ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մենք դեռ ճանապարհին ենք

Մենք դեռ ճանապարհին ենք
22.09.2009 | 00:00

18 ՏԱՐԻ ԿՈՒՅՍԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ
Կային տարբերակներ, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը սեպտեմբերի 21-ին չլիներ. մայիսի 28-ը կար, օգոստոսի 23-ը կար: Եթե մայիսի 28-ը կարող էր զուգորդվել մեկ կուսակցության հետ` ՀՅԴ-ի, օգոստոսի 23-ը Անկախության մասին հռչակագրի ընդունման օրն էր: Եվ հետո «Մեր հայրենիք թշվառ, անտեր»-ը պետական օրհներգ դարձնելուն ոչինչ չխանգարեց, կապույտ-կարմիր-ծիրանագույնը պետական դրոշ դարձնելուն ոչինչ չխանգարեց: ՈՒ դա ճիշտ էր` պետությունը պիտի շարունակականություն ապահովի... գեթ խելամտության շրջանակներում:
Ինչպես մարդու, այնպես էլ պետության ծննդյան օրը կարող է բարենպաստ ու անբարենպաստ լինել: Աստղերը Կույսի նշանի տակ «ծնված» պետությանը դժվար ճանապարհ ու մեծ փորձություններ էին կանխատեսում: Չլսեցինք: Լավ արեցինք: Մեր պետությունն էր, մեր ընտրությունն էր, մեր Կույսն էր, ՄԵՆՔ էինք: Այն ժամանակ այդ ՄԵՆՔ-ը կար: Լավն էինք ՄԵՆՔ: Ճիշտ էինք ՄԵՆՔ: ՄԵՆՔ մենակ չէինք մեր երկրի հետ:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը տոն է, ես գիտեմ, որ բոլորովին տոնական չեն իմ այս տողերը, բայց անկեղծ են` ներշնչված այն ժամանակվա զգացողություններով ու հիշողություններով, որոնք այսօր շատ քչերն են պահպանում, որոնք այսօր շատ քչերի համար են արժեք: Ցավոք: Որովհետև քաղաքացիները պիտի անմիջական կապ ունենան իրենց պետության հետ, իսկ մեր սերնդին իսկապես եզակի բախտ էր վիճակվել ապրել փակվող էպոխայի ու բացվող էպոխայի միջակայքում` ինչպես Հրանտ Մաթևոսյանը պիտի բնորոշեր հետո: Մենք հայրենիք կորցրինք ու գտանք: Եզակի ու դժվար բախտ` ապրել հասարակարգերի փոփոխության ժամանակ և չկորցնել անհատականությունը: Իմ շատ սերնդակիցներ այսօր իրենց երկրում չեն ապրում` դա իմ ցավն է ու նրանց ցավն է, որովհետև Հայրենիքը լավ ու վատ չի լինում, ու ոչ ոք կամովին չի հեռանում իր տնից` օտար ափերում աշխատանք, երջանկություն ու հաջողություն որոնելու: Օտար ափերում, որտեղ իրեն ոչ ոք չի սպասում, չի կարոտում, որտեղ ինքը միայն իրեն է պետք:
Անկախության հանրաքվեի օրը Վարդգես Պետրոսյանն ասաց մի նախադասություն, որը մեխվեց հիշողությանս մեջ` «Այսօր ավարտվեց անկախության կիրակին, վաղը սկսվում է երկուշաբթին»: Գուցե նա նկատի ուներ, որ տոներն ավարտվեցին, ու սկսվում է աշխատանքի ժամանակը, որ անկախ Հայաստանի խնդիրները նոր են սկսվում, որ քաղաքական անկախություն հռչակելն ամենահեշտն է, պահպանելն է խնդիրը... Այդ հետո ամեն օրը մի պատասխան էր բերում այն հարցին, թե ի՛նչ էր դա նշանակում:
ԵՎ ինչ էլ նշանակեր, մենք այսօր ունենք անխախտ փաստեր, որ ոչ ոք չի կարող մեզնից, մեր պատմությունից ու մեր հիշողությունից զատել, առաջինը` ՄԵՆՔ ԿԱՆՔ: Կորուստներով, ոչ առանց ձախողումների ու դժբախտությունների, բայց ՄԵՆՔ ԿԱՆՔ: Հետո` մենք անցանք պատերազմի միջով ու հաղթեցինք: ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ: Մեր մի մասին ներշնչել են, որ այդ ժամանակը միայն ցրտի ու խավարի ժամանակ էր, բայց այդպես չէ:
Ցուրտ էր, մութ էր, ավելի շատ չկար, քան կար: Ամեն ինչը: Բայց մենք դա էլ հաղթահարեցինք, ու երբ Երևանում հատուկենտ լույսեր էին վառվում, Ստեփանակերտում ոչ մի վայրկյան հովհար չէր աշխատում: Որովհետև ճիշտը դա էր: Այդպես էր պետք: Երրորդ փորձությունն ամենադժվարն էր` պատերազմի փորձությունն անցնելուց հետո մենք բախվեցինք խաղաղության փորձությանը:
Մեր ամենամեծ կորուստների ժամանակը դա էր, որովհետև երբ կա արտաքին թշնամի, ուժերդ կենտրոնացնում ես նրան հաղթելու համար, երբ չկա, հնարում ես ներքին թշնամի` անհաջողություններդ բացատրելու համար: Մենք դա էլ անցանք:
Հրանտ Մաթևոսյանը կարծում էր, որ ցեղասպանությունը չի կարող գրականության թեմա լինել` ցավը թեմա չի լինում, ողբերգությունը թեմա չի լինում: Հրանտ Մաթևոսյանը հասկանում էր` ինչ է ցեղասպանությունը ու ինչ է գրականությունը: Բայց նա գրեց «Մեծամորը», ու արդեն մենք սկսեցինք հասկանալ` ինչ է ցեղասպանությունը ու ինչ է գրականությունը:
Վարդգես Պետրոսյանն էլ, որ ամբողջ կյանքն ապրել էր իբրև լրագրող ու հրապարակախոս, վերցրեց ու գրեց «Կրակե շապիկը»: Գտնվեցին մարդիկ, որ այրում էին նրա վեպը, բայց երևի դա միակ գիրքն էր, որ գրող Վարդգես Պետրոսյանն էր գրել: Մեկ էլ` «Հայկական էսքիզները»:
Անկախության ժամանակի ամենամեծ փորձությունը` մենք կորցրինք մեր արժեհամակարգը, որ սպառել էր իրեն, բայց գործում էր դեռ:
Անկախության ժամանակի ամենամեծ ձեռքբերումը` մենք չափանիշ գտանք` նոր ժամանակների արժեհամակարգի չափանիշները սահմանելու համար:
Մենք դեռ ճանապարհին ենք: Այս ճանապարհն աշխարհի հզորները հարյուրամյակներով են անցել` այդ հարյուրամյակների ընթացքում կամ վերացել են, կամ մնացել ու հզորացել: Ընտրության հարց է: Ճակատագրի հարց է: Կույսի նշանի տակ ծնվածները համառ են ու սառնասիրտ, նրանց արարքների իրական դրդապատճառները երբեմն իրենք էլ չեն կարող բացատրել, բայց նրանք հետևողական են: Նույնիսկ` իրենց ակնհայտ սխալների շարունակման մեջ:
Այսպես էլ ապրում ենք:
Լավագույն տղերքը հեռանում են:
Մնացյալը լռություն է:
Բայց կյանքը շարունակվում է:
Նոյյան տապանը որոնում-որոնում են ու դեռ չեն գտել:
Ավետյաց երկիրը երկու գետերի մեջտեղում է:
Գետերը կան, երկիրը չի գտնվում:
Եվ` սֆինքսն ավելի ծեր է, քան բուրգերն ու եգիպտացիները, որ իրականում չեն կառուցել այդ բուրգերը, այլ ժառանգել են նրանցից, որ այսօր չկան, ինչպես այսօր չկան եգիպտացիները, բայց կան իրենց ժառանգություն բուրգերը:
Պարզապես մեզ չեն սովորեցրել` ինչ է նշանակում տոն ու համազգային ուրախություն, մենք ուրախանում ենք հետ նայելով` Ծիծեռնակաբերդին ու Եռաբլուրին: Մեզ չեն սովորեցրել, որ 1915 թվականը միայն Դեր Զորի անապատները չեն, Շապին Գարահիսարն է, Վանն է, Մուշը, Մուսալեռը: Ավելի շատ կյանքը, քան մահը, որովհետև մենք կանք:
Լավագույն տղերքը հեռանո՞ւմ են:
ՈՒ` վերադառնում են, որովհետև մենք կանք, ու նրանք շարունակվում են մեր կյանքի ու երկրի կյանքի մեջ:
Իսկ որ Նոյյան տապանը դեռ չեն գտել, լուսանկարները հաստատում են` տապանն իր տեղում է, սառույցների մեջ: Լավ է, որ չեն գտել, գտնեին` այսքան տարի չէր պահպանվի:
Ի՞նչ կապ ունի այս ամենն Անկախության տոնի հետ: Անկեղծ ասած` չգիտեմ: Բայց զգում եմ, որ առանց այս ամենի անկախությունը չէր լինի, որովհետև, մեր ամբողջ հակասականությամբ հանդերձ, մենք շատ հասկանալի ու լավ ժողովուրդ ենք, որ, չգիտես ինչու, իր ամբողջ գոյությունը կապել է ճանապարհի հետ` ինչ-որ տեղ է գնում-գալիս, ինչ-որ գաղափարներ ու համակարգեր հաստատում-հերքում, ոչ ուրիշին, ոչ ինքն իրեն չի հավատում: Եվ` գուցե հենց տեղ չհասնելու, ինքն իրեն չգտնել-չկորցնելու պատճառով էլ գոյատևում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ