«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՄԻ՞ԹԵ ԵՍ ԳԺԻ ՆՄԱՆ ԵՄ (շահագրգիռ շահերի լուսնահաչը)

ՄԻ՞ԹԵ ԵՍ ԳԺԻ ՆՄԱՆ ԵՄ   (շահագրգիռ շահերի լուսնահաչը)
04.11.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
«Փերեզակներ անկուշտ,
հերիք լափեք դուք զեխ,
Չորս տախտակն է ձերը,
ժանգոտ մի քանի մեխ»:
«Իմ մանկության անտառում»

Լևոն ԱՆԱՆՅԱՆ, 1996 թ.

ՆԱՄԱԿՆԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ «ՉՈՒՆԳԱ-ՉԱՆԳԱ» ԵՐԿՐԻՑ
(ձոն երևանաբնակների ականջաթաղանթներին)

Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել ականջաթաղանթի (ընդհանրապես ականջի) և պարանոցի (առհասարակ դրամապանակի) միջև:
Բուրկինա Ֆասոյում ընդհանրություններ չկան: Ելիսեյան դաշտերում նույնպես: Չկան նաև Կարմիր հրապարակում կամ Մանհեթենում: Հայաստանում կան, Երևանում առկա են: Բա էլ ո՞նց…
Եվ այսպես, մատնացույց ենք անում շան գլուխների շնացման վայրը: (Կարմրախայտերի վտառը խայտում է, դոդոշների հոտը` պայթում): Վայր առաջին. փերեզակների հաստապինդ պարանոցները, փերեզակապետի վիշապակլան դրամա-գավակը: Քիչ այն կողմ հանրության ականջաթաղանթների ձոներգ-ցայտաղբյուրներն են: Հուզիչ իրենց մանկամիտ մերկությամբ:

Գլուխկոտրուկ-փորապայթուկ. ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ դատախազների և դատավորների աշխատավարձերի բարձրացումները գրպանահատ Եղոյի ներուժի, օլիգարխների «կերկոխային» ախորժակի և հայտնի գծատերերի «թռփոշացման» վրա: Ամենասրամիտ պատասխանների հեղինակները կպարգևատրվեն 15 դրամ արժողությամբ յոթ հավկիթով, Նախշուն բաջու հորենական բաղերից հավաքած ընկույզի կճեպի մուրաբայով, ինչպես նաև խաշի սեղան կնստեն տիարք երեսփոխանաց հետ։

Սակայն հետ դառնանք մեր լճիցլճերի մառախլապատ ծովախորշերը, դեպի մեր նրբագույն կարմրախայտերն ու վայրենի դոդոշները: Բայց նախ բանանք ծրարները պետականաբույր:
Նամակ առաջին. «ՀՀ նախագահին հասցեագրած Ձեր` 28.09.2011 թ. դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ բնակչության անվտանգությունն ապահովելու, վտանգավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը նվազեցնելու նպատակով, հրագործական նյութերի որակին ներկայացվող պահանջների, ներմուծման, վաճառքի, օգտագործման հետ կապված այլ հարցերի կանոնակարգմանն ուղղված համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավորությամբ և բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Կիրակոսյան»:
Նամակը հասցեագրված է «Իրատես de facto» եռօրյայի հեղինակ Վրեժ Առաքելյանին: Այսինքն` «լճիցլճերի» գլխավոր նավավարին և լճափնյա զնդանների բանտապետին:
Բայց արդյոք ես այսքան նմա՞ն եմ գժի:
Կարծես թե ոչ: Համենայն դեպս, «լճիցլճերի» լուսարձակումից հետո ինձ հատուկ խնամքով է վերաբերվում բազմակուսակցական-բազմաբույր ակտիվիստ Սրապիոնը, այլևս ճանապարհը չի շեղում դեղին մամուլի սևահեր զանցանք Կ.-ն և այլն: Ի դեպ, ժամանակին ինձ իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի նախկին քաղաքապետերից մեկի կատուն և կոալիցիայի անդամ տիկնանցից մեկի ձախ հողաթափը, մյուսի էլ անձնական վարսահարդարը և երրորդի պատգամավորական պատառաքաղը:
Բայց և այնպես ինձ հոգեկան շեղումներ ունեցող սոցիալիստի տեղ են դնում: Երբ ես ազգապետափրկիչ ահաբեկիչ եմ:

Նամակ երկրորդ, ստացված ՀՀ ֆինանսների նախարարությունից, ձեռամբ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի: (Տեսնում եք, դոդոշաորսի մակարդակն աճում է աննախընթաց: ՈՒ եթե խնդիրը նոյեմբերին չլուծվի, ապա, նամակներիս ի պատասխան, շուրջպար են բռնելու ԱԺ խոսնակի թասընկերները, մաքսատների պետերը, և ՄԱԿ-ը լիագումար նիստ է գումարելու): Բայց քանի որ տիար Արամյանի պատասխան գրությունը թոզափչման գլուխգործոց է, բավարարվենք նշանակալից մտահեղեղների մեջբերմամբ. «Հարգելի պարոն Առաքելյան, ուսումնասիրելով Ձեր` 28.09.2011 թ. ՀՀ նախագահին ուղղված դիմումը` «Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի» արգելման վերաբերյալ, հայտնում ենք հետևյալը.
«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակը համարվում է պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի լիցենզիա տրամադրող մարմինը ՀՀ ֆինանսների նախարարությունն է»: Նման խրոխտ առաջաբանից հետո տիար Արամյանը հանգամանալից բացատրություններ է տալիս և պարզաբանում, թե ինչ է բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան: Բարի և գթասիրտ է Արամյանը, որպես թոզափչման երևելի արհեստավարժ: Մասնավորապես պարզաբանում է, որ «Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաները տրամադրվում են ոլորտի կամ գործունեության տեսակի կարգավորման և հսկողության համար պատասխանատու մարմնի կողմից (օրինակ, «անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն» գործունեության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կամ «Աուդիտորական ծառայությունների իրականացում» գործունեության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը)»:
Նամակս` ուղղված ՀՀ նախագահին, անդրադառնում էր պայթուցիկների և հրթիռների չարաբաստիկ ու անբարո գոյությանը մեր կենցաղում: Ընդ որում, պայթուցիկները որոտում են Ամանորից առաջ և հետո, հրթիռները` տարին բոլոր: Ընդ որում, խնդիր էի առաջ քաշել, վերջնականորեն արգելելու դրանց կիրառությունն ամենուր և ցանկացած պատրվակով: Արգելման գործը առավել կիրառելի դարձնելու գերնպատակով հուշել էի, նախ ՀՀ ֆիննախը պիտի դադարեցնի լիցենզավորումը: Բայց ֆիննախում զուտ ֆիննախական տրամաբանությամբ ենթադրելով, որ կամենում եմ շուկայական վայելուչ պահանջարկ ունեցող մասնագիտություններ ձեռք բերել, ինձ մղում են դեպի անասնաբուժություն և աուդիտորական գործունեություն: Եվ իրենց գերազնիվ մղումներում այնքան են ինքնալիցքավորվում, որ միաժամանակ մեկնաբանում են թորած ալկոհոլային խմիչքների (օղու) արտադրության լիցենզավորման ընթացակարգը: (Երախտապարտ եմ: Դոդոշներս դեմ են, կարմրախայտերս` ընդդեմ): Սակայն տիար Արամյանը չի նահանջում գլուխս «թլսորելու» պատվական նախաձեռնություններից և վճռական հարվածն է հասցնում. «Այնուամենայնիվ կապված նշյալ գործունեության տեսակի ընդհանրապես արգելման առաջարկի հետ, ապա կարծում ենք, որ պետք է ցուցաբերել զգուշավորություն, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, այս կամ այն գործունեության ընդհանրապես արգելման դեպքում մեծ է ռիսկը, որ այդ գործունեությունը կտեղափոխվի «սև շուկա», որի արդյունքում վերահսկողություն իրականացնելը դառնում է ավելի ծախսատար, քան այն դեպքում, երբ տվյալ ոլորտը գտնվում է օրինական դաշտում` սակայն խիստ հսկողության և սահմանափակումների մեջ»: Այո՜… ուղեգիր է անհրաժեշտ ինձ և տիար Արամյանին: Գուցե թե Տաթևի ճոպանուղով համընթաց ճոճվելիս կամ գուցե թե կենդանաբանական այգում գետաձի Զմրուխտին ժամկետանց փշատով պատվելիս մենք ի մի կգանք: Խղճով և հանրությանն օգտակար լինելու սևեռուն գաղափարով: ՈՒղեգիր չկա՞: Մի տրտմեք, սիրելի բարեկամներ, զի ձեզ հրավերք է արվում «լճիցլճերի» արևելյան ծովախորշ, ուր քուրսի կնստենք տաք ու բուրումնավետ կառամատույցում, կճաշակենք կարմրախայտի սուկի և կըմպենք տնայնագործական եղանակով (իմ անձնական վերահսկողության ներքո) պատրաստված ազնվամորու «յաթրջի» (կիլիկյան ծովահենների պաշտած խմիչքը):

ՀԵՌԱԳԻՐ-ԴՄԲՈՒԶ
(խո՜ր-աշնանային հորանջ)

Ի դեպ, «բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խմբին», որ ի մի է եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավորությամբ, հուշում ենք ելքը, ապավինելով վարչարարական փորձին: Դիվային այս զվարճանքը կանխվեց մայրաքաղաքում 2006-ին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ: Կանխվեց լիարժեք ու վերջնական: Կանխվեց հենց հանրապետության մաքսատներում: Այս հոգեշահ փորձը տարածվեց հանրապետությունով մեկ: Այսինքն` հրապարակում են Երվանդ Զ.-ի և մյուս քաղաքապետերի որոշումներն ու հրահանգները: Սակայն նորանկախ հակապետական որոշ խառնածիններ, որոնք մոլեմսխուն փող կորզելու նպատակով շրջանցում են բարոյականության բոլոր հայտնի պատնեշները, 2007-ին դիմում են ՀՀ ֆիննախ, սիրաշահում տիար Արամյանի նախորդների սրտերը (զուգահեռաբար շոյում գրպանները) և լիցենզավորում չարագույժ տեսականու առևտուրը: Դե, եթե առևտուրը թույլատրված է, կանաչ լապտերներ են վառվում մաքսային անցակետերում: Եվ հոգեխանգարման տանում հանրապետության քաղաքացիներին:
Բայց ահա տիար փոխնախարարն ապավինում է միջազգային փորձին և ինքնաահաբեկվում, չլինի թե գործը մտնի «սև շուկա»: Կարծես Հայաստանը միջմայրցամաքային մաքսանենգության խաչմերուկ է, խոսքն էլ վերաբերում է մարիխուանային, հաշիշին և թմրամիջոցների մյուս ծաղկաբույլերին: Այսպիսով, ՀՀ ֆիննախն ակնհայտորեն փորձում է կոծկել գործընթացը, նախապես սահանկելով աշխատանքային խմբի գործունեությանը: Չի ստացվի, հավատացեք և գունավոր երազներ տեսեք։

Թե ովքեր են ներգրավված վերոնշյալ խմբում, անշուշտ, կիմանանք: Կտեղեկանանք նաև, թե ինչ տրամադրություններ են իշխում այնտեղ, փարիսեցիական-խուսանավակա՞ն, թե՞ արմատական-ազնվաբարո:
Միաժամանակ տեղեկացնենք, որ պայթուցիկներն ու ռումբերը անսպասելի պայթելով ու որոտալով չափազանց անցանկալի հետևանքներ կարող են ունենալ շրջապատի համար: Եվ դառնալ շաքարախտի բուն։ Այս պարզ ճշմարտությունը կհիմնավորեն հոգեբույժ-մասնագետները, թերապևտները և այլք: ՈՒրեմն, արգո պատասխանատուներ, նախ դիմեք առողջապահության արհեստավարժներին:
Հետո նոր միայն որոշեք անելիքը:
Իսկ այժմ դարձյալ գավաթ գավաթի ենք զարկում արգո Արամյանի հետ: Հույժ կարևորելով Ձեր ցանկությունը, այն է` խնդրին լուծում տալ «գայլերը կուշտ, ոչխարները` լի ու բոլ» համախտանիշի մամլիչի ներքո, այսինքն` ոլորտը ներառել օրինական դաշտում, խիստ հսկողության և սահմանափակումների մեջ, մեղմ ասած, երազախաբկանք է: Կենացդ, և ունկնդիր եղիր հեռակա թասընկերոջդ բացատրությանը: 2010-ի աշնանն անցա գրոհի, նամակս հասավ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, այնտեղից էլ` ՀՀ ոստիկանություն: Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Կիրակոսյանն օրեր անց գրավոր տեղեկացրեց, որ «…հրագործական ապրանքների ապօրինի առևտուրը կանխելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար անց են կացվում համապատասխան միջոցառումներ»: Արդյունքում Ամանորից օրեր առաջ պայթուցիկներն ազատ ու անկաշկանդ վաճառվում էին ԳՈՒՄ-ի շուկայի հարակից բացօթյա վաճառակետերում, Մալաթիայի տոնավաճառներում և, առհասարակ, ամենուր: Պայթուցիկ-ռումբերն աղետալի որոտացին մինչև հունվարի 10-12-ը: Այսինքն` մինչ սպառումը: Էնպես որ, եկեք խնդիրը հայոց հարցերի շարքում չդասենք և վերամբարձ-բարձրադղորդ բառահեղեղի փոխարեն «ընդամենը» արգելենք դրանց մուտքը երկիր: Այլ ճանապարհ` չիք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ