ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

...ԻՍԿ ՆՐԱՆՔ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՄԻՇՏ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

...ԻՍԿ ՆՐԱՆՔ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՄԻՇՏ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ
30.10.2009 | 00:00

Վանաձորի տարեցների տան յուրաքանչյուր բնակիչ հոգու խորքում հույս ունի, որ զավակները մի օր իրեն տուն են տանելու։
Իսկ նրանք հիսունհինգն են, և նրանց համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մտածում ես` էլ ինչ է պետք մարդուն՝ կյանքի մայրամուտը հանգիստ ու ապահով անցկացնելու համար: Սակայն երբ զրուցում ես տարեց բնակիչների հետ, որոնց ճակատագիրն ինչ-ինչ պատճառներով բերել է այդտեղ, հասկանում ես՝ ոչինչ չի կարող փոխարինել ընտանեկան ջերմությանը:
«Երկրաշարժից կինս մահացավ, տունս քանդվեց: Այն ժամանակ Կիրովականից տեղափոխվեցի Երևան, որից հետո էլ՝ ծերանոց»,- պատմում է Վանաձորի տարեցների տան 82-ամյա բնակիչ ՌԱՖԱՅԵԼ ԱՐՄԱՂԱՆՅԱՆԸ, որն այստեղ է 1993 թվականից: Նա ծերանոցի ամենատարեց և «ստաժավոր» բնակիչներից է: Ինչպես ինքն է պարծենալով նշում` «այստեղի առաջին վետերանն եմ»: Ռաֆայել Արմաղանյանը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Երկու աղջիկ ունի, բայց, ինչպես ինքն է ասում՝ «ցրվել են աշխարհի տարբեր անկյուններ»:
Անցած տարի ՀՀ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է «Գևորգ և Սիրվարդ Գարամանուկ» անունը կրող ծերանոցը: Այն, որպես ծերախնամ հաստատություն, ստեղծվել է 1993-ին, իսկ 2001-ին տարեցների տունը փոխանցվել է Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ):
Տարեցների տան տնօրեն ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքով` «ծերանոց» բառը մեծահասակների մոտ տխրության և լքվածության զգացում է առաջացնում, ուստի ծերերին չնեղացնելու համար ծերանոցի անունը փոխվել է, այժմ այն պարզապես կոչվում է «տարեցների տուն»:
Ամուսիններ ՅՈՒՐԱ և ՀԱՅԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԸ մոտ 20 տարի առաջ գաղթել են Կիրովաբադից: Նրանք էլ զավակներ ունեն, թոռներ. «24 թոռ, 8 ծոռ ունենք, բայց ծերանոցում ենք: Ամուսնությունից հետո աղջիկներիցս ամեն մեկն իրա մարդուն բռնեց ու մեզ բրախեցին»: Ամուսինների պատմելով` յոթ տարի ծերանոցում են. «Արդեն ընտելացել ենք ու համակերպվել այս կյանքին»:
«Հիմիկվա երիտասարդները ծեր չեն հարգում, լրիվ ուրիշ են»,- նեղսրտում է ԱՄԱԼՅԱ ՄԱԿՈՅԱՆԸ՝ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղից: «Երեխաներ չեմ ունեցել։ Ամուսինս մահացավ, մենակ չմնալու համար եկա այստեղ»: Հարազատների մեծ մասը դրսում է, միայն քրոջ երեխաներն են, որ երբեմն-երբեմն գալիս են իրեն տեսակցության:
Սիրիահայ ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ կյանքի պատմությունն այլ է: «1964 թվականից Հայաստանում եմ ապրում: Հայրս, մայրս, եղբայրներս մահացան: Աշխատում էի շինարարությունում: Մի աղջիկ, մի տղա ունեմ, վիճակները շատ վատ էր։ Երկու սենյակում էինք, էլ ապրել չէր լինում: Մի թոռնիկ ունեմ, որին կարոտում եմ, բայց չեմ ուզում գա, անհարմար եմ զգում»,- ասում է: Նա տարեցների տանն է արդեն հինգ ամիս, և այստեղ գալու որոշումն էլ իրենն է։ «Չէի ուզում մնալ ոչ մեկի հետ: Հարսի թևի տակ, գիտեք, հնարավոր չէ ապրել»:
Ինչպես հավաստիացնում են տարեցների տան բնակիչները, իրենց առօրյան ընդհանուր առմամբ հետաքրքիր է անցնում, խնամքը լավ է, ոչ մի բանի կարիք չեն զգում, շաբաթը մեկ անգամ՝ բաղնիք, լվացք… Համերաշխ ապրում են:
Թեև վանաձորյան այս օջախում ամեն ինչ արվում է ընտանեկան մթնոլորտ ստեղծելու համար, սակայն ծերանոցի ամեն մի բնակիչ հոգու առանձնակի թրթիռով է սպասում հարազատ զավակների այցին: Իսկ նրանք, չգիտես ինչու, միշտ ուշանում են…
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ