ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դիրքային պայքարի մեջ

Դիրքային պայքարի մեջ
04.07.2008 | 00:00

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջին բանաձևի ընդունումից հետո Հայաստանում զարգացող ներքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունն ու ընդդիմությունն այս պահին ոչ այնքան փորձում են երկխոսության եզրեր գտնել, որքան դիրքային պայքարի մեջ են քաղաքական և այլ ռեսուրսներն ամրապնդելու և բազմապատկելու ուղղությամբ։
Եթե անդրադառնալու լինենք ընդդիմության որդեգրած մարտավարությանը, ապա հունիսի 20-ին Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանն իր համախոհ ուժերով, այսպես ասած, դուրս է գալիս պասիվ կամ ռեանիմացիոն իրավիճակից և եռամսյա հարկադրական պարապուրդից հետո փորձում նոր դիրքեր նվաճելու առաջին քայլերը ձեռնարկել։ Այն, որ հանրահավաքը քաղաքապետարանի կողմից արտոնված չէր, բայց, այնուհանդերձ, անցկացվեց, իսկ ոստիկանությունն այն խափանելու ուղղությամբ ոչ մի միջոցառում չձեռնարկեց, ընդդիմությունը մեկնաբանեց իբրև իշխանության թուլություն։ Դրան հետևեց հունիսի 28-ի հանրահավաքը Գյումրիում, ուր տեղի ունեցավ նույնը, ինչն ավելի թևավորեց ընդդիմության ներկայացուցիչներին և առիթ տվեց հայտարարելու, թե ներիշխանական ճգնաժամն այնքան է խորացել, որ ռեպրեսիվ մեքենան այլևս խափանված է, և ոստիկանությունն այլևս որևէ միջոցառում չի ձեռնարկի ընդդիմության դեմ։ Միաժամանակ, հունիսի 28-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ բանակն ու ոստիկանությունը մարտի 1-ին չեն կրակել ցուցարարների վրա, դա արել են կլանային համակարգի ծառա քրեածին տարրերը։ Սա, իհարկե, ուժեղ քայլ էր, որով առաջին նախագահն ակնհայտորեն փորձում է լոյալության դաշտ ձևավորել արմատական ընդդիմության և ուժային կառույցների միջև, որպեսզի վերջիններս ընդդիմության նկատմամբ հետագա գործողություններում էլ լինեն հնարավորինս զուսպ։ Միաժամանակ բավական խոցելի սխալ կարելի է դիտարկել Տեր-Պետրոսյանի պոտենցիալ ժառանգորդների ցուցակի հնչեցումը, որոնց էլ նախկին նախագահը պատրաստվում էր հանձնել իշխանությունը երկու-երեք տարի անց, եթե փետրվարի 19-ի ընտրութուններում հաղթանակ տաներ։ Որովհետև ցուցակը ցուցակ է, անցյալ կատարյալ, թե ապագայի կտրվածքով հրապարակված, և հիմա արդեն իշխանական մամուլն ու լրատվամիջոցները Տեր-Պետրոսյանի հրապարակած հինգ գործիչներին դիտարկելու են իբրև ընդդիմության ապագա առաջնորդներ, հետևապես հարվածներն իշխանական դաշտից ուղղված են լինելու հատկապես այդ հինգ գործիչներին։
Ամեն դեպքում, հունիսի 28-ի հանրահավաքից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ 1620 բանաձևի վերաբերյալ առաջին նախագահի կտրուկ բացասական գնահատականները և հայտարարությունները, որ իրենց հռչակած նպատակները մնում են օրակարգում, ոչինչ փոխված չէ, հիմք են տալիս ենթադրելու, որ արմատական ընդդիմության գործողությունները և քայլերն առաջիկայում ուղղված են լինելու հետևյալ խնդիրների ապահովմանը. զանգվածային, թեկուզ չարտոնված միջոցառումների անցկացումը հաջողելով, հանրությանն ապացուցել, որ իշխանությունը արտաքին հզոր ճնշման և ներքին հանրային դժգոհության արդյունքում խիստ թուլացած է, ռեպրեսիվ մեխանիզմները ջարդված են, և այս թեզի՝ հանրության մեջ արմատավորմամբ ապահովել ընդդիմադիր զանգվածի քանակական պահպանումը՝ հնարավորության դեպքում ավելացնելով այն մինչև անհրաժեշտ կրիտիկական աստիճան։ Այդ կրիտիկական անհրաժեշտ աստիճանին հասնող զանգված հավաքելու դեպքում ընդդիմության կողմից հզոր և գլխավորը՝ ժամանակային սահմանափակում չունեցող բողոքի ակցիաների վերականգնումը բոլորովին էլ բացառված չէ։
Իշխանությունն իր հերթին ակնհայտորեն որդեգրել է առճակատման չգնալու մարտավարություն։ Հազիվ թե ամբողջությամբ իրականութանը համապատասխանեն այն ենթադրությունները, թե ուժային կառույցներն այնքան բարոյալքված են, որ պատրաստ են բացարձակ չեզոքություն պահպանել իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ։ Ամենայն հավանականությամբ, այստեղ գործում է այլ մեխանիզմ։ Իշխանությունը պատրաստ է նույնիսկ աչք փակել ընդդիմության չարտոնված միջոցառումների վրա կամ տանել-բերելով, ի վերջո, թույլատրել դրանց անցկացումը, եթե, իհարկե, առարկայական վտանգ չզգա դրանցից։ Իշխանությունը գալիք ժամանակահատվածում ակնհայտորեն փորձելու է հնարավորինս խուսափել կոշտ միջոցների գործադրումից։ Դրան զուգահեռ, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կալանքից ազատ կարձակվի, դատարանների դահլիճներում կարդարացվի կամ սիմվոլիկ պատժաժամկետներ կստանա և ազատության մեջ կհայտնվի կալանքի ենթարկված ընդդիմադիրների մեծ մասը։ Որովհետև ԵԽԽՎ 1620 բանաձևի ընդունումով Արևմուտքը, ըստ էության, իշխանությանը «քարտ բլանշ» է տվել ներքին խնդիրները կարգավորելու համար, և իշխանությունը կձգտի մինչև 2009-ի հունվարը եթե ոչ վերջնականապես հանգուցալուծել, ապա էապես լիցքաթափել լարվածությունը, միաժամանակ լուծել ընդդիմության դիրքերը երկրի ներսում թուլացնելու ոչ պակաս կարևոր խնդիրը։
Բայց հենց այդ երկրորդ և ամենակարևոր ճակատում հաջողության հասնելու համար իշխանության առջև ծառացած է ամենամեծ խնդիրը՝ ներքին բարեփոխումների իրականացումը, ինչի համար պարտադիր պայման է գոնե տարրական կարգ ու կանոնի հաստատումը և պետական համակարգի ծառայողների կողմից իրենց պարտականությունների գոնե տանելի կատարումը։ Առայժմ այս դաշտում հայտարարությունների և խոստումների պակաս չկա ինչպես նոր նախագահի, այնպես էլ վարչապետի կողմից։ Սակայն խոսքը մի բան է, գործնական արդյունքը՝ այլ բան։ Որպես կոնկրետ օրինակ կարելի է բերել պետավտոտեսչության բարձրաստիճան սպայական կազմի հետ նախագահի հանդիպումը, ուր Սերժ Սարգսյանը պահանջեց այդ իրավապահ օղակից առանց խտրականության գործադրել օրենքը բոլորի, այդ թվում «լավ» համարներով մեքենաների տերերի նկատմամբ։ Նախազգուշացումը կարծես տեղ հասավ, ավտոտեսչությունն ակտիվացավ, սկսեց կարգավորել մայրաքաղաքի առավել բանուկ և ծանրաբեռնված խաչմերուկները, այդ թվում՝ շինարարական աշխատանքների պատճառով գրեթե մշտական խցանման մեջ գտնվող Նորքի խաչմերուկը՝ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում։ Բայց ավտոտեսչության ակտիվությունը տևեց ընդամենը մի քանի օր։ Երեկ և նախորդ մի քանի օրերին տվյալ խաչմերուկում նույն այլանդակ վիճակն էր, երբ պիկ ժամին մեքենաներով խցանված փողոցից յուրաքանչյուրը փորձում էր դուրս գալ ինչպես կարող է, կամ ինչպես ուզում է, «լավ» համարներով մեքենաներն առաջին հերթին։ Այսինքն՝ կառավարման համակարգի ներսում կա ոչ միայն դիմադրություն բարեփոխումների փորձերին, այլև պարզ փնթիություն, պարտականությունների կատարումից ամեն կերպ խուսափելու սովորական դարձած «մարտավարություն»։
Հենց այդ ներքին դիմադրության ձգտումը կոտրելը և հայ չինովնիկին գոնե իր պարտականությունների տանելի կատարում պարտադրելն է ամենադժվար խնդիրը, որին այսօր բախվել և ապագայում էլ բախվելու է իշխանության մեջ բարեփոխիչների թևը։ Եթե, իհարկե, արագ և կտրուկ միջոցառումներ չձեռնարկվեն։ Իսկ այդպիսի միջոցառումները ենթադրում են կառավարության նախաձեռնությունները փաստացի սաբոտաժի ենթարկող ցանկացած պաշտոնյայի անհապաղ ազատում պաշտոնից՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ ընկերա-բարեկամական կապերից, քանի որ հիմնականում այդ երկու գործոնների ազդեցությամբ է ձևավորված ներկայիս կառավարման համակարգը։ Մեղմ միջոցներով, քարոզներով և բացատրություններով հայ պաշտոնյաների մեջ նոմենկլատուրային անձեռնմխելիության զգացումը կոտրել չի հաջողվի։ Եթե մարդիկ գիտեն, որ պարտականություններում թերացման համար, միևնույն է, կտրուկ պատասխանատվության չեն ենթարկվի և չեն կորցնի զբաղեցրած դիրքը, նրանք միշտ աշխատելու են հնարավորինս չաշխատել։ Ըստ այդմ, ինչպես նոր նախագահը, այնպես էլ վարչապետը կոշտ որոշումներով և գործողություններով պետք է ապացուցեն, որ իշխանական բուրգում իրենց համար անձեռնմխելիներ չկան։ Այդ դեպքում միգուցե և չեն լինի արտոնյալ գործարարներ բիզնեսի դաշտում։
Վարչական ապարատի գործունեության կարգավորում և տնտեսական դաշտում հավասարության հաստատում. այս երկու ուղղություններն են նոր նախագահի և նրա նշանակած վարչապետի, այսինքն՝ թիմակցի, հաջողության միակ երաշխիքը։ Եվ դա շատ լավ հասկանում են նախորդ ժամանակների կարոտախտով տառապող չինովնիկների այն շերտերը, որոնք վարժվել են բոլորովին այլ կանոններով կառավարում իրականացնելու և, իհարկե, չեն ուզում իրենց դիրքերը զիջել։ Այդ շերտը կամ խումբը ձգտելու է սաբոտաժի միջոցով ճնշել նախագահին և վարչապետին, ապացուցել, թե իրենք են միակ կարող հենարանը և հարկադրել վերջիններիս՝ կառավարման համակարգում վերականգնել նախկին խաղի կանոնները։
Եվ դրա դեմն առնելու համար ընդդիմության որոշակի ակտիվությունն առանց ներքին վիճակը կրկին ապակայունացնելու միտման, նույնիսկ նպաստավոր է իշխանության ներսում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար։ Որովհետև կարծրացած պետական համակարգի գործունեությանն այլ դինամիկա հաղորդելու և նոր մոտեցումներ պարտադրելու համար իշխանությանն անհրաժեշտ է լինել միշտ զգաստ ու ձգված վիճակում։ Առանց դրա բարեփոխումների մեքենան տեղից չի շարժվի, որովհետև Հայաստանը, ցավոք, Շվեյցարիա չէ։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 7230

Մեկնաբանություններ