Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գիտակցու՞մ է, թե ինչի տակ է ստորագրելու. Դավիթ Կարապետյան

Գիտակցու՞մ է, թե ինչի տակ է ստորագրելու. Դավիթ Կարապետյան
24.08.2022 | 07:28

Մեդիան տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը:
Ըստ ամենայնի, գլխավոր թեման լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։
Այս պահի դրությամբ դեռևս հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը տեղի չի տալիս Բաքվի և Անկարայի սպառնալիքներին և մերժում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային:


Փոխարենը Երևանը պատրաստ է երեք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օգոստոսի 18-ին շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հետևյալ երեք կետերում.
1. Սոթք-Քարվաճառ,
2. Երասխ-Սադարակ,
3. Քարահունջ-Կուբաթլու (որը կարող է դուրս գալ դեպի Անգեղակոթ-Բիչենեկ հատված: Սա այն ճանապարհն է, որով խորհրդային տարիներին Ադրբեջանը կապվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ):


Տարօրինակ է, որ այստեղ որպես առանձին անցակետեր չեն նշվում Անգեղակոթ-Բիչենեկ և Ղազախ-Իջևան սահմանային հատվածները:
Եվ հետո, դուք ինքներդ, երբ առաջարկում եք Սոթք-Քարվաճառով անցուդարձ, նույնը պահանջե՞լ եք մեզ համար, որպեսզի Ադրբեջանը նույն ճանապարհով (նախկին Վարդենիս-Մարտակերտ) երթուղի ապահովի դեպի Ստեփանակերտ:
Մանավանդ որ, համաձայն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների, պետք է ապաշրջափակվեն բոլոր կոմունիկացիաները:
Ավելին՝ վարչապետը կառավարության նիստում բանավոր կերպով հայտնեց իր պատրաստակամությունը՝ երթևեկության անվտանգության երաշխիքներով, ՀՀ տարածքով Նախիջևան հասնելու համար Ադրբեջանին տրամադրել բոլոր հնարավոր երթուղիները:
Հետևաբար, բոլոր այս անցակետերի բացումը՝ որպես Նախիջևան հասնելու այլընտրանքային միջոցներ, ենթադրում է հայաստանյան ճանապարհների տրամադրում ՀՀ գրեթե ողջ կենտրոնական, արևելյան և հարավային հատվածներով:


Այսպիսով, Հայաստանն իր տարածքը, երեք ավտոմայրուղիներով, տրամադրում է Ադրբեջանին, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա կապվելու ինչպես Նախիջևանի, այնպես էլ Թուրքիայի հետ:
Այլ հարց է՝ կցանկանա՞ն ադրբեջանցիներն ու թուրքերը օգտվել Հայաստանի ճանապարհներից՝ մաքսային և հարկային օրենքներին համապատասխան, թե՞ կշարունակեն պնդել ու պարտադրել հենց «Զանգեզուրյան միջանցքի» պահանջը և կփորձեն ստանալ ճանապարհ ու դրա այնպիսի կարգավիճակ, որը հավասարազոր կլինի Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքին։
Նրանք, բնականաբար, պարտադրում են այն՝ փորձելով հիմնավորել պահանջը, որպես համարժեք գործարք:


Երբեք դրանք համարժեք չեն կարող լինել, որովհետև, եթե այսօր մնացյալ Արցախը շրջապատված է Ադրբեջանով, այն գրեթե անկլավ է, իսկ միակ ճանապարհը՝ հումանիտար փրկուղի, ապա Նախիջևանը՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանակցությամբ, անարգել ու բնականոն ելք ու մուտքով, երբեք նման կարգավիճակ չի ունեցել:
Ի դեպ, Հայաստանը դեմ չէ նաև Մեղրիով՝ բացի երկաթուղուց, Ադրբեջանին տրամադրել ավտոճանապարհ, պայմանով, որ այդ ճանապարհի վրա ևս հայկական կողմն իրականացնի ամբողջական վերահսկողություն՝ հսկիչ-անցագրային կետ, մաքսային և այլ ծառայություններ:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով կա պայմանավորվածություն, որ այդ երթուղով ադրբեջանական մեքենաներն և բեռները ուղեկցելու են ռուսական ծառայությունները:
Այս առումով հատկապես մտահոգ է Իրանը, որ Անկարան, Բաքուն և, ինչու չէ, նաև Մոսկվան Երևանին կպարտադրեն «Զանգեզուրյան միջանցքը», որի դեպքում կխաթարվի Հայաստան-Իրան ընդհանուր սահմանն ու ցամաքային կապը:
Ինչպես գիտենք, Իրանը նաև բազմիցս հայտնել է իր կողմից այն որպես կարմիր գիծ դիտարկելը և Հայաստանի հետ միջպետական սահմանը որևէ կերպ չզիջելու իր պատրաստակամությունը:


Գաղտնիք չէ, որ Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել-դառնալը:
Մեղրու երկաթգծի համարժեքը ոչ թե Լաչինի միջանցքն է նրանց համար, այլ, լավագույն դեպքում, Ղազախ-Իջևան երկաթուղին, որոնք կարող են բացվել զուգահեռաբար, երբ կնքվի «խաղաղությունը»։
Իսկ Զանգեզուրի վրայով, Նախիջևանով Թուրքիայի սահմանը դուրս գալն ու երկիրը միաժամանակ Ռուսաստանից և Իրանից «վնասազերծելը» եղել է Ադրբեջանի ողջ 20-րդ դարի տեսլականը, ինչին, իհարկե, Ալիևը մինչ այս աստեղային պահը չէր հավատում:
Իսկ հիմա այն իրականացման ճանապարհին է, քանի որ այն իրագործելու համար ստեղծվել են իդեալական ու բարենպաստ նախադրյալներ:
Մեղրիով ոչ միայն Ղարաբաղի հարցն է լուծվում, այլև Ադրբեջանի մեծ ապագայի։ Միաժամանակ լուծվում է «Իրանի հարցը»։
Նաև մեկընդմիշտ իրարից մեկուսանում են Ադրբեջանի երկու ամբարիշտ հարևանները՝ Իրանն ու Հայաստանը։


Հիմա թե ժամանակին Քոչարյանը հրաժարվել է Մեղրին տալուց, թե այդ բանն անելը արգելել են Ռուսաստանն ու Իրանը՝ անցյալի մութ անկյուններում է:
Համենայն դեպս, «Գոբլի պլանը» չիրականացվեց, Մեղրին էլ մնաց մեզ:
Հիմա պատկերը փոխվել է, քաղաքական հայացքները, շահերն ու դիվիդենդները՝ ևս:
Այնպես որ, չպետք է նեղանալ ոչ մեկից:
Չպետք է խռովել որևէ մեկից:
Մեզ ոչ ոք չի դավաճանում:
Եվ ընդհանրապես, օտարը չի կարող դավաճանել:
Մենք կարող ենք մեզ դավաճանել:
Օտարը իրականացնում է իր քաղաքականությունը՝ հանուն իր շահերի:
Իսկ մենք այսօր դաշնակիցներ չունենք:
Մենք ինքներս մեզ դաշնակից չենք, ոչ էլ՝ բարեկամ:
Այսպիսով, Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպմանը կստորագրի՞ Փաշինյանը նման հակապետական ու ապազգային փաստաթուղթ, թե՞ ոչ՝ կիմանանք մոտ օրերս:
Ենթադրում եմ՝ կստորագրի:
Այսօր նրանք փորձելու են կորզել նրա ստորագրությունը, իսկ հետո, վերջինիս միսիան ավարտված համարելով, «ռասխոդ տալով ու քավության նոխազ սարքելով դեն են շփրտելու» քաղաքական ասպարեզից...


Եթե վերջինս ստիպված է լինելու ստորագրել, ապա րոպե առաջ հրաժարական տալ, համենայն դեպս, ստիպված չէ։
«Բկից բռնող» էլ չկա, ձեռքերն էլ ազատ են դա անելու համար:
Ձեռքերն ազատ են դրա համար, ոչ իհարկե ինքնադատաստանի համար:
Քանի որ տղամարդուն ու իրական լիդերին վայել «արժանապատվորեն» ինքնասպան լինելու բազում առիթներ արդեն իսկ բաց են թողնված:
Գոնե կամքի ուժ գտնի և նման փաստաթղթի «դեմ տալու» պարագայում հրաժարական տա, այդկերպ գոնե ևս մի պիտակ չավելացնի իր կենսագրությանը, չարժանանա ազգի նզովքին և ճակատագրական բիծ ու անդառնալի հետք չթողնի հայ ժողովրդի հետագա պատմությանը՝ դառը փաստի առաջ կանգնեցնեցով հաջորդ սերունդներին:
Իսկ հոժարակամ ստորագրելու պարագայում, որը շատ հավանական է, պետք է ակնկալի երաշխիքներ՝ իրեն «փուռը չտալու», հետագայում՝ իր հանդեպ քաղաքական, և ոչ միայն, վենդետաները բացառելու համար:


Իհարկե, վերջինս հանրությանը էլի կներկայացնի, որ ինքը թիվ մեկ մեղավորը չէ, բայց թիվ մեկ պատասխանատուն է:
Եվ որ նորից «հներն» են մեղավոր, քանի որ նրանք այն ժամանակ արդեն իսկ տվել են այդ միջանցքը այսօրվա համար:
Իսկ ժողովրդի մի ստվար զանգված կրկին ըմբռնումով հարցին կմոտենա, ավելին՝ «դուխ» էլ կտա «ճիշտ որոշում» կայացնելու համար:
Ինչ ուզում ես արա, լեզուդ կտրիր, ձեռքդ ջարդիր, բայց նման բովանդակությամբ թուղթ չստորագրե՛ս:
Դա կլինի ամենաճակատագրական քայլը՝ անդառնալի հետևանքներով հանդերձ:
Դու ինքդ շատ լավ հասկանում ես, որ եթե ստորագրես դրա տակ, այլևս էլ պետք չես լինելու ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի:
Նրանք քեզ շնորհակալություն էլ չեն հայտնելու՝ «գործը» բարեհաջող, բարեխղճորեն ու անմնացորդ կատարելուդ համար:


Ավելին՝ հեռանալու ժամ են դնելու կամ պարզապես վռնդելու են քեզ:
Էլ չասեմ արածներիցդ զատ, ինչքան չարած բան են ջարդելու գլխիդ, անունդ էլ սև տառերով են գրելու հայոց պատմության էջերում:
Իսկ սերունդները հարյուրամյակներ անց էլ միայն անեծքի խոսքերով են քեզ հիշելու:
Առանց այն էլ, այդ ամենն արդեն իսկ թե՛ վաստակել և թե՛ ապահովել ես:
Չգնա՛ս այդ քայլին:
ՀՀ սուվերեն տարածքում «միջանցք» չի՛ լինելու և վերջ:
Ու դու՛, հենց դու՛ այն պետք է բացառես, ու
այդկերպ վերջնականապես փակես այս թեման:
Հիշի՛ր, որ այն հայ ժողովրդի հավաքական Ո՛Չ-ն է, ավելին՝ այս հարցում ողջ ազգաբնակչությունը քո կողքին է:


Իսկ դու հանդես ես գալիս համայն հայության անունից:
Դու հայ ազգի պատվիրակն ու կամակատարն ես:
Դու պարտավոր ես բացառել ցանկացած հակապետական ու ապազգային նախագիծ:
Այնպես որ, քեզ տեսնենք:

Դիտվել է՝ 9148

Մեկնաբանություններ