Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՆԱՏՕ¬ի ճամփան դժվար է, երկար...

ՆԱՏՕ¬ի ճամփան  դժվար է, երկար...
17.06.2008 | 00:00

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա այցով մեկնեց Ռուսաստան։ Նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի և կազմակերպության միացյալ շտաբային հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսել կատարած համատեղ այցից հետո սա Հայաստանի պաշտպանության նախարարի երկրորդ կարևոր արտաքին այցն է, որով Հայաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, թե մտադիր է շարունակել նախկին ռազմաքաղաքական հավասարակշռության քաղաքականությունը։

Այս իրողությունն իր մեջ ունի երկու հիմնական պատճառ։ Առաջինն այն է, որ ՆԱՏՕ¬ի ընդարձակման միտումը դեպի Արևելք պահպանվում է։ Բայց արդեն առկա է երկրորդ և ոչ պակաս խորքային ու կարևոր գործընթացը. Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ռուս¬չինական համատեղ ջանքերով կարծես մտադրություն ունի իսկապես վերածվել նոր Արևելյան բլոկի։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ բոլորովին վերջերս ՇՀԿ¬ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել մեր հարևան Իրանը։ Անշուշտ, այս գործընթացը դեռ ժամանակ կպահանջի, բայց ընդհանուր միտումն արդեն բավական է, որպեսզի Հայաստանը ոչ միայն չանտեսի, այլև շարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում, քանզի դա ՇՀԿ¬ի կազմում ընդգրկված պետությունների մեծ մասին միմյանց կապող միակ ռազմաքաղաքական կառույցն է։

Իրավամբ, հայ հանրության մեջ վերջին տարիներին ավելի հաճախ են դարձել պնդումներն ու կանխատեսումներն առ այն, թե Հայաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարը Եվրամիությունն է։ Իսկ դեպի բարեկեցիկ եվրոպական ընտանիք տանող ամենակարճ ուղին ՆԱՏՕ¬ին անդամագրումն է և այդ ճանապարհով Եվրամիության մասը դառնալը։ Այս թեզի կենսունակությունը հիմնավորվում է նրանով, որ 1960¬70¬ական թվականներին Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան հենց ՆԱՏՕ¬ին անդամագրվելով աստիճանաբար ինտեգրվեցին նաև Եվրամիության կազմում։ Սոցիալիստական համակարգի փլուզումից հետո այդ նույն ճանապարհն անցան ԽՍՀՄ մաս կազմող Բալթյան երկրները, Վարշավյան պայմանագրի նախկին պետություններ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, իսկ այնուհետև Բուլղարիան և Ռումինիան, ինչպես նաև փլուզված Հարավսլավիայի հանրապետություններ Սլովենիան, Խորվաթիան, այդ ճանապարհին են Բոսնիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, նոր անկախացող Կոսովոն և Ալբանիան։

Սակայն անհիմն է պնդել, թե ԱՊՀ երկրների նկատմամբ էլ Արևմուտքը և Եվրամիությունը կկիրառեն նույն մարտավարությունը։ Պետք է նկատի ունենալ, որ արևելաեվրոպական երկրները սառը պատերազմի ողջ ժամանակաշրջանում մշտապես դիտարկվել են Եվրոպայից բռնի անջատված մաս։ Այլ կերպ ասած՝ եվրոպական հանրությունը այդ պետությունները միշտ դիտարկել է իր մշակութային ընդհանրության մեջ։ Եվ միաժամանակ կա ճիշտ հակառակ օրինակը. Թուրքիան 1952¬ից լինելով ՆԱՏՕ¬ի անդամ, այնուհանդերձ, ոչ մի կերպ չի ինտեգրվում Եվրամիությանը։ Ավելին, ֆրանս¬գերմանական ալյանսի ջանքերով Եվրոպայի դռները Թուրքիայի առջև կարծես գնալով ավելի հիմնավոր են փակվում։ Չկա որևէ երաշխիք, որ նույն մոտեցումը չի դրսևորվելու ՆԱՏՕ¬ին անդամագրվել ցանկացող ԱՊՀ երկրների նկատմամբ։ Որովհետև վերջին տարիներին Եվրամիության շրջանակներում գնալով գերիշխող է դառնում այն միտումը, որ նոր, լիարժեք շուկայական հարաբերություններ չձևավորած, տնտեսապես թերզարգացած երկրների մուտքը միասնական Եվրոպա, ի վերջո, ծանրանում է ընդհանուր Եվրամիության բյուջեի վրա, իսկ Եվրոպան սեփական միջոցներով և զուտ ռազմաքաղաքական ինչ¬ինչ շահերից ելնելով՝ իր գրպանի հաշվին սոված զանգված պահելու մտադրություն չունի։ Այսօր գերիշխող մոտեցումն այն է, որ նախկին ԽՍՀՄ մաս կազմող նորանկախ պետությունները, Բալթյան երկրների օրինակով, իրենք պիտի ձգտում և կարողություն դրսևորեն նորմալ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու և ապա միայն Եվրամիությանն անդամագրվելու հայտ ներկայացնեն։

Բացի այդ, Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ¬ի ընդլայնման ծրագրերին գնալով ընդունում է ավելի կոշտ ձևեր։ Ինչ արժեր միայն Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը, ցույց կտա մոտ ապագան, երբ ՌԴ արևմտյան մարզերում զինված ուժերի և զինատեսակների հարաբերակցությունը կտրուկ կփոխվի։ Միաժամանակ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն Կրեմլի կոնկրետ քայլերը, եթե ՈՒկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ¬ին դառնա իսկապես օրակարգային։ Հատկապես ՈՒկրաինայի պարագայում, ուր առկա է ռուս և ուղղափառ դավանանքի ուկրաինական հոծ բնակչություն։ Վերջին տարիներին Մոսկվան ավելի քան թափանցիկ ակնարկում է ինչպես Կիևին, այնպես էլ Արևմուտքին, որ իր սահմանների անվտանգությունը խորքային առումով ապահովելու և հատկապես Ղրիմը չկորցնելու համար պատրաստ է նույնիսկ ՈՒկրաինայի մասնատումը խրախուսող գործողությունների։ Վրաստանի պարագայում էլ ամեն ինչ անամպ չէ։ Թեպետ Թբիլիսին այսօր գործնականում դուրս է եկել Մոսկվայի ռազմաքաղաքական ազդեցությունից, ինչի արդյունքում էլ կրել և շարունակում է կրել լուրջ տնտեսական կորուստներ, այնուհանդերձ, Ռուսաստանը որպես ներգործության լծակ պահպանում է աբխազական և հարավ¬օսեթական հակամարտությունների ակտիվացման միջոցով Վրաստանը որոշակի խելամիտ շրջանակի մեջ դնելու հնարավորությունը։

Բնական է, որ Հայաստանի կողմից ոչ թե ՆԱՏՕ¬ի հետ ստանդարտ համագործակցության (ինչն առկա է բոլոր հետխորհրդային երկրների և նույն Ռուսաստանի պարագայում), այլ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու կտրուկ և գործնական քայլերի դեպքում Երևանի նկատմամբ ևս կդրսևորվի համապատասխան վերաբերմունք։ Եվ ոչ միայն Մոսկվայի, այլև Թեհրանի կողմից, ինչը նույնիսկ ավելի էական է։ Գաղտնիք չէ, որ թուրք¬ադրբեջանական նախագծերը, որոնք միտված են Հայաստանի կոմունիկացիոն շրջափակմանը, կարող են սկզբունքորեն տապալվել միայն Իրանի առարկայական աջակցության դեպքում։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է տարեցտարի ավելի առարկայական դարձող Իրան¬Հայաստան ուղղակի երկաթուղային կապի ստեղծմանը՝ Զանգեզուրով։ Կարելի է պատկերացնել, թե այդպիսի պայմաններում ինչպիսին կլինեն Թեհրանի հնարավոր արձագանքն ու գործողությունները, եթե Հայաստանը ՆԱՏՕ¬ին անդամակցության հարցում իրեն պահի այնպես, ինչպես, ասենք, Վրաստանը։ Ավելորդ չէ հավելել, որ Մոսկվան և Թեհրանն այսօր Հայաստանին էներգակիրներ և հատկապես բնական գազ մատակարարող միակ երկրներն են ինչպես գործնական, այնպես էլ հեռանկարային առումով։ Նախ այն պարզ պատճառով, որ տարածաշրջանի մնացած երկրներից միայն մեկը՝ Ադրբեջանն ունի ինչ¬որ պաշարներ, որոնք, սակայն, չեն բավարարում անգամ իր սեփական պահանջարկը։ Մյուս պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան միայն սպառողներ են։ Եվ այս համատեքստում անհնարին է նկատի չունենալ, որ 1000 խմ¬ի դիմաց 165 դոլար վճարով գազ գոյություն չունի։ Այդպիսի գնով Մոսկվան գազ է մատակարարում միայն Բելառուսին և Հայաստանին, որոնք իրենց գազամատակարարման համակարգերը վերածել են Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկությունների։ Իրանի պարագայում դիրքորոշումը հազիվ թե այլ լինի, եթե Հայաստանը առավոտյան ձախ ոտքից արթնանալով հանկարծ որոշի, որ այլևս ռուսական գազի կարիքը չունի։ Մոսկվա չգնաս, Թեհրան կգնաս, էներգակիրների համաշխարհային դեֆիցիտի պայմաններում այլընտրանք չկա։

Այսպիսով, համագործակցությունը ՆԱՏՕ¬ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում առավելագույնն է, ինչ այսօր իրեն կարող է թույլ տալ Հայաստանը, ինչպես և այլ հետխորհրդային պետություններ։ Ցանկություններն ու հնարավորությունները միշտ չէ, որ իրար համապատասխանում են կամ, որպես կանոն, հազվադեպ են համապատասխանում։ Կան կայացած իրողություններ, որոնց հետ, երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով, Հայաստանը պետք է հաշվի նստի, կամ հակառակ դեպքում նրան կստիպեն հաշվի նստել։ ՆԱՏՕ¬ի ճամփան դժվար է, երկար շատերի համար։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 7593

Մեկնաբանություններ