ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Էմանուել Մակրոնը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում

Էմանուել Մակրոնը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում
20.05.2020 | 10:39

Մայիսի 19-ին նախագահի «Առաջ, Հանրապետություն» կուսակցության մի քանի պատգամավորներ նոր խմբակցություն ձևավորեցին Ազգային ժողովում՝ նախագահ Էմանուել Մակրոնը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում, Սենատում մեծամասնություն նա չուներ:


Ֆրոնդյորները Մակրոնի կուսակցության ձախ թևի ներկայացուցիչներն են: Նրանցից մեկը՝ պատգամավոր Օրելիան Տաշեն Journal du Dimanche-ին հարցազրույցում ասել է, որ ինքը միշտ ձախ հայացքներ է ունեցել և հասկացել է, որ հայացքները պահպանելու համար պետք է հեռանա նաագահի քաղաքական ուժից: Մակրոնի ֆրոնդյորները, այլ կուսակցություններից իրենց միացած պատգամավորների հետ ստեղծել են «Բնապահպանություն, ժողովրդավարություն, համերաշխություն» խմբակցությունը, որ դեռ ունի 17 անդամ: Նրանցից է Դելֆին Բատոն՝ բնապահպանության, ապա արդարադատության (նախագահ Ֆրանսուա Օլանդի օրոք) նախարարը և Սեդրիկ Վիլանին՝ Փարիզի քաղաքապետի թեկնածուն, որ հրաժարվեց հանել իր թեկնածությունը, չնայած նախագահ Մակրոնի համառ հորդորին: Վիլանին արդեն մակրոնական չէր, նրան հեռացրել էին «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունից (ֆրանսերեն LREM)՝ կուսակցական կարգապահությանը չենթարկվելու համար, իմա՝ Փարիզի քաղաքապետի մեկ այլ թեկնածուի ճանապարհից չհեռանալու համար: Թեկնածուն Բենժամեն Գրիվոն էր: Բայց հունվարի վերջին ոչ նախագահ Մակրոնը, ոչ կուսակցությունը չգիտեին՝ ինչ սկանդալ է իրենց սպասում: Նոր խմբակցության ևս մեկ պատգամավոր՝ Մարտին Վոները, երկու շաբաթ առաջ է հեռացվել կուսակցությունից, երբ դեմ է քվեարկել մեկուսացման ռեժիմից դուրս գալու կառավարության ծրագրին: «Այս պատգամավորները հեռանում են LREM-ից, որովհետև գտնում են, որ չեն կարողացել արտահայտել իրենց ձգտումները երեք տարի: «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը խոստացել էր հաղթահարել քաղաքական խզումը, այս պատգամավորները արձանագրում են, որ իրենց մտադրությունները ձախողվեցին»՝ հայտարաել է Վիլանին AFP-ին հարցազրույցում: Սեդրիկ Վիլանին Մակրոնի կուսակցությունից հեռացվեց՝ հրաժարվելով LREM-ի հաստատած թեկնածուի՝ Բենժամեն Գրիվոյի դրոշի տակ կանգնել: «Ես հիմա կշահեմ նաև երևալու տեսակետից» նոր խմբակցություն ստեղծելու պատճառներից մեկն է համարել Ֆրանսուա-Միշել Լամբերը 20 minutes-ին հարցազրույցում: «Առաջ Հանրապետություն» կուսակցությունում նկատելի լինելու համար պետք է ղեկավարությանը մոտ լինել, շատ նեղ շրջանակի, կամ ֆրոնդյոր դառնալ: Իսկ երկու բևեռների միջակայքում 250 պատգամավոր կա, որ գործնականում լսելի չէ»: Լամբերը գտնում է, որ փոքր խմբակցության պատգամավոր լինելն ավելի շահեկան է զուտ ընթացակարգային առումով՝ ավելի հաճախ ես ստանում խոսափողը նիստերում, ավելի հաճախ կարող ես կառավարությանը հարցեր տալ…
Կառավարությունը, բնականաբար, դժգոհ է պատգամավորների գործողություններից, որ «կառուցողական աշխատանքի» փոխարեն լքում են նախագահի թիմը դժվար պահին: Էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը France Inter ռադիոկայանին հարցազրույցում կատարվածն անվանել է «շփոթ», իսկ շփոթի մասնակիցներին մեղադրել է, որ նրանց գործողությունները կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման պատմական պահի բարձրության վրա չեն:


Ազգային ժողովում «Առաջ, Հանրապետություն» խմբակցության ղեկավար Ստանիսլաս Գերինին ասել է. «Հենց հիմա պետք է թևքերը քշտած ու միասին աշխատել, մտածել, նույնիսկ տարաձայնություններ ունենալով, բայց փոխարենը ֆրոնդյորները գնացինն իրենց անհատականության հետևից»: Նրա խոսքերը մեջբերել է France 24-ը:
Նոր խմբակցությունը 9-րդն է Ազգային ժողովում: Նախագահի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը, որ 2017-ի հունիսին (ընդամենը մեկ տարի հետո, երբ Մակրոնը հայտարարեց կուսակցության ստեղծման մասին),
բացարձակ մեծամասնություն ստացավ ստորին պալատում, իսկ հիմա կորցրեց կարևոր առավելությունը: Կատարվածն առայժմ կարևոր է սիմվոլիկ առումով, Էմանուել Մակրոնը առաջվա պես կարող է հույսը դնել բարեկամ MoDem կենտրոնամետ կուսակցության պատգամավորների (խմբակցությունը 47 անդամ ունի) և աջ կենտրոնամետ UDI-Agir-անկախների խմբի վրա՝ 28 անդամ: Չի բացառվում նաև սկզբունքային հարցերում նոր խմբակցության անդամների հետ պայմանավորվածությունը՝ հիմա նրանք «օտար» են, բայց գոնե մի քիչ «յուրային» են: «Ռիսկ կա, որ նոր խմբակցությունը կդառնա LREM-ի կցորդը»՝ հայտարարել է պատգամավոր Ժան Միշել Կրեմենը, որ Մակրոնի կուսակցությունից հեռացել է 208-ին: Բոլոր դեպքերում «օտարների» հետ, նույնիսկ եթե նրանք կցորդ են, պայմանավորվելն ավելի բարդ ու թանկ է: Մակրոնի LREM խմբակցությունում մնացել է 288 պատգամավոր 314-ից, որ 3 տարի առաջ մտան Ազգային ժողով: Բացարձակ մեծամասնության համար պետք է ունենալ 289 պատգամավոր: Սիմվոլիկ պարտությունից հետո Մակրոնի կուսակցության համար դժվար չէ սիմվոլիկ հաղթանակ տանել՝ պետք է համոզել ընդամենը մեկ պատգամավորի:
RFI


Հ.Գ. Սա, իհարկե, կորոնաճգնաժամի հաղթահարման օրերին, հարված է թիկունքից: Քաղաքական սկանդալ նախագահի կուսակցությունում, որ սպասելի էր: Նախ՝ կարճ ժամանակում ստեղծված ու արագ իշխանության հասած ցանկացած կուսակցությունում միշտ լինում են կարիերիստներ, որ ինչ-որ պահից գնում են իրենց գնահատականով՝ իրենց հաջողության հետևից, երկրորդ՝ 314 պատգամավոր ունեցող խմբակցությունում միասնականությունը պահել չափազանց դժվար է, երբ մոտենում են ընտրությունները: 2022-ին LREM-ը գնալու է ընտրությունների, և յուրաքանչյուր պատգամավոր հարկ է համարում երևալ հանրությանը՝ վերընտրվելու համար: Եթե դա չի հաջողվում կուսակցության շրջանակում, մնում է անհատական ջանքը: Էմանուել Մակրոնը միակը չէ, ոչ էլ վերջինն է, ում կուսակիցները կամ յուրայինները դավաճանում են: Նաև միակը չէ, որ հարկադրված է պայմանավորվել քաղաքական այլ ուժերի հետ՝ մեծամասնություն ստանալու համար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Տորիներից հեռացրեց տասնյակ պատգամավորների ու գնաց արտահերթ ընտրության, որ բրեկզիտը Համայնքների պալատը հաստատի: Հազիվ թե Մակրոնը այդ քայլին գնա այս իրավիճակում՝ կառավարությունը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու՝ կորոնավարակի հաղթահարում ու տնտեսության վերականգնում, քան ֆրոնդյորների դեմ պայքարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ