Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՏՈԼ

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՏՈԼ
24.02.2012 | 00:00

«Եղել են թիապարտներ շղթաներին գամված,
Եվ եզներ են եղել` կապված իրենց լծին,
Եվ պոետներ նաև, բազում
դարերում գանահարված,
Եվ տիկիններ փարթամ` պոետների համար
արցունք թափող»։

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Թիապարտների և եզների պատմությունը», 1995 թ.


ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ-ՏԱՊԱԿԱ
. Գյուղնախն ահա երկնեց և արտավիժեց վարկային կարկուտ։
(Ամայացավ գեղջկուհի Մարոյի բոստանը)։
. Ավերակացդ վրա ինչպե՞ս կառավարեմ, Մարո-որբևայրու հետ երկխոսեց Սարո-հանդապահը։
. Խռովարար վճիռ կայացրեց Բոտսվանայի իրավարար ատյանը։ «Բանջար ընդ գյազար» վարկային կոնցեռնը շահեց Մարոյի դեմ հարուցված դատը։
(Բոստանի 13 մարգերից 11-ը լիզինգային կառավարման հանձնվեցին գյուղնախին)։
Հ. Գ. -Սարո-հանդապահն ապահարզաններ ներկայացրեց կոնցեռնին, գյուղնախին և Մարոյին։ Եվ անդամագրվեց համասեռամոլներին։

ԱՍՔ` ԹԻԱՊԱՐՏ ԵԶԱՆԸ
(քաղաքական հեքիաթ)

Տոհմիկ քաղաքաբնակ, մարզի ժողովրդական եզ սոցթրքման համակովկասյան մրցույթի բազմակի հաղթող Եղիազարի պոչը վեր էր տնկվել ու վար չէր իջնում։ Կյանքի մայրամուտին ուստա Եղոն մի վերջին բառաչով էր կամենում լքել հայրենի Թայչարուխը։ Սա երկրորդ դեպքն էր նրա բազմաչարչար եզնակյանքում։ Տարիներ առաջ էր։ Համայնքի ղեկավար Սրապիոնը հանդից զրկելու սպառնալիքով պարտադրեց պատանի Եղիկին «այո» քվեարկել Սահմանադրությանը։ Այնինչ վերջինս «ոչ»-ի էր պատրաստ։ ՈՒ տնկեց նա իր պոչը ռուսական հարցական նշանի տեսքով։ (Պիտի խոստովանել, որ Սրապիոնի հորական տատը Ռյազանի նահանգից էր)։ Մի խոսքով, բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե ինչ է լինում, երբ թրքում է այլախոհ եզը։ Այնպես որ, ծանր էր Եղիազարի գործը. հեռանալ Թայչարուխից ու էսպե՞ս։ Ինքը, ի վերջո, անվանի ե՞զ է, թե՞ Սրապիոնի դրածոն։ Էս բրածո-հանածոն հիմի էլ ստիպում է օր ծերության անցնել ընդդիմադիր ճամբարի առաջատար` «Բանջար ընդ գյազար»-ի հովանավորյալ «Մատղաշ վարունգ-կանաչ ապագա» արևմտամետ դաշինքի շարքերը, բայց աշխատել իշխանությանը հարող (ոչ հարու տվող) «Կարմիր պոմիդոր-փառավոր ներկա» կուսակցության օգտին։

Թլպատման օրից շատ բան փոխվեց Եղոյի կյանքում։ Նա այդպես էլ չհասկացավ, թե էդ ինչո՛ւ կոլխոզի վերացումից հետո հանկարծ հարևան Չարուխթայ սարից գյուղ իջնող վտակի ջուրը կտրվեց։ Հետո մի գանգրահեր ջահել գյուղ իջավ ու բացատրեց, թե ամեն բանի համար այսուհետ պիտի վճարել, որ «էսի սովետը չի ձեզի համար»։ Գանգրահերը մի տեսակ խախտված էր։ Հետը բերում էր չորս խորհրդական։ Փողկապով-բանով, պլպլան կոշիկներով ու փրփրան սանրվածքով։ ՈՒ հենց որ գեղականի հայացքում անհասկացողություն էր նկատում` քորում էր ականջը, ու խորհրդականները վրա էին տալիս, մարքեթինգ (սա նստում էր, վեր էր թռչում երկրորդը), լիզինգ, հայրինգ և քվոտա։ Ընդ որում, հիպնոսացած Եղիազարին, Մարոյին, Սարոյին և Սրապին (ինչպես նաև մյուս գեղվորներին) վերջում զվարճացնում էին ինքնագործունեությամբ։ Օրինակ, լիզինգ բղավողը ոջիլ էր հայտնաբերում գանգրահերի ականջներում, ընդ որում, ձախ ականջում` շեկ, աջում` թուխ ոջիլ։ Հայրինգիստը մլավում էր, բառաչում և հաչում։ ՈՒ բավականին մոտ բնօրինակներին։ Մարքեթինգ ոռնացողը Եղիազարի կոտոշները տոկի էր տալիս և լուսավորում էր համայնքի ակումբը։ Շատ ուրախ էր անցնում քվոտայի մասնագետի ինքնագործունեությունը։

Մի խոսքով, ջուրը կտրվեց, հացը ներկրվեց։ Եղիազարն այլևս պահանջարկված չէր։ Ինչպես և Մարոն, Սարոն, Սրապը։ Ասենք, Եղոն մեկ-մեկ գործ գտնում էր։ Օրինակ, Մարոյի հետ քաղհան էր անում, Սարոյին օգնում` թութ ու պոպոք թափ տալիս և այլն։ Գլխավորը` հաշտվել էր Սրապի հետ ու օգտակար էր լինում նրան մանր-մունր մեքենայություններում։ Զորօրինակ, համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ քարոզչություն էր իրականացնում գեղի ֆաունայում, հնդկահավ-հավերի, հորթերի և ուլերի, ղշերի և բայղուշների մոտ։ Դարմանի խնդիր էր, չմեղադրենք։

ԱՍՔ ԳԱՆԱՀԱՐՎԱԾ ՊՈԵՏԻՆ
(մելամաղձոտ պոեմ)

Թայչարուխում մեկ մարդ էր հասկանում Եղիազարին։ Հասկանում և համակրում։ Պոետ Շմավոն Շ.-ն։ Շշմելու աստիճանի շորորուն էր Շ. Շմավոնը։ Ինչու Շ. Շմավոն։ Զի շանտղության աստիճանի հետաքրքրասեր էր։ Օրինակ` վարկերի հարցում։ Զորօրինակ` Սրապիոնի ու Եղիազարի օրինախախտումների խնդրում։ Այո՜, համակրում էր Շ. Շ.-ն Եղիազարին, գանահարում` Սրապիոնին։ Զի, ըստ նրա տեսության, Սրապն օրինախախտումների է դիմում կարիերիստական մղումներով, Եղոն` կենսաբանական։ Ի վերջո, Եղոն լիուբոլ բավարարվում էր երկու հավելյալ բուռ առվույտով, Սրապը` համայնքի բյուջեի թալանով, օրվա իշխանությունների առջև թավալվելով և այլն։

Մի խոսքով` Շ. Շմավոնը Եղիազարի հովանավորությամբ և Սրապիոնի կոտրված «դաբրոյով» գլխավորեց Թայչարուխի «Վարկս մնա հիշատակող» մարդասիրական-գեղացիապաշտ հանձնաժողովը։ Ի դեպ, Շ. Շ.-ի հարգարժան կողակից Համասփյուռը դպրոցի հայոց լեզվի և մյուս բոլոր լեզուների, այդ թվում և` թայչարուխերենի վարժապետն էր և գյուղամեջում ու Շմավոնագրկում իրեն վարչապետի հանգույն էր դրսևորում։ Այսինքն, ինչ-որ խոստանում էր պաշտոնապես, մոռանում էր անմիջապես։ Ի դեպ, տիկին Համասփյուռն ուներ գայթակղիչ կրծքեր և շիլ աչքեր։

Առաջին վարկային տրանշով Թայչարուխին ընտիր հոլանդագերմանանորվեգակոնգոյական բուծացու կարտոֆիլի սերմ տրամադրեցին։ Վարկի պայմանները խիստ էին, հստակ և գայթակղիչ։ Մեկ կգ սերմացուից առաջանում էր 15 կգ կարտոֆիլ, բանկի մենեջերի գլխի նման պսպղուն։ Յուրաքանչյուր կգ-ը վաճառվում էր 1 դոլարով։ ՈՒ էսպես հինգ տարի։ Եղանակային բարենպաստ և քաղաքական բարյացակամ պայմանների պարագայում միանգամայն իրատեսական էին վարկային 13 %-ի մարումը, Թայչարուխի բուժկետի հիմնանորոգումը և յուրաքանչյուր վարկառու-թայչարուխցու բարեկեցիկ ապրուստը։
Գարնանն անցան գործի։ Սերմը հողին էին հանձնում վեհաշունչ լռության մեջ։ Մի տեսակ խաղաղություն էր իջել մարդկանց հոգիներում։ Բայց, չգիտես ինչու, Սրապիոնը շարունակ ժպտում էր հանելուկային։ Եղիազարը, Մարոն, Սարոն և այլք գանգրահերի խորհրդականներին տուն հրավիրեցին, մորթեցին վերջին զույգ ածան հավը ու դատարկեցին պապենական պահուստային ֆոնդը։ Սեղանը (տեղադրված էր լքյալ անասնագոմի հարևանությամբ, սա գանգրահերի պահանջն էր. վարկատուները պիտի հնարավորինս բնական շփվեին վարկառուների հետ) զարդարվեց արծաթյա գդալներով, նախշուն սփռոցով և հոնի հարյուրամյա օղիով։ Սրապիոնի ժպիտը հանելուկայինից փոխարկվեց համամասնականի, այսինքն, տոգորվեց տխմարավուն մեծամտությամբ։ Շմավոնը և Եղոն թնդացրին Թայչարուխի օրհներգը։ Մարոն և Սարոն խոստովանեցին, որ վարկի պարտքը փակելուց հետո երկտեղանոց մահճակալ ու չորս «տաբուրետկա» են առնելու։ Որ վերջապես միավորվեն մի հարկի տակ։

Բերքահավաքը Թայչարուխում պրոբլեմատիկ ու թեթևսոլիկ էր... կարտոֆիլի փոխարեն կանեփ էր աճել։ Ի՞նչ անել։ Էդ անտերը պիտանի է միայն աղանձի համար։ Բայց նախ` աղանձ պատրաստելը ենթադրում է ցորենի ներկայությունը, և երկրորդ` որտե՞ղ էր այն իրացվելու, ի՞նչ գնով։
Եվ մինչ Եղոն հուզախռով հորովել էր երգում, Մարոն էլ գրբացությամբ էր զբաղվում, Սարոն անհետացել էր։ Վերադարձավ քվոտայագետ-խորհրդականի հետ։ Վերջինս կոչ արեց համայնքին առաջնորդվել պապերի իմաստությամբ, լալով-մղկտոցով բանի չես հասնի, և թե մի դուռը փակվեց, բացվելու է մյուսը։

Առաջարկը շշմեցրեց հացադուլի նստած Շմավոն Շ.-ին։ Քվոտայագետն ու Սրապիոնը երկու օր երեք ժամում վերջնականապես համոզել էին Եղոյին, Մարոյին, Համասփյուռին և այլոց, որ կանեփն անհրաժեշտ է մշակել ու ստանալ հատուկ թուրմ, այսպես ասած` «դեղորյակ»։ Դա անհավանական պահանջարկ ունի Վրաստանում, Ադրբեջանում և Բանգլադեշում։ ՈՒ դրա 5 գրամով կարող ես 10 կգ կարտոֆիլի վարկային տոկոսը փակել, լիուբոլ կյանք վայելել, վրադիր էլ մեկսենյականոց ձեռք բերել Հյուսիսային պողոտայում։

Անցան տարիներ։ Խորհրդականը հերթական քվոտայի քվոտավորման ժամանակ ձերբակալվեց ու դատարանից շպրտվեց ընդդիմադիր ճամբար։ Գանգրահերը քրդերեն թարգմանում է Մարքսի «Կապիտալը»։ Եղիազարն իր հնազանդ եզության եզնավարտին էր մոտենում, իմաստնացել էր ու մի տեսակ մելանխոլիկ դարձել։ Համասփյուռը թմրաբիզնեսի հանրածանոթ մենեջեր էր Արաբական թերակղզում։ Սրապիոնը փոխել էր չորրորդ կուսակցությունը և անվրդով կառավարում էր համայնքը։ Մարոն և Սարոն էլ իրենց բանին էին. շաբաթվա երկու օրը կռվում էին, հինգ օրը` հաշտվում։
Ծանր էր Շմավոն Շ.-ի ճակատագիրը։ Նախ ապահարզան ներկայացրեց Համասփյուռին և «Վարկս մնա հիշատակող» հանձնաժողովին։ Հետո անդամակցեց աջ արմատական ԲՌԱԿ ընդդիմադիր դաշինքին և փորձեց թայչարուխյան գործը բացահայտել։ Հասկանալով, որ ջանքերն ապարդյուն են, տրվեց ունայնության, իրեն հայտարարեց Կարտոլի կալանավոր։ Կարտոլի կալանավոր Շ. Շմավոնը հանուն արդարության չորս անգամ ինքնահրկիզման փորձ կատարեց հանրապետության գլխավոր տոնավաճառներում։ Չէր հաջողվում գոնե քառորդ չափով հրկիզվել և հայց ներկայացնել հանձնաժողովին` Սրապիոնին և Համասփյուռին, բարոյական և նյութական փոխհատուցման ակնկալիքով։ Նա ակնկալում էր, որ բարոյական վնասը փոխհատուցվի կանեփով, նյութականը` կարտոլով։ Չէր հաջողվում, քանի որ տոնավաճառների հավաքարար տիկնայք անմիջապես վրա էին հասնում ու խոնավ խալաթների մեջ առնում Շմավոն Շ.-ին։
Բարդ է նրա վիճակը։ Եվ ահա 2012-ի խորհրդարանական արգելավազքում նա առաջադրվելու է մեծամասնականով։ Թե ո՞ր տարածաշրջանում, առայժմ բացահայտել անկարող ենք։
Էհ, Եղիազարի ճակատագիր։ Մի՞թե սրան էր արժանի պատանի Եղոն, որ երազում էր շեն համայնք ու Շմավոն Շ. համայնքապետ։ Մի խոսքով, անցյալդ հետ չես բերի։ ՈՒ տիար Եղիազարը, որ մեծ հարգանք ունի Թայչարուխում և այլուր, պատրաստվում է ընտրությունների։ Համամասնորեն։ Սակայն մեկ պայմանով. կանդամակցի այն ընդդիմադիր-ազգափրկիչ դաշինքին, որն իր նախընտրական ծրագրերում հստակ կարձանագրի.
ա) սարերից իջնող ջուրն անվճար է տրվում գյուղի աշխատավորին,
բ) ջրօգտագործման գրասենյակների ծառայողները կյանքի մնացած մասն անցկացնում են սահմանամերձ գյուղերում և փորձում են իրենց սահմանած ջրի գնով բերք ու բարիք ստանալ, հետն էլ ազնվորեն հարկերը մուծել և գյուղ ժամանած կառավարական պատվիրակությանը դիմակայել անկեղծ ժպիտով։ Դե, իսկ վարկերը պիտի վերանան ինչպես ժանտախտը, հացի հերթերն ու Լենինի դամբարանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ