ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամբողջացավ Սահյան- տաճարի հոյակերտ գմբեթը

Ամբողջացավ Սահյան- տաճարի  հոյակերտ գմբեթը
25.09.2012 | 11:22

Համո Սահյանի մաքրամաքուր-հայրենաբույր աշխարհ միշտ մուտք եմ գործել հոգեպես խաղաղվելու, համբերության լույսով ցողվելու համար։ Դա այն աշխարհն է, որը որքան էլ համարես մաքրագործող ավազան, միևնույն է, սրբապղծություն է այնտեղ անմաքուր ձեռքերով, լղոզված խղճով և ապականված հոգով մուտք գործելը, քանի որ պոետական այդ անձեռակերտ խորանից «մոր ծոցի հոտ» է գալիս, օրորոցի հոտ, մայր հողի հոտ, մաքրության և անաղարտության հոտ, Սահյանը կասեր` մարդահոտ։ Ամեն անգամ այդ մարդահոտն եմ առնում` հետևելով, ականատեսը լինելով Շչորս Դավթյանի անկաշառ սիրո, անմնացորդ նվիրման, հարգանքի և մեծարման դրսևորումներին` առ Համո Սահյան բացառիկ մեծությունը։ Մարդ, ով վերուստ, նախախնամության հրամայականով եղել է Սահյանի լռության «զրուցակիցն» ու մեկնիչը, մենության ընկերն ու նեցուկը` կենդանության օրոք, և անմահ հիշատակի խնկարկողն ու գրական վաստակի պահապանը` ցայսօր։
Հայ գրականության պատմությունից մեզ հայտնի են գրական որևէ մեծության և այդ մեծությանը հոգեպես և ֆինանսապես օժանդակող մեկենասի մի շարք օրինակներ. Խորենացի և Սահակ Բագրատունի, Ագաթանգեղոս և Տրդատ արքա, Րաֆֆի և Ալ. Թովմասյան, Թումանյան և Փիլ. Վարդազարյան... Մեր օրերում` Սահյան և Շչորս Դավթյան։ Այդ մեծ «համագործակցություններից» եթե փորձենք ճշտել, թե ով է շահել` գրողը, թե մեկենասը, միանշանակ կարող ենք ասել` հայ գրականությունը։ Վկան` մեր պատմագրության կոթողները` անցյալում, և բազում գրքերը, ուսումնասիրությունները, «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, «Համո Սահյան» ոսկե հուշամեդալը` այսօր, Շ. Դավթյանի շնորհիվ։ Եվ այս շարքում, Սահյանի 100-ամյակին ընդառաջ` երկերի լիակատար քառահատոր ժողովածուի 1-ին հատորի լույսընծայումը։ Այն օրերս դրվեց ընթերցողի սեղանին, և ինչպես ծանուցում է գրքի կազմող և խմբագիր Շ. Դավթյանը. «Հատորն ընդգրկում է մեծ բանաստեղծի «Հայաստանը երգերի մեջ» և «Մայրամուտից առաջ» ժողովածուները` համապատասխան ենթավերնագրերով»։ Շնորհավորելով բոլորիս այս առիթով, դրվատանքիս շեշտը մեկ այլ գրքի վրա եմ ուզում դնել. հատորին զուգընթաց հրատարակվել է Շ. Դավթյանի «Համո Սահյան. հանրագիտարան» բառագիրքը, որն ընդգրկում է 261 բառահոդված` կազմված այբբենական կարգով, և այբուբենի յուրաքանչյուր տառով սկսվող մի գոհար` Սահյանի պոեզիայից։ Հեղինակը, բացի շնորհակալ գործից` տիտանային, համբերատար, մանրակրկիտ գործ է կատարել հանրագիտարանը կազմելու համար։ Եվ մեկ այլ աննախադեպ աշխատանք. գրքի վերջում, դարձյալ այբբենական կարգով, ներկայացված է Հ. Սահյանի ստեղծագործությունների ցանկը` գիրք առ գիրք։ Հանրագիտարանում զետեղված են հայ և օտար այն գրողներն ու մշակութային գործիչները, որոնք առնչվել են Սահյան բանաստեղծի հետ. թարգմանել են նրա գործերից, խոսք են ասել Սահյանի և նրա պոեզիայի մասին, նաև որոնց մասին Սահյանն ինքն է հոդված կամ բանաստեղծություն գրել։ Ներկայացված են Սահյանի հայերեն և ռուսերեն տպագրված գրքերը, տոհմածառը, ծնողներն ու ընտանիքը։ Գիրքը հագեցած է համապատասխան լուսանկարներով, սահյանական ձեռագիր-մասունքներով։ Սա իրավամբ կարելի է համարել Շ. Դավթյանի ձեռամբ մինչև այժմ «կառուցված» Սահյան-տաճարի հոյակերտ գմբեթը։ Այո, Շչորս Դավթյանն ամբողջացրեց իր գլխավոր առաքելության կառույցը, իր գրեթե կեսդարյա տքնանքի արգասիքը։ Մեզ մնում է միայն շնորհակալ, երախտապարտ լինել կառուցողին։
Կարելի է ասել, յուրաքանչյուր ճշմարիտ բանաստեղծ իր թելն է մանում` իր տաղանդի գորգը հյուսելու համար։ Սահյանն իր գորգը հյուսեց իմաստնության, հեռատեսության, խղճի, չափավորության թելերից։ Ժամանակն անզոր է գունաթափելու կամ մաշելու այդ գորգի որևէ պատառիկ, աղճատելու որևէ նախշ ու պատկեր. նրա գույները բնության պարգևն են, հետևաբար նրա պես հավերժ են ու անեղծելի...
Ցավոք, մի «մանրուք» է պետք հաշվի առնել. այսօր ապրում ենք արժեզրկումների և մշակույթի անկման խայտառակ ժամանակներում, և քանի որ պետությունն այս հարցում անհասկանալի կեցվածք է ընդունել, յուրաքանչյուր ազգային դիմագիծ ունեցող և ազգի մշակույթ ներկայացնող մեծության կողքին մի նվիրյալ է պետք` մոռացության, անտեսման փոշին «մաքրելու» համար։ Շչորս Դավթյանը երբեք թույլ չտվեց, որ Սահյանի մահից հետո փոշու գեթ մի հյուլե նստի նրա անվան, պոեզիայի, գործի կամ հիշատակի վրա։
Համո Սահյան և Շչորս Դավթյան. միաձույլ անուններ, հավերժության մշտահոս գետի զույգ ափեր` միացած քարակուռ, բնական կամրջով։ Սերունդներ կքայլեն նրա վրայով։ Թող ներվի ինձ այս միտքս, սակայն Սահյանը և Շ. Դավթյանը փոխադարձաբար միմյանց ձեռքերի վրա լցրին անմահության ջուրը. Սահյանը` իր բարեկամությունը, վստահությունը, սերը տալով Դավթյանին, վերջինս` իր տքնանքը, ջանքը, ինքնայրումը, նվիրումը ի սպաս դնելով Սահյանի անվան, պոեզիայի, հիշատակի անկորնչելի, պաշտելի մնալուն։
Այս փաստը կյանքն ու ժամանակը վաղուց են վավերացրել:


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ