ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԹԻՄԸ ԽՄԲՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է

ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԹԻՄԸ ԽՄԲՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
10.12.2010 | 00:00

Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2010-11 թթ. մրցաշրջանի խմբային փուլը, և հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի բոլոր 16 մասնակիցները: Գերազանց հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», որը, խմբում տանելով հինգ հաղթանակ և կրելով մեկ պարտություն, վստահորեն զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Վերջին փուլում ուկրաինական թիմը 2-0 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Եվրոպական այս մրցաշարում վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ մտավ Հենրիկ Մխիթարյանը: 73-րդ րոպեին նա փոխարինեց Ժադսոնին, և դրանից հինգ րոպե անց դաշտի տերերը բացեցին հաշիվը: Հեռահար հարվածով դարպասը գրավեց Ռազվան Ռացը: Եվս հինգ րոպե հետո հաշիվը կրկնապատկեց Լուիս Ադրիանոն: H խմբում երկրորդ տեղն զբաղեցրեց անգլիական «Արսենալը», որը վերջին խաղում 3-1 հաշվով հաղթեց սերբական «Պարտիզանին»:
Անդրադառնանք մյուս խմբերին: A խմբում փոքր-ինչ անակնկալ էր անգլիական «Տոտենհեմի» վստահ ելույթը, որն առաջ անցավ ներկայիս գավաթակիր Միլանի «Ինտերից»: Անգլիական թիմը վաստակեց 11 միավոր, իտալականը` 10: Վերջին փուլում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Տվենտե»-«Տոտենհեմ»` 3-3, «Վերդեր»-«Ինտեր»` 3-0:
B խմբում հաղթող դարձավ գերմանական «Շալկե-04»-ը, որը վաստակեց 13 միավոր: Խմբում երկրորդը ֆրանսիական «Լիոնն» է` 10 միավոր: Վերջին խաղում «Շալկեն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բենֆիկային», իսկ «Լիոն»-«Հապոել» խաղում գրանցվեց ոչ-ոքի` 2-2:
C խմբի հաղթողների անունները հայտնի էին դարձել ավարտից մեկ փուլ առաջ: Վերջին խաղում անգլիական «Մանչեստր Յունայթեդն» ու իսպանական «Վալենսիան» որոշում էին, թե որ թիմը պետք է զբաղեցնի առաջին տեղը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, որի շնորհիվ անգլիացիները 14 միավորով հաղթեցին խմբում: «Վալենսիան» 11 միավորով երկրորդն է: Խմբի մյուս խաղում իր առաջին միավորը վաստակեց Թուրքիայի չեմպիոն «Բուրսասփորը», որը ոչ-ոքի` 1-1 խաղաց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ:
D խմբում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնն» ընդունել էր Կազանի «Ռուբինին», որի հետ նախորդ երեք խաղերում չէր կարողացել հաղթել: Ընդ որում, կատալոնական թիմը խաղաց երկրորդ կազմով, սակայն դա չխանգարեց նրան հասնելու համոզիչ հաղթանակի` 2-0: Մյուս խաղում դանիական «Կոպենհագենը» 3-1 հաշվով ծնկի բերեց հունական «Պանաթինաիկոսին»: Խմբում «Բարսան» առաջինն է (14 միավոր), «Կոպենհագենը»` երկրորդը (10):
E խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» վերջին խաղում էլ հեշտությամբ հաղթեց շվեյցարական «Բազելին»` 3-0: Ռումինական «Կլուժն» ու իտալական «Ռոման» խաղաղ դաշն կնքեցին` 1-1: Գերմանական թիմի առավելությունը խմբում բացահայտ է` 15 միավոր, երկրորդը 10 միավորով «Ռոման» է:
F խումբ: Այստեղ իրենց տեղը 1/8 եզրափակիչում նախօրոք ապահովել էին «Չելսին» ու « Մարսելը», որոնք միմյանց հետ մրցեցին վերջին խաղում: 1-0 հաշվով հաղթեց ֆրանսիական թիմը, սակայն շրջանցել Անգլիայի չեմպիոնին չկարողացավ` «Չելսի»` 15, «Մարսել»` 12 միավոր: Խմբի «Ժիլինա» (Սլովակիա)-«Սպարտակ» (Ռուսաստան) խաղում 2-1 հաշվով հաղթեցին հյուրերը:
Եվ, վերջապես, G խմբում իր պատմության մեջ լավագույն արդյունքի հասավ Մադրիդի «Ռեալը»: Իսպանացիները վեց խաղում վաստակեցին 16 միավոր` տանելով 5 հաղթանակ, մեկ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի: Վերջին խաղում «Ռեալը» երկրորդ կազմով ջախջախեց ֆրանսիական «Օսերին»` 4-0: «Միլան»-«Այաքս» խաղում 2-0 հաշվով հաղթեց հոլանդական թիմը, սակայն հաջորդ փուլ անցնել չկարողացավ: Երկրորդը 8 միավորով «Միլանն» է:
Խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը հաջորդ տարի կխաղան նշանակությամբ երկրորդ մրցաշարում` Եվրոպայի լիգայում: Այդ թիմերն են «Տվենտեն», «Բենֆիկան», «Գլազգո Ռեյջերսը», «Ռուբինը», «Բազելը», «Սպարտակը», «Այաքսը» և «Բրագան»:
Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունները կկայանան դեկտեմբերի 17-ին:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ