«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
20.01.2012 | 00:00

Ո՛չ, վերնագիրը սխալ եմ գրել, «Ամենայն հայոց բանաստեղծը և ամենայն հայոց արխայնությունը» պիտի գրեի, կամ` «Ամենայն հայոց բանաստեղծը և ամենայն հայոց անկարողությունը»: ՈՒ` պիտի վերջակետեի: Այդքանը: Ով ինչ ուզում էր` հասկանար: Ով ուզում էր` չհասկանար, ինչպես ընդունված է բազում դեպքերում, երբ ամեն ինչ բոլորը գիտեն և այդ պատճառով գերադասում են ոչնչի մասին ոչինչ չիմանալու տարբերակը:
Բայց... գրվում է: Ցավով է գրվում: Որովհետև ունենք (թե՞ չունենք) Եղիշե Չարենցի տունը Կարսում: Որովհետև տասնամյակներ շարունակ որոշում ենք, որոշում ենք, որոշում ենք, թե ինչ անենք Պետրոս Դուրյանի գանգոսկրերի հետ, որ անցյալ դարում հայտնվել են Երևանում ու պահվում են... թանգարանում: Որովհետև տասնամյակներ Հովհաննես Թումանյանի սիրտն էլ չգիտեինք ինչ անել` մինչև մատուռ կառուցվեց: Իսկ մարմինը մնում է Թբիլիսիում: ՈՒ որովհետև տասնյակ «որովհետև»-ներ կան, ուզում եմ այլևս չթվարկել: Մենք չգիտեի՞նք, որ Հովհաննես Թումանյանի տունը Թբիլիսիում գործնականում անտեր է, որ Վերնատունը վաղուց դատարկվել է, որ միայն հիշողություններն են այնտեղ Թումանյանի ստվերը պահում: Գիտեինք, չէ՞: Իսկ ի՞նչ էին անում Թբիլիսիում ապրող հայերը: Չհարցնեք: Որովհետև մանրամասն ու հանգամանալից, հուզված կպատմեն` որքան են սիրում Հովհաննես Թումանյանին, անպայման կհամեմեն իրենց խոսքը անգիրներով, մի քանի անեկդոտ էլ կհիշեն, որ գրքերում չեն գրում, իսկ հետո ձայնը ցածրացնելով կասեն, որ քաղաքապետարանը չի ուզում, որ... ՈՒ եթե նույնիսկ Թբիլիսիի վրացի քաղաքապետը երեկ, այսօր ու վաղն էլ չի ուզելու, որ Վրաստանի մայրաքաղաքում հայ գրողի տունը պահպանվի, թանգարան չդառնա, բայց պահպանվի ինչպես եղել է, հնարամիտ հայերին պե՞տք է բացատրել, թե շուկայական հարաբերությունների ժամանակներում ինչպես են անում, որ մի վրացի մի տուն առնի, հետո... Իհարկե ոչ: Ամբողջ խնդիրը ֆինանսակա՞ն է: Մի կաթիլ մեղրի պատմությո՞ւնն է: Ավելի վատ, որովհետև Թբիլիսիի հայերի միությունը հատուկ հայտարարություն է անում, որ տեղեկացնի այն, ինչ վաղուց բոլորին հայտնի է. շինությունը, որ պատմական է, դեռ անցյալ դարում վաճառվել է, և վրացի տերը հիմա իր ունեցվածքը վաճառում է, իսկ գնել ուզում է վրաց-թուրքական համատեղ ընկերությունը, որովհետև շենքը շատ հարմար է թուրք բանվորներին բնակեցնելու համար` իբրև հանրակացարան: Քաղաքական ոչ մի ենթատեքստ չորոնեք այս փաստի մեջ, պարզապես թուրք-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում ուղղակի օրինակելի են, բազում ոլորտներում շահերի համընկնումը իսկապես շահավետ է դարձնում բարեկամությունը, և այդտեղ քաղաքականությունը տնտեսական հարաբերությունների շարունակություն է դառնում: Եվ նրանց համար խորապես միևնույն է` ո՞վ էր Հովհաննես Թումանյանը, որ անցյալ դարի սկզբին ապրել է այն տանը, որը շատ հարմար է իրենց բանվորներին բնակեցնելու համար: Դերենիկ Դեմիրճյանն ո՞վ էր: Ի՞նչ Կոմիտաս: Շանթն ի՞նչ էր ուզում: Ղազարոս Աղայանի քունն ինչո՞ւ գիշերները չէր տանում, որ գալիս էր ու Օհանեսին դուրս էր կանչում: Ավետիք Իսահակյանն ի՞նչ կապ ունի իրենց հետ: Նիկոլ Աղբալյանին ո՞վ է հիշում: Պերճ Պռոշյանին ի՞նչ են պարտք: Եվ ընդհանրապես` էս հայերն ի՞նչ են ամեն տեղ ոտատակ ընկնում: Մեկ եկեղեցիներն են ուզում, մեկ` դպրոցներ, մեկ էլ վեր են կենում, թե` Խոջիվանքի գերեզմանատունը մեր Պանթեոնն է, հերիք է ավերեք... Կամ էլ` Սայաթ Նովան հայ է:
«Թիֆլիս գալով, հայրիկն առաջին տարիներին ապրել է հին թաղամասերում` Հավլաբար, Խարփուխ...», հետո` «Ապրում էինք Թիֆլիս քաղաքի ծայրամասում` Ելիզավետինսկայա փողոց, 144: Տան երկրորդ հարկում երեք սենյակով մի ընդարձակ բնակարան` լույս և արևկող, մեծ ու լայն պատշգամբով»: «1899 թ. աշնանը փոխադրվեցինք նոր բնակարան` Բեհբության փողոց, 50: Վերնատան բնակարանն ուներ լայն, երկար, լուսավոր, գեղեցիկ միջանցք` հայրիկի սենյակից մինչև պատշգամբը: Միջանցքի երկու կողմերի պատերից հայրիկը կախել էր հունական և հռոմեական դիցաբանությունից նկարներ, հիշում եմ` Զևս, Հերա, Ապոլոն, Վեներա... Բեհբության փողոցի այս տունն էր, որ դարձավ հայրիկի գրական ընկերների հավաքատեղին: Բնակարանը վերին հարկում լինելու պատճառով կոչվեց Վերնատուն, իսկ խմբավորման անդամները` վերնականներ: Մեր նոր բնակարանը հինգերորդ հարկում էր...»` Նվարդ Թումանյանի հուշերն են: Գոյություն չունեցող կյանքից մի պատառիկ, որ այլևս ոչինչ չի փրկում:
Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանն իզուր է տագնապի ահազանգ հնչեցրել, գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իզուր են վարչապետ Տիգրան Սարգսյանին խառնել այս գործին: Շատ իզուր են որոշել Թբիլիսի գնալ ու իրավիճակ պարզել: Գիտե՞ք` որն է ելքը: Վաճառել Սուրբ Ղազար կղզին ու փակել Մխիթարյան միաբանությունը ոչ միայն Վենետիկում, այլև Վիեննայում: Փակեցինք, չէ՞, Կիպրոսի Մելքոնյան վարժարանը: Շատ ճիշտ կլինի, որ վարչապետը սփյուռքի նախարարին հանձնարարի` ճշտել, որ երկրում ինչ է դեռ մնացել, ու երբ ցուցակը (իսկ ցուցակը պատկառելի է լինելու, եթե նույնիսկ կեսի կեսը հաշվառվի) պատրաստ լինի, կամաց-կամաց Լատինական Ամերիկայից Ավստրալիա ազատվել այդ «ժառանգությունից»: Ինչո՞ւ: Որ հավասարություն լինի հայրենիքի հետ (իսկ դուք Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով քայլեք մինչև Նալբանդյանի արձանը ու որոնեք Ակսել Բակունցի տունը, եթե գտաք, մտեք ներս ու որևէ հետք գտեք «Ալպիական մանուշակի» ու «Միրհավի» հեղինակից)` մեկ, և երկրորդ` որ գլխացավանք չլինի բոլոր այդ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, ճարտարապետների ու չգիտես էլ ում ժառանգության ու ժառանգների հետ, և երրորդ` անցյալն ու պատմությունը հիշում են, հասկանում են, պահպանում են, եթե ապագայի հավատ ունեն:
Մերը միայն կորցրածի ողբն է ու դառը ճակատագրից բողոքը, մեր բոլոր հարցերում ամբողջ աշխարհը մեղավոր է, մենք` զոհ, և այնքան լավ ենք մտել դերի մեջ ու այնքան հարմար ենք մեզ զգում այդ կարգավիճակում, որ մեզ համար այսօր` 21-րդ դարում, ամենաարդիական գրողը մնացել է պատմիչ Մովսես Խորենացին իր «Ողբով», որ գրել է 5-րդ դարում: Եվ ինչո՞ւ Գինեսի գրքում չի գրանցվում Պատմահոր այդ ռեկորդը: Հերթական աղաղակող անարդարությունը հայերիս նկատմամբ:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Հիմա ինքներդ որոշեք` ո՞ր վերնագիրն էր ճիշտ` «Ամենայն հայոց բանաստեղծը և ամենայն հայոց անտարբերությո՞ւնը», «Ամենայն հայոց բանաստեղծը և ամենայն հայոց արխայնությո՞ւնը», թե՞ «Ամենայն հայոց բանաստեղծը և ամենայն հայոց անկարողությունը»: ՈՒ չշտապեք արձանագրել, որ բոլոր դեպքերում ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ, դա ընդամենը հաստատում է Խորենացու պայծառատեսությունը, որ փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ եղել են հիշատակման արժանի գործեր, ու անմիջապես էլ հիասթափեցնում է մեր վարքագծի ճշգրիտ նկարագրությամբ:
Հավատացեք, իզուր չեմ ասում, որ պետք է գրականության, դպրության, գիտության, մշակույթի ու քաղաքակրթության բոլոր ժամանակների բոլոր հետքերը վերացնել և թողնել միայն երկու անմահ արժեք` Նունե Եսայան ու Թաթա Սիմոնյան: Ավելին մեզ պետք չէ: Ավելին շռայլություն է: Ավելին ուղղակի հիմարություն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ