Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ծիծեռնակաբերդի ու Եռաբլուրի ճանապարհները հիշատակի և հարության խորհուրդն ունեն. գնանք խոնարհումով

Ծիծեռնակաբերդի ու Եռաբլուրի ճանապարհները հիշատակի և հարության խորհուրդն ունեն. գնանք խոնարհումով
24.04.2024 | 06:55

Քրիստոնյա հայ ժողովուրդը նույնպես, Քրիստոսի նմանությամբ, երկրային կյանքում հրաշքներ գործում, հալածվում, մատնությամբ դատապարտվում, չարչարվում, խաչվում, գերեզման դրվում, այնուհետև Երկնային Հոր կամոք հարություն առնում և շարունակում է հավիտենական կյանքի աստվածընծա երթը։ Ասածիս պատմական վառ վկան 1915-ին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունն է։ Նեռի նպատակն էր թողնել միայն մեկ հայ, այն էլ որպես թանգարանային նմուշ։ Սակայն, դահճային կոտորածներից մազապուրծ եղածները վերընձյուղվեցին և այդպիսով աշխարհում ծնունդ առավ ու կյանքի կոչվեց հայ Սփյուռքը։

Ցավոք, հալածանքները շարունակվում են և ազգը շարունակ կորուստներ է կրում, այդ թվում` Հայաստանին պատկանող տարածքները հայտնվում են հակառակորդի, մեզ իրեն թշնամի համարողի ձեռքում։ Եվ ինչպես որ Քրիստոսին
մատնող-խաչողները յուրայիններն են, այդպես էլ քրիստոնյա հայ ժողովրդին, քրիստոնյա Հայաստանին մատնող-խաչողները յուրայիններ համարվածներն են` սկսած 1990-ականներից մինչև օրս։ Վահան Տերյան զավակը հարյուր տարի առաջ մարգարեական խոսք է ասել. «Մեզ խաչ են, խաչ են հանում ամեն օր»։

Գիտենք, և երկու կարծիք լինել չի կարող, այս արևի տակ, «Երկիր» մոլորակի վրա (ինչպես և տիեզերքում) պատահական բան (երևույթ, եղելություն, դեպք) գոյություն չունի։ Ոչ
պատահաբար կուրացածներ ու կույրեր կան, ոչ համրեր, խուլեր և ոչ էլ պատահաբար հաշմվածներ։ Չարի հարձակումները նույնպես պատահականություններ չեն։ Դիվային հոգին, որ աներևույթ թափառում է, անջուր տեղ է փնտրում (Աստծո խոսքից զուրկ), բաց դուռ է փնտրում, որպեսզի մտնի։ ՈՒրեմն, մենք ազգովի խոցելի տեղեր (կողմեր) ունենք և դա մեր մեջ է և ոչ թե մեզնից դուրս։ Նախ խոցելի է մեր մտածողությունը (նաև` ավանդություն կոչվածը)։ Ասենք, փոխանակ հավատանք և հավատարիմ գտնվենք մեզ շարունակ հարության կոչող Հորը, որ երկնքում է, այլ կերպ ասած, փոխանակ աստվածապաշտ լինենք, հավատանք հոգու անմահությանը, մեր հանգուցյալներին գերեզմանում ենք փնտրում` մեռելոցներ հռչակելով։ Գլուխներս խոնարհաբար կախելու օրեր ունենք, իսկ արդյոք ունե՞նք գլուխներս բարձր պահելու, ձեռքերս պարզած դեպի երկինք նայելու, հոգով ու սրտով խոնարհվելու օրեր։ Չունենք։ Գնալով պակասում են նույնիսկ հայության հավիտենության խորհրդանիշ աստվածաշնչյան Արարատ լեռանը նայողները։ Ինչու՞։ Տարբեր պատճառներով։ Նախ հոգևորը տեղի է տալիս մարմնավորին, մարմնի ցանկությանը և ապա մեր մտածողությունն անկատար է, ի սկզբանե անկատար է մեր մոտեցումը։

Տեսեք, թե ինչ ջերմեռանդությամբ, ինչ նվիրումով, ինչ սիրով, ինչու չէ, ինչ կսկիծով ենք գնում, ասենք, Եռաբլուր։ Չեմ ասում չգնանք, այլ ասում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները և ժողովուրդը նույն նվիրումը, նույն սերը, կսկիծը, նույն հառաչանքն ու ափսոսանքն ունենային ժամանակին, երիտասարդ զինվորների կենդանությանը, հաղթանակներ էին տոնելու, գերեզմաններն աճելու փոխարեն, երեխաներն էին աճելու և բազմանալու‘ լցնելով ու շենացնելով երկիրը։ Ճար չկա՞ր։ Ճար կար, հնար կար, ճարն ու հնարը տեսնողը չկար. հիմքում դավաճանությունն էր և ոչ դավանանքը, հիմքում անմիաբանությունն էր, ատելությունը և ոչ միաբանությունն ու սերը։

Դեռևս էն գլխից, այո, էն գլխից, մեր ժողովրդին ուղեկից է, համոզմունք. իրբև թե գիտակցված մահն անմահություն է։ Մարդիկ կարծում են` անմահանալու համար հարկավոր է մեռնել։ Ո՛չ, անմահությունը մահով չի գալիս, մահը բոլորովին կապ չունի անմահության հետ, որովհետև մեռնողը մարմինն է, որը, ինչպես ասված է Աստվածաշունչ սուրբ գրքում, կյանք ունենալուն չի էլ նպաստում։ Անմահությունը հոգևոր երևույթ է, բնույթով հոգևոր է և պատկանում է հոգուն և ոչ մեռնող, նեխող, հող դարձող մարմնին։ Անմահությունը Աստծո հետ, հավատքի հետ կապված երևույթ է։ Մահը մահ է` լինի գիտությամբ, լինի անգիտությամբ։ Մեռնելով բարձունք չես նվաճի և ոչ էլ կպահես։ Հրաշքն ապրելով հաղթելն է։ Նույնիսկ մեր մեծ համարվածները, դուրս չեն եկել մտքի այս որոճից.Հովհաննես Շիրազը, ահավասիկ, ասում է. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Ճշմարիտ բանաստեղծությունը հավիտենական կյանքի խոսք է լինելու, այլապես զգացմունք է, անմտություն։ Հարցնող լիներ. «Վարպետ, ինչո՞ւ մեռնեք, կատարյալ ուրախություն ապրեցեք, խաղաղություն գտեք, հանգստացեք և փառավորեցեք Աստծուն»։
Երեկ էլ Համո Սահյան հրաշք բանաստեղծը, դժգոհելով իշխանություններից, հառաչում է. «...Սրա՞նք են այս երկրի տերերը, // Աղոթեմ, որ մահս շտապի»։ Սիրելի վարպետ Համո Սահյան, բա մեռնելու համար կաղոթե՞ն, արժե՞, իսկ ինչու՞ չաղոթել, որ Աստված փոխի այդ իշխանությունների միտքն ու մտածողությունը կամ էլ օգնի, որպեսզի նորերը գան, Աստծուն հաճո եղածները գան։ Մեռածը կարո՞ղ է օգտակար լինել ազգին, ընտանիքին, իր երեխային, թոռանը, չի կարող։ Կյանքը, հարկավ, ապրելով է կյանք և ոչ մեռնելով։

Չէ՞ որ աշխարհում կա, գոյություն ունի մեկ այլ կարգախոս, որ հատուկ է մասնավորապես հրեաներին. «Կռվել, հաղթել և ողջ մնալ»։ Հրամանատարներ էլ են լինում, որ հորդորում են կռվի դաշտ իջնող զինվորին. «Հերոսը նա է, ով մարտադաշտից վերադառնում է հաղթանակով»։ Այնպես որ, ապրելն է հերոսություն և ոչ մեռնելը։ Մեռնելո՞վ անմահանալ. զավեշտ է։ Հովհաննես Թումանյանն ամենայն ցավով է գրում նահապետական գյուղում ապրողի արտահայտած միտքը. «Ապրում ենք, էլի, ամեն մեռնողին երանի տալով»։ Այս ամենի հիմքում, այս մտածողության հիմքում, անշուշտ, ընկած է տգիտությունը։ Մեկ անգամ էլ հիշեցնեմ Աստծո խոսքը. «Գիտությունը չունենալու պատճառով իմ ժողովուրդը կործանվեց»։ Խոսքը վերաբերում է Աստծո խոսքի գիտությանը։ Ահավասիկ, Թուրքիան` իր թուրք ժողովրդով, նույնպես չունի Աստծո խոսքի գիտությունը, այլապես օր առաջ կընդունի
1915-ին կատարված ցեղասպանությունը և այդպիսով կապաշխարի, կփրկվի մեղքի վարձք մահից։ Իսկ մենք` հայերս, մեր հերթին, կներենք, և կշարունակվեն մեր միջև երբեմնի եղած բարիդրացիական հարաբերությունները։

Տեսեք, Գերմանիան ընդունեց Հոլոքոստը, վճարեց հրեայի արյան գինը, երկիրը դուրս բերեց անեծքի տակից։ Գերմանիան սկսեց ծաղկել, այսօր էլ հատուկ վերաբերմունք ունի հրեայի հանդեպ, երկրում տեղ է տալիս, քաղաքացիություն է տալիս, ապրելու և գործելու պայմաններ է ստեղծում։ Իսկ հրեան, այն է` Իսրայելը, հետևություն արեց գլխին եկածից, գիտակցեց, որ երկրի սահմանը և հրեա ժողովրդի ինքնությունը պահել հնարավոր է զինվելով ու զորանալով, Ամերիկայի (նաև Անգլիայի) նման դաշնակից ունենալով և աշխարհի բանկային համակարգը կառավարողներից մեկը լինելով։ Հրեա օլիգարխը հարստացավ (երկիրը զորացնելով և ոչ թե հայ իշխանավորի նման երկիրը և երկրի ժողովրդին խեղճացնելով կուտակեց)։

Այնպես որ, ապրիլի 24-ը ոչ միայն խոնարհումի, հարգանքի տուրք մատուցելու, այլև ինքնաճանաչման, ինքնաքննության և հոգևոր արթնության գալու օր է։ Եվ որպեսզի դիվային ուժերի հանդեպ բացված դռները փակվեն, հայ ժողովրդին, հայոց ազգին, Հայաստանի Հանրապետությանը, հարկավոր է Աստծուն հաճո, բնույթով ազգային ու ազգի համար այրվող (Ստալինի նման փող չճանաչող) մի անձ, անհատականություն, որպեսզի հովվի հայոց հոտը և առաջնորդի փրկության շավիղներով։

ՈՒրեմն, մեր խոնարհումը բերենք, աղոթենք Ամենակարող Աստծուն, որպեսզի կատարյալ դարձնի հայոց ազգի անկախությունն ու ազատությունը։
Ինչպես չհիշել Վահան Տերյանին. «Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար»։

Սիրով ու տրտմությամբ`
Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ
Վրաստան, Ախալցիխեի շրջան,
գ. Սխվիլիսի, ապրիլ, 2024 թ.

Դիտվել է՝ 4120

Մեկնաբանություններ