ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Շնորհավոր ծնունդդ, Մեծ մարդ

Սամվել ՍԵՎԱԴԱ. Շնորհավոր ծնունդդ, Մեծ մարդ
12.02.2013 | 15:32

2002 թվականի գարնանային մի օր Լոս Անջելեսի իմ արվեստանոցում աշխատում էի,Երևանից զանգ եկավ: Լիզա Ճաղարյանն էր.

«Սամ ջան, Հրանտ Մաթևոսյանը Լոս Անջելեսում է, հիվանդ է, եթե կարող ես` անպայման տես նրան»:
Մեծ գրողին մեկ անգամ էի տեսել կյանքում: 97 թվականի մայիսի 1-ին, երբ ես Երևանի գլխավոր նկարիչն էի, իմ ստեղծագործական խմբով ձևավորել էինք գազանանոցը և այդ օրը այգու բացումն էր:
Վանո Սիրադեղյանը, որ այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր, մեզ ներկայացրեց իրար: Հրանտը շատ զուսպ գլխով արեց, ձեռք տվեց ինձ ու մրմնջաց. «Գիտեմ, լսել եմ, ուրախ եմ...»:
Ես, որ ոչ միայն ծանոթ էի նրա գրականությանը, այլև ծայրեծայր ու բազմաթիվ անգամներ էի կարդացել ու խորին հիացմունք ունեի, հուզմունքից կարկամել էի:
Դա մեր առաջին ու վերջին հանդիպումն էր Երևանում:
Ու հիմա, Լիզայի զանգից հետո, մոլորվեցի, խառնվեցի իրար: Երկար մտածեցի, կազմակերպեցի մտքերս, առաջին դասարանցու նման զգաստ կանգնեցի ու .. զանգեցի: Հեռախոսազանգիս պատասխանեց կինը` տիկին Վերժինեն: Ես ներկայացա ու խնդրեցի փոխանցել հեռախոսը:
Փոխադարձ քաղաքավարական կարճ դիալոգից հետո խնդրեցի թույլտվություն` հանդոիպելու համար: Վարպետը լռեց, մտածեց, ապա ասաց. «Եթե հասցեն գիտես` առավոտյան արի»:
Մինչև առավոտ հասցեն էլ ճշտեցի Հրաչոյի դստեր միջոցով և, մի շիշ ընտիր վիսկի ու մրգերի մի կապոց ձեռքիս, ներկայացա:
Տիկին Վերժիկը բացահայտ քամահրանքով ձեռքիցս վերցրեց բերածս, հընթացս շպրտելով. «Էս շիշը լրիվ ավելորդ էր»: Ու մեզ մենակ թողեց:
Մոտ 3 ժամ տևեց մեր զրույցը: Ես զգացի, որ հոգնեցնում եմ արդեն վիրահատությունից նոր դուրս եկած մարդուն ու, պարտքս կատարած համարելով, հրաժեշտ տվեցի նրանց:
Մյուս օրը` առավոտյան 10 -ին մոտ, տիկին Վերժիկը զանգեց. «Այ տղա, Հրանտն ասում ա` արի միասին նախաճաշենք»:
Վեր կացա ու մեքենայով սլացա դեպի Գլենդելի հյուսիսում, գեղատեսիլ բլուրների վրա գտնվող այն մենատունը, որտեղ հանգրվանել էին Մեծ Վարպետն ու իր կինը:
Այնուհետև, եթե մի օր էր լինում, որ ուշանում էի կամ զբաղված էի լինում, տիկին Վերժիկը զանգում էր. «Այ տղա, չգիտե՞ս որ առանց քեզ հաց չի ուտում էս մարդը, շուտ վեր կաց արի»:
Այսպես սկսվեց մեր մեծ բարեկամությունը, որի մասին մինչև հիմա լռում էի, բառեր չգտնելու պատճառով, որի վկան իմ կատարած բազմաթիվ լուսանկարների այն ալբոմն է, որից միայն մի քանիսն եմ լույս աշխարհ հանել, և իհարկե տիկին Վերժիկը, ով, չնայած մինչև հիմա շարունակվող մեր բարեկամությանը, այդպես էլ չներեց ինձ վիսկիի շիշը...
Շատ հետաքրքիր հուշեր կան Մեծ Մարդու ու Գրողի հետ կապված, ում հետ 3 ամիս ամեն օր առավոտից երեկո անցկացրեցի ու հարստացա, և որոնք հանձնում եմ թղթին` մի օր լույս ընծայելու ակնկալիքով:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի Հրանտ:

Դիտվել է՝ 6084

Մեկնաբանություններ