ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Քոչարյանն ախպերս է, Սերժը՝ ընկերս, Կարեն Կարապետյանի մասին էլ խոսք չկա...»

«Քոչարյանն ախպերս է, Սերժը՝ ընկերս, Կարեն Կարապետյանի մասին էլ խոսք չկա...»
17.10.2008 | 00:00

ԱԼԱԲԱՇ՝ ԴՈՒ ԱԼԱԲԱՇ
ՏԻՄ ընտրություններն իշխանական «ընդերքը» բացելու անսահման հնարավորություն են: Խոսքը կոնկրետ դեպքում ևս մեկ անգամ գյուղապետ դառնալուն «միտված» հայոց ամենապատմական գյուղերից մեկի` Օձունի գյուղապետ (դե՜ռ 96-ից), ՀՀԿ-ական Մելիք Այվազյանի մասին է:
Ալաբաշ Մելո. այդպես են անվանում նրան համագյուղացիները, ընդ որում, սույն գյուղապետը փոխարինել է «Ավերակիչ» մականունով գյուղապետին:
Եվ, ուրեմն, սույն Մելոն առավոտյան զարթնում, բարլուսախառը «հրովարտակում» է ի ծագս աշխարհի` «Քոչարյանն ախպերս է, Սերժը՝ ընկերս, Կարեն Կարապետյանի մասին էլ խոսք չկա...», չկա, որովհետև 2007-ին, բայց հատկապես 2008-ին, երբ Կարեն Կարապետյանն օրերով բացակայում և «ձայներ» էր հավաքում յուր հարազատ երկրամասից` ՀՀԿ-ի ու «նախագահի» համար, Մելոն ալաբաշորեն մեծ օգնականություն էր ցուցաբերում: Ինչպե՞ս` հարցրեք համագյուղացիներին (նման ամեն մի ընտրությունից հետո պատմական Օձունի ճամփեքով սահում են նրա թոփ-թազա «ջիպերը»): Այդ իսկ պատճառով էլ նա այսօր լիարժեք իրավունք ունի «ընկերության» անունից հայտարարություններով հանդես գալու ամեն ինչից վաղուց զզված ու հոգնած իր համագյուղացիների սարսափած աչքերի առջև:
Ինչո՞ւ սարսափած. հարգարժան գյուղապետի ու նրա որդու` գյուղի դեզերը հրդեհելու, գյուղացիներին դանակահարելու (հուր ու երկաթի են արժանանում նրանք, ովքեր պարոն Մելոյին չեն պաշտպանում) և մնացյալ հույժ «ընկերական» պատճառներով:
Մի կողմ թողնելով վիպական այս էքստրիմը (Հրանտ Մաթևոսյանն ասում էր` էդ կողմերում վեպը փողոցում գցած է, վերցնող չկա)՝ անդրադառնանք «նամակի բուն բովանդակությանը»:
Ի դեպ, հիշենք, որ Օձունն այն գյուղն է, ուր առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին դիմավորեցին անչափ ջերմ, գյուղի քահանա, մուսալեռցի տեր Վրթանեսի առաջնորդությամբ (թե ինչքան էր դրանից «այլայլվել» պարոն գյուղապետը` մի հարցրեք գյուղացիներից): Առաջին նախագահն էլ օձունցիներին խոստացավ. կընտրվի, կվերականգնի Օձունի պատմական եկեղեցին, որն անմխիթար վիճակում է:
Մոտ քսան օր հետո կառավարությունը, փորձելով օձունցիների սիրտն առնել, նախաձեռնությունն առաջին նախագահից «իր ձեռքը վերցրեց», «պատմական» որոշում կայացրեց` վերականգնել եկեղեցին, նրա գմբեթը... Առայսօր ոչինչ արված չէ, որպեսզի գոնե պարոն գյուղապետն «ընկերաբար» հիմնարկեք կատարեր կիրակի օրը համայնքում սպասվող ընտրություններից առաջ:
Սակայն «ընկերության» նվիրյալը յուր հոգևոր գործունեությունն այդպիսի «մանրուքների» պատճառով ամենևին չէր կասեցրել. ահա և` ֆրանսիական մի կազմակերպություն Օձունում խմելու ջրագիծ է կառուցում։ Ժամանակն անիմաստ չկորցնելով` աչքաբաց գյուղապետը գյուղ ժամանած մորմոնների հետ գործարք է կնքում, և վերջիններս նրան ջրի խողովակներ են նվիրում։ Ինչի՞ դիմաց՝ հասկանում եք:
Եվ ուրեմն, հարգարժան ֆրանսիացիք երբ գալիս են, որ ջրագիծը բացեն, «տենում են», որ ջրագծի մի մասը կառուցված է կոյուղու խողովակներով. մորմոնների «ունեցածը» կոյուղու խողովակներ էին, գյուղապետի համար էլ ոնց երևում է` տարբերությունը մեծ չէ, «տեղադրել» է դրանք, մտածելով` եվրոպացի «զատեր» են, կֆռռացնի:
Սակայն «կինոն» այստեղ չի ավարտվում: Ջղայնացած ֆրանսիացիներին ճամփելուց հետո պատվարժան, հոգեմարտիկ գյուղապետը գնում է մարզի խաների մոտ, խնդրում-աղաչում` մի օրով թույլ տալ «գեղումը մի 12 հատ ցայտաղբյուր բացեն` մի օրով, էն մորմոննիքն էլ գան, նայեն, որ էդ ցայտաղբյուրների վրա գրված է` «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբեր», հետո հենց մորմոնները գնան, հաջորդ օրը «զգիրս ձեռաց» արագ հանիլ տեմ». հավաստիացնում է պարոն Ալաբաշը:
Ստացե՞լ էր այդ «դաբրոն» հոգևորամետ գյուղապետը մարզի իշխաններից, թե՞ ոչ, անհայտ է, որովհետև գյուղի քահանա, մուսալեռցի տեր Վրթանեսը մեծ մուրճն առնում, գիշերով բոլոր ցայտաղբյուրների վրայից ջարդում-ջնջում է սույն քայքայիչ աղանդի հետքերը` գմբեթը չվերանորոգված, դեզերը վառված... Հովհան Օձնեցու անունը կրող գյուղի ու նրա վանքի հիշողությունից:
Շա՜տ «վեպեր» պատմեցին օձունցիք իրենց գյուղի մասին. դրանց կանդրադառնանք այլ առիթով, սակայն վերջի համար ասենք, որ գյուղացիք նամակ են գրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին ու նրա հորը, պատմել այս և բոլոր չպատմված «վեպերի» մասին, վերջում աղաչել-պաղատել են` «թողնեն ո՛չ Ալաբաշն էս անգամ էլ դառնա գյուղի քյոխվա», բա մի լավ «խազյային» չկա՞ «մեզ համար», հը՞, ասեք իմանանք` չկա՞. անվերջ հարցնում են օձունցիք:
Բայց ողջ խնդիրն այն է, որ գյուղացիները չեն համարձակվում ստորագրել այդ նամակի տակ ու խեղճացած նայում են իրար ու հարցնում են` «անցնիլ չի՞՜»:
-Անցնիլ չի:
-Բա ո՞նց կըլի՞՜:

-Իմացվիլ չի:
Հը՞, սիրելի իշխանություններ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5109

Մեկնաբանություններ