«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ասել ճշմարտությունը` խղճի դեմ չմեղանչելով

Ասել ճշմարտությունը` խղճի դեմ չմեղանչելով
29.07.2008 | 00:00

Չէի գրի այս հոդվածը, բանավեճի մեջ չէի մտնի գրչակից բարեկամիս հետ, եթե Գյումրիում ապրող մտավորականս վիրավորված չզգար իրեն այն բանի համար, որ որոշ ուժեր, հեղինակություն և ճանաչում ունեցող մտավորականներին մոլորեցնելով, ցանկանում են ստի համար ճանապարհ բացել, վիրավորել մեր հինավուրց քաղաքի բնակչությանը, որին թվում է հաճախ, թե ամենուրեք մտավորականի զենքը ճշմարտությունն է: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի նկատմամբ սանձազերծված լրատվական հարձակումները, որոնք կոնկրետ պատվիրատուներ և դրդողներ ունեին, և որոնց ականջներն ու վճարած գումարները երևում էին «հոդվածների» տակից, տևական ժամանակ անէացան` դրանց հեղինակների մեջ արմատավորելով այն հստակ համոզումը, որ անբարոյականության հակակշիռը բարոյականությունն է, որ իրենց հրապարակումներին քաղաքապետը պատասխանում է բարձր բարոյականությամբ` դրանց հակազդելով իր ճշմարիտ ու անճառ հայրենասիրությամբ, քաղաքի իրական վերելքով, անդադար կառուցումներով, որի լիիրավ տերը լինելու քվեն համաքաղաքացիներն են տվել։ Պարզվում է` քաղաքի ու քաղաքապետի մասին կեղծ ու մտացածին կարծիք ձևավորողների, իրազեկությունից հազարավոր մղոններով հեռու կանգնածների մեջ է ուզում հայտնվել նաև գրող-հրապարակախոս, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը, մի մտավորական, ում գերխնդիրն իրատեսությունն ու ճշմարտությունը պիտի լիներ: Շա~տ կուզենայի, որ գրչակից բարեկամս իր օրինաստեղծ, գրական-հասարակական գործունեությունը մի պահ ընդհատեր և Գյումրի գար` տեսնելու համար, որ իր կողմից քաղաքի մասին ներկայացվածը սուտ ու կեղծ է, որ իրեն ուղղորդողները պարզապես ցանկանում են կեղտոտ խաղեր խաղալ մտավորականների միջոցով` այսպես ճշմարտանման դարձնելու համար կեղծիքն ու զրպարտությունը, որոնց համար, կարծեմ, մի շարք երկրներում դատում են։
Գյումրին` որպես քաղաք, հարյուրամյակների պատմություն ունի, մի քանի տասնյակ քաղաքապետեր են մասնակցել իրապես Հայաստանի աղը դարձած քաղաքի կենսագրության ձևավորմանը, սակայն քչերին է իր հիշողության մեջ պահել գյումրեցին, քչերին է համարել արժանավոր` այդ քչերի մեջ վաստակած տեղ տալով Գրիգոր Հասրաթյանին, Սուրեն Մատնիշյանին, Մուրադ Մուրադյանին և Վարդան Ղուկասյանին, որոնք շինարար ու կերտող եղան այս քաղաքի պատմության մեջ, որոնք ամեն ինչ արեցին քաղաքի վերքերը բուժելու, գյումրեցու դեմքին ժպիտ պարզելու համար: Եթե իմ մտավորական բարեկամ Ալվարդ Պետրոսյանը կարողանար Գյումրի գալ, ապա կտեսներ, թե մինչև 1999 թվականը ավերակների տակ կուչ եկած, թշվառության գիրկը գլորված քաղաքն ինչպես է ուղղել իր մեջքը, ինչպես է սկսել շենանալ` ի տրիտուր բոլոր չկամների։ Թալանել էին քաղաքը Երևանից եկած հհշական էմիսարներն ու նրանց տեղական կամակատարները, մարդկանց անհուսության գիրկն էին նետել: Ցավում եմ, որ գրող-հրապարակախոսը, ում սատարումի կարիքն ունեինք մայրաքաղաքից հեռու ապրողներս, երբևէ չուզեց ձայն բարձրացնել ու բողոքել կեղեքումների դեմ, երկրի երկրորդ քաղաքի հանդեպ ձևավորված անբարոյական քաղաքականության դեմ: Նստելով ԱԺ դահլիճում, նա երբեք ու երբեք որևէ ելույթ չունեցավ ի պաշտպանություն Գյումրու, ի պաշտպանություն այն բանի, որ ՀՀ պետական բյուջեում գեթ մի տող ավելացվեր քաղաքում բնակարանային շինարարության խթանման, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման համար: Լռեց, մտավորականի ու քաղաքացու քաջություն չունեցա՞վ քննադատություն հնչեցնելու չորս տարի Շիրակի մարզպետ կարգված ու բացառապես ինտրիգներով տարված իր կուսակցի հասցեին, ով միտումնաբար կեղծ թվեր էր ներկայացնում Գյումրու անօթևանների մասին, մարդկանց դատապարտում հոգելլկումների` նույն պահին կեղծ փաստաթղթերով պետական սուղ միջոցները հատկացնելով անավարտ շինարարությամբ իբր զբաղվող իր ծանոթ-բարեկամներին: Մի այպանելի գործունեություն, որի համար նա ՀՀ վարչապետի նկատողությանն արժանացավ: Միայն քաղաքապետ Վ. Ղուկասյանի համառության, հստակ արտահայտված քաղաքացիական կեցվածքի շնորհիվ հնարավոր եղավ բարձրաձայնել անօթևան քաղաքացիների ճշմարիտ թվի մասին, միայն այս անդուլ հետևողականության շնորհիվ կառավարությունը վերջապես վերանայեց իր որդեգրած քաղաքականությունը, մշակեց մինչև 2013 թվականն իրականացվելիք բնակարանային շինարարության ծրագիրը: Գուցե իմ բարեկամ Ալվարդ Պետրոսյանը չհամակերպվե՞ց իր կուսակցի անազնիվ-անհոգ կեցվածքի բացահայտման հետ: Չհամակերպվեցին շատերը ու այդ պատճառով այսօր փորձում են անվանարկել քաղաքն ու քաղաքապետին` հաշվի չնստելով այն իրականության հետ, որ երեք անգամ անընդմեջ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, գործող քաղաքապետը շատ ավելի ձայն է ստացել, քան նախկին մարզպետի կուսակցությունը Շիրակի մարզում տեղի ունեցած համապետական ընտրություններում:
Միայն ազգային-պետական շահերն արհամարհող մարդը կարող է չտեսնել այն ձեռքբերումները, որոնց հասել է Գյումրին 1999 թվականից ի վեր։ Ձևավորված քաղաքային նոր բյուջեի շնորհիվ, որը կարելի է զարգացման բյուջե համարել, քաղաքի նախադպրոցական հիմնարկների, մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են ավելի քան 250 տոկոսով, նույնքան տոկոսով բարձրացել են մարզական դպրոցների և կառույցների աշխատողների աշխատավարձերը, կտրուկ բարելավվել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակներ շահած գյումրեցի մարզիկների բնակարանային-կենցաղային պայմանները, քաղաքապետարանի կողմից հստակեցվել են սոցիալական աջակցության միջոցները, հովանավորվել են այն բազմաթիվ կրթական, մշակութային ծրագրերը, որոնք տարիներ շարունակ մոռացության էին մատնվել: Մի՞թե իմ գրչակից բարեկամը չի ուրախանում, որ հանրապետության երկրորդ քաղաքում հոգ են տանում մշակույթի ու նրա գործիչների մասին, որոնք հաճախ մոռացվում են երկրի իշխանությունների բազմաթիվ նոր և ավանդական կուսակցությունների կողմից։ Փակվել են քաղաքի բյուջետային հիմնարկների կուտակած պարտքերը, սոցիալապես անապահով ընտանիքները ստացել են համապատասխան աջակցություն, քաղաքապետարանի միջոցներով կատարվել են շինարարական-վերանորոգման աշխատանքներ քաղաքի մարզական, մշակութային և նախադպրոցական հիմնարկներում` ծախսելով մի քանի միլիարդ դրամ: Գյումրու քաղաքապետը թույլ չի տվել, որ քաղաքն «աղքատ ազգականի» տեղ դնեն, փշրանքներ նետեն նրան։ Գյումրեցու հպարտությունը պարտադրել է նրան ամեն ինչ անել՝ արժանապատվորեն լուծելու քաղաքի առջև ծառացած խնդիրները: Թող իմ բարեկամ գրողը բարեհաճի Գյումրի գալ ու տեսնել քաղաքի կենդանացած դեմքը, քաղաքաշինական-ճարտարապետական ձեռքբերումները, մի քանի հազարից անցնող նորակառույցները, որոնց վրա ծախսվել է մոտ 45 միլիարդ դրամ` եզակի ցուցանիշ ողջ հանրապետությունում, ասֆալտապատված ու լուսավորված փողոցները: Քաղաքային նոր իշխանությունը ժառանգություն էր ստացել մթան մեջ խարխափող քաղաք, իսկ այսօր արդեն լուծված է կենտրոնական և երկրորդային փողոցների լուսավորության, բարեկարգման հարցը։ Ամբողջանում է Կենտրոնական հրապարակի ճարտարապետական անսամբլը, նոր տեսք է ստանում Ռիժկովի ճեմափողոցը, շարունակվում են Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են բացառապես քաղաքապետարանի ջանքերով։
Իմ՝ մտավորականիս սիրտը ցավում է, որ մենք չենք ուզում տեսնել այս ամենը, գնահատել ու արժևորել, իսկ մենք պարտավոր ենք, որովհետև ժողովուրդը մեզ վստահում և հավատում է: Մենք ենք կոչված գնահատելու այն աշխատանքները, որոնք կատարվել են Գյումրիում` ի պաշտպանություն ազգային ոգու և ազգային էության:
Ուստի կուզենայի, որ գյումրեցիների հետ հանդիպեր ու զրուցեր գրողը, հրապարակախոսը, պատգամավորը: Իմ բարեկամը: Հանդիպեր ու զանազաներ օրհնանքն անեծքից, սուտն ու կեղծիքը` ճշմարտությունից:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ ՀԹԳՄ վարչության քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ

Դիտվել է՝ 9766

Մեկնաբանություններ