ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վիրտուալ և իրական Հայաստան, վիրտուալ և իրական թեկնածուներ, վիրտուալ և իրական ընտրություն

Վիրտուալ և իրական Հայաստան, վիրտուալ և իրական թեկնածուներ, վիրտուալ և իրական ընտրություն
25.01.2013 | 01:30

Նախագահական ընտրությունների քարոզարշավից անցել է ընդամենը չորս օր, իսկ անակնկալները տեղում են ինչպես անձրևը ծակծկված հովանոցից: Չասենք, թե շատ մեծ անակնկալները, բայց` այնուամենայնիվ:

Ի սկզբանե այս ընտրությունների առանձնահատկությունն էր չառաջադրվածների ընտրություն լինելը, ավելանում է ևս մի առանձնահատկություն` հրաժարվողների ընտրություն լինելը: ՈՒ չասենք, թե սա էլ շատ մեծ անակնկալ է: Պարզապես ձևավորվում է վիրտուալ ու իրական Հայաստանների պատկերը, որն էլ իր հերթին ստեղծում է վիրտուալ ու իրական թեկնածուների, որ իրենք իրենց, ոմանք նաև հասարակությանը առաջադրում են վիրտուալ ու իրական ընտրություն: Գուցե տարօրինակ է, բայց նույն այս սանդղակը վարից վեր ու վերից վար դասավորության դեպքում էլ մնում է ճիշտ: Իսկ պատճառը իրավիճակի ծայրահեղ որոշակիությունն է, որ ելքերի մեծ ընտրություն չի թողնում: Որքան էլ առաջին հայացքից հակառակն է, իրականում այս ընտրությունները խորապես ու դաժան մրցակցային են, պարզապես բուն մրցակիցը (իսկ գուցե մրցակիցները) գերադասում է ի հայտ չգալ, ներսից, խորքից, ուրիշների դեմքով ներկայացնել հավակնությունները: Թո՞ւյլ տարբերակ է, որ մեծ հեռանկարներ չի խոստանում: Այո, իհարկե, եթե խնդիրը հաղթանակն է, բայց այս դեպքում հաղթանակը բնավ էլ խնդիր չէ, խնդիրն իրենց մշտարթուն (իրենց կարծիքով` մշտամնա) ներկայությունը զգացնելն է, ինչ-որ պահից պարտադրելը, նվազագույնը` չմոռացվելը: Եվ դա ամենամրցակցային հայտն է` դու կընտրվես նախագահ, իսկ ես կմնամ քո հավերժական մրցակիցը հինգ տարի և ավելի: Իսկ «...և ավելին» սկսվելու է 2013 թվականի փետրվարի 19-ին ու կայանալու է, թե չի կայանալու, պետք է որոշել հենց փետրվարի 19-ին` ընտրությունների հաջորդ օրից, որպեսզի որոշարկվեն մինչև 2018-ը անցնելիք ճանապարհի բովանդակությունը, նպատակը, խնդիրը, իմաստն ու շարունակության անունը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` «Հնարավոր է», ու մնացածը նույնն է, ինչ արդեն եղել է խորհրդարանական ընտրություններում ու ավելի առաջ` սկսած ՄԱԿ-ի առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելուց: Կարևորը ասվում է մեկ բառով` «Հնարավոր է», ի՞նչ` կերևա ընթացքում: Համենայն դեպս` մարդը բաց է պահում հնարավորության դուռն իր և մնացածների առաջ, ովքեր այդ դռնով ինչ-որ տեղ գնալու շանս կտեսնեն:
Հրանտ Բագրատյանն ասում է` 100 օր, ու ծրագիր է բերում, խորապես համոզված, որ իր ծրագիրը կառուցված է այնպես, որ մարդիկ շահագրգիռ լինեն կատարելու: Որ պետությունն այդ ծրագրով պատասխանատու քայլեր է անելու և զարգանալու է: Իսկ ինչո՞ւ ոչ: Տնտեսագիտությունը քաղաքականության հետ ամենասերտ առնչվող, բայց երբեք նրան չփոխարինող մասնագիտություն է:
Անդրիաս Ղուկասյանն ասում է. «Վերջ շինծու ընտրություններին», բայց վերջ չի տալիս իր շինծու հացադուլին, որ իրականում բոլորովին էլ նպատակ չունի հասնելու Սերժ Սարգսյանի թեկնածության չգրանցմանը կամ միջազգային դիտորդների առաքելության մերժմանը, որովհետև Հայաստանում չեն կարող ժողովրդավարական ընտրություններ լինել: Ամենատարօրինակը` Անդրիաս Ղուկասյանը նույնիսկ փառասիրական նկրտումներ չունի, համահայաստանյան ու միջազգային կառույցներում հանրաճանաչությունը նրան բոլորովին անանհրաժեշտ կապիտալ է: Հազիվ թե ընտրություններից հետո նա մտադիր է նոր կուսակցություն ստեղծել` ասենք` ԲՀԿ-2 կամ ՉՀԿ` «Չբարգավաճ Հայաստան» կուսակցություն, որպեսզի շարունակի լուծել այն խնդիրները, որ բարեհաջող չլուծեց ԲՀԿ-ն: Հացադուլն անժամկետ է, ինքնաբացարկի հույս չունենաք: Ամեն ինչ` ինչպես լավագույն ֆիլմերում, որոնց սցենարները գրում են «լավագույն» մտադրություններով:

Արամ Հարությունյանը համարում է, որ իր միակ ընտրողը Սերժ Սարգսյանն է, և Արտաշես Գեղամյանի լավագույն ավանդույթները շարունակելով` դիմում է միայն նրան, իսկ այդ դիմումից հետո խոսում է ամեն ինչից, բայց ոչ իր նպատակներից, որովհետև իրականում նա նպատակ չունի, նա խաղում է ուրիշի խաղը, իսկ իրենը լռությունն է, որի գինը նա շատ բարձր է գնահատում: Բոլորովին ապարդյուն: Եվ այն, որ խաղն իրենը չէ, առաջինն ապացուցում է ինքը` Արամ Հարությունյանը. նախ հայտարարում է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, հետո բացատրում է` «Իմ առաքելությունն այն է, որ ես ուզում եմ, որպես ՀՀ քաղաքացի, ասել իմ խոսքը, ես ուզում եմ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը քվեաթերթիկում մենակ մնա», ապա շարունակում է ելույթ ունենալ քարոզչությանը հատկացված եթերաժամանակում, խոստանալով, որ թեկնածությունը փետրվարի 8-ից կհանի (դա էլ արդեն իր դեպքում ավանդույթ է): Որպես քաղաքացի` եթե բոլորն ուզենան իրենց խոսքը բոլորին ասել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ժխոր է լինելու:
Բազմազանության համար Հայաստանի «ազատասեր քաղաքացիներին» է դիմում Պարույր Հայրիկյանը և, իր կարծիքով, ջանում է ամեն բառի մեջ հույս դնել` «Ծանր հոգեկան ճնշման տակ ենք, բայց հաղթահարելի է», և այլն, և այլն, ու նորից, ու նորից պատմում է իր կյանքը: Ենթադրելի է, որ ընտրարշավի ավարտին մենք բոլորով բարեհաջող կհասնենք Պարույր Հայրիկյանի ծննդյան օրվան: Իսկ նա ազգային ինքնորոշման բարձր գիտակցությամբ իր ծննդյան օր է ընտրել հուլիսի 5-ը, որ հետո ապօրինաբար դարձավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օր: Չգիտես` ինչո՞ւ ու ի՞նչ իրավունքով:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը կայացրել է ամենաիմաստուն որոշումը. նա ընտրարշավ չի վարելու մինչև փետրվարի 1-ը: Իր բացատրությամբ` մյուս թեկնածուների շանսերն է մեծացնում: Խորին շնորհակալություն` ընտրողների ժամանակը խնայելու, եթերային ինքնամեծարումները կրճատելու և ընդհանրապես էպոսագետ լինելու համար: Գուցե մինչև փետրվարի 1-ը որոշի, որ ընտրարշավ պետք է անցկացներ հունվարին, և ուղղակի իմաստ չունի սկզբից չսկսածը կեսից շարունակել, ու, ընդհանրապես, գոնե իր հարցում բախտներս կբերի:
Արման Մելիքյանն այս «շրջապատում» փորձում է քաղաքական դեմքի գործառնություններ իրականացնել: Եվ կստացվեր, համենայն դեպս, նախընտրական մարտավարության սկզբունքներն ու ամբողջ 7 դրույթ ներկայացնելուց հետո: Հիմնադրույթներ, որ կարող են ծրագրի տպավորություն ստեղծել կամ ծրագրի հիմք դառնալ, բայց... ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարարը նույնպես չի բացառում ինքնաբացարկը, քանի որ «առանց ընտրությունների օրինականություն ապահովելու` թեկնածուների մասնակցությունը քարոզարշավին անիմաստ է համարում»: Այդպես էլ հասկանալի չէ` ի՞նչն իմաստ ունի, ի՞նչն է անիմաստ, և ի՞նչ իմաստ ունի մասնակցել իմաստ չունեցող գործընթացներին: Գուցե նախագահի թեկնածուները նախ իրե՞նց համար պարզեն իրենց հարցերի պատասխանները, հետո հասարակությանը հարցեր ուղղեն ու իրենք էլ պատասխանեն:
Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում ասում է, որ ցանկանում է լինել ժողովրդի կողմից ընտրված ցանկալի նախագահ, բայց կոչ է անում քվեարկել խղճի թելադրանքով: «Եթե չկարողանանք անցկացնել լավ ընտրություններ, և մեզ պետք է մեղադրեն չարաշահումների մեջ, նշանակում է` մենք արժանի չենք, որ առաջնորդենք մեր ժողովրդին»,- ասել է նախագահի թեկնածուն և շարունակել արդարանալ. «Որոշ մարդիկ, և ոչ միայն մեր երկրի ներսում, փորձում են մեզ մեղադրել, որ ուժեղ մրցակիցներ չկան: Կարծես թե իշխանությունների գործն է, որ իր համար մրցակիցներ ստեղծի ու հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը»: Իշխանության խնդիր նա համարել է մրցակցային դաշտ ստեղծելը. «Մեր խնդիրն է հնարավորություն տալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել և պայքարել, որ այդ հնարավորություններից լիարժեք կարողանա օգտվել: Որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք ո՛չ առաջադրվելու, ո՛չ չառաջադրվելու համար»: Իսկ նախընտրական ծրագրով Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ «2018 թ. մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով գնալու ենք այդ ճանապարհով: ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»: Ճիշտ է, ծրագրում ոչ մի խոսք չկա, թե քանիսն են այդ Հայաստանին հասնելու:
Իսկապես խայտաբղետ, բայց շատ հստակ պատկեր է` ով ում հետ է, ով ում դեմ է, ով ով է հասկանալու համար: Եվ նորից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում իշխանության տարբեր թևեր պայքարում են միմյանց դեմ, իսկ տպավորությունը` որ ընդդիմություն կա: Առավել ևս, որ ընդդիմությունն էլ մեծագույն հաճույքով կրկնօրինակում է իշխանության գործելաոճը, մեծագույն սիրով ներգրավվում իշխանության ծրագրերում: Առայժմ` իբրև կատարող, և ակնհայտորեն շատ հեռու է գործընկեր լինելու ոչ միայն դերից, այլև գաղափարից: Ճիշտ է, ընդդիմության զգալի մասը նաև տարբերություն չի դնում նախկին ու ներկա իշխանությունների միջև: Հավանաբար, ոչ թե կարճատեսության, այլ հեռատեսության բերումով: Եվ այս ամենն իսկապես դառնում է իրական ու վիրտուալ Հայաստանների բախում, որտեղ իրական ու վիրտուալ ընտրողներին առաջարկվում է իրական ու վիրտուալ ընտրություն իրական ու վիրտուալ թեկնածուների միջև: Բառերի մեջ չխճճվեք, իրական Հայաստանը գուցե թե դեռ խաղի մեջ չի էլ մտել: Առայժմ իրադարձությունները զարգանում են վիրտուալ տարածքում, որտեղ երբեմն նաև նախագահի թեկնածուներն են ընտրարշավի շրջանակներում վարսավիրանոց մտնում ու շրջում շուկաներում, բայց դա պարտադիր չէ: Վիրտուալ տարածքի ամենագործուն օրենքը` տեսանելի ոչինչ, ամեն ինչ ստվերում, ստվերի համար ու ստվերելու ոչինչ, որի համար հնարավոր է մեղադրել ու պատասխան պահանջել, և ընդհանրապես վիրտուալ աշխարհը մնում է վիրտուալ` կարող ես տրվել հմայքին, բայց գործնական ոչինչ: Թվում է, թե այսպես է, որոշակի պայմաններում վիրտուալը սպառնում է վերադառնալ ու բացատրել` ով ով է, ով ինչի համար է, ով ում հետ է: Իսկ բերում է Պարույր Հայրիկյանի բախտը` նրա հաշվեհամարում գումարներ են հավաքվում, և նա հոգում է ընտրարշավի ծախքերը: Միայն Պառավաքար չգնա: Ծախսերը կարող են կտրուկ մեծանալ: Ընտրության օրը կերևա` որ Հայաստանն ինչպես է քվեարկելու: Բայց իրական պատկերը կերևա ոչ թե ընտրության օրը, այլ ընտրությունից հետո, երբ բոլորս շարունակելու ենք կյանքը իրական Հայաստանում, նույնիսկ վիրտուալում գրանցվածները: Եվ որքան մրցակցային ու աններում մրցակցային են այս ընտրությունները, այնքան մրցակցային ու անդառնալի մրցակցային է լինելու հետընտրական կյանքը` անցյալ հինգ տարին և հաջորդ հինգ տարին պարտադրաբար տարբեր պիտի լինեն: Եվ այս պարտադրանքն է, որ կարող է ապահով երկիր ստեղծել ապահովված (նախկինում նրանց ասում էին` բարգավաճ) քաղաքացիների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Նախագահի թեկնածուները դեռ չեն խոսել Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, ու սա այն դեպքը չէ, երբ լռում են, որովհետև ասելիք չունեն, կամ հարցն այլևս արդիական չէ, կամ հրահանգված է լռել: Թերևս Ղարաբաղի մասին կխոսեն վերջում` փետրվարին: Եվ, բացի նախընտրական նպատակներից, մի քիչ էլ 25-ամյակ կամփոփեն: Փետրվարը Հայաստանում հեղափոխական ամիս էր` 88-ից 98, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականով ավարտեց իր սկսած տասնամյակը, և փոփոխական ամիս էր ամբողջ 10 տարի, որ Ռոբերտ Քոչարյանը սկսեց 88-ին ու ավարտեց 2008-ի մարտի 1-ով: Այս տասնամյակը անվանեք դուք: Վերսկսելով փետրվարի 18-ին:

Դիտվել է՝ 2907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ