ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԿԼԱՆՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ Է, ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՆԱև ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ»

«ԿԼԱՆՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ Է, ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՆԱև ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ»
03.11.2009 | 00:00

ՆԺԿ առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցի խորագիր դարձած հարցն այսօր, առանց չափազանցության, հետաքրքրում է հատկապես Ռոբերտ Քոչարյանի նախկին (մինչ այժմ էլ երկրի օրենսդիր և գործադիր մարմիններում բավականին հարմարավետ տեղավորված) թիմակիցներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, դեռևս սպասում են (բացահայտ կամ ծպտյալ) նրա վերադարձին և (ինչ-որ առումով) զգուշանում։ ՈՒ թե այդ, իմա` «ճակատագրով դատապարտվածներից» (նրանցից մեկի բնորոշումն է) որևէ մեկին փորձես ներքաշել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող զրույցի մեջ, ճկուն մանևրով կաշխատի շրջանցել հարցդ. թերևս, վտանգավոր է կարծիք հայտնել հենց այն պահին, երբ «խորհրդավոր լռության մարտավարության խրամատներում է պատրոնը»` էքսնախագահը։
Իրականում նրանք` անտեսանելի մարտի ուղիղ ճակատում հայտնված այդ «թիրախները», շա՜տ են ցանկանում այլևս որևէ կապ չունենալ Քոչարյանի հետ և խաղաղ ու անփորձանք վայելել ֆալաքի (Ֆրիկի բառն է` հիշում եք)` իրենց նկատմամբ դրսևորած «բարեհաճությունը»` 2008-ի փետրվարի 19-ից հետո ՀՀ 3-րդ նախագահի շրջապատում մնալու և կրկին պաշտոնավարելու բախտավորությունը։ Սակայն այսօր նրանք «էլեկտրականացած» են, զգուշավոր, անկանխատեսելի է, թե վաղն ինչի՛ կարող է վերածվել «պատրոնի խորհրդավոր լռությունը» և ի՛նչ ձյունահոսքի տակ թաղել իրենց։ Այնուհանդերձ, ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը։

«ԼՌՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆԿԱՐԾ ՉՎՆԱՍԻ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ»
-Իսկապես, շատերին հետաքրքրող այդ հարցի պատասխանում,- մանրամասնում է ՆԺԿ նախագահը,- կփորձեմ համատեղել երկու խնդիր։ Իմ կարծիքով.
ա) թերևս, Քոչարյանն էլ դեմ չէ այն ամենին, ինչ կատարվում է, հետևաբար, համառորեն որևէ մեկնաբանություն չի տալիս։ Որքան տեղյակ եմ, այդ կոնսուլտացիաները սկսվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Եվ գաղտնի բանակցությունները, որոնք ընթացել են Շվեյցարիայում, հենց Քոչարյանի օրոք են կյանքի կոչվել։
բ) Ըստ իս, Քոչարյանը հստակ մտադրություն ունի վերադառնալու մեծ քաղաքականություն։
-Ո՞Ւմ կարգավիճակով։
-Գուցե և վարչապետի, հետո` նախագահի։
-Սին հույսեր...
-Թերևս։ Այնուամենայնիվ, ըստ իս, նա կարծում է, թե կվերադառնա ինչ-որ կերպ, ինչ-որ տեսքով։ Իսկ նման զարգացումների հուն պետք է մտնես որպես ազգի նվիրյալ, որպես ազգային գործիչ։ Հետևաբար, պետք է դեմ գնաս ներկա գործընթացներին ու փաստես, որ դրանք վտանգավոր են։ Իսկ եթե «խորհրդավոր լռություն է պահպանում, ապա մտածում է չփչացնել հարաբերությունները գեոքաղաքական կենտրոնների հետ, որոնք սկսված զարգացումների պատվիրատուներն են։
-Ասել է` փորձում է համատեղել-զուգակցել ազգային ու անձնական խնդիրնե՞րը։
-Իմ վերլուծություն-եզրահանգումներով` այո՛։ Ըստ իս, նա լռում է, որպեսզի հանկարծ չվնասի իր անձնական առաջընթացին։
-Թերևս տեղին է փաստել, որ «Ես Գյուլին չէի հրավիրի» բազմանշանակ արտահայտությամբ նա արդեն իսկ որոշակի վերաբերմունք է արտահայտել` փորձելով հասկացնել Սերժ Սարգսյանին, թե սկսված զարգացումների ողջ պատասխանատվությունը ենթադրյալ հետևանքներով ծանրանալու է միա՛յն և միայն նրա ուսերին, հուսալով, թերևս, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ձախողվելու է։
-«Ես Գյուլին չէի հրավիրի» արտահայտությամբ, Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, փորձում էր ասել, թե` ես չէի լինի նախաձեռնողը։ Ես էլ ասում եմ` եթե նախաձեռնողը չէիր լինելու, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ գաղտնի բանակցություններ վարելը։ Իսկ եթե սա է բանակցությունների վերջնական արդյունքը, ապա դու չես կարող լվանալ ձեռքերդ ու մի կողմ քաշվել, որովհետև հենց դո՛ւ ես սկսել վտանգավոր այդ խաղը։
Իմ կարծիքով, սկսված պրոցեսի ողջ ընթացքում Քոչարյանին չի հաջողվել անհրաժեշտ չափով մերձենալ ԱՄՆ-ի հանրապետական ադմինիստրացիային և ամեն գնով փորձել է ցուցադրել, թե ինքը ռուսական որոշ քաղաքական ուժերի ազդեցության գոտում է գտնվում։
Այնուամենայնիվ, մեկ անգամ ևս ուզում եմ արձանագրել, որ հենց Քոչարյանի օրոք սկսված գործընթացներն են, որ այժմ այսքան թուլացնում են Հայաստանը և գեոքաղաքական առումով նաև հարվածի տակ դնում հայ-ռուսական փոխհարաբերությունները։
-Անդրադառնանք Ձեր` «ամեն գնով փորձել է ցուցադրել, թե ինքը ռուսական որոշակի քաղաքական ուժերի ազդեցության գոտում է գտնվում» արտահայտությանը և փորձենք հստակեցնել` ակնարկում եք Վլադիմիր Պուտին-Ռոբերտ Քոչարյան հարաբերություննե՞րը։
-Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահն էր, Քոչարյանն էլ պաշտոնավարում էր, պարզ է, որ հարաբերություններ եղել են։ Բայց զարգացումներն այնպես են ընթացել, որ միայն հայկական կողմն է շեփորել այդ բարեկամությունը, և ընդհանուր հանրագումարում պարզվել է, որ հարաբերությունները քաղաքական դատարկություն են։ Այն, ինչ կատարվում է այսօր, ապացուցում է, որ ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանի վրա փորձում են ավելացնել հենց այդ հարաբերություններով։ Սա փաստ է։ ՈՒ նման պարագայում պետք է կարողանանք առաջ ընթանալ փոխհամաձայնեցված, որպեսզի կորուստներ չտանք։
Նորից անդրադառնալով հիմնական հարցին` փաստեմ, որ Քոչարյանի «խորհրդավոր լռությունը» համարում եմ գործընթաց, որով նա ձգտում է շախմատային քայլ կատարել իշխանություն վերադառնալու և որոշակի տեղ զբաղեցնելու նպատակով։ Բայց կան ազգային խնդիրներ, որոնց ի հայտ գալու պարագայում լռելը հավասարազոր է դավաճանության։
«ԵԹԵ ՀԱՎԱՏԱՆՔ... ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԹԻՄ, ՈՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»
-Թերևս տեղին է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի «լռությունից» այսօր դիվադադար են հատկապես իշխանության բուրգում գտնվող հայտնի այնպիսի դեմքեր, ովքեր ժամանակին ներբողներ են քերթել առ Քոչարյան։
-Եթե հավատանք լրատվամիջոցների հրապարակումներին, նաև շրջանառվող ենթադրություն- եզրահանգումներին, ապա մենք էլ պետք է փաստենք, որ ձևավորվում է թիմ, որն ապահովելու է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։
-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, ամբողջացնում հիշյալ թիմի միջուկը։
-Շատերի անուններն են տալիս։ Եթե կրկին հավատանք պնդումներին, ապա Հովիկ Աբրահամյանն է այդ միջուկը, Գագիկ Ծառուկյանը, Աղվան Հովսեփյանը և ուրիշ կարևոր դեմքեր։ Վերջերս մամուլը նույնիսկ արձանագրեց, թե չի բացառվում նոր կուսակցության ծնունդը, որն էլ դառնալու է ցատկահարթակ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադարձի ճանապարհին։ Դժվար է ասել` իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ։ Եթե անգամ այդպես էլ է (նկատի ունեմ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը), ապա, իմ կարծիքով, մի քիչ ֆանտազիա կա դրանում։
-Այնուամենայնիվ, անհասկանալի է` հանրապետության 2-րդ դեմքի` ԱԺ ներկա խոսնակի անունն ինչո՞ւ է այդքան համառորեն կապվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի միֆի հետ։ Ի վերջո, Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում է բացառապես Սերժ Սարգսյանի բարեհաճության շնորհիվ։
-Անկեղծ ասած, իշխանությունն ինձ համար ընդհանուր է։ Ավելի ընկալելի դառնալու նպատակով այսպիսի օրինակ բերեմ. ԽՍՀՄ ժամանակների ավանդույթով, եթե գործիչը գալիս է իշխանության ու ձեռք չի տալիս նախկին վարչախմբի անդամներին, ինքն էլ է համարվում նույն այդ ռեժիմի ներկայացուցիչը։ Վլադիմիր Պուտինը, օրինակ, չընկալվեց որպես առանձին գործոն այնքան ժամանակ, քանի դեռ չկատարեց որոշակի փոփոխություններ` չհանեց Վոլոշինին, Կասյանովին։ Նույն իրավիճակն է և Հայաստանում։
-Ձեր տրամաբանությամբ, եթե Սերժ Սարգսյանը պաշտոնանկ աներ Հովիկ Աբրահամյանին, Արմեն Գևորգյանին, Աղվան Հովսեփյանին ու էլի շատերին, ովքեր Ռոբերտ Քոչարյանի նվիրյալների համարում ունեն, կարող էինք ասել, թե 3-րդ նախագահն առաջընթացի նոր կո՞ւրս է վերցրել։
-Ո՛չ։ Բոլորովին էլ պարտադիր չէ անպայման ազատվել այս կամ այն պաշտոնյայից, որովհետև շատ հնարավոր է` տվյալ անձն իսկապես պրոֆեսիոնալ է։ Բայց, որպես նոր նախագահ, որպես նոր իշխանություն, պետք է ասես` ժողովուրդ, մենք նոր կուրս ենք նախանշում։ Նախկինները տեղ ունե՞ն այդ վարչախմբում։ Իհարկե, որպես մասնագետներ շատերը կարող են մնալ և աշխատել։ Բայց եթե հին կուրսը դու շարունակում ես նաև կյանքով, այսինքն` ոչինչ չի փոխվում (ո՛չ կադրային հարցում, ո՛չ կյանքում), ստացվում է` դու հնի կրողն ես։ Հենց այդ պատճառով եմ ասում, թե իշխանությունն ինձ համար նույնն է։
-Իսկ գուցե ցանկությունը մի բան է, հնարավորությունը` այլ, և դժվա՞ր է այդ երկուսը համատեղել։
-ՀՀ առաջին դեմքը (ով էլ ուզում է լինի) սահմանադրությամբ տիրապետում է ամեն ինչին։ ՈՒ եթե որևէ մեկը, օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, որոշակի պաշտոն է գրավում, ապա փաստ է, որ երկրի առաջին դեմքը, ինչպես ընդունված է ասել Հայաստանում, իր «դաբրոն» է տվել։
«ՄԻՇՏ ԷԼ ԿԼԱՆԸ ԳԱԼԻՍ ՀԱՍՆՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ, ՈՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՍԿՍՈՒՄ Է ՃԵՂՔԵՐ ՏԱԼ»
-Այսօր հստակ է, որ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, իշխանական բուրգում հայտնվածներից ոմանք դաժան պայքար են մղում ներկա վարչապետի դեմ։ Ըստ Ձեզ, ժամանակին Տիգրան Թորոսյանի դեմ մղած պայքարում կիրառած նույն տեխնոլոգիաներով ընթացող այդ բանսարկություն-դավադրությունները և՞ս Սերժ Սարգսյանի «դաբրո»-յով են կյանքի կոչվում։
-Այս դեպքում հաստատապես ո՛չ։
-Ինչո՞ւ։ Ո՞րն է Ձեր «հաստատապես ո՛չ»-ի տրամաբանությունը։
-Միշտ էլ կլանը գալիս հասնում է որոշակի սահմանագծի, որից այն կողմ սկսում է ճեղքեր տալ։ ՈՒ եթե մարդիկ ադմինիստրատիվ ռեսուրսի զորությամբ հասնում են որոշակի աթոռի, ուրեմն, անպատճառ պետք է ունենան այն մարդկանց «դաբրո»-ն, ովքեր տիրապետում են ադմինիստրատիվ այդ ռեսուրսին։ Հայաստանում նշածս կլանը հասել է այն շերտին, որ իր ներսում հարսանիքներ է իրականացնում։ Ասել է` ինչ-որ իմաստով միավորվում-ձուլվում է։ Ժամանակին, ի դեպ, այդպես է ստեղծվել «ընտանիքների», օրինակ, սիցիլիական մաֆիայի, կլանային տեսությունը։ Իսկ դրա հիմնական միտքը տվել է մասոնական «Երիտասարդ Իտալիա» օթյակը։
Յուրաքանչյուր կլան ձգտում է ավելի մեծ տեղ գրավել բուրգում և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տիրանալ պետական, ֆինանսական ռեսուրսներին, այդ թվում նաև` պատասխանատու պաշտոններին։
Բայց եթե մարդը տվյալ կլանից չէ ու ներկայացնում է բոլորովին այլ շերտ, ապա հստակ է. ինչ-որ պահից սկսած կլանն առանց անհրաժեշտ «դաբրո»-յի սկսում է որոշակի գործողություններ։
Տիգրան Սարգսյանը, լինելով լավ ֆինանսիստ, այնուամենայնիվ, աստիճանաբար քաղաքական սխալներ է թույլ տալիս. արտահայտություններ է անում և դառնում կլանի թիրախ։ Սա նշանակում է մեկ բան. կլանն այնքան ուժեղ է, որ ուզում է իր ձեռքում կենտրոնացնել նաև վարչապետի պաշտոնը։ ՈՒ եթե կլանը զբաղվում է որոշակի «գործողությամբ», ապա դա ևս օրվա իշխանության, դիցուք, նույն Տիգրան Սարգսյանի և մնացած կառույցների խնդիրն է։ Որքան էլ Տիգրան Սարգսյանը կամ մյուսներն իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներով, կրթական ցենզով տարբերվեն կլանի հայրերից, որևէ նշանակություն չունի, որովհետև կլանը բարգավաճում է օրեցօր։ Դիցուք, Տիգրան Սարգսյանը, կոնկրետ ի՞նչ է ասում, որ կլանը չկարողանա հզորանալ ու վաղն իրեն կուլ տալ։ Ոչի՛նչ։ Վարչապետին նկարում են թուրքի ֆեսով, բայց նա դատարան չի գնում։ Ինչո՞ւ։ Պատասխանը բազմաշերտ է և այլ խոսակցության թեմա։
«ՄԵԶ Ի ՎԵՐՈՒՍՏ ԱՆՏԱՌԻ ՍԱՆԻՏԱՐԻ ԴԵՐՆ Է ՎԵՐԱՊԱՀՎԱԾ»
-Դուք կդիմեի՞ք դատարան։
-Միանշանակ։ Եվ գնալու եմ։
-Փորձելու եք պատժե՞լ Ձեզ մերկ նկարողներին։ Տվյալ լրատվամիջոցի` իմա թերթի անունը չեմ ուզում հիշատակել։
-Ես երկու ճանապարհ ունեմ. կամ ավանդական մեթոդներ կիրառել, որ ինձ մերկ նկարողները, ավելի ճիշտ` իմ դեմքով կոլաժ թխողները, նույն վիճակի մեջ հայտնվեն, կամ պետք է գնամ դատարան։ Քանի որ ես ցանկանում եմ, որպեսզի ապագա Հայաստանում ամեն ինչ փոխվի, կհրաժարվեմ ավանդական միջոցներից ու կդիմեմ դատարան։
-Եվ Դուք հավատում եք Հայաստանի անկախ, արդար դատարանի՞ն։
-Միևնույն է, կդիմեմ դատարան, ու եթե չհաղթի արդարությունը, ապա մեկ անգամ ևս կարձանագրենք, որ դատարանն էլ է գտնվում այն նույն կլանի ձեռքում, որը պատվեր է իջեցնում բացարձակապես սրա-նրա պատվերով գոյատևող տվյալ թերթին։
-Համաձա՞յն եք, որ Ձեր պարագայում, այնուամենայնիվ, գործել է պատվերը։
-Ես հստակ գիտեմ, որ Հայաստանում կան մարդիկ և թերթեր, որոնք առանց պատվերի պարզապես չեն կարող ապրել։ Ի՜նչ արած, այդպիսին է նրանց էությունը։ Նրանց թթվածինը պատվերն է։
Այդ պատվեր կատարողներից ոմանք, ի դեպ, եղել են իմ շրջապատում, նրանց օգնել եմ ֆինանսապես։ Միայն մի օրինակ բերեմ (առանց անուններ հիշատակելու)։ Բանտարկումից հետո իմացա, որ իմ դեմ առաջին ցուցմունք տվողներից մեկը եղել է այն մարդը, որի հոր թաղման արարողության հիմնական մասը ժամանակին արել եմ ես։
-Նորից անդրադառնանք Ձեզ պատկերող ցածրաճաշակ «կոլաժին»։ Նման պարագաներում արդյո՞ք ամենաճիշտ պատասխանն արհամարհանքը չէ։
-Եթե այդ իրողությունը չկրկնվեր տարբեր դրսևորումներով, ու ներքին ինֆորմացիա չունենայինք, որ պատվիրատուները միշտ նույն մարդիկ են, թերևս, ճիշտ լիներ արհամարհելը։ Բայց ՆԺԿ-ի հետ կապված շատ գլուխներ են կոտրվել, ու մեզ ի վերուստ երևի թե անտառի սանիտարի դերն է վերապահված...
-Անտառի սանիտարը` գայլը, սակայն, որքան գիտեմ, զզվում է լեշերից։
-Ցավոք, պատահում են և անտառներ, որտեղ, գարշահոտ լեշերից բացի, ուրիշ բան չկա։ Մեր պարագայում, այն է` Հայաստանում, միջինը չկա. լավը լավ է, իսկ վատը, ուզես թե չուզես, արդեն լեշ է։ Եվ մեր լեշերն այնքան են իջած, որ էլ տեղ չկա. մարդուն (անկախ նրանից կին է, թե տղամարդ) կարող են անգամ մերկ նկարել։
Խոսքս երկու կարևոր դիտարկումով եմ ուզում ավարտել.
ա) ՆԺԿ-ի, մասնավորապես, իմ դեմ դեռ շատ բաներ են անելու։ Ցավոք, վարկաբեկման հին մեխանիզմն ամբողջությամբ հետ է բերվել։ Պարզ է, որ թե՛ ներկայիս իշխանությունը, թե՛ թիմը, որն ուզում է վերադառնալ, մեր մեջ վտանգ է տեսնում և, ինչպես տեսնում ենք, փորձում են օգտագործել, ինչպես ռուսը կասեր` «վՌՋպ տսՌվՑցրՈ» գտնվողներին։
Հին ազգերի մեջ հետաքրքիր մի յուրահատկություն կա` միջին չի լինում. կամ պրոֆեսոր են, կամ գող։ Այդ տրամաբանությունից ելնելով էլ ասեմ.
բ) Հայաստանում կան մարդիկ, ովքեր երկրի, ազգի նկատմամբ դրսևորած իրենց մոտեցումներով ամենևին էլ հայի տեսակ չեն։ Թերևս, հենց նմանների առնչությամբ է, որ ասում են` անգլիացիները հեռանում են առանց հրաժեշտի, իսկ հրեաները հրաժեշտ են տալիս, բայց չեն հեռանում...
Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ