38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՆԱ ԵՎՍ ԱՆՄՆԱՑՈՐԴ ԾԱՌԱՅԵՑ ՈՒՐԻՇԻՆ

ՆԱ ԵՎՍ ԱՆՄՆԱՑՈՐԴ ԾԱՌԱՅԵՑ ՈՒՐԻՇԻՆ
29.03.2011 | 00:00

ՄԻՔԱՅԵԼ ՏԱՐԻԵԼԻ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎԸ (Լոռիս-Մելիքյան) ծնվել է 1825 թ. Թիֆլիսում: Նրա նախնիները դեռևս 16-րդ դարում պարսից շահ Աբբասից ստացել էին մելիքի տիտղոս և Լոռիբերդ քաղաքը` որպես իշխանական կալվածք:
1783 թ. Հյուսիսային Կովկասի Գեորգիևսկ քաղաքում կնքված պայմանագրով Վրաստանն անցնում է Ռուսաստանի քաղաքական հովանավորության տակ. այդ պայմանագրով Վրաստանին հարող հայկական Լոռին կցվում է Վրաստանին: Պատմական աննախադեպ փաստ է սա: Վրաց Հերակլ 2-րդ թագավորը, զրկվելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, որպես փոխհատուցում` Եկատերինա 2-րդ կայսրուհուց պահանջում է Վրաստանին միացնել հայոց չքնաղ Լոռին, որը հետագայում համարվեց հայերի և վրացիների միջև վիճելի տարածք:
Լոռիս-Մելիքովների գերդաստանը թուրքերի դեմ մղած պայքարում ունեցած մեծ վաստակի համար արժանանում է վրաց իշխանական տիտղոսի, այստեղից էլ գալիս է նրանց ազգանվան վրացական ձևակերպումը` Լոռիս-Մելիքով. Լոռիս նշանակում է Լոռու, Լոռիի: 1823 թ., երբ Վրաստանն արդեն Ռուսաստանի հովանավորության տակ էր, Տարիել Մելիքյանը և նրա որդիները ստանում են ռուսական ազնվականության տիտղոս:
Սա ուշագրավ իրողություն է. հայ իշխանական տան ներկայացուցչին պարսից շահը պարսկական ազնվականի տիտղոս է տալիս, ապա նույն այդ գերդաստանի ժառանգները դարեր անց վրաց իշխանական տիտղոս են ստանում, և քաղաքական նոր իրողությունների պայմաններում դառնում են ռուսական ազնվականության տիտղոսակիրներ և բոլոր ժամանակներում հպարտությամբ ու երախտագիտությամբ կրում են այդ օտար կոչումները: Գուցե և բացատրելի է նրանց երախտագիտությունը, քանի որ զուտ մարդկայնորեն հասկանալի է իրենց ազնվական ծագումը պահպանելու կարևորության գիտակցումը. չէ՞ որ հայկական պետականության կորստով գրեթե ամբողջովին ոչնչացվել էին հայ իշխանական տները: Իսկ ազգն առանց ազնվական վերնախավի կորցնում է իր պետականաստեղծ ձգտումներն ու նկրտումները: Սակայն ազգային տեսանկյունից զարմանալի ու անըմբռնելի է օտար երկրի ազնվական դասին պատկանելու հպարտությունը, քանի որ, ստանձնելով օտարի ազնվականի տիտղոսը, հայը պարտավորված է եղել ընդունելու այդ օտարի «խաղի կանոնները», այսինքն` մինչև վերջ հավատարիմ և նվիրված լինել նրա երկրի քաղաքական շահերին: Ապացույցնե՞ր, որքան ուզեք։
Օրինակ, Բյուզանդիայում կայսերական, իշխանական տիտղոս և զորավարի կոչում ստացած հայերը բոլորանվեր ծառայել են հույներին: Երբեմն նույնիսկ ի վնաս Հայաստանի քաղաքական շահերի, որոնք հաճախ կենաց ու մահվան արժեք են ունեցել Հայաստանի համար:
Հայ Բագրատունիների մի ճյուղը արաբական դաժան գերիշխանության տարիներին իր ողջ ունեցվածքով և ռազմական ուժով գնում է Վրաստան և կարճ ժամանակ անց ստեղծում է վրաց Բագրատունյաց հարստությունը, որը մինչև իր գոյության վերջին օրն անձնվիրաբար ծառայել է Վրաստանին:
18-19-րդ դարերում ռուսական ազնվական տիտղոս ստացած մեծ թվով հայեր անվերապահորեն, անմնացորդ և ինքնամոռաց, հաճախ նույնիսկ մոռացած հարազատ ազգին և հայրենիքին օգտակար լինելու բարոյական պարտավորությունը (ծառայելու մասին խոսք անգամ լինել չէր կարող) ծառայել են Ռուսաստանին: Հիշենք Արղությաններին (Արգուտինսկի), Լազարյաններին (Լազարև), Մադաթովին, Տեր-Ղուկասովին, Բեյբութովին (Բեհբութով, Բարսեղ Բեհբության), Շելկովնիկովին (Շելկովնիկյան) և վերջապես, Լոռիս-Մելիքովին, անձինք, որոնք որոշ հայանպաստ գործեր են կատարել, օրինակ` Մոսկվայի հայկական Լազարյան ճեմարանը հիմնվել է Լազարյանների միջոցներով: Մինչդեռ քաղաքական խնդիրներում նրանք անմասն են մնացել:
Կարդալով այդ մարդկանց կենսագրությունը, իմանալով նրանց կատարած խիզախությունները` միամտորեն հպարտանում ենք: Իհարկե, եթե դիտարկենք նրանց որպես անհատ հայի` օժտված ռազմական կամ դիվանագիտական տաղանդով, անշուշտ հպարտանալու բան կա. չէ՞ որ ազգը չի դադարում տաղանդներ և հանճարներ, զորավարներ և գիտնականներ ծնելուց: Բայց երբ ակնհայտ է դառնում, որ այդ տաղանդն ու հանճարն օտարին են ծառայել, առավել ևս այն ժամանակ, երբ հարազատ ժողովուրդն ու հայրենիքը նրա մտքի, ոգու ու բազկի ուժի կարիքն են զգացել նույն այդ ժամանակաշրջանում, պարզապես հպարտանալու փոխարեն ամոթի և զայրույթի ալիք է բարձրանում հոգուդ մեջ, և ուզում ես հարց տալ բոլոր ժամանակների այդ «ծառաներին»` մինչև ե՞րբ ծառայենք օտարներին:
Եվ այսպես, Միքայել Լոռու Մելիքյան, նույն ինքը` Միխայիլ Տարիելովիչ Լոռիս-Մելիքով:
Ո՞վ էր այդ լոռեցին և ինչո՞վ էր արժանացել ժամանակի ռուսաց կայսրերի բարձր գնահատականին, հասարակության ակնածանքին և նրա կողմից հորջորջված բացառիկ մականուններին` «Ռուսաստանի թավշյա բռնակալ», «սրտերի տիրակալ», «փոխկայսր», «լիազոր տիրակալ», և որոշ ազնվականների անթաքույց թունոտ նախանձին:
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո 1847 թ. երիտասարդ Միքայել Լոռիս-Մելիքովին ծառայության են ուղարկում Կովկաս` լեռնցիների խռովությունը ճնշելու: 1849-50 թթ. նա իր զինվորական ծառայությունը շարունակում է հայազգի գեներալ Արղության-Երկայնաբազուկի (Արգուտինսկի-Դոլգորուկի) հրամանատարության ներքո` մասնակցելով ռազմական արշավանքների և մարտերի: 1851 թ. Լոռիս-Մելիքովի ղեկավարած կազակների ջոկատը ուժեղ և ծանր հարվածներ է հասցնում լեռնականներին: 1852 թ. կազակական դիվիզիան Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ փետրվարյան ցրտաշունչ չորս օրվա ընթացքում գրավում է հակառակորդի ամրությունները և գերազանց հարձակում կազմակերպում հանրահայտ Շամիլի տաս հազարանոց բանակի վրա:
Ռազմական փայլուն գիտելիքները, մարտավարական և ռազմավարական ինքնատիպ և ճշգրիտ լուծումները 29-ամյա Լոռիս-Մելիքովին ապահովում են գնդապետի կոչում:
1853-56 թթ.` Արևելյան (Ղրիմի) պատերազմի ժամանակ, Լոռիս-Մելիքովը մասնակցում է ռազմական գործողություններին` որպես գործող բանակի առաջապահ հեծյալ ջոկատի հրամանատար: Գլխավոր հրամանատարն այդ ժամանակ արդեն հանրահայտ հայազգի գեներալ իշխան Վասիլի Բեյբութովն էր:
Բայանդուրի և Բաշքադըկլարի մոտ տված ճակատամարտում թուրքական ուժերը գլխովին ջախջախվում են: Ալեքսանդրապոլի մոտակայքում Լոռիս-Մելիքովը թուրք բաշիբոզուկների հորդաները քշում է Կարսի կողմը: Նրա ջոկատը համալրում են տեղի մի քանի հարյուր հայ կամավորականներ:
1854 թ. փետրվարին ռուս-թուրքական պատերազմի թեժ պահին Անգլիան և Ֆրանսիան խզում են իրենց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ` պատերազմ հայտարարելով նրան և դաշնակցային պայմանագիր են կնքում Օսմանյան Թուրքիայի հետ: Այդ ժամանակ ռուսաց Նիկոլայ 1-ին կայսրը Կովկասյան բանակի հրամանատար Վասիլի Բեյբութովից պահանջում է անցնել կտրուկ ռազմական գործողությունների` թուրքական ուժերի մի մասը Դանուբյան ճակատից շեղելու նպատակով:
Քյուրուկ-դարա թուրքական գյուղի մոտ տված ճակատամարտին մասնակցում է նաև Լոռիս-Մելիքովը` հեծելազորի կազմում: Բեյբութովի 18-հազարանոց բանակը գլխովին ջախջախում է թուրքական 60-հազարանոց բանակը, որի բզկտված մնացորդները փախչում և ամրանում են Կարսի անառիկ բերդում: Ռազմական այս հաղթական գործողության համար երկու հայ զորավարները` Բեյբութովը և Լոռիս-Մելիքովը, պարգևատրվում են ռուսական պետության բարձր կոչումներով. Լոռիս-Մելիքովին շնորհվում է գեներալ-մայորի կոչում:
1855 թ. մայիսի վերջերին Լոռիս-Մելիքովի զորագունդը (ընդհանուր հրամանատարը գեներալ Մուրավյովն էր) անցնում է սահմանը և պաշարում Կարսը` թշնամու պաշարները ոչնչացնելու, տեղի հայ բնակիչներին իր կողմը գրավելու և Կարս-Էրզրում ճանապարհը փակելու նպատակով:
Լոռիս-Մելիքովը ռազմական հանձնարարություն է ստանում` գրավել թշնամու պարենի պաշարը: Նա նախ մաքրում է շրջապատը թուրքական զինվորներից, ապա Էրզրումի ճանապարհին գլխովին ջախջախում է Ալի փաշայի զորագունդը և նրան գերի վերցնում: Պարբերաբար ստացած հարվածներից օր օրի թուլանում էր թուրքական բանակը: Անգլիացի գեներալ Վիլյամսը, որը Կարսի փաստացի պարետն էր այդ ժամանակ, 1855 թ. նոյեմբերի 16-ին ամրոցը հանձնում է ռուսներին: Կարսի ամրոցի հանձնումից հետո, սակայն, թուրքերը չեն հանձնում իրենց մարտական բոլոր դրոշները: Լոռիս-Մելիքովը հայտնաբերում է դրանք և հանդիսավորությամբ հրամցնում գլխավոր հրամանատար Մուրավյովին: Կարճ ժամանակում գեներալ Լոռիս-Մելիքովը կարգուկանոն է հաստատում Կարսի մարզում: Այստեղից է, ըստ էության, սկսվում նրա վարչական և քաղաքական գործունեության փառքի սանդղակը:
Սակայն պատմության և ճակատագրի ծաղրն ու հեգնանքն այս անգամ էլ դաժանորեն պատժում են հայ ժողովրդին, որովհետև նրա խիզախ և իմաստուն զորահրամանատարներն օտար ազգին և նրա պետությանն էին ծառայում:
Չնայած Կովկասում տարած փայլուն հաղթանակին` Ռուսաստանը Ղրիմում ծանր պարտություն է կրում. ընկնում է Սևաստոպոլը:
Դարձյալ ակամայից ուզում ես համեմատություն անել. ռուս զինվորները ռուս հրամանատարների գլխավորությամբ ռուսական հողում պարտվում են, մինչդեռ հայ զորահրամանատարների հրամանատարությամբ կռվող ռուս զինվորները հայ կամավորականների օժանդակությամբ հայոց հողում ջախջախիչ հաղթանակ են տանում:
1856 թ. Փարիզում կոմս Օռլովի կնքած պայմանագրով Կարսը և Կարսի մարզը փոխանակվում են Սևաստոպոլի և Ղրիմի մի քանի քաղաքների հետ: Արյան գնով ձեռք բերված Կարսը վերադարձվում է թուրքերին, իսկ հայ խաղաղ բնակչության և կամավորականների հետ թուրքերը դաժան հաշվեհարդար են տեսնում: Մինչդեռ անվանի և խիզախ հայ զորավարները «հանգիստ» խղճով վերադառնում են Ռուսաստան` շարունակելու իրենց ծառայությունը ռուսաց ցարին:
Ի դեպ, արժե, որ ընթերցողը հետևի ռուս-թուրքական պատերազմի հաղթական ճակատամարտերի ընթացքին և դրանց տրամաբանությանը. թվում է` Ռուսաստանն արևելյան ռազմաճակատում կռվել և հաղթել է, որպեսզի ցույց տա թուրքերին և Եվրոպային, որ ինքը կարող է գրավել ցանկացած ամրոց, իսկ դրանք պահելը նրա հետաքրքրություններից դուրս է. Ռուսաստանը կարծես շահեր չէր հետապնդում Արևելյան պատերազմի` Օսմանյան կայսրության հատվածում: Տարածքային նկրտումներ ունեցող կայսրության համար թերևս անհասկանալի է այսպիսի ռազմա-քաղաքական վարքագիծը:
1860 թ. Լոռիս-Մելիքովին շտապ ուղարկում են Կ. Պոլիս` դիվանագիտական կարևոր առաքելությամբ. նա կազմակերպում է Թուրքիա տեղափոխվող չեչենների` որպես Ռուսաստանի նախկին քաղաքացիների բարեհաջող բնակեցումը:
Վերադառնալով Ռուսաստան` նա նշանակվում է Հարավային Դաղստանի կառավարիչ և Դերբենդի քաղաքագլուխ: Այստեղ նա առանձնահատուկ ունակություններ է դրսևորում ազգային խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու և մանավանդ լեռնցի տեղաբնիկներին հնազանդեցնելու գործում:
1863 թ. Լոռիս-Մելիքովին ուղարկում են կովկասյան մի այլ շրջան` բնակեցված 300 հազար տեղաբնիկներով` օսեր, կաբարդիններ, կումիկներ, իչկերներ, չեչեններ, արգուններ, ինգուշներ: Այստեղ տասը տարի շարունակ ազգամիջյան բախումներ էին լինում. ամենուրեք արյուն և ավեր էր, թալան և բռնություն, արյան վրեժի օրենքը վեր էր ամեն ինչից. դա էր լեռնցու ճանաչած միակ օրենքը:
ՈՒղարկելով Լոռիս-Մելիքովին կովկասյան այդ «այսերկրային դժոխք», որից գլուխ չէին հանել ռուս կառավարիչները, կայսրը վստահ էր հայազգի իշխանի կառավարչական եռանդին և իմաստնությանը։ Եվ նա չէր սխալվում:
Կարճ ժամանակում Լոռիս-Մելիքովը հնազանդեցնում է լեռնական ժողովուրդներին և կարգուկանոն ու խաղաղություն հաստատում, ավելին, օրենքներ է մտցնում` հիմնված համանահանգային կառավարման վրա և անգամ գործի է դնում կայսերական դատական օրենսգիրքը: Մեծ ուշադրություն է հատկացնում կրթությանը. նրա անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ դպրոցների թիվը մի քանի տասնյակից հասնում է 300-ի, բացվում են նոր գիմնազիաներ, գյուղական ուսուցիչներ պատրաստող ուսումնարան, ուսումնարաններ կանանց կրթության համար: Լոռիս-Մելիքովն իր անձնական միջոցներով Վլադիկավկազում հիմնում է արհեստագործական ուսումնարան` ժողովրդի համար ապահովելով աշխատանքի հետագա հնարավորություն:

(շարունակելի)
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 5857

Մեկնաբանություններ