Այս պատմությունը անգամ մեր հեղհեղուկ օրերի համար է արտասովոր: Արտասովոր` ոչ միայն գործելաոճի համակարգված սանձարձակությամբ: Նման քայլարշավի ելնողը դեռ խարդավանքների մեկնարկային փուլում հաղթահարում է մարդկային և հանրային գիտակցության և բարոյականության բոլոր հնարավոր արգելապատնեշները: Բանականությունը խարսխվում է որքան պարզունակ, նույնքան էլ հեռահար հաշվարկի վրա. այո, մեր ժամանակը թույլ է տալիս տարիներ շարունակ դավել ու թովել, խեղել մարդկային ճակատագրեր և, թող ներվի ինձ այս որակումը, ինչ-որ առումով անգամ ձեռնասուն դարձնել պետական ու իրավապահ կառույցները: Եվ այս ամենը պատվախնդրության ու շնորհների ոստան Գյումրիում, աղետից գերագույն ճիգերով ոտքի կանգնող մեր սիրո ու ցավի քաղաքում:
Ներկայացվելիք պատմությունը բազմամասանոց ֆիլմաշարի հիանալի հումք է, հրավիրում ենք հեռուստաընկերությունների ուշադրությունը:
Իսկ մինչ «Սարդոստայն» ֆիլմաշարի ցանկալի եթերարձակումը («Սարդոստայնը» տարիներ առաջ սույն գործը լուսաբանող ծանրակշիռ հոդվածներից մեկի վերնագիրն է), նախ անդրադարձ կատարենք այս գրեթե խելակորույս պատմությանը` հենվելով հանրապետական մամուլի հրապարակումներին:
Հետո կներկայացնենք վերոնշյալի «փայլատակումները» արդեն մեր օրերում: Տողերիս հեղինակը հոկտեմբերի սկզբներին մի քանի օր Գյումրիում էր:
Եվ այսպես 1997 թ., սեպտեմբեր: Գյումրիի Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 և 11 նախկին շենքերի բնակիչները ստեղծում են «Գյումրիի վերականգնող» սպառողական կոոպերատիվը և դիմում են քաղաքապետարան` փլուզված շենքերի տեղում փայատիրական սկզբունքով բազմաբնակարան շենք կառուցելու խնդրանքով: Թվում է` չկա հարգանքի ավելի արժանի նախաձեռնություն. բնակիչները, անհնարինը հնարավոր դարձնելով, սեփական ձեռքերով են վերաշինում սեփական օջախը, ի վերջո, հայրենի քաղաքը:
Բայց շաբաթն ուրբաթից շուտ է բախում նրանց դռները: Նախ քաղաքապետարանն է գտնվում «պատշաճ» բարձրության վրա` «զտելով նախկին բնակիչների ցուցակները (72 ընտանիքից անօթևան է ճանաչվում 54-ը), քաղաքապետարանում որոշում են կայացնում Սայաթ-Նովա 9 և 11 նախկին շենքերի տեղում նոր բնակելի շենքեր կառուցելու մասին»: Այնուհետև թիվ 4 որոշման 4-րդ կետի համաձայն. «շենքերի շինարարությունը դիտվում է որպես «սեփական (անհատական) բազմաբնակարան շինարարություն, այդ պարագայից բխող իրավական բոլոր հետևանքներով»: Սա փաստագրվում է 1998-ի հունվարի 24-ին: Օրեր անց, ավելի ստույգ 30.01.98 թ. որոշման 9-րդ կետով հստակեցվում է` «ընկերության անդամ ընտանիքները բնակարան են ստանում նախկինում ունեցած բնակելի սենյակների քանակով»:
Գրված է սևով սպիտակի վրա: Վավերացված է Գյումրիի քաղաքապետ Միքայել Վարդանյանի «թաշախուստով» ստորագրությամբ: Բնակիչները (անօթևան 54 ընտանիք) ի սկզբանե հայտնվում են իրադարձությունների ընթացքին հետևողների, ոչ թե դրանց վրա անմիջականորեն ազդողի ոչ այնքան շահեկան դերում: Ընտանիքները շենքի կառուցման ժամանակ համալրվում են նոր անդամներով, և նախկին բնակելի սենյակներին համապատասխան բնակարան ձեռք բերելը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ: Այնուհետև նրանք համաձայնում են, որ իրենց վարկային գումարների հաշվին կառուցվող շենքի առաջին և նկուղային հարկերը քաղաքապետարանը աճուրդով իրացնի` գրասենյակների և խանութների ստեղծման համար, ստացված գումարները ներդնելով շինարարական աշխատանքներում: Զուգահեռաբար քաղաքապետարանը «համոզում է» անօթևաններին բնակարանները ստանալ առանց ներքին հարդարման աշխատանքների: Գլուխը քարը, մարդիկ սրան էլ են համաձայնում (ճարնե՞րը ինչ): Սակայն շաբաթը դեռ բազմիցս պիտի նախորդեր ուրբաթին: 1998-ի դեկտեմբերի 31-ին հանձնվելիք շենքը հանձնվում է 2002-ին: Եվ սկսվում են մեծ զորախաղերը` խարդավանքների օծյալ «ասպետներն» անցնում են գործի: Նախ ասպարեզում է հայտնվում ոմն Փորսուղյան Հովհաննես, ով շենքի բնակիչ էր և ապօրինաբար գրավում է կոոպերատիվ հիմունքներով կառուցված շենքի կոոպերատիվի նախագահի պաշտոնը: Բնականաբար, ապօրինի գործընթացներ վարելու նպատակով: Ի մասնավորի` նպաստում է նորակառույցի թալանմանը, ինչ-ինչ պատրվակներով գումարներ է վերցնում բնակիչներից և այլն:
Հասմիկ Մելքոնյան, տխրորեն հանրաճանաչ անուն Գյումրիում: Հանրաճանաչ հենց անշարժ գույքի հետ կապված տարաբնույթ գործարքներում: Եվ ահա ճակատագրի հեգնանքը, նման «եղալի թիքա», Սայաթ-Նովա փողոցի նորակառույցի տեսքով: Հ. Մ.-ն այն օրերին Շիրակի մարզպետի մամլո քարտուղարն էր: Մարզպետը, անկասկած, անտեղյակ չէր իր քարտուղարի «որպիսությունից»: Այս մասին քիչ հետո: Փորսուղյան-Մելքոնյան դաշինքը լայնահուն գործողություն է ծավալում, փորձում, մասնավորապես «վերաբաշխել» բնակարանները, որոշակի գումարի դիմաց: Անհավանակա՞ն է, այո: Սակայն նաև փաստ: Համառ ու աներեր: Եվ ամենից անհավանականը հետևյալն է` Հ. Մ.-ն երբևէ և որևէ առնչություն չի ունեցել կոոպերատիվի հետ: Սակայն առնչումը, ըստ Հ. Մ.-ի, խիստ հարաբերական երևույթ է: Եվ ահա տիկին Աճպարարը մերթ ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախագահ Խ. Վարդանյանի լիազորված անձն է, մերթ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի ներկայացուցիչը, ավելի հաճախ մարզպետ Ա. Գոմցյանի հավատարիմ հանձնակատարը: Կառավարության մամլո նախկին խոսնակ Մերի Հարությունյանը, ի վերջո, պարզաբանում է, որ Հ. Մ.-ն կառավարության ներկայացուցիչ չէ և նշյալ շենքի հետ չունի որևէ առնչություն: Իսկ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը պաշտոնական գրությամբ վկայում է, որ «…Հ. Մելքոնյանը ՀՀ կառավարության 1998 թ. ապրիլի 23-ի թիվ 258 որոշման հիման վրա Գյումրի քաղաքում բաժնետիրական հիմունքներով կառուցված Սայաթ-Նովա 9/9ա բազմաբնակարանային շենքի հետ կապված որևէ հանձնարարական չունի»:
Այսուհանդերձ, խարդախության գրոսմայստերները խաղից ձեռնունայն ելնել, իհարկե «անզոր էին»: Սա անպատվաբեր է նման որակի գործիչների համար: Սակայն դարձյալ փաստեր: Նրանց միացած կոոպերատիվի հաշվապահ Սահականուշ Սարգսյանի աջակցությամբ շենքի չբնակեցված բնակարաններում հայտնվում են բաժնետերեր չհանդիսացող, հետևաբար շենքի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Նոր բնակիչները եռյակ խարդախադաշինքից ստանում են կեղծ տեղեկանքներ` նորաբաց բնակարանները գազիֆիկացնելու, ջրով և հոսանքով ապահովելու նպատակով:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի թիվ 1811606 (15.08.2006 թ.) որոշմամբ հստակեցված է, որ Հասմիկ Մելքոնյանը, կոոպերատիվի նախագահ Հովհաննես Փորսուղյանը և հաշվապահ Սահականուշ Սարգսյանը հանդիպել են կոոպերատիվի փայատերերի հետ և «… խեղաթյուրելով հանգամանքները` հայտնել են, որ փոխվել է շենքի կարգավիճակը, և պետք է կրճատվի սենյակների թվաքանակը, իսկ այն պահպանելու դեպքում անհրաժեշտ է կատարել լրացուցիչ մուծումներ: Ավելին, Հասմիկ Մելքոնյանը նույնիսկ գրավոր դիմումներ է վերցրել կոոպերատիվի փայատերեր Մարիետա Աբիսողոմյանից և Նադյա Առաքելյանից, որպեսզի անձամբ զբաղվի և լուծի նրանց մեկսենյականոց բնակարանով ապահովելու հարցը»: Այո՜...
«Մանրուքներում» ևս Հ. Մ.-ն իր բարձրության վրա է: Այսպես, ամիսներ շարունակ համոզում է հանգուցյալ բաժնետերերից մեկի ժառանգորդին հրաժարվել 1-սենյականոց բնակարանից… հազար դոլարի դիմաց: Ժառանգորդը, բնականաբար, հակառակվում է և չի կատարում նրա հորդորները։ Գործամոլ տիկինը, անշուշտ, չի նահանջում և կրկնապատկում է խաղագումարը:
Փաստ է նաև, որ եռյակը ոչ թե դադարեցնում է ապօրինությունները, այլ շարունակում է խոչընդոտներ հարուցել ու թույլ չտալ, որ կոոպերատիվի ընդհանուր ժողովում ընտրված նոր նախագահն ստանձնի իր լիազորությունները: Իսկ բնակիչների բազմաթիվ բողոք-դիմումները` ուղղված ՀՀ նախագահին, կառավարությանը, գլխավոր դատախազին... մնում են ձայն բարբառո հանապատի։ Գուցե անհավատալի թվա, բայց Հասմիկ Մելքոնյանն «անհնազանդներին» սպառնում է Գյումրիի հեռուստաեթերից, թե շատ շուտով նրանցով «կզբաղվեն ավելի բարձր ատյաններ, քան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունն է»: Զարմանալի է, որ սույն բարձր ատյանն անմիջապես չի արձագանքում սադրանքին։
2006-ի դեկտեմբերի 14: Շիրակի մարզի դատախազության քննիչ պարոն Մաղաքյանը կոոպերատիվի անդամներին հրավիրում է դատախազություն: Այստեղ ներկա են նաև ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ավագ մասնագետ Ա. Ֆիդանյանը և տարածքային կառավարման վարչության աշխատակից Մանուչարյանը: Պատմական պահ է. ժ. 17:30-ին Մանուչարյանն ու Ֆիդանյանը Հ. Մ.-ի ներկայությամբ և բավականին գրոհային եղանակով պնդում են. «բնակիչներն այստեղ լռում են, խոսելու ենք մենք և ինչ որոշում ուզենանք կկայացնենք և այդպես էլ կլինի»: Հետո նշյալ վերահսկիչ-ահաբեկիչները աներկբա առաջարկում են… լուծարել կոոպերատիվը, որովհետև կառավարությունը պետականացնելու է շենքը և վերաբաշխելու է բնակարանները:
Դժվար չէ կռահել, որ Ֆիդանյան-Մանուչարյան տանդեմը Հ. Մ.-ի հովանավորի դերն է ստանձնել և բնակարանները փորձելու է վերաբաշխել ըստ Մելքոնյան-Փորսուղյան-Սարգսյան դաշինքի տրամաբանության: Չափազանց տարօրինակ չէ՞ նման բարձր վերահսկողական միջամտությանը, և արդյոք այն օրերի Վերահսկողության ծառայության պետը արժանի գնահատական տվե՞լ է ենթակաների նկրտումներին:
2008-ին բնակիչները բողոքի հերթական ձայնն են բարձրացնում։ «ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մամիկոն Մանուկյանը ներգրավվել է Հասմիկ Մելքոնյանի կեղտոտ խաղերի մեջ, նա սկսել է պաշտպանել բնակարան վաճառելու մոլուցքով տառապող այս կնոջ գտած «կլիենտների» շահերը։ Քանի որ վեց այդպիսի նորահայտ տերեր հայտնվել են մեր բնակարաններում, ուստի Հասմիկ Մելքոնյանն իր արածը մարսելու համար գտել է փաստաբանի, ով իրեն թույլ է տալիս կեղծ փաստաթղթերով հպարտ-հպարտ ներկայանալ դատարան` աջ ու ձախ դատի տալով բնակարանների օրինական տերերին։ Մենք հասկանում ենք, որ մարդասպանն էլ փաստաբան ունենալու իրավունք ունի, բայց դա չի նշանակում, թե փաստաբանը կարող է դառնալ կեղծ, խարդախ գործարքների քավոր»։ Ի դեպ, սույն փաստաբանը դատի է տալիս Գյումրիի քաղաքացիներին, պահանջելով չեղյալ համարել ավագանու 1998 թ. որոշումը, համաձայն որի` մի խումբ անօթևանների իրավունք է տրվել համայնքապատկան հողում կոոպերատիվ հիմունքներով բազմաբնակարան շենք կառուցել։ Կեցցես Մամիկոն, քո մուր քո գլուխ։ Միայն թե ի՞նչ խղճով ես շարունակում փաստաբանական գործունեությունդ։
Այնուհետև դեպքերի անբնական հոսքը շարունակվում է էլ ավելի սրընթաց:
Պարզվում է մասնավորապես, որ «ապօրինի» բնակարանները հնարավոր է պահպանել 2-3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց: Սա նշված է շենքի իրական տերերի նամակում: Նաև ուշագրավ այլ հավելումներ կան: Ահա ՀՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը և ՀՀ կառավարության լրատվության պատասխանատու Մերի Հարությունյանը տեղեկացնում են, որ Հասմիկ Մելքոնյանը իրենց կողմից որևէ լիազորությամբ օժտված չէ, և շենքի պետականացման մասին կառավարությունում առհասարակ տեղյակ չեն: Ահա նաև խարդավանքների զոհ քաղաքացիների խոր համոզմունքն առ այն, որ մարզի դատախազությունը գտնվում է Հ. Մելքոնյանի, Խ. Վարդանյանի և Ա. Ֆիդանյանի աներևույթ, սակայն զարհուրելի մամլիչի ներքո:
Շիրակի մարզի դատախազությունում էլ պարզում են, որ իսկապես Հ. Մ.-ն Հ. Փորսուղյանի և Ս. Սարգսյանի աջակցությամբ հանդիպել է բնակիչների հետ, խեղաթյուրել հանգամանքները և գրավոր դիմումներ է վերցրել կոոպերատիվի անդամներից նրանց բնակարանով ապահովելու նպատակով (անշուշտ, համապատասխան վարձավճարի դիմաց) և այլն:
Անցնենք առաջ երեք տարով: 2009-ի ապրիլին բնակիչները ԶԼՄ-ներին տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Հասմիկ Մելքոնյանին ընդգրկել է «բնակարանների գնման վկայագիր» ծրագրի իրականացման համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կազմում: Ճիշտ է, Հ. Մ.-ն վերոնշյալ հանձնաժողովում բավականին համեստ կարգավիճակ ունի, հասարակական հիմունքներով հանդես է գալիս որպես դիտորդ, սակայն նրա «բարձր մասնագիտական հմտությունները» լուրջ տագնապ են հարուցում: Ահա ինչ են գրում բնակիչները. «Ինչպե՞ս է լինում, որ Գյումրիում բնակարանային շինարարության կամ որևէ այլ ծրագրի սկսվելուն պես այդ կնոջը լիազորություններ են ընձեռում, բանտ ուղարկելու փոխարեն նոր պաշտոն են նվիրում: «Լինսիի» բնակարանները հերթով վաճառեց ու մարսեց, հետո անցավ մեր շենքին, հիմա էլ նոր պատմությունների պարագլո՞ւխ են կարգում: Մի՞թե քաղաքաշինության նախարարությունն ընտրություն կատարելիս չի ուսումնասիրում դիտորդների բարոյական կերպարը: Ինչպե՞ս կարող են նման մարդուն դիտորդ կարգել, որն ի վիճակի է ամբողջ կյանքը մախինացիաներ անել ու աչքերիդ մեջ նայել»:
Սակայն առավել կարևոր է, որ 2009-ին շենքի բնակարաններն ի հայտ են գալիս սեփականաշնորհման գործընթացում` համաձայն ՀՀ վարչական դատարանի որոշման: 2009-ի ապրիլին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն վիճարկվում է Հ. Մ.-ի եղբոր` Հրաչ Մելքոնյանի բնակարանի խնդիրը: Վերջինս ունի առանձնատուն, սակայն փորձում է տարաբախտ շենքում բնակարան ձեռք բերել։
Եվ ահա 2011-ի հոկտեմբերին այցելում ենք Գյումրի: Բնակիչների հրավերով: Պարզելու, թե ինչ ճակատագիր ունեցավ Հրաչ Մելքոնյանի բնակարանի խնդիրը։ Նաև բոլոր մյուս հարցերը, հիմնահարցերը, խնդիրները։
(շարունակելի)
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Հ. Մ.-ի պահոցում հնարքներն անհամար են։ 2005-ին Փորսուղյանի բնակարանում հավաքելով բնակիչներին` չափազանց տպավորիչ քայլ է կատարում, ներկայանալով որպես Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանի թիվ 72 հրամանով ձևավորված հանձնաժողովի անդամների ցանկում, իրոք, առկա է Հ. Մելքոնյան ազգանունը։ Սակայն Հ. Մելքոնյանն «ընդամենը» Հովիկ Մելքոնյանն է, այն տարիներին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակից։