«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Երրորդ բևեռի ձևավորման հետևում երևում են Քոչարյանի ականջները»

«Երրորդ բևեռի ձևավորման հետևում երևում են Քոչարյանի ականջները»
22.07.2008 | 00:00

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության և քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԸ։
-Օրերս կոմիտեն հայտարարություն տարածեց, որն ստեղծված իրավիճակից «լավագույն ելքը» համարում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի իրականացումը ։
-Ցանկալի կլիներ, որ Սերժ Սարգսյանը ցուցաբերեր քաղաքական բարձր գիտակցություն և կամովի հրաժարական ներկայացներ։ Բայց մենք այդ կամքի դրսևորման առումով վերապահում ունենք։ Կոմիտեի անդամները, ովքեր անձամբ զգացել են, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ լինել, այսօր նաև բարոյական պատասխանատվություն են զգում օր առաջ բանտից ազատված տեսնելու իրենց ընկերներին։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանն իրականում չունի այն իշխանությունը, որը համապատասխանում է ՀՀ նախագահի լիազորություններին։ Կարծում եմ, որ եթե մենք բոլորս պատանդ ենք Սերժ Սարգսյանի ձեռքում, ապա Սերժ Սարգսյանը պատանդ է Ռոբերտ Քոչարյանի ձեռքում։ Հայաստանում երկիշխանություն է, չնայած Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու։
-Որո՞նք են այդ հնարավորությունները։
-Համաժողովրդական շարժումը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, տվել է այդ հնարավորությունները, այսինքն, իրականացնել այն պահանջները, որոնք ներկայացրել է Տեր-Պետրոսյանը։ Այնինչ Սերժ Սարգսյանը համարձակություն չունի Քոչարյանի ստվերից ազատվելու, ինչը ենթադրում է, որ Սարգսյանն էլ է կրելու երկրում կատարվածի պատասխանատվությունը։ Ավելին, Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նախաձեռնության շնորհիվ Քոչարյանը պետք է օր առաջ վտարվի Հայաստանից և իր հայրենի ԼՂՀ-ից, հակառակ դեպքում, համոզված եմ, այդ մարդը նոր ավերածություններ է բերելու Հայաստանին։ Ակնհայտ է, որ այսօր այդ «երրորդ բևեռի» ձևավորման հետևում երևում են Քոչարյանի ականջները։ Նա փորձում է այլընտրանքային քաղաքական միավոր ստեղծել, որն իբր կլինի հակակշիռ և՛ Տեր-Պետրոսյանին, և՛ Սարգսյանին։ Այս պայմաններում եթե կա մեկը, ով ցանկանում է կործանել Սերժ Սարգսյանին, դա Քոչարյանն է։ Մենք Սարգսյանին կործանելու խնդիր չունենք, մեր ցանկությունը, Համաժողովրդական շարժման առաքելությունը Հայաստանի կործանումը թույլ չտալն է։
-Ի դեպ, Հաագայի դատարանում դատապարտվելու ստորագրահավաքի առնչությամբ Քոչարյանն ասել է, որ այդ ամենին հումորով է վերաբերվում։
-Աչքի տակ ունենալով Քոչարյան քաղաքական գործչի բնութագիրը՝ կարծում եմ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում կատարված բոլոր իրադարձություններին նա միշտ հումորով է վերաբերվել։ Այդ մարդը չի լրջանում։ Ես բացառիկ կարևորություն եմ տալիս Հաագայի դատարան դիմելուն։
-Ի՞նչ հեռանկար կունենա այս նախաձեռնությունը:
-Սա առաջին հերթին մեր ժողովրդի համար յուրօրինակ հանրաքվե կլինի։ Մենք նաև նախադեպ ենք ստեղծում բոլոր մյուս ՀՀ նախագահների համար, որպեսզի Քոչարյան հակահերոսի կերպարն այլևս չկրկնվի։ Այդ մարդը մեր հասարակության գիտակցության մեջ պետք է ընկալվի որպես «պերսոնա նոն գրատա»։ Ընդհանրապես պետք է մերժվի, ժխտվի այդ մարդու քաղաքական արժեհամակարգը։ Դատելով նաև նրա վերջին երկու հարցազրույցներից՝ հասկանում ենք, որ նա ենթագիտակցորեն խոստովանում է, որ երկրում ինքն է եղել միակ որոշում կայացնողը և կարևոր իրադարձությունների ճարտարապետը։ Հետևապես շատ հարցեր կարող են առաջանալ. հոկտեմբերի 27-ին կատարվածը, այս տարիների ընթացքում 46-ից ավելի քաղաքական սպանությունները, վերջապես ԼՂ-ի հիմնախնդրի լուծման վիժեցումը։ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի ապագան վիժեցնելու համար։ Նա բոլոր ճանապարհները փակեց ու մեկուսացրեց Հայաստանը։
-Ըստ Ձեզ, քանի՞ քաղաքացի կստորագրի այդ նախաձեռնության տակ։ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է մտադիր Քոչարյանին տեսնել Հաագայի դատարանում։
-Իրավական առումով մի ստորագրությունն էլ բավարար է անձին պատասխանատվության ենթարկելու համար։ Սա նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գնահատականն է ժողովրդի կողմից, ինչն առավել կարևոր է։ Ես երբևէ չէի ուզենա, որ Հայաստանի որևէ նախագահի հանդեպ ժողովուրդը նման դիրքորոշում ունենար, բայց չէի կարող նաև երբևէ հավատալ, որ իշխանություն կարելի է պահել ժողովրդի վրա կրակելով։ Սակայն այդ մարդն իր իշխանությունը սկսեց և ավարտեց սպանություններով։ Ոչ թե ընդդիմադիր լինել-չլինելն է խնդիրը, այլ որպես ՀՀ քաղաքացի ես պահանջում եմ այդ ամենի համար իրավական գնահատական։ Եթե մեր ժողովուրդը «մարսի» մարտի 1-ը, ապա իշխանությանը կրկին հնարավորություն կտա ավելի մեծ արյունահեղություն իրականացնել։
-Երևանում տեղի ունեցած վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանը նոր իշխանություններին վերստին ժամանակ տվեց՝ հստակ պահանջներ առաջադրելով։ Մինչև օգոստոսի 1-ն այդ պահանջների գոնե մի մասը, Ձեր կարծիքով, կկատարվի՞։
-Ես հարգում եմ Տեր-Պետրոսյանին և նրա մեջ տեսնում եմ այն մարդուն, ում միջոցով Հայաստանում հնարավոր է ձևավորել իսկապես ժողովրդավարական, իրավական պետություն, սակայն տվյալ պարագայում ես համաձայն չեմ, որ Սերժ Սարգսյանը նոր իշխանություն է։ Սարգսյանն իր համակարգով նոր իշխանություն չի կարող լինել։ Եթե ֆորմալ առումով էլ նա մարտի 1-ին մասնակցություն չի ունեցել, զուտ բարոյական տեսակետից, պետք է ոճրագործության հեղինակներին բացահայտելու առաջին ջատագովը լիներ։ Ինչ վերաբերում է պահանջներին, ապա Սարգսյանը դեռ ժամանակ ունի գոնե քաղբանտարկյալներին ազատելու, աշխատանքից նշված բարձր պաշտոնյաներին հեռացնելու։ Բայց Սարգսյանն ինչպե՞ս կարող է ազատել աշխատանքից Արմեն Գևորգյանին, երբ նրա տեսքով հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը։ Հնարավոր է Սարգսյանը մեծ ցանկություն ունի Արմեն Գևորգյանին ազատելու (ի վերջո Քոչարյանից տարանջատվելու համար), քանի որ նույն այդ աղվանհովսեփյանները, արմենգևորգյանները, գորիկհակոբյանները, որպես գործիք, կկործանեն իրեն՝ կատարելով Քոչարյանի իրական նկրտումները։
-Անդրադառնալով համաժողովրդական շարժման գործելաոճին՝ ինչպե՞ս եք գնահատում քայլերի դինամիկան։
-Մենք երբեմն շփոթում ենք սովորական քաղաքական գործընթացները նախընտրականի հետ։ Հայաստանում նախընտրական ժամանակաշրջանում տեղի է ունենում հասարակական մոբիլիզացիայի պիկ։ Ընտրություններից հետո քաղաքական դաշտում հարաբերական անդորր է տիրում, բայց անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման քաղաքական ակտիվություն որևիցե քաղաքական ուժի կողմից չէր հաջողվել, ինչպես Տեր-Պետրոսյանին։ Այժմ մենք ժամ առ ժամ տեսնում ենք ժողովրդի ակտիվության մեծացում, ինչը նաև պայմանավորված է օգոստոսի 1-ով։ Օգոստոսի 1-ին Հայաստանում ստեղծվելու է պայքարի նոր ռազմավարություն։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6024

Մեկնաբանություններ