ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Քչերին հայտնի դրվագ Հայոց պատմությունից. Հայոց գահը զավթած Հռադամիզդի վախճանը

Քչերին հայտնի դրվագ Հայոց պատմությունից. Հայոց գահը զավթած Հռադամիզդի վախճանը
11.06.2024 | 09:15

1-ին դարի սկզբին՝ Արտաշեսյան արքայական դինաստիայի անկումից հետո, Հայաստանը կանգնեց նոր արքայատոհմ ունենալու խնդրի առջև։

Հայաստանի հարևան երկու գերտերություններից յուրքանչյուրը՝ Հռոմը և Պարթևստանը, ձգտում էին Հայոց գահին բարձրացնել իրենց թեկնածուին՝ դրանով նպատակ ունենալով Հայաստանին գրավել իրենց կողմը։ Քանզի Հայաստանի դիրքորոշումը վճառական նշանակություն ուներ տարածաշրջանում, որտեղ բախվում էին արևմուտքի և արևելքի՝ Հռոմի և Պարթևստանի քաղաքական շահերը։

Սակայն հայերը չէին հանդուժում օտար ուժերի զավթիչ քաղաքականությունը, իսկ այլազգի դրածո թագավորներն իրենց վախճանն էին գտնում Հայաստանում։ Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսն այս շրջանում Հայաստանն անվանել է «կամուրջներ չհանդուրժող Արաքս», այսինքն օտար տիրապետություն չճանաչող և չհանդուժող Հայաստան։

18 թ. հայերի համաձայնությամբ Հայասատանում գահ բարձրացավ Զենոն Արտաշեսը: Զենոնը վարում էր Հայաստանի պետական շահերից բխող քաղաքականություն, ուստի գահընկեց չեղավ և մահացավ իր բնական մահով:

Զենոնի մահից հետո Հռոմը հայոց գահը հանձնեց վրաց արքայազն Միհրդատ Իբերացուն: Նրա գահակալումը նշանավորվեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական հուժկու ապստամբությամբ, որի շնորհիվ Միհրդատը դուրս վռնդվեց, իսկ երկիրը մինչև 43 թ. վերականգնեց իր անկախությունը:

51 թ. հայոց գահը բռնազվթեց Միհրդատի եղբորորդին՝ վրաց Փարսման թագավորի որդի Հռադամիզդը, նախապես սպանելով հորեղբորը և կոտորելով նրա ամբողջ ընտանիքը: Սակայն հայոց գահին ամրանալու՝ Հռադամիզդի ճիգերն անհաջողության էին դատապարտված, քանզի նա իր հանցավոր գործողություններով ատելի էր հայ ժողովրդին։

Պատմիչները վկայում են, որ Հռադամիզդը ընչաքաղց էր, փառատենչ, և իր մերձավորների հետ զբաղված էր երկրում անզուսպ թալանով։ Միաժամանակ նա փորձում էր երկրում ատելության սերմեր ցանել։

Նման դաժան իրականությունը ստիպեց հայերին նոր ելքեր փնտրել։

52 թ․ Պարթևստանի արքա Վաղարշ 1-ինը և նրա եղբայր Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան և հայերի օգնությամբ Հռադամիզդին վռնդում են երկրից։ Վերջինս իր հղի կնոջ՝ Զենոբիայի հետ փախուստի է դիմում։

Մտածելով թե չի կարողանա ճողոպրել՝ ճանապարհին դաշույնահարում է նրան։ Կարծելով, թե կինը մահացել է, նրան նետում է Արաքս գետը։ Արաքսի ջրերը Զենոբիայի մարմինը հասցնում են ափ, որտեղ նրան գտած հայ հովիվները փրկում են, բուժում վերքերը և տանում հայոց արքունիք, որտեղ նա ծննդաբերում է և երկու զավակ ունենում։

Զավակներից մեկը հետագայում գահակալեց Վիրքում (Իբերիա) իբրև Փարսման Բ։

Հռադամիզդը մազապուրծ փախչում է Իբերիա-Վրաց աշխարհը, իր հոր՝ Փարսման Ա-ի մոտ։

Դաժան ձմեռը, պարենամթերքի պակասությունը և բռնկված ժանտախտն անպատրաստ պարթևական զորքերին ստիպում են նահանջել։

Կարճ ժամանակ անց պարթևներն հեռանում են Հայաստանից։

Հռադամիզդը կրկին վերադառնում է Հայաստան՝ հաշվեհարդար տեսնելու։

53 թ․ ներխուժելով Հայաստան, Հռադամիզդին հաջողվում է կրկին զավթել գահը։ Սակայն հայերին ատելի Հռադամիզդը երկար չի վայելում իր հաղթանակի պտուղները։

54 թվականին հայերն ապստամբում են և զինված պաշարում Արտաշատի արքայական պալատը։ Հռադամիզդը մի կերպ խուսափելով մահից, կարողանում է գաղտնուղիով կրկին փախչել Իբերիա։ Վրաստանում Հռադամիզդն այս անգամ փորձում է տիրանալ իր հոր՝ Փարսման Ա-ի թագավորական գահին։

Վրացական աղբյուրների հաղորդմամբ, Հռադամիզդը, վրացական արքունիքում հենվելով իր կողմնակիցների վրա, գահազուրկ է արել հորը, սակայն վերջինս կարողացել է հաղթել որդուն։

Տակիտոսի հաղորդման համաձայն, 20 օր թագավորելուց հետո, Փարսմանը մահապատժի է ենթարկում իր որդի Հռադամիզդին իբրև դավաճանի։

Սրանով ավարտվում է 51-54 թվականներին հայոց գահը զավթած Հռադամիզդի պատմությունը։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Հ.Գ.

Նկարիչ՝ Լուիջի Սաբատելի.

«Հռադամիզդը սպանում է Զենոբիային»

Դիտվել է՝ 11555

Մեկնաբանություններ