«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ընդդիմությունը պետք է հանդիպի իշխանությունների հետ` համատեղ քննարկելու երկրի ընդհանուր

«Ընդդիմությունը պետք է հանդիպի իշխանությունների հետ` համատեղ քննարկելու երկրի ընդհանուր
25.07.2008 | 00:00

«ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է Օքսֆորդի համալսարանի սոցիալական և իրավական հետազոտությունների կենտրոնի աշխատակից ՄԱՐԻՆԵ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԸ:

-Դուք արդեն վաղուց Բրիտանիայում եք ապրում, սակայն հետևում եք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում։ Ձեր գնահատմամբ, զարգացման ի՞նչ աստիճանում ենք մենք այսօր գտնվում։ Ոմանք այն բնորոշում են իբրև ֆեոդալական, քրեական-կլանային հասարակություն, ուրիշները՝ իբրև անցումային շրջանի պետություն, որոշ կարծիքների համաձայն էլ, Հայաստանում կառուցվում է լիբերալ-դեմոկրատական պետականություն։ Ինչպիսի՞ն են, ըստ Ձեզ, իրական միտումները։
-Այդ բնորոշումները մեծ մասամբ պիտակներ են, թեպետ, իհարկե, ճշմարտության որոշակի պարունակությամբ։ Սակայն ամենից առաջ իմաստ ունի խոսել ըստ էության։ Կա այնպիսի տպավորություն, թե Հայաստանը հեռու է ժողովրդավարությունից, և կոռուպցիայի բարձր աստիճանի պայմաններում հազիվ թե հնարավոր է խոսել լուրջ տնտեսական զարգացման մասին։ Թեպետ նկատեմ, որ, տարին մեկ անգամ այցելելով Հայաստան, ես գոնե Երևանում տեսնում եմ որոշակի տնտեսական առաջընթաց։ Դրական փոփոխություններ կան ոչ միայն փողոցներում, այլև մարդկանց զգացողության, կյանքի կազմակերպման առումով։ Համենայն դեպս, մակերեսային տեսանկյունից այդպիսի զգացողություն կա։
Եթե խոսենք քաղաքական գործընթացներից, ապա հիմնական խնդիրը Հայաստանում ընդդիմության բացակայությունն է այդ բառի իսկական իմաստով։ Կա իշխանությունը փոխելու բավականին արդարացված ցանկություն, կա ատելության շարժում, բայց չկա ընդդիմադիր աշխատանք, որը հետևեր իշխանությունների քաղաքականությանն ու գործողություններին, չկա կոնկրետ գործողությունների քննադատություն, և չկան կոնկրետ առաջարկություններ։ Դեռևս ՀՀՇ-ի ժամանակաշրջանից դրվել է այնպիսի ընտրությունների ավանդույթ, որոնց ժողովուրդը չի հավատում, և այդ ժամանակից ի վեր, ղեկավարվելով բացառապես իշխանությունը փոխելու ձգտումով, ընդդիմությունը փորձում է հեղափոխություն իրականացնել։ Սա դարձել է առանցքային կամ մշտնջենական գաղափար։
-Բայց մի՞թե ցանկացած ընդդիմության խնդիրը չէ իշխանությունը վերցնելը և արդեն նոր կարգավիճակով երկրի կառուցման իր պատկերացումներն իրագործելը։
-Այո, բայց նայած թե ինչպես։ Տարբեր ճանապարհներ կան։ Կարելի է իշխանության գալ հետևողական աշխատանքի արդյունքում, մարդկանց ապացուցելով, որ իրենք ավելի լավն են և ոչ թե ղեկավարվելով այն թեզով, թե մենք, միևնույն է, ընտրություններին չենք վստահում, ուստի բոլորին պետք է հեռացնել։ Պետք է ասել, թե ինչ և ինչպես ես անելու իշխանության գալու դեպքում, ոչ թե խոսել ընդհանրապես կոռուպցիայի մասին՝ առանց փաստերի հետ աշխատելու, մոնիտորինգ իրականացնելու։ Այսինքն՝ պետք է ստեղծես ստվերային կառավարություն, իսկ դա ծանր աշխատանք է։ Որովհետև այդ կառավարությունում պետք է լինեն մասնագետներ, որոնք հասկանան առանձին ոլորտներում տեղի ունեցող գործընթացները և փաստերով ապացուցեն իշխանությունների անգործունակությունը, առաջ քաշեն նոր գաղափարներ և մոտեցումներ։ Այդ դեպքում է, որ ընդդիմությունն իրավունք կունենար ասելու, թե իշխանությունները վատ են աշխատում, և ժողովուրդը պետք է քվեարկի իր օգտին։ Պետության կառուցումը սկզբունքորեն ենթադրում է մի ընտրությունից մինչև հաջորդ ընտրությունն ընկած քայլերի համակարգ։ Չի կարելի ամեն անգամ փորձել քանդել ամեն ինչ և միաժամանակ պնդել, թե այլ ճանապարհ չկար։
-Դուք պնդում եք, որ ընդդիմությունը պետք է վերահսկի իշխանություններին։ Սակայն առանց այդ էլ քննադատություն բավականաչափ կա, արդեն վաղուց ընդդիմությունն աշխատում է «սև-սպիտակ» սկզբունքով, և մարդկանց ականջները հոգնել են հանրահավաքներից, ընդդիմադիր մամուլի էջերից հեղեղվող շարունակական քննադատությունից։
-Այն քննադատությունը, որ ես տեսնում եմ կամ ընթերցում, քննադատություն է հանուն քննադատության։ Այսինքն, դա որոշակի քայլերի, իշխանությունների քաղաքականության մեջ առկա որոշակի տարրերի քննադատություն չէ և, իմ կարծիքով, անիմաստ է։ Բացի այդ, պետք է լինի համագործակցություն, ընդդիմությունը պետք է հանդիպի իշխանությունների հետ` համատեղ քննարկելու երկրի ընդհանուր քաղաքականության վեկտորները։ Իսկ մարդիկ, ովքեր լսում են այդ երկխոսությունը, ըստ դրա պետք է որոշեն, թե ում են ավելի վստահում։ Չի կարելի թույլ տալ, որ քննադատությունը դրսևորվի միայն փողոցում այն ժամանակ, երբ մյուս կողմն առանց ընդդիմության նստած է խորհրդարանում։ Այդպիսով նրանք մեկը մյուսին երբեք չեն լսի։
-Սակայն իշխանությունները հետևողականորեն ընդդիմությանը երկխոսություն են առաջարկում, իսկ վերջինս շարունակաբար մերժում է։
-Բանակցությունների սեղանի շուրջ նստելը ծանր աշխատանք է։ Այդ աշխատանքը պետք է սկսել մինչև բանակցությունները, շարունակել բանակցությունների ընթացքում և դրանցից հետո էլ, երբ ինչ-որ պայմանավորվածություններ կլինեն կամ չեն լինի։ Շատ ավելի հեշտ է պարզապես չնստել սեղանի շուրջ և վերջ։ Ես չեմ տեսնում ընդդիմություն, ընդդիմադիր լուրջ կուսակցություն կամ շարժում ստեղծելու նպատակ։ Կա միայն իշխանության հասնելու ցանկություն։ Ավելին, ընդդիմությունը չունի միասնական գաղափարախոսություն, այն իրենից ներկայացնում է մարդկանց բազմաշերտ և իրարամերժ շահեր ունեցող խումբ։
Այս ամենն ասելով՝ ես նպատակ չունեմ իշխանություններին պաշտպանել։ Ավելին, կոռուպցիայի մակարդակը երկրում աննախադեպ բարձր է, չկա լուրջ սոցիալական քաղաքականություն, իսկ այն, ինչ որպես այդպիսին մշակված է, ծառայում է միայն որոշակի մարդկանց շահերին։ Չկան առաջընթաց ապահովող կառույցներ, եղածներն էլ չեն գործում։ Բայց միաժամանակ պետք է նկատի ունենանք, որ այդ կառույցները գործի գցելու համար պետք է լինի լուրջ ընդդիմություն։ Եթե Մեծ Բրիտանիայում Թոնի Բլերը ուժեղ ընդդիմություն չունենար, ապա իր էությամբ և ընդհանուր միտումներով կհիշեցներ աշխարհի ամենակոշտ դիկտատորներին։ Բայց նա չէր կարող իրեն պահել այդպես, որովհետև կար նրա գործողությունները և ցանկությունները կանխարգելող կառույց։
-Ըստ Ձեզ, ընդդիմությունը պետք է նախապատրաստվի ընտրություններին և այդ միջոցո՞վ փորձի լուծել իշխանության հարցը։ Բայց դա հակասության մեջ է մտնում մեր իրականության հետ, քանի որ ինքներդ նշեցիք. անկախության սկզբից ի վեր ներդրվեց ոչ իրավական ընտրությունների համակարգ։ Այն հետագայում կատարելագործվեց և ծաղկեց, ինչպես կարող էր։ Ի՞նչ անել այն դեպքում, երբ ընտրություններով խնդրի լուծում չի ստացվում։
-Բերեմ ՈՒկրաինայի օրինակն այն ամբողջ «քաղաքական գզվռտոցով» հանդերձ, որ առկա է այնտեղ։ Այնուամենայնիվ, նրանք կարողացան հասնել գլխավորին՝ լեգիտիմ ընտրությունների և այդ ընտրություններում արևմտյան դիտորդների մասնակցությանն ու հարցերի իրավական լուծմանը։ Իսկ մեզ մոտ ի՞նչ տեղի ունեցավ։ Իրականում երկու կողմից էլ՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության, որքան որ հնարավոր էր, իրականացվում էին ընտրակեղծիքներ։ Իհարկե, այդ դեպքում իշխանությունն ավելի շատ հնարավորություններ և լծակներ ունի ու, բնականաբար, հասնում է ավելի մեծ արդյունքի։ Բայց ընդդիմությունն էլ, որտեղ որ հնարավոր էր, չէր խուսափում կեղծիքների դիմելուց։ Չկար ընդհանուր ցանկություն և միտում, որ մենք անցկացնենք մաքուր ընտրություններ։ Թեպետ մեխանիզմներ կան՝ ի դեմս արևմտյան դիտորդների և այլն, բայց այդ ամենը լիարժեք չօգտագործվեց ոչ մի կողմից։ Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե հաջորդ ընտրությունները կլինեն բացարձակապես ստերիլ, սակայն պետք է դրա համար մեխանիզմներ ձևավորել և քայլ առ քայլ առաջ ընթանալ, այլ ոչ թե քայքայել պետական կառույցները։ Մենք շարունակ ասում ենք՝ կորչի նախագահը, ոչնչացնում ենք ոչ թե անձին, այլ պետական ինստիտուտը։ Այն ամենի արդյունքում, ինչ շարունակ կրկնում ենք տասնհինգ տարի, ժողովրդի մեջ չի ձևավորվել տարրական հարգանք նախագահի և խորհրդարանի նկատմամբ՝ որպես ինստիտուտների։ Մինչդեռ պետք է հակառակն անել. ընդունել այդ ինստիտուտները և զուգահեռ աշխատել ընդդիմության ձևավորման ուղղությամբ։
-Բերեցիք ՈՒկրաինայի օրինակը, բայց այնտեղ կար լայնածավալ ժողովրդական շարժում, ճնշում իշխանության վրա և միաժամանակ արդար ընտրությունների գիտակցում։ Մեզ մոտ բոլորն այդ մասին միայն հայտարարում են։ Տեր-Պետրոսյանը փորձեց ուկրաինական «մայդանի» նման ինչ-որ բան ձևավորել, բայց իշխանությունները դաժանորեն ճնշեցին, եղան կրակոցներ, զոհեր։ Այդ ամենն ՈՒկրաինայում չկար։
-Այո, բայց ՈՒկրաինայում ընդդիմությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները կամ եթե չէր ճանաչում, աշխատում էր այն ձևերով, որ նոր ընտրություններ լինեն։ Ասել, թե այնտեղ ամեն ինչ լեգիտիմ է, ճիշտ չի լինի, բայց իշխանության հետ համագործակցություն կար կառուցողական դաշտում։
-Բայց չկար արյուն։
-Արյուն կլիներ, եթե կողմերից մեկն ընդհանրապես չճանաչեր ընտրությունների արդյունքները, ինչը չափազանց հեշտ էր, որովհետև հասարակությունն այնտեղ բևեռացված է և երկփեղկված։ Հավատացեք, եթե ընդդիմությունն ՈՒկրաինայում չճանաչեր ընտրությունների արդյունքները, կլինեին կրակոցներ։ Բայց նրանք նկատի ունեցան, որ ամեն ինչ ժխտելու ուղղվածություն ունեցող որևէ շարժումից հնարավոր չէ ստանալ որևէ կառուցողական արդյունք։
-Հայաստանում ընտրությունների մոնիտորինգի ինստիտուտը գոյություն ունի շատ վաղուց, բայց արևմտյան դիտորդների գործոնն այնքան էլ չի ազդում իրավիճակի վրա։ Այսօր ընդդիմությունը խիստ հիասթափված է արևմտյան կառույցներից և դիտորդներից, հատկապես ԵԽԽՎ վերջին նստաշրջանից հետո։
-Եթե ընդդիմությունն օգտագործում է այդ մեխանիզմները, ուրեմն բոլորովին էլ վատ չի աշխատում։ Սակայն եկեք ընդունենք, որ ոչ ոքի չէր հետաքրքրում այն հարցը, որ բնակչության նախապատվությունների պատկերը բոլորի համար պարզ լիներ։ Հստակ է, որ իշխանության դեմ շատ քվե է տրվել, բայց որքանը դրանցից որ ընդդիմադիր ուժի օգտին է քվեարկվել, ոչ ոք չգիտե։ Մյուս կողմից էլ նկատի ունենանք, որ իշխանությանը դեմ քվեարկելը դեռևս չի նշանակում քվեարկել ընդդիմության օգտին, և, ըստ այդմ, բնակչության տրամադրությունների իրական պատկերն առայսօր ոչ ոք չգիտի։ Ես այն տպավորությունն ունեմ, որ ընդդիմությանը դա բոլորովին էլ պետք չէր, ինչպես նաև իշխանությանը։ Եթե բոլոր միջոցները գործի դրվեին, և բնակչության նախապատվությունների պատկերը հստակ լիներ, ապա, կարծում եմ, դա ձեռնտու չէր լինի ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը։ Այդ պատճառով էլ հրաժարվեցին «էկզիտ պոլ» հետազոտության անցկացումից, որի միջոցով բոլոր երկրներում ուրվագծվում է ընտրությունների բավական իրական պատկերը. ՈՒկրաինայում և Վրաստանում դա վճռորոշ գործոն էր և ընդդիմության գլխավոր փաստարկներից մեկը։ Մինչդեռ Հայաստանում ընդդիմությունը հայտարարեց, որ չի վստահում այդ ուսումնասիրությանը, թեպետ կարող էր դրանում ընդգրկել իր մասնագետներին։ Ընտրությունների վերահսկման այլ մեթոդներ էլ, ի վերջո, գոյություն ունեն։
Զրուցեց Սոնա ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5740

Մեկնաբանություններ