ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եղեռնի միջով անցել, շրջել է աշխարհով մեկ ու հասել է մեզ

Եղեռնի միջով անցել, շրջել է  աշխարհով մեկ ու հասել է մեզ
27.07.2012 | 02:18

1915 թվականի գաղթի ճանապարհին մեռնող մարդկանց հագուստից հայ ամուսինները մեկական փոքր կտոր են վերցնում և դրանցից պատկերագորգ հյուսում:

Գաղթի ճանապարհին պատկերազարդ գործվածքը դառնում է յուրահատուկ ծածկոց ամուսինների համար: Ավելի ուշ հայտնվում է աճուրդում: Գնում է Երանուհի Հայդոսյանը:
Գերմանաբնակ հայուհին շուրջ 60 ձեռագործ աշխատանք է նվիրել Սարդարապատի թանգարանին, հիմնականում` հայերից գնված:
Նա գնել է հայերին վերաբերող ամեն ինչ` գրքից սկսած, իր մոտ ոչինչ չպահելով, նվիրել է, փրկել, առաջնորդվել այն գաղափարով, որ հայկական ամեն արժեք իր տեղում պետք է լինի:
Գաղթի ճանապարհին ստեղծված հյուսածո պատկերագորգը ներկայումս Հայաստանի պատմության թանգարանում է:
Զարմանալի այս կնոջ մասին ինձ պատմեց նկարչուհի Նինա Աղավելյանը: Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի այգում էինք: Նայում էինք Երանուհի Հայդոսյանի լուսանկարները, որոնցից մեկում նա գիրք էր թերթում:
«Առանց գրքի դժվար թե Երանուհի Հայդոսյանին կարողանայի պատկերացնել,- ասաց Նինա Աղավելյանը:- Թուրքիայում մասոնների մասին գիրք էր տպագրվել, որում ասվում է, որ մասոններն իրենց երդումը դրել են հայի մաշկի վրա: Սիրում էր խոսել այն թեմաներից, որոնք վերաբերում էին հայերին, չարչարանք են պատճառել նրանց: Պատահական չէ, որ ամբողջ կյանքում նա փորձել է նեցուկ լինել ցանկացած հայի, կարևոր չէր` մի որբուկ է, թե Հայաստանից գնացած պաշտոնյա, որն այդ օրն ուներ հյուրանոցի կարիք: Նրա հետ ծանոթացել եմ Գերմանիայում, Գերմանիա տարագրված ԱՍԱԼԱ-ի անդամներից մեկի միջնորդությամբ: Ծանոթությունն աստիճանաբար վերածվեց մտերմության: Նա հայեցի խոսքի կարիք ուներ, սիրում էր հայերեն երգեր լսել, ինձ ձայնակցում էր, փորձում էր սովորել: Հաճախ էր հյուր գալիս ինձ: Շատ էր հարցնում Հայաստանի մասին, ամեն ինչից էր հարցնում»:
Երանուհի Հայդոսյանը մի քանի կրթություն է ստացել, աշխատել է Գյուլբեկյանի և այլ բարեգործական հիմնադրամներում, դասավանդել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, տիրապետել է իտալերենին: Իր գերմանացի ամուսնու հետ երկար չի ապրել, համատեղ երեխաներ չեն ունեցել, բայց ամուսնու երեխաներին հետագայում օգնել է:
«Մեծ հոգի ուներ, կարծես Հայաստանի ամեն մի փոքրիկ երեխան իր երեխան լիներ, և դա զարմանալի չէ. եթե կա նվիրվածություն, դա անմնացորդ է,- շարունակեց իր պատմությունը Նինա Աղավելյանը:- Երկար խոսում էր եղեռնից, պատմում էր, թե ինչքան ջանք է թափել Մորգենթաուն հայերին օգնելու համար: Իրենք տոհմիկ մարաշցիներ են, հայրը մեծ հեղինակություն է ունեցել, եղեռնի տարիներին նրանց չեն վնասել, արտոնություն են ունեցել: Տարագրվելով` գնացել են Բեյրութ, հասել են մինչև Ամերիկա: Երանուհու հարազատները Բեյրութում էին ապրում: Հիմնականում պատվելիներ էին, նաև գիտության և մշակույթի մարդիկ: Եղբայրը բնական քարերից փոքրիկ քանդակներ էր պատրաստում, եղբայրը մաթեմատիկոս էր, մյուսը` բժիշկ: Նրա զարմիկին` Հայկազյան համալսարանի տնօրեն Փոլ Հայդոսյանին բոլորը գիտեն: Շատ էր պատմում զարմուհու` Եսթերի մասին, ով կրում էր իր մոր անունը:
Երանուհին Գերմանիայից Բեյրութ ուղարկել էր քիլիմ (գոբելեն), որը մի ամբողջ բնակարան արժեր, գերադասում էր, որ այն իր հարազատների մոտ լինի»:
Նինա Աղավելյանը պատմեց նաև, այսպես ասած, ջութակի մասին: Ադրբեջանում Հայաստանի նախկին դեսպանի կինը Երանուհուն ջութակ է նվիրում, տարիներ անց պարզվում է, որ դա Ստրադիվարիուս է: ՈՒզում է թանկարժեք գործիքը թողնել հայրենիքին: Գերմանիայում հաստատվում է, որ ջութակը Ստրադիվարիուս է, այստեղ թաքցնում են, ուզում են չնչին գնով կորզել: Թեև վաճառելու նպատակ չուներ, թանգարանին պետք է թողներ: Տեսնում է, որ պիտի խաբվի, ուղարկում է հարազատներին` Բեյրութ: Անձնավորությունը, որ պետք է ջութակը Բեյրութ հասցներ, անհետանում է:
Նինա Աղավելյանի խոսքով` անվանը ծառայող այդ երանելի վիճակը իրեն շատ սազական էր: «Երանելի կին էր Երանուհի Հայդոսյանը,- ասաց նա:- ՈՒզում էր կյանքի վերջում հայրենիք գալ: Այդպես էլ չհաջողվեց»:
Գաղթի ճանապարհին ստեղծված պատկերագորգի հետքերով այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան:
Չեմ կարծում, թե ծածկ ունենալու համար են ամուսինները գործել այն: Եթե նույնիսկ այդպես է` վկայություն են թողել պատմությանը:
Նինա Աղավելյանի կարծիքով` արվեստագետ են եղել, թե ոչ, կարևոր չէ, համենայն դեպս, հերիք է մի գործ, որ նրանք հայտնի դառնան արվեստի պատմության մեջ: Մինչդեռ այս եզակի նմուշի մասին, հավանաբար, քչերը գիտեն: Թանգարանի ֆոնդապահը մեզ կասկածանքով ընդունեց, ուզում էինք տեսնել բնօրինակը, տեղեկություններ իմանալ կտավի մասին: «Եթե դուք ունեք լուսանկարը, պատմությունը գիտեք, ձեր ունեցած ինֆորմացիայի հիման վրա գրեք»,- խորհուրդ տվեց նա: Այնուամենայնիվ, ընդունված կարգի համաձայն, դիմում գրեցինք թանգարանի տնօրենին, խնդրելով տրամադրել տեղեկություն և թույլ տալ նայել աշխատանքը: Ասացին, որ մեզ կզանգահարեն: Արդեն օրեր են անցել խոստացած ժամկետից, իսկ արձագանք չկա։
Բոլոր դեպքերում, լավ է, որ պատմության թանգարանում նման եզակի նմուշ է պահվում: Որ Երանուհի Հայդոսյան ենք ունեցել: Որ գաղթի ճանապարհին նահատակված մարդկանց հագուստից հյուսված պատկերագորգը եղեռնի միջով անցել, շրջել է աշխարհով մեկ ու հասել է մեզ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ