ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մենք դարձանք հերոսներ, հետո մեզ մոռացան

Մենք դարձանք հերոսներ, հետո մեզ մոռացան
30.05.2020 | 10:46

Բժիշկներին ու բուժքույրերին Իտալիայում փառաբանում էին իբրև հերոսների՝ կորոնավիրուսի դեմ անձնազոհ պայքարի համար: Հիմա, երբ պանդեմիայի պիկն անցել է, նրանց համար դժվար ժամանակներ են: Լոմբարդիան Covid-19-ից ամենատուժած շրջանն է աշխարհում: Այնտեղի բժիշկները դժվարությամբ են դիմանում: Պաոլո Միրանդան բուժեղբայր է Կրեմոնի ինտենսիվ թերապիայի բաժնում: «Ես դարձել եմ ավելի նյարդային,-ասում է նա:- Արագ զայրանում եմ ու նույնիսկ սկսում եմ կռվել»: Մի քանի շաբաթ առաջ Պաոլոն սկսել է լուսանկարել, որ կազմի ռեանիմացիոն հիվանդասենյակի լուսանկարային տարեգրությունը: «Այն, ինչ մենք վերապրել ենք, չպետք է մոռացվի: Շուտով սա պատմություն կդառնա»՝ ասում է նա: Պաոլոն ցանկանում է հավերժացնել՝ ինչպես են իր գործընկերներն աշխատում երկրորդ փուլում, երբ կյանքն աստիճանաբար բնականոն հուն է վերադառնում: «Թեպետ արտակարգ դրությունը նվազում է, մենք առաջվա պես մեզ զգում ենք ինչպես խավարում,-ասում է նա: -Կարծես մենք վիրավոր ենք: Մեր ներսում է այն ամենը, ինչ տեսել ու զգացել ենք»: Նրա վիճակում է ռեանիմացիոն բուժքույր Մոնիկա Մարիոտին: «Մեզ համար հիմա ավելի դժվար է, քան ճգնաժամի ժամանակ,- ասում է նա:-Այն ժամանակ մեր դիմաց տեսանելի թշնամի կար: Հիմա ռեֆլեքսիայի հնարավորություն կա, և ես ինձ մոլորված եմ զգում, իսկ գոյությունս՝ աննպատակ»: Համաճարակի պիկին նրանք ներքին մեծ կենտրոնացման մեջ էին ու զբաղված ամեն վայրկյան, հիմա լարումը թուլացել է, նաև՝ ադրենալինը: Փոխարենը դուրս է նետվում ամբողջ ստրեսը, որ կուտակվել է վերջին ամիսներին: «Ես տառապում եմ անքնությամբ ու մղձավանջներով,- պատմում է Մոնիկան:-Գիշերը 10 անգամ արթնանում եմ սրտխփոցից ու օդի պակասությունից»: Նրա գործընկեր Էլիզա Պիցեյրան ասում է, որ արտակարգ դրության ժամանակ իր եռանդն անսպառ էր թվում, իսկ հիմա սպառվել է: Նա ուժ չի գտնում տունը հավաքելու ու ճաշ եփելու: Հանգստյան օրերի մեծ մասն անցկացնում է բազմոցին նստած:
Մարտինա Բենեդետին ռեանիմացիոն բուժքույր է Տոսկանայից: Նա մինչև հիմա վախենում է հարազատներին ու ընկերներին հանդիպել, որ նրանց չվարակի: «Ես սոցիալական հեռավորություն եմ պահում նույնիսկ ամուսնուցուս,-պատմում է նա: -Մենք տարբեր սենյակներում ենք քնում»: Նվազագույն ջանքը նրան անհնար է թվում: «Ամեն փողոց դուրս գալիս տագնապի զգացում եմ ունենում ու շտապում եմ վերադառնալ»՝ բողոքում է Մարտինան: Որքան շատ է մտածում, այնքան իրեն անվստահ է զգում: «Ես վստահ չեմ, որ ուզում եմ բուժքույր աշխատել,-ասում է նա:-Այս երկու ամսում ես ավելի շատ մահեր եմ տեսել, քան անցած 6 տարում»:


Առավել տուժած շրջաններում Covid-19-ի դեմ պայքարած իտալացի բժիշկների 70%-ը տառապում է ներքին դատարկության զգացումից՝ ցույց է տվել վերջին ուսումնասիրությունը: «Փաստացի բժիշկների ու բուժքույրերի համար հիմա ամենածանր պահն է,-ասում է հետազոտության ղեկավար Սերենա Բարելոն:- Երբ մարդը պայքարում է ճգնաժամի դեմ, օրգանիզմն արտադրում է ստրեսը հաղթահարող հորմոններ: Բայց երբ վերջապես ստանում է թուլանալու ու իր հետ կատարվածը նորից վերապրելու հնարավորություն, իսկ նրա շուրջբոլորը հասարակությունն առաջ է գնում, ամեն ինչ փլվում է ու նա իրեն զգում է ֆիզիկապես ու հուզականորեն դատարկված»: Դոկտոր Բարելոն կարծում է, որ շատ բժիշկներ ու բուժքույրեր համաճարակից հետո դեռ երկար տառապելու են հետտրավմատիկ սինդրոմիով, որի ազդեցությունը կարող է ձգվել ամիսներ ու նույնիսկ տարիներ՝ թունավորելով մարդու կյանքը: Բժիշկների համար դա նշանակում է, որ չեն կարող նույն եռանդով ու կենտրոնացումով աշխատել, որ պահանջում է իրենց մասնագիտությունը:


Ամբողջ աշխարհում ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, որ վտանգում են իրենց կյանքը, փառաբանում են իբրև հերոսներ: Բայց Իտալիայում համաժողովրդական սերը նրանց նկատմամբ նվազում է: «Երբ յուրաքանչյուրը վախենում էր մեռնել, մենք հանկարծ դարձանք հերոսներ: Բայց հիմա մեզ սկսել են մոռանալ,-ասում է Մոնիկա Մարիոտին:-Շուտով մենք նորից կդառնանք մարդիկ, որ ինչ-որ մեկի հետույքն են մաքրում, ծույլ ու առանձնապես ոչ անհրաժեշտ»: Թուրինում բուժքույրերը ցույցի են դուրս եկել՝ պահանջելով ճանաչել իրենց ծառայությունները: Նրանք շղթա են կազմել ու գլուխներին են դրել աղբի համար նախատեսված տոպրակները՝ հիշեցնելով՝ ինչպես էին ստիպված աշխատել հիվանդասենյակներում, երբ չէին հերիքում անհատական պաշտպանության միջոցները: «Մարտին մենք հերոսներ էին, իսկ հիմա մեզ մոռացել են»՝ բղավում էր նրանցից մեկը մեգաֆոնով: Աշխատանքի դիմաց նրանց պարգևատրում են խոստացել ու դեռ չեն վճարել:
Իտալիայում Covid-19-ից մահացել է 163 բժիշկ ու 40 բուժքույր, չորսը ինքնասպան է եղել: Բժիշկների խոսքով՝ մարդիկ իրենց այնպես են պահում, ասես, ոչ մի համաճարակ չի եղել: «Ես ահավոր զայրանում եմ»՝ ասում է Էլիզա Նանինոն, որ խնամել է Covid-19-ով վարակվածներին տարեցների տներում: Կարանտինի թուլացումից հետո նա մշտապես տեսնում է մարդկանց խմբեր, որ ուտում-խմում են առանց դիմակներ կրելու ու ոչ մի սոցիալական տարածություն չեն պահպանում: «Ես ուզում եմ մոտենալ ու նրանց դեմքին բղավել, որ բոլորին են վտանգի ենթարկում: Դա հարգանքի բացակայություն է իմ ու իմ գործընկերների նկատմամբ»,-ասում է Էլիզա Նանինոն: Բոլոր բժիշկները համաձայն են, որ համերկրացիների աջակցությունն օգնել է դիմանալ ճգնաժամին: «Ես հերոս չեմ, բայց ես ինձ շատ անհրաժեշտ եմ զգում»՝ ասում է Պաոլո Միրանդան:


«Շրջապատի երախտագիտությունը լավագույն օգնությունն է պոստտրավմատիկ սինդրոմը հաղթահարող բուժաշխատողներին,- գտնում է դոկտոր Բարելոն:-Մեզնից յուրաքանչյուրը այսօր կարող է կարևոր դեր խաղալ: Մենք չպետք է մոռանանք՝ ինչ են արել մեզ համար բժիշկներն ու բուժքույրերը»: Զինվորները վերադառնում են պատերազմից ու հոգեկան ցավը բուժում են տանը: Բուժաշխատողներին սպասում է հերթական 12-ժամյա հերթապահությունը: Նրանք պետք է ցավը բուժեն այնտեղ, որտեղ զգացել են: «Ես ինձ պատերազմից վերադարձած զինվոր եմ զգում,-ասում է Պաոլո Միրանդան:-Իհարկե, ես փողոցներում զենք ու դիակներ չեն տեսել, բայց ինձ թվում է՝ խրամատներում եմ եղել»:
BBC


Հ.Գ. Մարդիկ ուզում են արագ մոռանալ մղձավանջը, և բնական է, որ շտապում են իրենց այնպես պահել, ասես, ոչինչ չի եղել: Բայց նրանք չեն եղել մեռնողների կողքին ու չգիտեն՝ ինչ են տեսել ու զգացել բժիշկներն ու բուժքույրերը՝ անօգնական լինելով նրանց փրկել: Հետո՝ նորից ու նորից: Սա բժիշկների այս սերնդի մեծ ողբերգությունն է ոչ միայն Իտալիայում, այլև՝ ամբողջ աշխարհում Պոստտրավմատիկ սինդրոմը դեռ կայցելի նրանց, երբ իրենց երկրներում հաղթահարվի կորոնավիրուսը ու շունչ քաշելու հնարավորություն ստանան: Նաև՝ Հայաստանում: Թեպետ մեզ մոտ այլ իրավիճակ է, եթե առաջ կարգախոսը «Կորոնավիրուսը ու՞մ շունն էր», հիմա չի բացառվում, որ պարզվի՝ կորոնավիրուսի հարցում Իտալիան ու՞մ շունն է: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատանալ: «Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Համաճարակի տարածման այսպիսի տեմպը բերում է ծանր դեպքերի և մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է», - ասել է նա: Հա՞ որ: Թե՞ կառավարության ու հատկապես առողջապահության նախարարի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ