Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ` ՇԱԲԱԹՆԵՐԻ ՀՈՍՔՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ` ՇԱԲԱԹՆԵՐԻ ՀՈՍՔՈՒՄ
17.11.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում ավելի խորացավ աշունը, առավոտներն արդեն զգացվում է ձմռան շունչը։ Չկայացավ, թեժ աշունը Հայաստանում չկայացավ: Ավելի շուտ կայացավ անհիմն սպասումների ու հիմնավոր կորուստների աշուն:
Չեխիան վերջինը Եվրամիության անդամ երկրներից վավերացրեց Լիսաբոնի պայմանագիրը և հանձնեց Հռոմին, որտեղ պահվում են բոլոր երկրների վավերացումները: Չեխիայի նախագահը պայմանագիրը վավերացրեց միայն Սահմանադրական դատարանի հավանությունը ստանալուց հետո: Եվրամիությունն այսուհետ բոլոր անդամների համաձայնությամբ կարող է բարեփոխվել:
Անորոշ ժամանակով հետաձգվել է «Նաբուկո» ներդրումային նախագծի վերջնական վավերացումը: Ռուսաստանը շրջանցող այս գազատարի նախագիծն արդեն մի քանի անգամ հետաձգվել էր, նախատեսվում է, որ գազատարը կգործի 2014-ից: Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը հայտարարել է, թե «Նաբուկոյի» հետ կապված չլուծված հարցեր կան, որոնցից մեկը ռեսուրսային բազան է. «Այսօր գազատարի միակ ռեալ ռեսուրսային բազան Ադրբեջանն է: Մեզնից արդեն նախագծի առումով ոչինչ կախված չէ: Մենք ամեն ինչ արել ենք և սպասում ենք հետագա քայլերին»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց. «Տրանզիտային չլուծված հարցերը «Նաբուկո» նախագծի իրականացման հիմնական խոչընդոտն են»: 7,9 միլիարդ եվրո արժողությամբ «Նաբուկո» գազատարի շինարարությունը նախատեսված էր 2011-ին, առաջին առաքումները սպասվում էին 2014-ին: Գազատարի առավելագույն հզորությունը տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր է: Իսկ մի քանի օր առաջ Ռուսաստանը և Սլովենիան ստորագրեցին էներգետիկ ոլորտում համագործակցության համաձայնագիր, որով Սլովենիան ևս միանում է «Հարավային հոսքին»: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ` «Հարավային հոսքը» դառնում է մեծ, համաեվրոպական նախագիծ»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ գոհ է ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքից: Ըստ պետքարտուղարի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ցանկանում է աշխատել Ռուսաստանի հետ և գործակցել բոլոր հնարավոր հարցերի շուրջ:
«Մենք միասին աշխատում ենք բոլոր հարցերով` սկսած Հյուսիսային Կորեայից, վերջացրած Հայաստանով ու Թուրքիայով»,- հավաստիացրել է նա: Իհարկե, կան նաև տարաձայնություններ, և ԱՄՆ-ը ոչ բոլոր հարցերում է համաձայն Մոսկվայի գործողություններին, սակայն Հիլարի Քլինթոնը դա համարում է բնական:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ հայ-թուրքական գործընթացը շարժվել է տեղից, և սահմանի բացումը կարող է լինել անբնական վիճակը հաղթահարելու առաջին քայլը` հաշվի առնելով, որ Կովկասում փակ են երեք սահմաններ` հայ-թուրքականը, ռուս-վրացականը, հայ-ադրբեջանականը: Պիտեր Սեմնեբին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը դժվար գործընթաց է համարում, բայց վստահ է, որ այն բխում է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև Ադրբեջանի շահերից: Նրա համոզմամբ` Ղարաբաղում առկա ստատուս-քվոն Հայաստանի շահերից չի բխում, և Հայաստանը չի կարող հավերժ մնալ անորոշ կացության մեջ: Իսկ Ռուսաստանը և Եվրամիությունը կարող են աջակցել այդ հարցերում:
ԵՎրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան նկատել է. «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնությունը խիզախ և երկար սպասված քայլ է, որը կարող է նպաստել Եվրոպայի կարևոր մաս հանդիսացող տարածաշրջանում երկարատև համագործակցության հաստատմանն ու անվտանգության ապահովմանը, ուստի մենք այսուհետ ևս քաղաքական ու տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերելու այս գործընթացին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել բազմակողմ համագործակցություն ենթադրող Արևելյան գործընկերության իրականացմանը և կարող է նոր հեռանկարներ բացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:
ԵՎրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցությունները միակ գործընթացն են, որ կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը կամ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Շատ կարևոր է հակամարտող կողմերի` Եվրախորհրդի անդամ լինելու հանգամանքը, որը լրացուցիչ լիցք է հաղորդում հիմնախնդրի կարգավորմանը, օգնում է կողմերին` հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված արագ և հեշտ ճանապարհ գտնելու հարցում` հիմնված լինելով միասնական չափանիշների և արժեքների վրա»,- լավատեսորեն ասել է Յագլանդը, որը բոլորովին վերջերս է ստանձնել ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնը և դեռ բավականին իդեալիստական պատկերացումներ ունի իր աշխատանքի մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը, այցելելով Թուրքիա, վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց չարձանագրելու դեպքում շատ դժվար է լինելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում, թեպետ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան համատեղ հայտարարության մեջ բացառել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների միջև կապը:
Հերթական պետական այցով Հայաստանում չէր Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն այս անգամ էլ Հունգարիայում էր միջպետական համաձայնագրեր ստորագրում: Նա ոչ միայն Բուդայի ու Պեշտի միջև շրջագայեց, այլև հասցրեց հայ համայնքի հետ հանդիպել: Իսկ Հունգարիայի նախագահ Լասլո Շայոմը չուշացրեց իր աջակցությունը հայտնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը` համարելով, որ դա Հայաստանի համար դեպի Եվրոպա նոր պատուհան է բացում:
ՀՀ կառավարության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման հայեցակարգը: ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարվել է մեկ ամսում մշակել և կառավարությանը ներկայացնել հայեցակարգի հանրային քննարկման ժամանակացույց: Հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնումը և որակի բարձրացումն անալոգային տեխնոլոգիայի պայմաններում հնարավոր չէ, ոլորտի զարգացումը պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ընդունված որոշումը նպատակ ունի ապահովել բազմաբովանդակ հեռուստառադիոհեռարձակման հասանելիություն և մատչելիություն, տեղեկատվական շուկայի զարգացում և ազատ մրցակցություն:
Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հավաքում «բացատրական» ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ելույթն իր բնորոշմամբ էր բացատրական, այնուհանդերձ, ավելի շատ հարցերի տեղիք տվեց, առավել շատ շահարկումների: Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ձևավորվել է մի խավ, որին հարում են տարբեր ուժերի ներկայացուցիչներ, ովքեր առաջնորդվում են քաղաքական խլության ու կուրության գերակայության սկզբունքով, որը, սակայն, ոչ թե քաղաքական համրության է հանգեցնում, այլ անհեթեթ շատախոսության: Օբյեկտիվորեն հնարավոր չէ ամեն ինչի մասին մշտապես տեսակետ ունենալ և մշտապես ունենալ ճիշտ տեսակետ։ Այս փաստը ոչ մի կերպ չեն ընդունում որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց պարտքն են համարում միշտ և ամեն ինչի մասին խոսել` քննարկումների առանցքում ունենալով իրենց և միմիայն իրենց: Լևոն Տեր-Պետրոսյանը, իր գնահատմամբ, ներկայացրել է փաստարկված, բացատրված, պատճառաբանված տեսակետ, ինչը քննարկելու փոխարեն քաղաքական դաշտի այդ հատվածը Եղիազար Այնթապցու որոնումների մեջ է խորասուզվել` ամեն ինչի մեջ առևտուր, գործարք ու շահ որոնելով: ՀՅԴ-ն` իշխանական ընդդիմության հարմարավետ թիկնաթոռներում խորասուզված, «ոչ մի թիզ հող» չկորցնելով իշխանական լծակներից` քաղաքական դաշտի աուդիտորի դեր է վերապահում իրեն ու դատավճիռներ կարդում այլ ուժերի, որոնք իբր որպես ընդդիմադիր ուժ այլևս անելիք չունեն: Ձանձրալի է, հոգնեցուցիչ ու անպատիվ: Նման ելույթները դառնում են քաղաքական ուժի ախտորոշում, երբ իրապես կարևոր, սկզբունքային, երկրի համար ճակատագրական հարց է բարձրացվում, իսկ քաղաքական ուժի ղեկավարներն սկսում են իրենց փառաբանման ու իրենցից դուրս մնացածի դատափետման լոլոները, դա ուղղակի վկայությունն է, որ իրենք ո՛չ ասելիք ունեն, ո՛չ անելիք այդ հարցի վերաբերյալ: Ի վերջո, քաղաքական մեկ ուժը չի որոշում մյուսի ո՛չ ճակատագիրը, ո՛չ անելիքը, ո՛չ չանելիքը։ Դա ևս աքսիոմա է, որ հարյուրքանի տարում արժեր հասկանալ: Միմյանց հաշվին այդ շահարկումների հետևանքն է անտարբերությունը, եթե ոչ զզվանքը քաղաքականությունից, որ որոշ «գործիչներ» հավասարեցրել են գործարքների վայրի ու շահերի բազարի: Այնպես որ, Եղիազար Այնթապցին մանուկ է նրանց համեմատությամբ, անմեղ մանուկ:
Այսպիսին է աշունը Հայաստանում, ի՞նչ կարող ես անել:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ