Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԿՐԵՄԼՅԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ» ՄԻՋԵՎ ՆՈՐ ՈՒ ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

«ԿՐԵՄԼՅԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ» ՄԻՋԵՎ ՆՈՐ ՈՒ ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ
17.11.2009 | 00:00

-Ճի՞շտ է, որ կոմունիզմի ժամանակ հնարավոր կլինի մթերքներ պատվիրել հեռախոսով։
-Ճիշտ է, սակայն դրանք տուն կհասնեն հեռուստացույցով։

Խորհրդային ժամանակների անեկդոտ

Ժամանակակից Ռուսաստանում, ինչպես և գրեթե ողջ աշխարհում, հնարավոր է մթերքներ պատվիրել հեռախոսով, բայց դա չի նշանակում, որ տվյալ երկրի ողջ բնակչության բարեկեցությունը դուրս է եկել վիրտուալ դաշտից։ Այս իրողությունը, կարծես, մեկ անգամ ևս հաստատվեց Ռուսաստանի Դաշնային ժողովին երկրի նախագահի հղած տարեկան ուղերձով, որն ընթերցվեց Կրեմլի Ալեքսանդրովյան ոսկեզօծ դահլիճում, թեպետ ունկնդիրների տրամադրությունը հազիվ թե կարելի է նույնքան տոնական համարել։
Հայտնի փաստ է, որ երբ ռուսական պատմության մեջ բարձր ամբիոններից հնչում է «Այսպես այլևս ապրել չի կարելի» կոչը, դա անմիջապես արձագանքվում է չինովնիկական միջավայրում և, որպես կանոն, հանգեցնում «շարքերի զտման», բնակչության մեջ «էնտուզիազմի» բարձրացման, սակայն, որպես կանոն, ավարտվում է ժամանակավոր և քիչ արդյունավետ հասարակական փոփոխություններով։ Փորձագետների դիտարկմամբ` եթե Բորիս Ելցինի ժամանակ նման տարեկան ուղերձները պարունակում էին ինչ-որ գաղափարներ, Պուտինի ժամանակ դրանք ամրագրված էին որոշակի նյութական ձեռքբերումներով, ապա Մեդվեդևի ուղերձը հնչեց այն ժամանակ, երբ ո՛չ գաղափար կա, ո՛չ էլ փող։ Եվ, այնուհանդերձ, հենց այս ուղերձն է, որ փորձագետների մեծ մասը գնահատեց իբրև «հեղափոխական նշանակության ծրագրային փաստաթուղթ», որն աննախադեպ է իր «քննադատականությամբ ու պրագմատիզմով»։
Ինքը` նախագահը, հայտարարեց, որ ուղերձը կազմվել է իր` «Առա՛ջ, Ռուսաստան» հայտնի հոդվածի արձագանքներից ելնելով։ Այդ հետաքրքրական փաստաթղթին առանձին անդրադառնալու առիթ արդեն ունեցել ենք։ Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանում ամեն ինչ շարունակում է մնալ այնպես, ինչպես կարող է լինել միայն Ռուսաստանում։ Պարզվում է, որ վերոնշյալ հոդվածում առաջադրված թեզերի քննարկմանը մասնակցել է 18,5 հազար մարդ, իսկ նրանցից «լավագույնները» գրեթե անմիջապես կոչ են արել բնակչությանը միանալ նոր նախագահին սատարող «մեծամասնությանը» և ամրապնդել «իշխանության վճռականությունը փոփոխությունների ուղղությամբ»։ Այս ամենը լայնորեն տիրաժավորվել է ԶԼՄ-ներով ու տարբեր քաղաքական գործիչների ջանքերով։ Պատահական չէ, որ այսօր ականատես ենք Զյուգանովի և Ժիրինովսկու կոռուպցիոն բացահայտումներին Մոսկվայի քաղաքապետարանում և կառավարությունում։ Բառացիորեն ելույթի նախօրեին Մեդվեդևը հավանություն տվեց 22 պետական ընկերությունների նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն, քանի որ վերջիններս կասկածվում են «ֆինանսական անկարողության և հանցավոր գործունեության» մեջ։ Իսկ այդ պետական ընկերությունների «տանիքները» կամ ուղղակի ղեկավարները ռուսական ամենաազդեցիկ կլանի «ուժայինների» ներկայացուցիչներ են։
Անշուշտ, նախագահի ուղերձում, վերոնշյալ հարցից բացի, շոշափվել էին բազմաթիվ այլ խնդիրներ` սկսած փոքր քաղաքների պրոբլեմից, վերջացրած ժամագոտիների կրճատումով, կոռուպցիայով ու քաղաքակրթական զարգացման հիմնախնդիրներով։ Սակայն, բոլոր դեպքերում, նախագահի խոսքը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում, առաջին հերթին, հնչեց որպես «կրեմլյան խմբավորումների» միջև նոր ու կատաղի պայքարի նախերգանք։ Ռուսական իրականության բոլոր դժբախտությունները` «ստորացուցիչ հումքային կախվածությունը», սպառված արդյունաբերական քաղաքակրթական ներուժը, արխայիկ հասարակությունը, ուր բոլորի փոխարեն ամեն ինչ ղեկավարությունն է որոշում, «քաոսային» արտաքին ու ներքին քաղաքականությունը, այս ամենի պատասխանատվությունը Մեդվեդևը բարդեց իր նախորդների ուսերին։ Պետության ղեկավարի կարծիքով` բոլոր այս խնդիրները կարող են լուծվել միայն «նոր Ռուսաստանում, որն օրգանապես ընդունակ կլինի վերարժևորելու և փոխելու ինքն իրեն»։ Ավելին, նախագահը կոչ արեց «մեղավորներին փնտրել ներսում» և հայտարարեց, թե կարիք չկա ներքին պրոբլեմները փոխկապակցել արտաքին հիմնախնդիրների հետ։
Այս ամենն առիթ դարձավ ոչ անհիմն կանխատեսումների, թե երկրի մոդեռնացման այս հավակնոտ ծրագիրն իրականում իր մեջ պարունակում է իշխանության «մոդեռնացում»։ Իսկ դա Կրեմլում լուրջ պառակտման պատճառ կարող է լինել։ Արդեն իսկ ռուսական մամուլում շեշտադրումներ են արվում այն մասին, որ ձևավորվել է, այսպես կոչված, «ցիվիլիստների» նոր իշխանական խմբավորումը, որը տեսականորեն պատրաստ է բարեփոխելու Ռուսաստանը։ Դիտորդների գնահատմամբ` ֆինանսատնտեսական ճգնաժամն ուժեղացրել է այս խմբավորման դիրքերը, որը կազմված է չգաղափարականացված տեխնոկրատներից ու իրավաբաններից, իսկ նրանց ամենահայտնի ներկայացուցիչը նույն ինքը` Ռուսաստանի գործող նախագահն է։ Միաժամանակ հայտնի է, որ արդեն երկար ժամանակ Կրեմլում հաջողությամբ գործում էին գործադիր իշխանության երկու խմբավորումներ կամ թևեր, որոնցից առաջինը գլխավորում էր նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը, իսկ մյուսը` փոխվարչապետ Իգոր Սեչինը (նա համարվում է ռուսական ուժայինների մեջ ամենահզոր մարդը Վլադիմիր Պուտինից հետո և ժամանակին դեմ է եղել իշխանությունը Մեդվեդևին փոխանցելուն)։ Հարկ է նշել, որ այս երկու թևերն էլ հավասար չափով ընդունելի են եղել գործող վարչապետ Պուտինի համար։
Սակայն վերջին ժամանակներս այդ երկու բևեռների միջև սկսված պայքարը վերածվել է հակադրության, հատկապես տնտեսական դաշտում և բնական պաշարների ոլորտում։ Այս տարվա հոկտեմբերին Սեչինի գլխավորած «ԿթԽ-1» ընկերությունը հրաժարվել է «Գազպրոմից» գազ գնելուց և դրանով իսկ մոնոպոլիստին կանգնեցրել 600 մլն դոլար կորցնելու փաստի առջև։ Ինչ վերաբերում է Սուրկովին, ապա, ըստ ռուսական մամուլի պնդումների, նա էլ իր հերթին վերակողմնորոշվել է և այժմ միանգամայն դրական է վերաբերվում նախագահի հովանավորությունը վայելող «ցիվիլիստների» խմբավորման ծրագրերին, համարելով, որ դա հրաշալի միջոց է իր մրցակից Սեչինին դուրս մղելու և կառավարության ներսում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու համար։ Եվ եթե դա տեղի ունենա, ապա հետևանքները ռուսական բիզնեսի և արտերկրյա ներդրողների համար խիստ զգալի կլինեն։ Հատկանշական է, որ մինչև վերջերս Վլադիմիր Պուտինը պահպանում էր իր իշխանությունը` հավասարակշռելով այս երկու մրցակից, բայց իր նկատմամբ լոյալ խմբավորումների միջև։ Հիմա, կարծես, ռուբիկոնը մնացել է հետևում, և այդ պայմաններում վարչապետը հարկադրված կլինի ընտրություն կատարել մեկի կամ մյուսի միջև։
Այս կապակցությամբ հետաքրքրության է արժանի նաև այն, որ Մեդվեդևի ուղերձից անմիջապես հետո, ուր նա հանձնարարեց կառավարությանը կրճատել պետության մասնակցությունը տնտեսության ոլորտում, հայտնի դարձավ, որ պետական ընկերությունների մի մասը կվերածվի բաժնետիրական ընկերությունների, և այդ նպատակով արդեն իսկ սկսվել է օրենսդրական համապատասխան աշխատանք։ Մտադրությունն առաջին հայացքից դրական է և ենթադրում է պետական ընկերություններում կառավարման ժամանակակից մոդելների ներդրում, անկախ աուդիտի ձևավորում, կառավարման արդյունավետության գնահատում` ելնելով ներդրված առաջավոր, ինովացիոն տեխնոլոգիաների չափից։ Բայց այս ամենում նաև դառը հեգնանք կա այն իմաստով, որ Մեդվեդևն այդ ռեֆորմների իրականացումը, փաստորեն, հանձնարարում է նույն Պուտինին, որն էլ ժամանակին այդ նույն ընկերությունները պետական հովանու ներքո վերադարձնելու ջատագովն էր։ Հիմա սկսվելու է հակառակ գործընթացը, և այն պետք է ավարտվի մինչև 2010-ի մարտի 1-ը։
Դասական քաղաքագիտական տրամաբանությամբ այս ամենը, թերևս, նպատակ է հետապնդում ոչ թե բարեփոխել պետական ընկերությունները, այլ թուլացնել Պուտինի ու նրա մարդկանց ազդեցությունը` 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ այն նվազագույնի հասցնելու նպատակադրությամբ։ Հակառակորդ թևի «գրպանին հարվածելու» միտումն ակնհայտ է, եթե արձանագրենք, որ միայն «Ռոստեխնոլոգիա» ընկերության հետ կապված հարուցվել է 225 քրեական գործ, և այդ հանգամանքն արդեն երկակի մեկնաբանության տեղ չի թողնում։ Սա ինքնին չի բացառում, որ եթե քաղաքական պատերազմի առաջին փուլում տնտեսության մեջ շրջադարձային փոփոխություններ չլինեն, ապա դրանք միանգամայն հնարավոր են Ռուսաստանի կառավարությունում։ «ՈՒժայինների» թուլացումը, անկասկած, իր արձագանքը կունենա նաև հետխորհրդային տարածքում, եթե նկատի ունենանք նրանց քաղաքական ու տնտեսական հետաքրքրություններն այս դաշտում, ինչի մասին շատ է գրվել։
Եվ այս առումով ուշադրության է արժանի Ռուսաստանի նախագահի ուղերձի մի կարևոր առանձնահատկությունը. 105-րոպեանոց ելույթում ընդամենը 6 րոպե էր նվիրված արտաքին քաղաքականությանը, այն էլ այն առումով, որ այլ պետություններ կօգնեն Ռուսաստանին մոդեռնացվել։ «Մենք չպետք է գոռոզամտություն ցուցաբերենք, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և, որպես դրա հետևանք, ավելի արդյունավետ»,- հայտարարեց Մեդվեդևը, միաժամանակ նորույթ մտցնելով դիվանագիտական գործունեության մեջ այն առումով, որ դիվանագետներն այսուհետ պետք է նպաստեն, առաջին հերթին, երկրի տնտեսության ամրապնդմանը։ Իսկ նրանց աշխատանքը պետք է գնահատվի, ելնելով նրանց ապահոված ներդրումներից կամ նոր տեխնոլոգիաների մուտքից Ռուսաստան։ Ըստ նախագահի` «Արտաքին քաղաքականության արդյունավետության մասին կարելի է դատել միակ չափորոշիչով` օգնո՞ւմ է այն երկրում կենսամակարդակի բարձրացմանը, թե՞ ոչ»։ Սա ինքնին, կարծես, ենթադրում է արմատական փոփոխություններ նախկին մոտեցումների համեմատ։ Եթե Պուտինը ձգտում էր վերականգնել Մոսկվայի գերակայությունը հետխորհրդային տարածքում, ինչպես նաև քաղաքական ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների նկատմամբ, ապա նոր, «պրագմատիկ» ղեկավարությունը մտադիր է հաստատել այլ գաղափարախոսություն ու խաղի կանոններ։
Այստեղ, բնականաբար, առաջանում է հարց, թե որքանով այդ ամենին կհամաձայնի նույն Պուտինը։ Արդյոք նա կնախընտրի սպասե՞լ մինչև «մոդեռնացման ծրագիրը», կտապալվի և ամեն ինչի մեղավոր կլինի նույն Մեդվեդևը, թե՞ արդեն այսօր ամեն ինչի համար պատասխան կպահանջի։ Առայժմ ակնհայտ է, որ պալատական հրապարակախոսներից և հեռուստատեսային մեկնաբաններից ոչ մեկը չի համարձակվել ձայն բարձրացնել ի պաշտպանություն «ազգային առաջնորդի», որի լուսավոր կերպարն ու վերջին տասնամյակի փայլուն հաջողությունները ամենօրյա քննադատության են արժանանում ամենաբարձր մակարդակով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ