Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պետք է նորից իջնենք մինչև Տարտարոսի խորքերը, որպեսզի հասկանանք կյանքի ու վերածննդի արժեքը

Պետք է նորից իջնենք մինչև Տարտարոսի խորքերը, որպեսզի հասկանանք կյանքի ու վերածննդի արժեքը
09.01.2024 | 07:23

Հենց կորոշեք կրկին ադրբեջանցիներին ոչխար ասել, հիշեք, որ կարողացել են Թուրքիայի քաղաքական համակարգում սեփական թեկնածու աճեցնել , օրինակ Սինան Օղան, ով 2023 թվականին ԱԹԱ դաշինքի նախագահի թեկնածուն էր ու սերտ կապեր ունի թուրքական իշխող շրջանակների հետ, հետո հիշեք Ռուսաստանի քաղաքական համակարգում, փորձագիտական դաշտում, ուժային կառույցներում ադրբեջանական փող, ազդեցությամբ ու ռեսուրսներով ապրող գործիչների, հետո ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Իսրայել...

Իսկ հսկայական հայկական սփյուռք ունեցող Հայաստանն այս ողջ ընթացքում չկարողացավ անգամ Ռուսաստանում պահել 1990-ականներին սովետական իներցիայի ուժով ստեղծված ազդեցությունը, չկարողացավ նոր հայազգի դեմքեր աճեցնել, նպաստել նրանց առաջխաղացմանը ո՛չ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իրանում, եթե կուզեք անգամ Թուրքիայում։

Ինձ համար շատ տպավորիչ էր 1979-1988 թվականներին Կալիֆորնիայի ընդհանուր դատախազ, 1982-1991 թվականներին Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, Սենատի նախկին անդամ Ջորջ Դոքմեջյանի օրինակը, ով կարողացավ հասնել բավականին բարձր աստիճանի, սակայն մեր «հիվանդությունը» թույլ չտվեց դա օգտագործել ու ԱՄՆ ամբողջ պետական համակարգը, ֆինանսական համակարգը լցնել էթնիկ հայերով, աճեցնել երիտասարդների սերունդ, ովքեր ո՛չ միայն անձնական, այլև ազգային ամբիցիաներով կընկղմվեին ԱՄՆ քաղաքական և կառավարման համակարգի մեջ։ Այդ ժամանակ այո՛, լրիվ իրատեսական կլիներ հայ-ամերիկյան դաշինքը, և Հայաստանին «կովկասյան Իսրայելի» կարգավիճակ ստանալուն։

Բայց մենք բաց թողեցինք, որովհետև մեզ համար չկար երկարաժամկետ ռազմավարական տեսլական, նպատակի համար իրական պայքար ու այդ պայքարի մեջ ներդրում։

Նույն Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ 1985 թվականին ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 1990 թվականին Դոքմեջյանը հատուկ հայտարարագրով ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին։

Սա ևս խոսում է այն մասին, որ համակարգված ցանցային աշխատանքի դեպքում մենք կկարողանայինք այսօր այլ բովանդակությամբ Հայաստան ունենալ, և ամենայն հավանականությամբ` այլ աշխարհագրական սահմաններով։

Բայց մինչ այդ, փաստորեն պետք է նորից իջնենք մինչև Տարտարոսի խորքերը, որպեսզի հասկանանք կյանքի ու վերածննդի արժեքը։

Ես հավատում եմ, որ մենք դա կանենք...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ