Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լուրեր

Լուրեր
07.10.2008 | 00:00

Իմ խե՜ղճ Գրիգորիչ
Ըստ որոշ աղբյուրների, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կղեկավարի երիտնժդեհական Է. Շարմազանովը` լրումին հասցնելով ՀՀԿ երիտկարիերիստների փառահեղ պտույտը:
Բանն այն է, որ վերջինիս գլխին ֆրակցիոն վեղարը տեսնել է կամենում ԱԺ-ն լրիվ «բարձրացրած» Հովհաննես Ա-ն, որին երիտՀՀԿ-ականը համեմատել է Ռոբեսպիերի ու դը Գոլի հետ:
Ըստ լավատեղյակների` Հովհաննես Ա-ն օրվա մեջ մի քանի անգամ հիշում ու վերապրում է այդ ցնցող համեմատությունը` հալվելով-մարելով այդ հուշից:
ՀՀԿ-ականների այն հատվածը, որը ցանկանում է, որ Գալուստ Գրիգորիչը ղեկավարի ֆրակցիան, խորհուրդ է տալիս վերջինիս` առաջ անցնել ու Հովիկ Աբրահամյանին համեմատել Նապոլեոն Բոնապարտի հետ: Գրիգորիչը չի համաձայնում: Առանց այն էլ ահավոր դոշ տվեց Արգամիչի համար, լքեց իր հին ընկեր Թորոսյան Տիկոյին, մեղադրվեց արծաթազօծվելու մեջ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին ուղղված հարցին, բոլոր դեպքերում` ինչո՞ւ Շարմազանովը, պատասխանը հետևյալն էր. ախր, քաղաքական գործչի «դիֆիցիտ» կա ՀՀԿ-ում. ասա` ո՞ւմ կարելի էր ուրիշ, չկա այդպիսին, Շարմազանովը չարիքի փոքրագույնն է։ Կարծում եք, իզո՞ւր էր Թորոսյանն ասում, որ ցուցակները կազմելիս պետք է նայեին, թե ում են բերում խորհրդարան:
«Համ էլ Էդիկը հույն է, դրսում լավ կնայվի ազգային փոքրամասնությանը նման դերակատարություն տալը»:
Երկաթյա տրամաբանություն. էս երկրում մնացել էր այս մեկ խնդիրը, այն էլ ահա լուծվեց` ժողովրդավարության դռները լայնարձակ բացելով «այլոց» առաջ:
Թե չէ` «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն», 75 քաղբանտարկյա՜լ, ազգային երկխոսությո՜ւն, մարդու իրավունքնե՜ր, ԵԽ պարտավորություննե՜ր... Ո՞Ւմ են պետք նման թիթիզությունները:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

«Թուրքիան և Հայաստանը խոսեցին, բայց արդյո՞ք նրանք կկարողանան քայլել միասին»
Այս խորագիրն է կրում Մարշալի ֆոնդի հրապարակած վերլուծական նյութը, որն այս օրերին հայտնվել է աշխարհաքաղաքական կենտրոններում որոշումներ «դակող» անչափ պատկառելի պաշտոնյաների սեղանին։ Անդրադառնալով Հայաստանի նախկին և գործող նախագահների արտաքին քաղաքական գերակայություններին՝ հոդվածը փաստում է, որ Ռոբերտ Քոչարյանը մարտականորեն տրամադրված բազեատիպ գործիչ է, ով ցեղասպանության ճանաչման հարցն ամրագրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Մարշալի ֆոնդի վերլուծաբանի դիտարկմամբ, Թուրքիո իշխանությունների հետ ռեկոնսոլիդացիոն դիվանագիտական խաղ է սկսել, ինչն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում բնութագրել է որպես «մեծ և ոչ իմաստուն ռիսկ»։ Փորձելով կանխատեսել, թե ինչ հեռանկար է սպասում պաշտոնական Երևանի ու Անկարայի միջև սկսված «ռեկոնսոլիդացիոն մերձեցմանը», հոդվածագիրը հանգում է եզրակացության, որ Թուրքիան չպետք է իր ուսերին վերցնի օսմանյան կայսրության մութ անցյալի բեռը, իսկ հայկական սփյուռքն էլ չպետք է ակնկալի, թե պատմական հաշիվներ «մաքրելու» համար Հայաստանը գրավ է դնելու իր այսօրն ու վաղը։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ո՜վ հայ պատգամավո՛ր, քո փրկությունը քո աստվածավախ խոսնակի մեջ է
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի տարածքում պատրաստվում է եկեղեցի կառուցել: Այն փաստը, որ Հայաստանում ամեն օլիգարխ իր շքեղ պալատների կողքին պարտադիր մի եկեղեցի է կառուցում, այլևս զարմանալի չէ: «Խեղճ» մարդիկ օրվա մեջ հազար ձևի սև-մութ գործեր են անում, տուն մտնելուց առաջ բա մի հատ մոմ չվառե՞ն` Աստծո բարեհաճությանն արժանանալու համար: Իսկ Աբրահամյանի այս «հանճարեղ» մտադրության շնորհիվ այսուհետ ազգիս ընտրյալներն ավելի շատ ժամանակ կունենան Աստծո հետ հաղորդակցվելու համար: Հետաքրքիր է՝ խորհրդարանի խոսնակն ԱԺ կանոնակարգ-օրենքում այս առնչությամբ փոփոխություն կմտցնի՞, թե՞ ոչ։ ՈՒ թե մտցրեց՝ նոր կանոնակարգով ազգիս ընտրյալները քվեարկությունից առա՞ջ են մտնելու եկեղեցի՝ իրենց աստվածահաճո պարտքը կատարելու, թե՞ դրանից հետո՝ երիցս մեղա գալու ուրիշների կոճակները սեփականաշնորհելու համար։ Եվ՝ ամենահետաքրքիրը. ի՞նչ անուն է ունենալու եկեղեցին։ Գուցե՝ Սուրբ Հովհաննե՞ս։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Կոնտրոլի» տակ են
Վերջին օրերին քաղաքական և բիզնես շահեր հետապնդող որոշ շրջանակների կողմից լուրեր են տարածվում (բնականաբար՝ կանխամտածված), թե Սերժ Սարգսյանի ցուցումով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը վերանայելու է ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած վերջին «տաք» նյութերը՝ դրանցում առկա տնտեսաիրավական խախտումները հնարավորինս «լղոզելու» առաջադրանքով։ Նախագահամերձ իրազեկ աղբյուրներից մեզ հաջողվեց ճշտել, որ այդ լուրերը իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Իրողությունն այն է, որ նախագահի վերահսկողական ծառայությունն իրոք ներգրավվել է ԱԺ վերահսկիչ պալատի ձեռնարկած գործընթացի մեջ՝ «կոնտրոլի» տակ վերցնելով այն թղթապանակները, որոնցում առավել մեծ չափերի տնտեսական խախտումներ են արձանագրված։ Սույն թղթապանակների հետևում հարկային մարմինների հետ լուրջ խնդիրներ ունեցող այն տնտեսավարողներն են, ովքեր պարտավորվելու են օրենքի շրջանակներում մինչև վերջին լուման փոխհատուցել պետությանը հասցված վնասը։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Առաջին «սանկցիաները»
Հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ իր մոտ է հրավիրել աշխատակազմի անդամներին՝ ծանոթացնելու իր կողմից սահմանված աշխատանքային օրվա նոր ժամանակացույցին։ Ներկաները տեղեկացվել են, որ աշխատանքային կարգապահության ցանկացած խախտում այսուհետ համարժեք արձագանք է ունենալու, էլ չենք խոսում պաշտոնական դիրքի չարաշահումների մասին, որոնց առնչությամբ իրականացվելու են պատժիչ «սանկցիաներ»։ Ըստ ամենայնի, այս ծանր քարը գլորվում է նախ և առաջ Ռոբերտ Քոչարյանի բոստանի ուղղությամբ, քանզի նախագահական նստավայրի իր հավատարիմ «մուլատներից» վերջինս օրվա ցանկացած պահի տեղեկանում է «պալատում» տեղի ունեցող անցուդարձին և համապատասխան «ինստրուկտաժ» իջեցնում։ Երեկվա խստացումներից հետո էքսնախագահի սույն աշխատաոճը, ամենայն հավանականությամբ, լուրջ «բարեփոխումների» կարիք է զգալու։
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ