«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Հանուն» և «ընդդեմ»

«Հանուն» և «ընդդեմ»
29.07.2008 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾ Է» ՊՆԴՈՒՄԸ ԱՔՍԻՈՄԱ Չ՜Է
«ՈՒր կա սեր, կա և կյանք։ Սկզբում քեզ արհամարհում են, հետո վրադ ծիծաղում, այնուհետև սկսում պայքարել քեզ հետ, իսկ հետո դու հաղթում ես»։
Մահաթմա Գանդի

Հնդկաստանի պասիվ դիմադրության շարժման առաջնորդն իրականում էլ առանձնահատուկ մարգարե էր։ Նա ոչ միայն որոնում էր ճշմարտություն և կատարելագործվում բարոյապես, այլև կարողացավ դառնալ ստեղծողն ու առաջնորդը Հնդկական ազգային կոնգրեսի։ Այս` կառուցվածքային առումով լայն տարածում ունեցող կազմակերպությունը կարողացավ հաջող պայքար մղել բրիտանական իրականության դեմ։ Ըստ որում, այդ կոնգրեսն աշխարհում իր բնույթով միակ կազմակերպությունն էր, որն զբաղված էր ոչ միայն ճառախոսությամբ, այլև մշակում և գործնականում ուղղորդում էր ժողովրդական պայքարը ինչպես «հանուն», այնպես էլ «ընդդեմ» սկզբունքից ելնելով։ Համահրեական Կոնգրեսը, ինչպես նաև նման անվանում ունեցող մեծ ու փոքր, հայտնի և անհայտ, գործունակ և անգործունակ մյուս կազմակերպությունները ևս այս կամ այն չափով արտահայտում են այդ տերմինի բուն իմաստը՝ համագումար կամ համաժողով։ Սակայն, նկատի ունենալով Գանդիի և նրա ստեղծած կոնգրեսի վարած պայքարի բացառիկ յուրահատկությունը, ակնհայտ է, որ միայն Հնդկական ազգային կոնգրեսն էր լիովին համապատասխանում իր տերմինաբանական նշանակությանը և այդպես էլ չվերածվեց ագրեսիվ քաղաքական շարժման կամ ճակատի։
Ամենայն հավանականությամբ, լեզվաբան Լևոն Տեր-Պետրոսյանը, որն, անկասկած, տերմինների հետ աշխատելու ճաշակ ունի և գիտի բառի արժեքը, պատահաբար չհայտարարեց ընդդիմադիր շարժումը Հայկական ազգային կոնգրեսի վերածելու իր մտադրության մասին։ Այդպիսով, ըստ էության, նախանշեց պայքարի նոր փուլի սկիզբը, փորձելով դրան տալ նոր բովանդակություն։ Այն է. շատ կողմերով ձևական ակտիվությունից անցնել կայուն, հաշվարկված քաղաքական պայքարի։ Եվ թեկուզ առաջին նախագահի շատ համախոհներ շարունակում են սրբորեն հավատալ և նախանձելի համառությամբ իշխանափոխության նոր ժամկետներ են հայտարարում (օգոստոսի 1, սեպտեմբերի 1 և այլն), ինքը՝ շարժման առաջնորդը, ինչպես նաև նրա մերձավոր շրջապատը, ամենայն հավանականությամբ, սկսել են նախապատրաստվել երկարատև դիրքային պայքարի։
Այսպիսով, իշխանության նկատմամբ կիրառվող հրապարակային ճնշման ձևերին (հանրահավաքներ, արմատական կարգախոսներ, անցանկալի հրապարակային բացահայտումներ), որոնք միանշանակ տեղավորվում էին ընդդիմադիր շարժման տրամաբանության մեջ, փոխարինելու պիտի գան նոր մոտեցումներ, նոր կառույցներ ու գաղափարներ, որովհետև դա է պահանջում հռչակված կոնգրեսի բովանդակային էությունը։ Անշուշտ, արմատական ընդդիմության գլխավոր խնդիրը՝ առնվազն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, մնում է օրակարգում, սակայն ակնհայտ է, որ իրականություն կդառնա ոչ թե հեղափոխական գործողությունների և նույնիսկ բնակչության զանգվածային աջակցության պայմաններում, այլ երկարատև, հոգնեցուցիչ, բայց անհրաժեշտ ու աշխատատար գործունեության արդյունքում միայն, որպեսզի երկրում հաջողվի ձևավորել իրական երկիշխանության մթնոլորտ։ Նկատի ունենանք, որ այսօր արմատական ընդդիմությանն առաջնորդող գործիչներն այդպիսի գործունեության փորձ ունեն դեռ 1988-90 թվականներից։ Սակայն այդ փորձը, անշուշտ, ներկա ներքին և արտաքին քաղաքական իրողություններից ելնելով, որոշակի սրբագրումների կարիք ունի, հակառակ դեպքում՝ բավարար արդյունավետություն ապահովել չի կարող։ Նոր իրադրությունը միշտ էլ պահանջում է աշխատանքի նոր մոտեցումներ, և այս իմաստով ավելորդ չէ հիշել իմաստուն Գանդիի հետևյալ խորհուրդը. «Պայքարին հաղորդիր դրական բովանդակություն։ Այդ պայքարի ընթացքում միշտ պետք է ձգտել ոչ միայն գործող գաղափարախոսության և կառույցների ոչնչացմանը, այլև հստակ պատկերացնել, թե ինչ ես առաջարկելու դրանց փոխարեն»։
Նկատի ունենանք, որ եթե փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների գործընթացում ձևավորված ընդդիմադիր կուսակցությունների ամորֆ միավորումը միանգամայն համապատասխանում էր այդ պահի ոգուն ու մթնոլորտին, ապա ներկա իրավիճակը բոլորովին այլ է։ Այն պահանջում է հստակ կազմակերպական կառուցվածքների ձևավորում, ծրագրային և օրակարգային փաստաթղթերի ստեղծում։ Ավելին, նկատի ունենալով իշխանությունների կողմից հռչակված պետական համակարգի բարեփոխման կուրսը, ընդդդիմության կողմից բացառապես ժխտողական կոչերը կամ պոպուլիստական-քարոզչական հնարքները՝ Հաագայի դատարան դիմելու համար ստորագրահավաքի ձևով, չեն կարող արդյունավետ հակազդեցություն հանդիսանալ և ապահովել բնակչության զանգվածային աջակցությունն ու տոտալ ճնշումն իշխանությունների նկատմամբ։ Պատահական չէ, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, թե վաղաժամ է համարում միանալն այն կոնգրեսին, որն առայժմ չունի հստակ ծրագիր և կանոնադրություն։ Թեպետ կուսակցության վարչության քարտուղարը հայտարարեց, որ իրենք աջակցում են արմատական ընդդիմության կողմից ներկայացված պահանջների մեծ մասին, սակայն ընդհանուր կառույցի մաս կազմելու մասին խոսելը վաղ է։ Սկզբունքորեն նույն տրամադրություններն են բնակչության ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատվածի մեծ մասի մոտ, որը հոգնել է վերացական խոստումներ լսելուց կամ ընդդիմության տոտալ քննադատությանը հետևելուց, եթե չեն նախանշված նրա գործունեության կոնկրետ վեկտորները, և հասկանալի չէ պայքարի հեռանկարը։ Եվ թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց կուսակցական կառույցների վրա հենվելու իր մտադրության մասին, միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ կուսակցությունները հանրության կյանքում առանձնապես մեծ ժողովրդականություն չեն վայելում։ Սահմանափակ են և նրանց ռեսուրսները, ուստի հստակ կարելի է կանխատեսել, որ առանց ընդդիմադիր կոնգրեսում սովորական քաղաքացիների լայն շերտերի ակտիվ ընդգրկման, ընդդիմադիր այդ միավորմանը բոլորովին էլ դրական հեռանկար չի սպասվում։ «Մի դատիր ուրիշներին ավելի խիստ, քան ինքդ քեզ։ Չի կարելի ոչ բարոյական, ոչ ինտելեկտուալ առումով ուրիշներին քեզնից ցածր համարել։ Անթույլատրելի է համախոհներին վերաբերվել այն տեսանկյունից, թե նրանք ավելի պակաս բարոյական մղումներով են մտել պայքարի մեջ։ Համադրիր քեզ նրանց հետ, ում համար և ում հետ միասին պայքարում ես»,- ասել է Գանդին։
Արմատական ընդդիմության շարքերում առավել խնդրահարույց և դժվար հաղթահարելի խոչընդոտներն այսօր անձնական և միջկուսակցական տարակարծություններն են։ Դրանց հիմքում ընկած հիմնական խնդիրն այն է, թե ով է հանդիսանալու առաջին նախագահի հիմնական քաղաքական հենարանը կամ որ ուժն է կազմելու ապագա կոնգրեսի առանցքը։ Ակնհայտ է, որ ՀՀՇ-ի՝ վետերանները պայքարում են այդ դերի համար և Լևոն Տեր-Պետրոսյանի գիտությամբ կամ անգիտությամբ, այնուհանդերձ, արդեն լրջորեն երկրորդ պլան են մղում մյուս ուժերին։ Քաղաքական դաշտի այդ հնաբնակները, բնականաբար, ունեն փորձ և համառություն՝ հատկապես զանգվածային միջոցառումներ և թատերականացված ակցիաներ կազմակերպելու առումով։ Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ բնակչության առավել քան զգալի հատվածը չի փոխել իր վերաբերմունքը ՀՀՇ-ի` որպես քաղաքական ուժի նկատմամբ, քանզի չի մոռացել նրանց կառավարման տարիները։ ՈՒստի Հայկական ազգային կոնգրեսի գաղափարի իրագործումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե առաջին նախագահը կարողանա արդյունավետ լուծել իր համար ամենամեծ պրոբլեմը՝ հանրությանը ներկայանալ նորացված թիմով և առաջնային դերակատարություն չտալ իր թեկուզ հավատարիմ, բայց ժողովրդականություն չվայելող հին համախոհներին։ Միայն այդ դեպքում է, որ մյուս կուսակցությունների առաջնորդները հնարավորություն և արդարացում կունենան իրենց շարքային ընկերների և ժողովրդի առջև՝ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու հարցում։ Մինչդեռ արդեն այսօր ինչպես ՀԺԿ-ում, այնպես էլ «Ժառանգությունում» բացահայտ խոսում են «ՀՀՇ-ի ականջների» մասին, իսկ այդ կուսակցությունների ղեկավարները, որ որևէ չափով մասնակից չեն եղել նախկին իշխանության մեղքերին, բնականաբար, կտրականապես չեն ցանկանում հայտնվել նախկինների հետ նույն համադրության մեջ։ Սակայն այդ նույն նախկիններից շատերը ոչ միայն չեն գիտակցում վերոհիշյալ իրողությունները, այլև կորպորատիվ շահերից ելնելով շարունակում են քարոզել նույնը, ինչ նախկինում, ոչ մի կերպ չցանկանալով ընդունել կատարած սխալները։
«Պայքարիր ընդդեմ գործի, ոչ թե այդ գործի թիկունքում կանգնած անձի դեմ։ Պատրաստ եղիր ներդնել բոլոր ֆիզիկական և բարոյական ուժերդ քո գործի համար մղվող պայքարում, որին դու հավատում ես։ Եվ եթե անհրաժեշտ լինի՝ պատրաստ եղիր զոհելու անգամ կյանքդ հանուն գործի և մարդկանց, բայց ոչ մի դեպքում՝ հենց զոհաբերության համար»,- ժամանակին ասել է Հնդկաստանի պասիվ դիմադրության շարժման առաջնորդ Գանդին։ Եվ եթե մեր ընդդիմությունը խոսում է կոնգրես ստեղծելու մասին, այդ ձևակերպումն արդեն իր մեջ ենթադրում է կրքերի լարվածության թուլացում, նեղացած կեցվածքի և ռևանշիստական ատելության բացառում։ Որովհետև վերջնահաշվում ընդդիմությունը ստիպված է լինելու տեղափոխվել թեկուզ ոչ ուղղակի, սակայն ավելի կառուցողական-քննադատական, գուցեև կոշտ երկխոսության դաշտ իշխանությունների հետ։ Այսինքն, օգտագործել ոչ միայն փողոցային պայքարի մեթոդները, այլև ընդունել, որ ժողովուրդն իր մեծամասնությամբ, այնուհանդերձ, հեղափոխական չէ։ Այսօր չկա այնպիսի հզոր ազգային գաղափար, որ ժողովրդին երկարաժամկետ պահի հրապարակներում։ Հանրագումարում նկատենք, որ Գանդին, ի տարբերություն 20-րդ դարի բազմաթիվ բարոյական հեղինակությունների և մարգարեների, գործնականում ապացուցեց, որ ազնվության և ինքնազոհության սկզբունքների վրա հենված քաղաքական պայքարը սկզբունքորեն հնարավոր է։ Այսինքն՝ «քաղաքականությունը կեղտոտ գործ է» հայտնի պնդումը, ամեն դեպքում, աքսիոմա չէ։ Եվ եթե Հայաստանի ընդդիմադիր գործիչները կամա թե ակամա փորձում են համադրել Հայկական ազգային կոնգրեսն այդ մեծ մարդու ստեղծած կառույցի և նրա փորձի հետ, ապա չէր խանգարի իրենց գործելակերպում ներառել նաև Գանդիի մշակած մարտավարությունը, որը դրական արդյունքի հանգեցրեց անհամեմատ հզոր հակառակորդի նկատմամբ։ Եվ երիցս ճիշտ էր Ալբերտ Էյնշտեյնը, երբ պնդում էր. «Այն բարոյական ազդեցությունը, որ ունեցավ Գանդին մտածող մարդկանց վրա, անհամեմատ ավելի ուժեղ էր, քան թվում է մեր բռի ուժի ժամանակներում։ Մենք շնորհակալ պետք է լինենք ճակատագրին, որ նվիրեց մեզ այդպիսի փայլուն ժամանակակցի, որը ճանապարհ ցույց տվեց գալիք սերունդներին»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6087

Մեկնաբանություններ