Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱԹՈՌ-ՍԵՂԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

«ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱԹՈՌ-ՍԵՂԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
17.11.2009 | 00:00

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ «Կլոր սեղանը» նախորդ ուրբաթ «Իրավունք de facto» ակումբում էր։ Այսուհետ խումբը նման հանդիպումները դարձնելու է պարբերական, որոնց ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական ռազմավարական և հասարակական կարևորություն ունեցող հարցեր։ Առաջին նիստում քննարկման թեման երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն էր։ Կինոռեժիսոր, շարժման անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, «ազգային փրկության ծրագիր» որակելով իրենց նախաձեռնությունը, հանգամանալից զեկույցով անդրադարձավ վերջին քսան տարիների Հայաստանի քաղաքական, տնտեսական իրողություններին` հայտարարելով, որ «հայրենիքը վտանգված է, և կարիք կա համակարգային փոփոխությունների»։ Խզմալյանը նշեց, որ թեև իրենց շարժումը վերկուսակցական է, սակայն այս ծրագիրը կյանքի կոչելու համար իրենք պատրաստ են համագործակցելու քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցությունների հետ։
Բանախոսն ընթերցեց մի բանվորի նամակ, որում նկարագրված էին աշխատանքի անմարդկային պայմանները։ Սա, նրա համոզմամբ, ապացուցում է, որ «երկրում բանվորական շարժում է սկսվել»։ Խզմալյանը խոսեց նաև անկախության տարիներին երեք նախագահների ղեկավարման ձևերի մասին` եզրահանգելով, որ նրանք միմյանց քաղաքականության շարունակողն են։ «Առաջին նախագահից սկսած մինչ այսօր երկիրն ընթանում է խոշոր սեփականատերերի դասակարգի ստեղծման, սոցիալական խոր բևեռացման, ազգային հարստության խիստ անհավասար բաշխման ուղիով։ Քսան տարիների ընթացքում երկրում հաստատվեց սոցիալական անարդարության վրա հիմնված համակարգ, ուր միջին օղակի պաշտոնյան կարող է տարեկան կողոպտել տասը հազար անգամ ավելի գումար, քան այդ ժամանակահատվածում ուսուցչի աշխատավարձն է»։ Շարժման ներկայացուցիչն ընդգծեց նաև, թե ինչ ելքեր է առաջարկում այսօրվա ընդդիմությունը` «առաջին իշխանական սերունդը»։ «Նշմարվում են միայն ներկայիս օլիգարխներին սեփական, քաղաքակիրթ օլիգարխներով փոխելու խոստումները։ Այսինքն, սոցիալական հեղափոխության, փոփոխության առաջարկ չի հնչում։ Կատարվում է միայն աթոռ-սեղանային տեղափոխություն... Նախագահական պալատի երկրորդ և երրորդ բնակիչներն ընդամենը շարունակում են իրենց նախկին շեֆի տնտեսական քաղաքականությունը...»։ Զեկուցողը համոզված է նաև, որ այսօրվա արտաքին քաղաքականությունը ևս «սկզբունքային նմանություն ունի» առաջին նախագահի վարած քաղաքականության հետ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Շարժման կազմկոմիտեի անդամ ԷՄԻԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձավ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական, նաև քաղաքական կյանքին` արձանագրելով, որ ԼՂՀ-ում չկա ընդդիմություն, քաղաքական դաշտն էլ «մեռած» է։ Ըստ նրա` Ղարաբաղի իշխանությունը գրեթե ամբողջապես կախված է Հայաստանի իշխանություններից։
Ի դեպ, առաջին նիստից լրագրողների արագ հեռանալը փոքր-ինչ վրդովեցրել էր մասնակիցներին, սակայն նրանք վերահաստատեցին, որ այսուհետ էլ իրենց աշխատաոճը չեն փոխելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ