ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սպիտակը» նաև հույսի նշան է

«Սպիտակը» նաև հույսի նշան է
08.08.2008 | 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐ
Օլիմպիական խաղերի հինգերորդ օրը պայքարի մեջ կմտնեն լողորդները։ Այս մարզաձևում սպիտակ քարտի կարգավիճակով մեկնարկ դուրս կգա վերջին տարիների մեր լավագույն ներկայացուցիչը՝ երևանցի Միքայել Քոլոյանը։ 24-ամյա մարզիկին են պատկանում ազատ ոճով լողի բոլոր տարածությունների Հայաստանի ռեկորդները։ Պեկինում Միքայելը կմասնակցի ազատ ոճով 200 մ տարածության մրցումներին։ Դեռևս տարեսկզբին, խոսելով մեր ընդգծված առաջատարի մասին, Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ ԻԳՈՐ ՍԱՖԱՐՅԱՆՆ ասաց.
-Վարպետության առումով Միքայելը զգալիորեն առաջ է անցել իր նախորդներից։ Անցյալ տարի նա բարելավեց ազատ ոճի հանրապետական բոլոր ռեկորդները։ Դրանցից հատկապես ցանկանում եմ նշել 200 մետրի արդյունքը՝ 1.55,99 վայրկյանը։ Աշխարհի գավաթի խաղարկությունում նրան ընդամենը մեկ վայրկյան չբավականացրեց՝ եզրափակիչ ութնյակ մտնելու։ Միքայելը բարձր արդյունքներ է ցույց տվել նաև 50 և 100 մ տարածություններում՝ 23,47 և 50,86 վրկ.։ Աշխարհի գավաթի վերջին խաղարկությունում նա 200 մ լողաց 1.50,20 վայրկյանում։ Որպեսզի պարզ լինի, թե իրենից ինչ է ներկայացնում այս արդյունքը, ասեմ, որ օլիմպիական վարկանիշը հավասար է 1.52,53 վրկ.-ի, միայն թե այն անհրաժեշտ է ցույց տալ ոչ թե 25, այլ 50 մետրանոց լողավազանում։ Միքայելը միանգամայն արժանի էր սպիտակ քարտի։ Մենք ամբողջ երկու տարի նախապատրաստվել ենք Պեկինի խաղերին...
Ավելացնենք, որ երևանցի մարզիկն այս տարի մասնակցել է միջազգային օրացույցով անցկացված բոլոր խոշոր մրցումներին և պայքարել մինչև վերջ։ Հուսանք, որ 29-րդ օլիմպիադայի մայրաքաղաքում էլ հավատարիմ կմնա իրեն և կձգտի, որքան հնարավոր է, վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում։
Սպիտակ քարտի կարգավիճակով հանդես կգա նաև 17-ամյա Անի Խաչիկյանը։ Այս անգամ խոսքը վերաբերում է ոչ թե լողին, այլ՝ աթլետիկային։ Անին կմասնակցի 100 մ վազքի մրցումներին։ Նարինե Շահբազյանի սանի մարզական կենսագրությունը նոր միայն սկսվում է։ 17-ամյա երևանցին այս տարի նվաճեց 100 մ վազքի` աղջիկների և կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը, առաջինը ճանաչվեց Գառնիկ Ղուկասյանի հիշատակին նվիրված միջազգային մրցումներում։ Նրա լավագույն արդյունքն է 12,23 վրկ.։ Սա, անշուշտ, միջազգային չափանիշներով շատ թույլ արդյունք է, սակայն Անին առանձնանում է իր մարտական խառնվածքով և, պատահական չէ, որ մեր խմբի Եվրոպայի գավաթի խաղարկությունում կանանց թիմի մասնակիցներից ամենաբարձր միավորները հենց նա վաստակեց։ Պեկինը հնարավոր է դառնա նրա ապագա հաղթանակների առաջին ակորդը։ Տա Աստված, որ դա այդպես լինի։
Օլիմպիական վարկանիշ նվաճած մեր վերջին մասնակիցը նիզականետորդ Մելիք Ջանոյանն է։ Գյումրեցի մարզիկը չորրորդ տարին է՝ գտնվում է մասնագետների և մարզասերների ուշադրության կենտրոնում։ Հայաստանի նախկին չեմպիոն և ռեկորդակիր Սիրեկան Ջանոյանի որդին և սանը Հայաստանի չեմպիոնի իր առաջին կոչումը նվաճեց 2004 թվականին և առայսօր մնում է անհասանելի իր մրցակիցների համար։ 23-ամյա մարզիկի արդյունքները հատկապես սկսեցին կտրուկ աճել 2007 թվականից։ Ապրիլին Յալթայում անցկացված նետումների Եվրոպայի վերնագավաթի խաղարկությունում տղամարդկանց Հայաստանի նոր ռեկորդով (69 մ 34 սմ) գրավեց երրորդ տեղը, իսկ ապրիլի 21-22-ին, հաշվարկից դուրս մասնակցելով Սոչիում անցկացված պատանիների Ռուսաստանի բաց առաջնությանը, Հայաստանի նոր ռեկորդով՝ 70 մ 01 սմ, նվաճեց հաղթողի կոչումը։ Մելիքը վստահ հանդես եկավ նաև մեր խմբի Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ 71 մ 99 սմ արդյունքով նվաճելով հաղթողի կոչումը։ ՈՒ թեև արդյունքը շատ հեռու էր օլիմպիական վարկանիշից, որը հավասար էր 77 մ 80 սանտիմետրի, այնուամենայնիվ, թե ինքը՝ Մելիքը և թե հայրը համոզված էին, որ այդ արգելքը հնարավոր է հաղթահարել։ Սառույցը կոտրվեց այս տարվա գարնանամուտին։ Մասնակցելով Ադլերում անցկացված նետումների Ռուսաստանի Դաշնության բաց առաջնությանը, շնորհալի մարզիկը գործիքը նետեց78 մ 08 սմ և 28 սանտիմետրով գերազանցեց օլիմպիական նորմը։ Ավելորդ է ասել, որ սա նաև Հայաստանի նոր ռեկորդ է...
Ի՞նչ տեղի կունենա Պեկինում, երբ նիզականետորդները մեկնարկի դուրս գան օգոստոսի 21-ին։
-Առայժմ մեր գլխավոր նպատակն է անցնել 80 մետրի սահմանագիծը,- ասում է Սիրեկան Ջանոյանը,- եթե դա մեզ հաջողվի, ապա լիովին բավարարված կլինենք։ Հայաստանում եղած պայմաններով 70 մետրի սահմանագիծն անցնելն էլ հերոսություն է։ Գյումրիում մեր մարզաձևը զարգացնելու համար ոչ մի պայման չկա, նույնը կարելի է ասել նաև Երևանի և Արտաշատի մասին։ Վերջինս համարվում է մեր բոլոր տեսակի մրցումների կենտրոնատեղին։ Մինչդեռ նիզականետորդին նետում կատարելու համար անհրաժեշտ է 30 մետր թափավազքի ուղի, ինչն Արտաշատի աթլետիկական ստադիոնում չկա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի առաջնություններին մասնակցում է ընդամենը 2-3 մարզիկ, իսկ նման մրցակցության պայմաններում ինչ խոսք կարող է լինել բարձր արդյունքների մասին։ Դրանով պետք է բացատրել այն, որ մեր մարզումների մեծ մասն անցկացնում ենք հանրապետությունից դուրս։ Շնորհակալ ենք Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, որը մեզ համար ստեղծել է բոլոր պայմանները՝ լավագույն ձևով նախապատրաստվելու Պեկինի մեկնարկին, և ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրպագուներին հուսախաբ չանենք։
Զրույցը՝ Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 6184

Մեկնաբանություններ