական անձին, այլև իշխանության իրականացմանն ու պետության կառավարմանը: Ողջ լերուք: Նահանջ տարի է, այն էլ՝ Առնետի: Կես տարի մնաց:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ